×


Ինչ են խոստովանել «40 օր համբառնալուց առաջ» նոր ներկայացման դերասանները

Ինչ է լինում, երբ գողը, պատգամավորը, անբարոյականը, բանտապանը, բանաստեղծն ու առաքինի կինը հայտնվում են նույն տարածքում, այն էլ՝ մահանալուց հետո: Ինչպես Սամվել Խալաթյանի «40 օր համբառնալուց առաջ» պիեսում է ասվում՝ վերերկրյա կյանքում մարդիկ փորձում են թաքցնել իրենց բացասական կողմերը, իսկ այ, քավարանում դա անհնար է: Ըստ պիեսի՝ տարբեր մասնագիտություններ ունեցող այս 6 մարդիկ 40 օր միասին ապրում են քավարանում, բացահայտվում, իսկ վերջում լույս է իջնում եւ որոշվում՝ նրանցից ով ինչ դատաստանի է արժանանալու:

BRAVO.am-ը ներկա է եղել «40 օր համբառնալուց առաջ» ներկայացման առաջնախաղին, լուսանկարել ընթացքը, նաեւ զրուցել ստեղծագործական կազմի հետ:


Ներկայացման պրոդյուսերը Հարություն Բոգարյանն է, ռեժիսուրան եւ երաժշտական ձեւավորումն արել է Արթուր Սարիբեկյանը, բեմանկարիչը Գարեգին Եվանգուլյանն է: Դերասանական կազմում են Վարդան Հովսեփյանը, Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Զաքարյանը, Ռոբերտ Հակոբյանը, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը, Գրիգոր Բաղդասարյանը:

Ռեժիսոր Արթուր Սարիբեկյանի խոսքով՝ երբ առաջարկել են այդ գործը բեմադրել, քննարկումներ է ունեցել ընկերների հետ.«Գործի մասին լսել էի, երբ իմ ընկերներից Աշոտ Հակոբյանն ուսանողական տարիներին բեմադրել էր այն: Մինչ սկսելը նրա հետ երկար զրուցեցի, իմ հասակակիցն է եւ նրանից խորհուրդներ լսելն ինձ համար հետաքրքիր էր: Այդ խոսակցությունն արմատական փոփոխություն էր իմ կյանքում, հասկացա, որ կարելի է սիրահարվել պիեսին, եւ ստացվեց»:


Փորձերը երկու ամիս են տեւել, ինչպես ռեժիսորն է նշել՝ առանց մեծ խոչընդոտների. «Խոչընդոտները ներսից էին. պետական թատրոններում աշխատողները կազմակերպում են ամեն բան, իսկ այս դեպքում ինքդ ես սկսում այդ ամենով զբաղվել ու հասկանում ես, որ ծանրացել ես, քո առաքելությունն է քո շոգեքարշը քաշելը: Բայց Ստանիսլավսկու անվան թատրոնում մեզ շատ օգնեցին»:

Գող Գոգիին մարմնավորող Վարդան Հովսեփյանի խոսքով՝ 10 տարի բեմում չլինելուց հետո բավական դժվար էր հանդիսատեսին ներկայանալը.«Մշտապես ֆիլմերում նկարահանվելուց հետո բեմ դուրս գալը վախենալու էր թվում, բայց ոչինչ ինձ չխանգարեց, քանի որ անցած ճանապարհ ունեի, կարոտած էի եւ ինձ ձուկը ջրում էի զգում»:


Ըստ Վարդանի՝ թեեւ մարմնավորում է գողի, որը մի քանի անգամ դատապարտվել է, սակայն ոչ ոք ապահովագրված չէ նման կյանքից.«Ես նրան սովորական տղա եմ ընկալում. բոլորի կյանքում էլ կարող է լինել ճանապարհ, որից կշեղվեն եւ վատ ուղու վրա կհայտնվեն: Գոգին դպրոցական տարիներին ինչ-ինչ պատճառով հայտնվել է բանտում, եւ նրա կյանքը փոխվել է: Բայց նա մարդ է, ուզում է ապրել, շնչել, ընկերների հետ ժամանակ անցկացնել, սակայն 4 պատի մեջ է եղել ամբողջ կյանքում: Եվ երբ մահացել է, գիտակցել է դա, իսկ մյուս կերպարները 10 հազար դոլար են գտնում գերեզմանի կողքից եւ ուզում են գործ դասավորել՝ գնալ դրախտ»:


Զրուցել ենք նաեւ մարմնավաճառին մարմնավորող Արաքսյա Մելիքյանի հետ. «Ամուսինս ի սկզբանե դերասանական կազմում էր, ինձ զանգեց եւ ասաց, որ որոշել են՝ մարմնավաճառ Վենոյի կերպարը ես խաղամ: Սկզբում թվաց՝ կատակ են անում: Այդ գործը նայել էի, հիշում էի, բայց երբ նորից կարդացի, առաջին արձագանքս եղավ, որ չեմ կարող խաղալ: Ինձ համար խոր կերպար է, ամենաազնիվ մարդը բոլորի մեջ: Առաջին օրերին, երբ կարդում էինք պիեսը, նույնիսկ այդ բառը չէի կարողանում ասել, թե ով եմ մասնագիտությամբ: Հիմա էլ կյանքում չեմ կարող ասել: Բայց բեմի վրա հանգիստ ստացվում է»:

Արաքսյայի խոսքով՝ հետաքրքիր զուգադիպությամբ կյանքի այս փուլում անում է այն ամենն, ինչի մասին չի էլ մտածել. «Բայց ես մարտահրավերն ընդունում եմ եւ գտնում ոսկե միջինը: Չես կարող գրագետ խոսել եւ նման կերպար խաղալ: Մարդիկ պետք է բեմից տեսնեն այդ կնոջը, բայց կարեւոր է, որ խոսքը նաեւ շատ էժան չհնչի: Կարծում եմ՝ կարողացել ենք գտնել ոսկե միջինը: Փորձերը գիշերն էինք անում, սթրեսից մի անգամ նույնիսկ ձայնս էր կտրվել. ես ժամը 10-ից քնող մարդ եմ, բայց փորձերը մինչեւ գիշերը ժամը 2-ը տեւում էին: Պարզվեց՝ որոշակի ժամից հետո ես այլեւս դերասանուհի չեմ:)»:


Դերասանուհին պարզաբանում է՝ իր համար այս գործի հիմնական ասելիքը «մի՛ դատիր» կանոնին հետեւելու անհրաժեշտությունն է.«Թե ինչու են պիեսի կերպարներն այդպիսին դարձել, ոչ ոք չի կարող ասել, նաեւ ոչ ոք ապահովագրված չէ: Ամեն մեկը եթե 3 վայրկյան մտածի, թե ինչ կարող է լինել իր հետ, արդեն լավ է»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին