×


Լուսանկարը՝ https://www.the-village.ru/

Ռուսական Bordge խմբի երաժիշտը հաստատվել է Երեւանում ու նոր խմբեր ստեղծել այստեղ

Մոսկովյան Bordge խմբի վոկալիստ եւ կիթառահար, ինչպես նաեւ նոյզ-ռոք «Мразь» խմբի թմբկահար Ալեքսանդր Գոլիկովը փետրվարին սկսված ռազմական գործողություններից հետո հեռացել է Ռուսաստանից: Մարտից նա հաստատվել է Երեւանում, որտեղ ընկերների հետ ստեղծել է 2 նոր խումբ ու պատերազմից տուժածների համար 15 հազար դոլար հավաքել: Գոլիկովի հետ զրուցել է The Village-ը, որը շարք է պատրաստում Ռուսաստանից հեռացած երաժիշտների հետ:

Հայաստան տեղափոխությունը

Ինչպես եւ շատերի համար, փետրվարի 24-ին հաջորդած առաջին շաբաթն ինձ համար լի էր շոկով, սարսափով, զայրույթով եւ խուճապով: Մարտի սկզբին մտերիմ ընկերս ասաց, որ ընկերուհու հետ հեռանում է երկրից, ինձ էլ խորհուրդ տվեց հետեւել իր օրինակին: Մի քանի ժամ ունեի մտածելու ու հասկացա, որ կա՛մ հիմա եմ հեռանում, կա՛մ մնում եմ:

Ամենաբարդն ընկերներիս ու հարազատներիս հրաժեշտ տալն էր, այդ պահն ասես տեսարան լիներ Ռեմարկի գրքերից: Հանգիստ շունչ քաշել ստացվեց միայն այն ժամանակ, երբ օդանավի պատուհանից երեւաց Արարատ լեռը: Երեւանում հայտնվեցինք լրիվ հոգնած, անքուն գիշերից հետո. ռուսական ինքնաթիռն ավելի շատ երթուղային էր հիշեցնում:

Նախապես պլանավորում էինք այստեղ մնալ 3 օրից ոչ ավելի, հետո մեկնել Թբիլիսի, բայց իմացանք, որ ռուսներին այնտեղ այնքան էլ ջերմ չեն ընդունում: Երեւանում ռուսական անձնագրով շատ ավելի հեշտ է: Այդպես էլ որոշեցինք մնալ Երեւանում: Արդեն 3 ամիս է անցել, իսկ մենք դեռ այստեղ ենք:
Գործունեությունը Երեւանում

Մեկ շաբաթից հետո, երբ շոկն անցավ, որոշեցի, որ անպայման պետք է շարունակել նվագել. բոլորս լի էինք բացասական հույզերով, պետք էր դրանցից ազատվել: Մարտին Երեւանում շատերը կային մոսկովյան փանկ ասպարեզից, ու միանգամից հաջողվեց 3 խումբ ստեղծել: Դրանց հայկական անուններ տվեցինք՝ «Դավաճաններ», «Վախկոտ» եւ «Փախածներ». Ռուսաստանից մեկնած մարդկանց հենց նման որակներ էին վերագրում պետականամետ կայքերը:

Հիմա իմ 3 նախագծերից մնացել են երկուսը: Երեւանում մնացած հին ու նոր ընկերների հետ ստեղծեցինք նաեւ Camerata պրոմոխումբը: Բոլորս էլ ցանկանում ենք օգնել մարդկանց, ովքեր շատ ավելի վատ պայմաններում են, քան մենք: Ապրիլին կազմակերպեցինք 3-օրյա բարեգործական փառատոն, որում հանդես եկան մի քանի խմբեր: Մեզ հաջողվեց հավաքել 10 հազար դոլար՝ Ուկրաինայում ու Արցախում ռազմական գործողություններից տուժածների համար: Դա մեզ շատ ոգեւորեց ու եւս մեկ բարեգործական միջոցառում անցկացրինք:

Լուսանկարը՝ https://www.the-village.ru/


Երեւանյան երաժշտական կյանքի առանձնահատկությունները

Համերգների ու բեմի առումով այստեղ Մոսկվայի համեմատ լրիվ այլ աշխարհ է: Մեզ համար սովորական ակումբային կամ համերգային կյանք կա՛մ չկա, կա՛մ շատ քիչ է, ինչը ստեղծագործելու մեծ հնարավորություն է տալիս: Մեր առաջին փառատոնը շատ կարճ ժամանակում կազմակերպեցինք, տեղացի աջակիցների խոսքով՝ այն մեծ իրադարձություն դարձավ:

Երեւանում լավ է զարգացած տեխնո բեմը, իսկ ահա կիթառային ու ծանր երաժշտության հետ գործերը բավական բարդ են: Մի քանի լավ խմբեր գիտենք՝ F.I.X., Rozen Tal, Bipolars, բայց դրանք շատ չեն, բացի այդ էլ, ռոք համերգների մարդիկ ավելի քիչ են գնում: Արդարության համար պետք է նշել, որ Մոսկվայում էլ այդպես է, պարզապես խմբերն են շատ: Բայց քանի այստեղ ենք, կփորձենք իրավիճակը շտկել:

Հարմարվելը

Հայերի մեծամասնությունը բարեկամական են տրամադրված, շատերն ուրախ են, որ այստեղ ենք եկել: Թեեւ մեր համերգներին հայերն ավելի քիչ են գալիս, ուզում ենք այդ ամենը փոխել, դրա համար կաշխատենք, որ համերգներին տեղացի երաժիշտներ էլ ներգրավված լինեն:

Տեղացի մասնագետների խանդավառությունը մեզ ոգեւորեց, շատերն են պատրաստ օգնել, թեեւ Հայաստանում միանշանակ չեն վերաբերվում Ուկրաինային: Այստեղ դեռ հնչում են Ադրբեջանի հետ հակամարտության հետեւանքները, ինչի արդյունքում շատերը, այդ թվում՝ երաժիշտներ, պատերազմից հետ չեն եկել:

Անորոշության մթնոլորտում ենք, ասես մնացել ենք ժամանակից ու տարածությունից դուրս: Առանձնապես չենք ուզում վերադառնալ, բայց չենք էլ հասկանում՝ ուր մեկնել հետագայում: Դրա համար էլ մեզ մնում է առավելագույնն անել այստեղ ու հիմա:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW