«Էմփիրեյ» ռոք-խմբի մեներգիչ Սարգիս Մանուկյանի հետ զրույցը սկսեցինք մանկությունից՝ համ, հոտ, գույն ունեցող ապրելավայրից: Ասաց՝ հենց այդ ամենն է իրեն քաշում, հետ բերում Երեւան:
- Դե, դա ճակատագրի մի հատվածն է. ես միառժամանակ եմ բացակայում այստեղից։ Իսկ մանկությունը միշտ էլ սնուցող է։ Մենք ինչ կանք, դա մեր մանկությունն է։ Գուցե տարիների ընթացքում որոշակի փոփոխությունների են ենթարկվում բնավորությանդ գծերը, բայց հոգու խորքում դու այն ես, ինչ բերում ես մանկությունից։
- Ձեր մանկության թաղը կա՞:
- Թաղը կա՝ Կոմիտաս-Ֆուրմանով(այժմ՝ Մամիկոնյանց), բայց տունը՝ ոչ։ Ծնողներիս մահից հետո տեղափոխվեցի այլ տեղ ապրելու։ Իսկ, ընդհանուր առմամբ, Երեւանն է իմ թաղը։
- Եթե կան մարդիկ, ովքեր մանուկ հասակից են երգում, Դուք սկսեցիք բավական հասուն տարիքում, ինչո՞ւ։
- Առաջին անգամ ձայնագրվել եմ 18 տարեկանում՝ «Ասպարեզ» ռոք-խմբի հայտնի երգերից: Միշտ մտքումս էի պատկերացնում, որ պիտի երգեմ. երբեք բարձր չէի երգել, բայց սերը երաժշտության հանդեպ միշտ է եղել։ Երբ 14-15 տարեկան էի, ռադիոյով ոչ հաճելի երաժշտություն էր հնչում, ենթագիտակցորեն դա ինձ դուրս չէր գալիս, չէի հասկանում՝ ինչու։ Բայց արդեն հասուն տարիքում, երբ սկսեցի լուրջ քայլեր անել երաժշտության ասպարեզում, հասկացա՝ վատ էր ձայնագրված, վատ էր մատուցվում։ Իսկ այն երգերը, որ եթերից դուրս գտնում էի, իմ լսածի նման չէին ու ավելի հոգեհարազատ էին: Ռադիոյով հիմնականում հնչում էին «սովետական մտածելակերպով» երգեր։ Ես Led Zeppelin, Deep Purple լսելուց հետո չէի կարողանում այդ երգերը լսել։ Այդ երգերում ազատություն եւ էմոցիաներ չկային։
- Դուք 1992 թվականին ավարտեցիք դպրոցը եւ ընդունվեցիք Երեւանի «Դավիթ Անհաղթ» համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի արաբագիտության բաժինը։
- Այո, բայց ինչ-որ պահից հասկացա, որ առանց այն էլ տեսողություն խնդիր ունեմ, մինչեւ ավարտեմ, տեսողությունս էլ կկորցնեմ։ Իրենք մի տառը բառասկզբում այլ կերպ են գրում, բառամիջում՝ այլ կերպ, ու մի կետը կարող էր փոխել բառի իմաստը, իսկ ինձ համար այդ կետը գտնելը խնդիր էր: Փոխեցի իսպաներենի բաժին, բայց երկու ձայնագրության մասնակցելուց հետո հասկացա, որ այլեւս չեմ ուզում շարունակել ուսումը։
Ստեղծագործական կյանքս սկսվեց փոքր խմբի հետ: 20 տարեկան էի, ու մի խումբ երգիչ էր ման գալիս։ Բայց այդ խումբը երկու ամսվա կյանք ունեցավ։ 1993-ի դեկտեմբերն էր, ծանոթացա կիթառահար Կարեն Արզումանյանի հետ։ Միասին նոր խումբ ստեղծեցինք, ու 1994-ին մեր առաջին ակումբային համերգը եղավ։ Այն իսկապես թարմություն էր այդ տարիներին։ Սկզբում «անդրգրաունդում» էինք ու ավելի մեծ ճանաչում ձեռք բերեցինք 2003-ին։ Մինչեւ 1999-ը չոր մետալային երաժշտություն էր, Գիսանեն, մեզ միանալով, այն հարստացրեց, նոր գույն բերեց, ու կարեւոր մի բան փոխվեց։ Մինչ այդ երգերը միայն անգլերեն էին, բայց Գիսանեն գտավ այն ոսկե միջինը, որ առանց խուճուճ ու կոպիտ բառերի, այլ սիրուն, փափուկ հայերենով կարելի է ռոք երգել։
Մենք այդ բարդույթից ազատեցինք ոլորտը: Իրականում դժվար էր. հա՛մ երաժշտությունը չպետք է տուժեր, հա՛մ էլ տեքստը պետք է ճիշտ տեղ հասներ։ Մարդիկ կային, որ գալիս էին մեր համերգներին ու ասում՝ պարզվում է՝ սիրել են ռոք ու չեն հասկացել։ Այդ բարդույթը կար, որ ռոքը հայկական չի: Մենք լիքը պատեր կոտրեցինք, դժվարությունների միջով անցանք. ռոք խմբերի համար եթերը փակ էր, չէին վստահում, որ ռոք-խումբը կարող է եթերին համապատասխան նյութ տալ։ Բայց եթերում ավելի զզվելի բաներ էին հնչում։ Իհարկե, համախոհներ գտանք հեռուստատեսություններում, ռադիոներում, ու մեզ եթեր տրամադրեցին։
Սարգիս Մանուկյանը
- 2013-ին հեռացաք Հայաստանից, բնակություն հաստատեցիք ԱՄՆ-ում, առանձին գործունեություն եք ծավալում, բայց մնացիք «Էմփիրեյ»-ի Սարգիսը։
- Մինչեւ հիմա էլ ինձ համարում եմ «Էմփիրեյ»-ից։ Շատ անձնական բան է, չեմ կարող փակագծերը շատ բացել, բայց «Էմփիրեյը» կենդանի օրգանիզմ է։ Այն միայն անուն չէր, մենք պատասխանատվություն ունեինք այդ անվան հանդեպ, հոգ էինք տանում, այն ապրող մարմին էր։ Միշտ ասում եմ՝ «Էմփիրեյ»-ի նախկինը չի լինում։
- ԱՄՆ-ում կիթառահար Կարո Սարաֆյանի հետ նորովի սկսեցիք ներկայացնել գուսան Շերամի երգերը, հատկապես մեծ հնչեղություն ունեցան «Զեփյուռ կդառնամ», «Խռոված է» երգերը: Ինչպե՞ս միտք հղացավ նորովի ներկայացնել այդ երգերը։ Հիշեցնեմ Ձեր այն խոսքը, որ սկզբում ասացիք՝ ժամանակին նման երգեր չէիք կարողանում լսել։
- Իսկապես: Մի օր մեր տանը հավաքված էինք, մաեստրո Կարո Սարաֆյանն ասաց՝ արի փորձենք ակուստիկ մի բան նվագել։ Ու մենք շատ զգույշ էինք, որ ստեղծագործությունը չտուժի, բայց մատուցման ու էսթետիկայի առումով իմ ճաշակը բերեմ։ Ճիշտ եք, կան երգեր, որ այն ժամանակ չէի պատկերացնի՝ կգա մի օր, ու ես կերգեմ։ Այն ժամանակ ավելի ծայրահեղական էի ու ասում էի՝ հաստատ չեմ երգի, բայց տարիքի հետ հասկացա՝ ոչ թե երգերն էին վատը, այլ՝ մատուցման ձեւը։
Սարգիս Մանուկյանը եւ Արմինե Գեւորգյանը
- Նոր տեսահոլովակ ունեք. այս անգամ ներկայացնում եք Արթուր Գրիգորյանի «Հայ իմ աշխարհ» ստեղծագործությունը։ Գիտեմ, որ Գրիգորիչի հետ ուզում էիք նախագիծ իրականացնել, բայց չհասցրիք։ Այս երգն էլ միասին ընտրեցիք, բայց նա չհասցրեց լսել վերջնական տարբերակը:
- Մեր վերջին խոսակցության ժամանակ Արթուր Գրիգորյանի հետ որոշեցինք մոտ 4 երգ ներկայացնել, սկսել հենց այս երգից՝ նոր շունչ տալով: Այն երգել է մեր լավագույն երգիչներից լուսահոգի Արմեն Գեւորգյանը, ով ուղղակի հրաշալի է կատարել։ Շատ զգույշ հարցրի՝ «Գրիգորիչ, կարո՞ղ եմ մի քիչ փոխել», ասաց՝ ինձ վստահում է, ինչ ուզում եմ, անեմ։ Վստահ եմ, որ այնտեղ կլսի ու հաստատ կհավանի։ Մի բան եմ ուզում ասել՝ երբ խոսում էի 80-ականների վերջի երգերի մասին, այդ ժամանակ լուսավոր կետն Արթուր Գրիգորյանի երգերն էին, որոնք մոտեցումով տարբերվում էին խորհրդահայ էստրադայից։ Համարում եմ, որ մեր բոլորի երաժշտական ճաշակի ձեւավորման հարցում Գրիգորիչը կարեւոր ներդրում է ունեցել։
- Մի առիթով ասել եք, որ 20 տարի շարունակ Ձեր խումբը մատուցել է որակյալ երաժշտություն, բայց մարդիկ նախընտրեցին քյաբաբառեստորանային երգերը։
- Շատ մեծ նյութ է, բայց փորձեմ հակիրճ խոսել։ Հասարակության այն շերտը, որը վճարունակ էր ու կարող էր թելադրել իր ճաշակը, հանգեցրեց այդ խնդրին։ Այսինքն՝ երգիչները մտածում են՝ պատվիրատուներին մնան երգեր դուր կգան, սկսում են այդպիսի երգեր երգել: Իսկ նման մարդիկ իշխում են բոլոր բնագավառներում։ Իհարկե, եղան մարդիկ, որ իրենց հետ համագործակցելով՝ սկզբունքայնությունը պահեցին։ Հետո մի հիմար մտածելակերպ կար, ասում էին՝ հո Վիվալդիի ներքո քեֆ չեն անելու։ Այսինքն՝ երաժշտության մասին պատկերացումները սահմանափակվում են քեֆի շուրջ։ Ու եթե քեֆին պետք չի այդ երաժշտությունը, ուրեմն՝ առհասարակ պետք չի։
- Ասում են՝ ռոքը բողոք է, ընդվզում, չհարմարվել է, Դուք այդ բողոքն ունեի՞ք Ձեր մեջ, որ ընտրեցիք հենց այդ ճանապարհը։
- Չէ, համաձայն չեմ այդ մտքի հետ։ Հարմարվող եւ բողոք չունեցող մարդն էլ կարող է լավ ռոք երաժշտություն ստեղծել։ Ռոքն ինքնաբավ երաժշտություն է։ Ռոք երաժիշտը կարող է հա՛մ սիրո մասին երգել, հա՛մ տիեզերքի, հա՛մ բողոքել ինչ-որ բանից, հա՛մ էլ քաղաքական գործիչներին հայհոյել... Տեսակի հարց է. մասնագիտությունը մարդուն չի բնորոշում:
Սարգիս Մանուկյանը
- Ապրում եք ԱՄՆ-ում, ստեղծագործական ազդակներ որտեղի՞ց եք ստանում։
- Այնտեղ օրս սկսում եմ՝ Հայաստանի մասին լուրեր կարդալով։ Բայց արդեն մեկ շաբաթ է, որ Հայաստանում եմ ու այստեղ լուրեր չեմ նայում։ Երկրի մասին լուրերով պատկերացում կազմելը, պարզվեց, այդքան տեղին չէ։ Իսկ ստեղծագործական առումով դադարի շրջան է, բայց իմ երաժիշտ ընկերները մեծ ծրագիր են պատրաստում։
- Վերջին անգամ Հայաստանում երգել եք 10 տարի առաջ եւ հիմա պատրաստվում եք «Մեցցո» ակումբում հունիսի 28-ին կայանալիք համերգին: Անհանգստանո՞ւմ եք:
- Եթե անկեղծ՝ զարկերակը կորցրել եմ, բայց ինձ ասում են, որ իմ հանդիսատեսը կա։ Այդ օրը հնչելու են հին ու նոր սիրված երգեր։ Երկրորդ բաժնում արդեն այլ երաժիշտների նվագակցությամբ կհնչեն «Էմփիրեյ»-ի երգերը։ Մի խոսքով՝ դրայվոտ երեկո է սպասվում։
- Իսկ Ձեր օրերն ինչպե՞ս են անցնում Երեւանում:
- Ծանր այն առումով, որ օրը չի հերիքում. ուզում եմ բոլորին տեսնել։ Ես օղիից ու խորովածից արդեն աչք չեմ բացում... (ծիծաղում է), ասում եմ՝ գոնե սուրճ ու թեթեւ ուտելիքներ։
Սարգիս Մանուկյանը
Հերթը բլից հարցերին է.
- Ինչի՞ց եք վախենում:
- Փոխվելուց:
- Ափսոսում:
- Ամեն չարած բանի համար:
- Կա՞ մի արարք, որ արել եք ու զղջացել:
- Կարող են շատ լինել նման արարքներ, բայց ինչ արել եմ, ինձ եմ վնասել: Ինձ մի բանի համար չեմ ներել, որ ծնողիս վերջին 6 մասում մենակ եմ թողել:
- Հարց, որից նյարդայնանում եք:
- Հարցնում են՝ վերադառնալո՞ւ ես: Ես վերջական չեմ գնացել։ Ու հատկապես նյարդայնանում եմ, երբ ասում են՝ բայց կհարմարվե՞մ: Ես հարմարվելու խնդիր չունեմ. ծնվել եմ աշխարհի ամենալավ երկրում՝ Հայաստանում։
- Ինչի՞ն ես հավատում:
- Հայաստանի վաղվա օրվան։
Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: