×


«Մի դրամի ուժը» Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա նախաձեռնության» հաղթողն է

Երեկոյան կայացավ հաղորդակցության ոլորտի ամենասպասված իրադարձությունը՝ ամենամյա Հայկական PR մրցանակաբաշխությունը, որի «Տարվա նախաձեռնություն» անվանակարգում հաղթող դարձավ IDBank-ի ու Իդրամի «Մի դրամի ուժը»:

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը Bravo.am-ին ասել է, որ շատ են կարեւորում օրեր առաջ 2-ամյակը նշած «Մի դրամի ուժի» առաքելությունը: Այն հասցրել է մեծ վստահություն ձեռք բերել իրենց շահառուների ու տարբեր հիմնադրամների շրջանում:


«Այս ընթացքում 83 մլն դրամից ավելի գումար ենք հատկացրել: Շնորհակալ ենք PR մրցանակաբաշխության հանձնաժողովին, որովհետեւ շատ տարբեր նախաձեռնությունների միեջ որպես տարվա նախաձեռնություն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիր ներկայացնելը նշանակում է մշակույթ փոխել։ Մենք էլ փորձում ենք մշակույթ ձեւավորել՝ ցույց տալով, որ մի լավ բառն ու լավ գործը՝ անգամ մի դրամը, կարող են սարեր շուռ տալ»,- նշել է Վարդեւանյանը:

Նրա խոսքով՝ «Մի դրամի ուժը» ծնվել է այն ձգտումով, որ իրենց հաճախորդներին ու առհասարակ բոլորին ցույց տան՝ մի գաղափարի ու նպատակի շուրջ միավորվելու դեպքում հնարավոր է մեր երկրի համար շատ կարեւոր բազմաթիվ հարցեր ու խնդիրներ լուծել:


«Մի դրամները փոխանցում ենք մեր հաճախորդների կատարած վճարումների դիմաց, բայց իրենք որեւէ դրամ ավելի չեն ծախսում: Միգուցե, նաեւ դրանով է պայմանավորված ծրագրի հաջողությունը, որ մարդիկ ուղղակի դառնում են բարի կամքի դեսպան, իսկ մենք փոխանցում ենք այդ գումարները»,- ավելացրել է նա:

«Մի դրամի ուժը» մեկնարկել է 2020 թվականին, երբ աշխարհում ու Հայաստանում բռնկվել էր համավարակը, եւ առաջին նախաձեռնությունը շատ կարեւոր ու հատկանշական էր: Գումարներն ուղղեցին այն երեխաների համար համակարգիչներ գնելուն, որոնք չէինք կարողանալու առողջության պատճառով սեպտեմբերին հաճախել դպրոց:

«Հետո ընտրել էինք բնապահպանական ծրագիր, բայց սկսվեց պատերազմն, ու մի ամբողջ տարի բոլոր միջոցներն ուղղեցինք պաշտպանական ոլորտին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին, «Զինվորի տանը», Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, «Վիվա. Բժիշկները եւ կամավորները՝ Հայաստանին» ու էլի շատ ուրիշ հիմնադրամների»,- ընդգծել է բանկի հաղորդակցման բաժնի ղեկավարը:

Հաջորդիվ ընտրել են կրթական, առողջապահական ու բնապահպանական հիմնադրամներ, որոնք նույնպես շատ կարեւոր գործեր են իրականացնում:


Տաթեւիկ Վարդեւանյանն ընդգծել է, որ «Մի դրամի ուժը» շարունակելու է իր սկսած առաքելությունը:
Հատկապես ուրախալի է, որ նախաձեռնությանը բազմաթիվ հայտնիներ են միացել. նրանք էլ վճարում են Իդրամ-ով ու կոչ անում, որ հաճախորդները հաճախակի կատարեն անկանխիկ ու անհպում վճարումներ, ինչը շատ հեշտ է ու հարմար:

IDBank-ն ու Իդրամը «մի դրամները» փոխանցում են Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ idram.am հարթակներով, ինչպես նաեւ երկու ընկերությունների տերմինալներով կատարված վճարումների դիմաց։  

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին