×


Աներեւակայելի Zaz-ը. անհավանական ռիթմեր եւ էներգիա՝ «Հրազդան» ստադիոնում

Վաղուց «Հրազդան» մարզադաշտն այսքան մարդաշատ ու էներգիայով լի չէր եղել: Երեկոյան կայացավ «Հայա» փառատոնի առաջին բացօթյա համերգը՝ ֆրանսիացի երգչուհի Zaz-ի կատարմամբ: Անգամ երեւանյան անկանխատեսելի ու փոթորկոտ եղանակն էր հանդարտվել նրա ելույթից առաջ:

Մինչ Zaz-ը բեմ դուրս կգար, հանդիսատեսի համար երգեցին Պարգն ու այս տարվա «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը, որի «Snap» երգին հավաքվածներն անհամբերությամբ էին սպասում: Հանդիսատեսը բազմազգ էր. կային ե՛ւ տեղացիներ, ե՛ւ այս օրերին Երեւանում գնվող արտասահմանցիներ: Բոլորն էլ վայելեցին գեղեցիկ համերգն ու զգացին Հայաստանում առաջին անգամ նման ձեւաչափով անցկացվող փառատոնի շունչը:


Զազի ելույթը նախատեսվածից մի քիչ ուշ սկսվեց, ինչպես հետո նա բացատրեց՝ տեխնիկական պատճառներով: Իսկ հայտվեց նա լրիվ անսպասելի. մինչ մարդիկ խոտերին նստած լուսանկարվում էին, գարեջուր խմում կամ էլ զրուցում ընկերների հետ, նա եկավ հենց խոտածածկի վրայով, անցավ հանդիսատեսի միջով ու բուռն ոգեւորություն առաջացրեց:

Նա եկավ սեւ, փայլուն կոմբինեզոնով, բարձրացավ բեմ ու շուրջն ամեն ինչ փոխեց՝ իր հետ բերելով պայթուցիկ էներգիա եւ յուրահատուկ խարիզմա, որը մեծ արտիստներին է հատուկ:


Երեւանը Zaz էր լսում, նրա արդեն իսկ սիրված կատարումները, նոր երաժշտական լուծումները Կամո Սեյրանյանի դուդուկի նվագակցությամբ, որոնք այնքան գեղեցիկ ու հուզիչ էին ստացվել: Երգչուհին մեկ անգամ չէ, որ սեր է խոստովանել է Շառլ Ազնավուրին, նորից դա արեց բեմում՝ Սեյրանյանի հետ նրանք կատարեցին շանսոնյեի «La Boheme»-ը:


Երգչուհին աներեւակայելի էր՝ մոտ 2 ժամ պարեց ու հայերոնով բոլորիս հրավիրեց պարի, հուզվեց ու հուզեց, սեր խոստովանեց հայերին ու Երեւանին, շնորհակալություն ասաց հանդիսատեսին ու նաեւ հայերենով մի քանի անգամ տեքստ կարդաց. «Մենք հաճախ անզոր ենք զգում սարսափի դեմ: Ես հավատում եմ, որ երգելն ու պարելը մեզ կզվարճացնի, եւ դա արդեն լավ սկիզբ է: Այսօր ապրում ենք մի հրաշք, բայց այնքան ենք սովորել դրան, որ մոռանում ենք: Դրա համար ես բեմում եմ դրել օդ, ջուր եւ կրակ: Պաշտում եմ կրակը. երբ շատ մութ է, մոմեր եմ վառում, այն ինձ կրակ է հիշեցնում, որն ունեմ իմ ներսում»:


«ՀԱՅԱ» փառատոնի հաջորդ համերգը կայանալու է հուլիսի 1-ին, նորից «Հրազդան»-ում ելույթ է ունենալու մեկ այլ աստղ՝ 50 Cent-ը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին