×


Հայկական PR մրցանակաբաշխության հաղթողներն ու հարգանքի տուրքն Արթուր Գրիգորյանին

6-րդ անգամ Հայկական Փի Ար ասոցիացիան անցկացրեց տարվա PR մրցանակաբաշխությունը: Հունիսի 22-ին տեղի ունեցած միջոցառման մշակութային մասը նվիրված էր Արթուր Գրիգորյանի հիշատակին: Սկզբում ցուցադրվեց «Կյանք ու կռիվ» երգի տեսահոլովակը, ապա երեկոյի ընթացքում կոմպոզիտորի ստեղծագործությունները հնչեցին Երգի թատրոնի սաների կատարմամբ:

Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը խոստովանեց, որ պատերազմից հետո դժվար է որեւէ միջոցառում կազմակերպել. «Բայց գիտական հետազոտություն իրականացնելը բոլորիս համար կարեւոր է, եւ հենց այդ առաքելությունն ենք մենք որդեգրել: Այս մրցանակաբաշխությունը հաղորդակցության ոլորտի լավագույն հանրագումարային միջոցառումն է, որտեղ խրախուսվում են հանրային կապերի, հաղորդակցության մասնագետները, հանրային եւ քաղաքական կյանքում մեծ դերակատարում ունեցող անհատները, տարվա ընթացքում հանրային հնչեղություն ունեցող նախաձեռնություններն ու իրադարձությունները»:


1 տարվա կտրվածքով հարցման է մասնակցել 8700 մարդ ( 5700 կին եւ 3000 տղամարդ), խորքային հարցազրույցներ են իրականացվել 73 ոլորտային փորձագետների հետ, փորձագիտական հարցման է մասնակցել հաղորդակցության ոլորտի 120 մասնագետ:

Հետազոտությունների արդյունքում յուրաքանչյուր անվանակարգում առանձնացվել է լավագույն եռյակ, իսկ հաղթողին ընտրել է միջազգային մասնագիտական հանձնաժողովը: Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի նախագահը հաղորդակցության հայտնի մասնագետ, դոկտոր Վազրիկ Բազիլն է:

Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը


Առաջին մրցանակը տարվա մշակութային PR-ի համար ստացավ Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը՝ մշակութային տարբեր նախագծերի, մշակութային կյանքն ակտիվացնելու եւ հանրայնացնելու համար: Տարվա PR նախաձեռնության հաղթողը «Մի դրամի ուժն» է: Տարվա հրապարակային գործիչը՝ Արման Թաթոյանը, հենց նրա անունը հայտարարելուց հետո ամենաշատ ծափերը հնչեցին:


«Շատ շնորհակալ եմ այս պատվաբեր մրցանակն ինձ հանձնելու համար, իհարկե, պարտավորեցնող է: Նախ շնորհավորում եմ հերթական անգամ բարձր որակի միջոցառում անցկացնելու համար. տպավորիչ է տեսնել, թե որքան խորն է կատարված աշխատանքի ծավալը»,- նշեց Թաթոյանը:


Մյուս անվանակարգերում հաղթողներն են՝

Տարվա պետական կառույց՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

Տարվա PR պատասխանատու՝ Լուսինե Մկրտչյան (ՀՀ ՊԵԿ)

Տարվա քաղաքական գործիչ՝ Իշխան Սաղաթելյան

Տարվա նորարարական PR` Արմեդ հավելված (Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր)

Տարվա Սփյուռքի ԶԼՄ՝ «Հորիզոն»

Տարվա ԶԼՄ՝ 5-րդ ալիք, «Բառերէն»

Տարվա իրադարձություն՝ Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողով (Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն)

Հայկական բրենդ՝ «Ջերմուկ» ապրանքանիշ

Տարվա ճգնաժամային կառավարում՝ ՀայՓոստ

Տարվա կորպորատիվ PR` «Վիվա-ՄՏՍ» ընկերություն

Տարվա PR տեխնոլոգիա՝ Արցախի վիզուալիզացիա. Դիլաքյան եղբայրների «Արցախ շարք»

Տարվա PR արշավ՝ «Կյանքը գեղեցիկ է Հերմինե Ստեփանյանի հետ» արշավը

Հայաստանի բարեկամ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն

Հատուկ մրցանակ՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին