×


«Ինձ ուժ տվողին եմ կորցրել». Էրիկը՝ հիշելով Հայկոյին

«Դժվար է այստեղ մտնել ու չտեսնել իրեն։ Թվում է՝ հիմա դռների մեջ կանգնած պիտի ասի՝ «Ախպերս, եկա՞ր»»: Երգիչ Էրիկի հետ բարձրանում ենք Հայկոյի ստուդիա տանող աստիճաններով։ Գիտեի, որ այս հարցազրույցն ամենազգացմունքայինը կլինի՝ վայրով պայմանավորված։ Երբ ներս մտանք, հետաքրքիր զգացողություն ապրեցի՝ Հայկոյի դրական աուրան այնտեղ էր։ Ամբողջ զրույցի ժամանակ կարծես մեզ հետ լիներ, ժամանակ առ ժամանակ մեր զրույցն ընդհատում էինք, ու Էրիկն ասում էր՝ «Ա՛յ, որ հիմա սա լսեր, պատկերացնում եմ՝ ինչ կասեր»։

Միշտ ներկա

Հայկոն երբեք անցյալ չի լինի։ Իսկ սա ուղղակի ստուդիա չէ։ Այստեղ միայն երաժշտությունը չի կապել մեզ։ Չնայած մեր տարիքային տարբերությանը՝ կարեւոր հարցերն առաջինը հենց իրեն էի պատմում։ Մենք հա՛մ երաժշտություն էինք կիսում, հա՛մ կյանքի լավ ու վատ օրերը։ Հավաքույթների շատ քիչ եմ մասնակցում, բայց Հայկոն այն եզակիներից էր, որ ինձ կարող էր գրել. «Էրո՛ս, տղերքով նստած ենք, քեֆ ենք անում, արի՛», եւ միանգամից գնում էի։ Եղել են դեպքեր, որ ասում էի՝ հեսա կգամ. իր պես չէի մերժում, բայց չէր ստացվում գնալ։ Մի օր էլ ասաց. «Լսի՛ր, էս ոնց որ ինձ տվեցիր անցար, ինձ նման ես անում»։ Ու իր էն հանրահայտ ձեռքի շարժումներն արեց... Միասին մի քանի րոպե բարձր ծիծաղում էինք։


Թանկ հիշողություններ

Այսօրվա պես հիշում եմ՝ 2000-ականներ էին, ու ես էլ Թիֆլիսից եկել էի Հայաստան։ Ոչ մի արտիստի չէի ճանաչում։ Առաջին ձայներիզը, որ ինձ տվեցին, Հայկոյի «Ռոմանս» ալբոմն էր։ Այդ օրվանից մինչ օրս իմ մեքենայում նրա ալբոմներն են։ Ամեն անգամ, երբ հավաքվում էինք ընկերներով, ես միշտ ասում էի. «Հայկո՛, շնորհակալություն այն ճանապարհի համար, որ հիմա բոլորս անցնում ենք»։ Այն տարիներին ամեն ինչ նոր էր սկսվում։ Անկախ Հայաստան, նոր երաժշտություն, նոր խոսք, նոր ասելիք, ու Հայկոն եկավ նոր խոսքով, մոռացված երգերին նոր շունչ տվեց իր գործիքավորումներով ու նոր գույն բերեց մեր երգարվեստ։

Վերջերս գնացել էի Կապան, Քաջարան, հիշեցի, որ առաջին անգամ այս քաղաքներ էլի Հայկոյի հետ էի եկել։ Եվ չկա այդպիսի երկիր, քաղաք կամ վայր, որ Հայկոյի հետ այցելած չլինեմ. այդ հիշողությունները շատ թանկ են ինձ համար։ Վերջին անգամ Արցախում էլի Հայկոյի հետ եմ եղել։ «Տատիկ-պապիկ»-ի մոտ մեծ համերգ էր։ Կան արտիստներ, որոնց համար կարեւոր է, թե ով է փակում համերգը։ Ինձ երբեք դա չի հետաքրքրել, Հայկոյին՝ նույնպես, ասաց. «Ախպերս, ես համերգը կբացեմ, դու էլ քո ձեւերով կփակես»։ Կան սկսնակ երգիչներ, որ մի քանի անգամ եթերում երեւում ու միանգամից մեծամտանում են։ Ինքը երբեք չմեծամտացավ։


Ճիշտ է, այսօր նա ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց ես շարունակում եմ իրենից սովորել՝ ինչպես պետք է մարդը մարդ լինի։ Տեսակ ու բնավորություն ուներ։ Կարող էր սկսնակ կոմպոզիտորին մաեստրո ասել, սկսնակ երգչին՝ արտիստ: Ուժ էր տալիս։ Երբեք չէր կոտրի մարդուն։ Ինձ պատմում էր, որ իր ելույթներից հետո հաճախ որեւէ մեկնաբանություն չի լսել ետնաբեմում կանգնած մարդկանցից ու չի հասկացել՝ լա՞վ է երգել, թե՞ վատ։ Ասում էր. «Չեմ ուզում՝ կյանքում դա զգաս: Դու մտածի, որ ինչ անում ես, լավ ես անում»։

«Այդ երգի հիման վրա տեսահոլովակ պետք է նկարեմ»

Երգեր ունեմ, որ Հայկոն շատ էր սիրում։ Մի անգամ ասաց՝ կլինի՞ «Իմ սիրելի» երգի նման մի երգ էլ իր համար գրեմ։ Զարմացած նայում եմ. «Հայկո՛, դու գժվե՞լ ես, ո՞նց... Ես էդ երգը գրել եմ՝ քեզնից ոգեշնչվելով, ո՞նց կարող եմ քեզ նման քեզ համար երգ գրել»։ Այ, այդպիսի մարդ էր, ընկեր էր։

Մի օր մտա այս ստուդիա ու միանգամից. «Լսի՛ր, Առնո Բաբաջանյանն ինձ համար երգ գրել է՝ «Твои следы»-ն, (ծիծաղում է), լիքը մարդիկ գրել են, դու ինչի՞ չես ուզում ինձ համար երգ գրել»։ Մինչեւ հիմա ծիծաղն ականջիս մեջ է։

Մի անգամ էլ պիտի ուրախ երգ գրեի սիրո մասին, ոչ մի կերպ չէր ստացվում։ Զանգեցի, ասացի. «Հայկո, վերջ, ինձ համար պիտի մի երգ գրես»: Պատասխանեց՝ հարց չկա։ Երկու օրից զանգեց՝ արի, պատրաստ է։ Զարմացա: Իսկապես գրել էր այդ երգը, այն գրեթե միակն էր, որ ինձ մնաց։ Բայց վերջերս, ֆիզիկապես չլինելով, անակնկալի բերեց բոլորիս։ Եղբայրը՝ Վահեն, համակարգիչը բացել է ու գտել մի ֆայլ՝ երգի դեմո տարբերակով։ Ու այդ ֆայլի վրա իմ անունն է գրված։ Նա չէր ասել այդ մասին, ու շա՜տ մեծ նվեր է ինձ համար։ Երգը կոչվում է «Իմ լուսին»։ Այդ երգի հիման վրա տեսահոլովակ պետք է նկարահանեմ։


Էրիկի հետ զրույցն ընդհատում ենք, նա գնում է ձայնագրման սենյակ.

Վերջին ձայնագրությունը հենց այստեղ ենք արել։ Պատերազմը դեռ չէր ավարտվել։ Մեր հերոս զինվորների համար երգ էինք ձայնագրում։ Ու Հայկոն էր բոլորին ձայնագրում։ Հետո ինչ-որ պահից ես սկսեցի ձայնագրել Հայկոյին։

Դուրս ենք գալիս այդ սենյակից, հաջորդը գործիքավորման սենյակն է.

Է՜, Բորիսիչի գլխարկն է։ Իրեն հաճախ Բորիսիչ էի դիմում։ Եղբորս անունն էլ է Բորիս։ Հայկոն ասում էր, որ եթե էլի տղա ունենա, անունը Բորիս է դնելու։

«Հայկոյի երգը պետք է լինի բոլորինը»

Ամեն նոտայի մեջ այնքան հոգի ու կյանք էր դնում։ Մեկ էլ կասեր՝ մի հատ լսիր, թե դաշնամուրի ձայնի մեջ ինչքան խորություն կա։ Նրա բոլոր երգերը կյանքի են կոչվելու, ու արդեն էական չէ՝ ով կերգի։ Հայկոյի երգը պետք է լինի բոլորինը։ Նա բոլորի սիրո երգիչն էր։ Ու այդ բացն այսօր ոչ մի կերպ չի լրացվում։ Նա լավ երաժիշտ, լավ արտիստ լինելուց բացի, լավ տղա էր, կարգին տղա։


Հայկոյի վերջին համերգներին միասին զուգերգեր էինք երգում, միայն սեպտեմբերի համերգին չկարողացա ներկա լինել. Նյու Յորքում էի։ Խոսելու պահին Էրիկը ցույց է տալիս Հայկոյի վերջին հաղորդագրությունը, գրել էր. «Ախպերս, վերջ, էս մի անգամն է, առանց քեզ՝ էլ ոչ մի համերգ»։ Երգը կոչվում է «Ես կամ նա»։ Հիմա իմ համերգներին այդ երգը կատարում եմ, բայց դժվար է մենակ երգելը։ Երգելու ընթացքում նրա ձայնն ակամայից լսում եմ։ Իհարկե, համակերպվել ու սովորել չի լինի, բայց ես ուժ գտա իմ մեջ. պետք է շարունակեմ այդ երգը երգել։ Իսկ Հայկոյի երգերը ուղղակի պարտավոր ենք երգել։

Խոստում

Հիվանդանոցի բակը դարձել էր յուրահատուկ հավաքատեղի։ Մեծ հույսեր ունեինք, այսպիսի անիրական ավարտի ոչ ոք չէր սպասում։ Երազ էի տեսել. եկավ, ուժեղ գրկեց, հարցրի՝ ո՞նց է, ասաց՝ է՜, ոնց պիտի լինի: Հասկացա, որ ինքն էլ չի համակերպվել այն մտքի հետ, որ բոլորիս հանդեպ լավ բան չի արել։ Մեր կյանքում ուժ տվողները շատ քիչ են, ես այդ ուժ տվողին եմ կորցրել։ Իր հոգեհանգստի օրը եկեղեցում կանգնած նայում էի շուրջս ու հասկացա, որ իմ կյանքի կարեւոր մարդկանց ճանաչում եմ հենց Հայկոյի շնորհիվ, ինչի համար շնորհակալ եմ ու պարտական մինչեւ կյանքիս վերջ։ Որպես երգիչ՝ խոստանում եմ, որ Հայկոյի երաժշտությունը միշտ ապրելու ու հնչելու է այնպես, ինչպես ինքն է ուզել։ Քանի ես կամ, այն, ինձնից կախված ամեն ինչ անելու եմ։



Հ.Գ. Ձայնագրիչն անջատելուց հետո երկար խոսեցինք Հայկոյից ու այնպիսի գեղեցիկ պատմություններ հիշեցինք, որոնք, անկեղծ ասած, հրապարակման ենթակա չեն։

Զրույցը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին