×


«Արցախի ջազ նվագախումբը կապող օղակ է Հայաստանի ու Արցախի երաժիշտների միջեւ»․ տնօրեն Տիգրան Սուչյան

Արցախի պետական ջազ նվագախումբը, որը ստեղծվել է շուրջ 18 տարի առաջ, որոշակի խնդիրներ հաղթահարելուց հետո, այս հունվարից գործունեությունը վերսկսել է գրեթե զրոյից, կազմը համալրվել է երիտասարդ տաղանդավոր կատարողներով։ Նվագախմբի նոր տնօրենն է շեփորահար, կոմպոզիտոր Տիգրան Սուչյանը։ Այժմ նվագախումբը պատրաստվում է մենահամերգի, որը հունիսի 22-ին տեղի կունենա Ստեփանակերտում:

«Գալիս եմ Երեւան, Ստեփանակերտն եմ կարոտում, Ստեփանակերտում էլ Երեւանն եմ կարոտում։ Դեռ չեմ կողմնորոշվում՝ ավելի շատ որտեղ եմ ուզում ապրել»,-ասում է Տիգրանը եւ խոստովանում, որ երբ առաջարկեցին ստանձնել նվագախմբի ղեկավարումը, վախ կար, մտածում էր՝ չի ստացվի, քանի որ մեծ նվագախմբեր ղեկավարելու փորձ չուներ. «Մեծ պատասխանատվություն ու կամք էր պահանջվում, բայց ընկերներս ինձ գոտեպնդեցին, որ հաստատ լավ կստացվի»։

Ճանապարհը սկզբում երկար էր թվում, բայց հիմա արդեն սովորական է դարձել, ու ինչպես Երեւանում կվերկենար, կգնար աշխատանքի, նույն ձեւով էլ վեր է կենում, նստում մեքենան ու գալիս Արցախ, որտեղ իրեն շատ են սպասում։


Պատերազմից առաջ Արցախ պարբերաբար է այցելել, բայց ոչ՝ համերգներով։ Եվ ահա  պատերազմի օրերին Երեւանի «Նեքսուս» արվեստի կենտրոնում հավաքվել էին  Արցախից տեղահանված երեխաներ:

«Տնօրեն Աննա Միքայելյանն ասաց՝ Արցախի երաժշտական քոլեջից երեխեք են եկել, որոշ ժամանակ պիտի այստեղ ապրեն: Նրանց մեջ շեփորահար էլ կար Շուշիից, ինձ առաջարկեցին նրա հետ զբաղվել, ես էլ սիրով համաձայնեցի: Հետո պարզվեց՝ երեխեք կան, որ նաեւ երգում են: Նրանց հետ շփումն իսկապես բուժեց բոլորիս։ Որոշեցինք խումբ կազմել, անունն էլ՝ «Արցախիկներ»»,-պատմում է Տիգրանը:

«Արցախիկների» երազանքն էր պատերազմից հետո Արցախում համերգ տալ։ Խոստովանում է՝ սկզբում վախենում էին հանրությանը ներկայացնել իրենց արած գործը, որովհետեւ պիտի ասեին՝ հայրենիք ենք կորցրել, իսկ դուք նվագում եք. «Ես էլ ասում եմ՝ եթե մենք չնվագենք, այդ ժամանակ հայրենիք կկորցնեք»:

Ի վերջո, Տիգրանի ընկերների միջոցով իրականացրին «Արցախիկների» երազանքը. «Հանդիպեցինք Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրենի հետ, առաջին անգամ որոշեցինք համերգներ ունենալ հենց դպրոցում։ Իսկ հետո սկսվեց մի հետաքրքիր ու հույզերով լի շրջագայություն՝ Մարտունի, Մարտակերտ, Մաղավուզ, Ասկերան, Ստեփանակերտ ,Աղավնո եւ այլն։ Որոշեցինք, որ ամեն անգամ նոր վայրերում պետք է համերգներ ունենանք։ Այդ համերգներին ներգրավեցինք նաեւ պրոֆեսիոնալ երաժիշտներ Նորայր Քարտաշյանին, Գրիգոր Դավթյանին, Կարեն Մամիկոյանին։ Հասկացանք՝ նման համերգները շատ անհրաժեշտ են, ու սա էլ մշակութային քաղաքականություն է»։


Տիգրանը չի համաձայնում «Մուզիկանտ, չզբաղվել պոլիտիկայով» հայտնի արտահայտության հետ, ասում է՝ դա խորհրդային շրջանից մնացած խոսք է, հայրենիքի հարցում այլ է.«Ես անձամբ զբաղվում եմ քաղաքականությամբ: Ժամանակին պատմություն էի ուսումնասիրում, նույնիսկ ուզում էի սովորել Միջազգային հարաբերությունների բաժնում: Իհարկե, վերջում երաժշտությունը հաղթեց։ Արցախում մշակութային ծրագրեր ավելի շատ են պետք, ինչը մարդկանց մեջ հույս է արթնացում, նրանք ավելի ամուր են կպնում իրենց հողին»:

Հիշեցնում է Ռուբեն Հախվերդյանի երգի հայտնի խոսքերը՝ «Եղիր հեզ, բանող եզ եւ վարիր այս ամբողջ սեւահողը», ու նկատում․ «Ուզենք, չուզենք՝ մեջն ենք, հետաքրքրվում ենք։ Սխալ տպավորություն է, որ մենք չենք կարող փոխել ինչ-որ բան։ Կարող ենք փոխել՝ կախված նրանից, թե ինչքան միասնական ենք։ Իսկ ճիշտ մարդկանց ճիշտ էներգիայի ուղղորդմամբ ահագին բան փոխում է, որին ես հավատում եմ»։

Վերադառնալով Արցախի ջազ նվագախմբի գործունեությանը՝ Տիգրանն ասում է, որ հունիսի 22-ի համերգով նոր խոսք են ասելու ու ամեն ինչ անելու են, որ այն լինի հիշարժան։ Հուլիսի 18-31-ն էլ Արցախում մշակութային միջոցառումների շարք է լինելու.


«ԱՄՆ-ում ապրող ընկերներիս, բարեկամներիս հետ «Վան Արմենիայի» եւ «Վալեքս Գարդենի» աջակցությամբ կազմակերպելու ենք վարպետաց դասեր։ Այդ օրերին միաձուլվելու են արվեստի բոլոր ճյուղերն, եւ նախաձեռնությունը նմանվելու է երաժշտական ճամբարի։ Վարպետաց դասեր են անցկացնելու օպերային երգչուհի  Հասմիկ Պապյանը, ֆլեյտահար Նարեկ Ավագյանը, թավջութակահար Սեւակ Ավանեսյանը»:

Տիգրանը նշում է՝ կշարունակի Երեւանում էլ ելույթ ունենալ.«Dialog Music Project-ով պարբերաբար համերգներ ենք իրականացնելու: Իսկ Արցախի ջազ նվագախումբն այսօր դարձել է կապող օղակ Հայաստանի ու Արցախի երաժիշտների միջեւ»։

Զրույցը՝ Արմինե Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին