×


Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանը 50-ամյակը նշում է բացառիկ ցուցահանդեսով

Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրման 50 եւ Հենրիկ Իգիթյանի 90-ամյակի առթիվ երկու ամիս կգործի 150 հեղինակի 300-ից ավելի աշխատանքների բացառիկ ցուցահանդես։ Արվեստասերները հնարավորություն կունենան տեսնել թանգարանի ֆոնդերում պահվող գործեր, որոնցից որոշները երբեք ցուցադրված չեն եղել, մի մասն էլ մեկ կամ երկու անգամ շատ տարիներ առաջ են ցուցադրվել: Հոբելյանական ցուցադրությունը կազմակերպվել է Հանրապետության հրապարակի ԱԳՆ նախկին շենքում:


Թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանի խոսքով` մեծ պատասխանատվություն եւ հնարավորություն է լիարժեք ներկայացնելու թանգարանի հավաքածուն, բայց հիմնական ցուցադրությունից ոչինչ չեն հանել։

«Մենք ունենք մի հեղինակից մի քանի աշխատանք, որոնք պահոցում պահված էին, հիմա ցուցադրել ենք այստեղ: Կան գործեր, որոնք վախենալով ենք ցուցադրել, եւ ցուցադրությունից հետո վերականգնման աշխատանքներ պետք է իրականացվեն այս տարի: Տարբեր տարիների աշխատանքներ կան՝ սկսած 1960-1980-ականներից: Մի քիչ շեղվել ենք Իգիթյանի ձեռագրից, քանի որ նա միշտ միայն հայ հեղինակներին է ներկայացրել ամբողջ աշխարհից, բայց ունենք ամերիկացի, ճապոնացի նկարիչներից նվիրաբերություններ եւ ցուցադրել ենք, ինչը եւս հետաքրքիր է ու անհրաժեշտ»,- նշել է տնօրենը:


Թանգարանի փոխտնօրեն, արվեստաբան Զառա Այրումյանն անկեղծացել է՝ սկզբում նման մեծ տարածքում ցուցադրություն կազմակերպելու մտքից վախ է եղել, հետո հիշել են թանգարանի հիմնադիր Իգիթյանի խոսքերը. «Տվեք ինձ տասը հսկայական շենք, ես կարող եմ դրանք լցնել ցուցանմուշներով»:


«Շնորհիվ մեր տաղանդավոր հեղինակների՝ բազմաթիվ գործեր են կուտակվել, որոնք ամեն տարի հարստացնում են մեր հավաքածուն անգամ Իգիթյանի մահից հետո: Համալրված հավաքածուն ներկայացնելու համար որոշեցինք նաեւ հրատարակել «Երեւանի ժամանակակից արվեստի թանգարան» պատկերագրքի երրորդ հատորը: Առաջինի վրա աշխատել ենք Իգիթյանի հետ, երկրորդ հատորը պատրաստվեց արդեն առանց իրեն, բայց հեղինակների ցուցակն Իգիթյանինն էր, իսկ այս երրորդ հատորն արդեն մեր ինքնուրույն աշխատանքն է: Այն հեղինակներն են ընդգրկված, որոնց գործերը Իգիթյանից հետո են ընդգրկվել մեր հավաքածուում»,-նշել է Այրումյանը՝ հույս հայտնելով, որ նորանոր աշխատանքներ կհայտնվեն, եւ շարքը կշարունակվի:


Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացվող ցուցահանդեսի կազմակերպիչներն այս անգամ ձեռագրային փոփոխություն են իրականացրել` չպահպանելով ներկայացված աշխատանքների ժամանակագրությունն ու ժանրային տարբերությունը։ Սրահի ամեն անկյունում իրար հետ կապ չունեցող, բայց մշակութային նույն իրականությանը ձուլված աշխատանքներ են։ Ներկայացված շատ հեղինակներ մինչ այս երբեք իրար կողքի չեն ցուցադրվել: Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Վրույր Գալստյանի, Գայանե Խաչատրյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Էլիբեկյան եղբայրների, Ժանսեմի, Գառզուի եւ այլ հեղինակների աշխատանքներն իրար կողք մի ամբողջություն են դարձել:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին