×


Բրեդ Փիթի անսովոր ֆոտոշարքն ու կարիերան ավարտելու մտադրությունը

Բրեդ Փիթը հայտնվել է GQ ամսագրի շապիկին, անսովոր ֆոտոշարքի մասնակցել ու ծավալուն հարցազրույց տվել: 58-ամյա դերասանը, որը վերջերս սկսել է քիչ նկարահանվել ու ավելի շատ պրոդյուսերական գործունեություն ծավալել, պատմել է, որ հաճախ է մտածում, թե իրեն ապագայում ինչ է սպասվում:

«Ենթադրում եմ, որ կարիերայիս վերջին շնչառությունն է: Բայց ինչպիսի՞ն է այն ու ինչպիսի՞ն եմ ցանկանում, որ լինի: Կալիֆոռնիայում հաճախ են ասում, որ պետք է լինել իրական, ու ինձ երկար ժամանակ տանջում էր այդ միտքը, թե ինչ է նշանակում լինել այդպիսին: Իմ ընկալմամբ՝ հասնել նրան, որ կարողանաս ընդունել քո ներսում եղած բոլոր խոր սպիները»,- կիսվել է նա:


Դերասանը խոստովանել է, որ միշտ է իրեն միայնակ զգացել կյանքում՝ սկսած փոքր տարիքից, ու միայն վերջին շրջանում է կարողացել մտերմանալ ընկերների ու ընտանիքի հետ:

Փիթը ընդգծել է, որ ժամանակի մեծ մասը հատկացնում է պրոդյուսերական գործին, փորձում է աջակցել երիտասարդ ռեժիսորներին ու համագործակցել խոշոր հեղինակների հետ:

Վերջին անգամ Փիթը նկարահանվել է Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում՝ Օսկարի արժանանալով «2-րդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում, եւ մի դրվագում է հայտնվել Սանդրա Բուլոքի եւ Չենինգ Թաթումի մասնակցությամբ «Կորած քաղաք»-ում:


Նա պատմել է, որ կորոնավիրուսի ժամանակ սկսել է ավելի հաճախակի կիթառ նվագել ու զբաղվել է կավագործությամբ: «Այն մարդկանցից եմ, որոնք խոսում են արվեստի միջոցով: Միշտ ուզում եմ արարել: Երբ ստեղծագործելով չեմ զբաղվում, ինչ-որ իմաստով մահանում եմ»:

Ամսագիրը նաեւ ներկայացրել է Տարանտինոյի խոսքերը Փիթի մասին. «Նա մեծ էկրանի վերջին աստղերից է: Լրիվ ուրիշ մարդու տեսակ: Ու չեմ կարծում, որ կարող եք նրան ճիշտ նկարագրել, դա նույնն է, որ փորձեք բացատրել աստղերի լույսը: Դա նկատել եմ դեռ այն ժամանակ, երբ նկարում էինք «Անփառունակ սրիկաները»: Երբ Փիթը կադրում էր, այնպիսի տպավորություն չէր, որ տեսախցիկին եմ նայում, ասես դիտում էի ֆիլմը»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին