×


Ջուլիա Ռոբերթսը եւ Ջորջ Քլունին միավորվել են «Դրախտի տոմս»-ի համար

Ջուլիա Ռոբերթսն ու Ջորջ Քլունին վերջին համագործակցությունից 6 տարի անց նորից խաղընկերներ են դարձել: Universal Pictures-ի նկարահանած ռոմանտիկ կատակերգության պրեմիերան նախատեսված է հոկտեմբերի 21-ին՝ Վենետիկի 79-րդ կինոփառատոնում:

Նրանք մարմնավորվում են ամուսնալուծված ծնողների, որոնք թեեւ պատերազմում են միմյանց դեմ, սակայն միավորվում են իրենց դստեր հարսանիքը խափանելու համար:

«Տոմս դեպի դրախտ» ֆիլմի գործողությունները Բալիում են տեղի ունենում: Զույգի դուստրը՝ Լիլին, պատրաստվում է ընտանիք կազմել տեղաբնակներից մեկի հետ, որի հետ ծանոթացել է դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ուղեւորության մեկնելու ընթացքում:  



Ռոբերթսն ու Քլունին կարծում են, որ իրենց աղջիկը նույն սխալն է թույլ տալիս, ինչ եւ իրենք, ու տարատեսակ հնարքների են դիմում՝ նրանց բաժանելու համար, անգամ գողանում են ամուսնական մատանիները:

Ռեժիսոր Օլ Փարքերի ֆիլմը բավական զվարճալի է ստացվել, այդ մասին է վկայում նոր թրեյլերը, որն արդեն երկու միլիոնից ավելի դիտում ունի: Թրեյլերում երեւում է, որ Ռոբերթսի ու Քլունիի մարմնավորած կերպարների միջեւ էլ կայծ է առաջանում, իսկ թե արդյոք կմիավորվեն, իմանալու համար պետք է սպասել մինչեւ աշուն:


Վերջին անգամ Ռոբերթոն ու Քլունին 2016 թվականին միասին նկարահանվել են «Ֆինանսական հրեշը» ֆիլմում: Սակայն առավել հայտնի է նրանց մասնակցությունը 2001 ու 2004 թվականներին թողարկված «Օուշենի 11/12 ընկերները» ֆիլմերում, որտեղ նրանք նորից սիրահար զույգ են մարմնավորել:

Պարզվում է, որ այդ ֆիլմում Ռոբերթսը բավական դժվարությամբ է նկարահանվել: Այդ մասին 2020 թվականին պատմել է Քլունին. «Այն ժամանակ Ջուլիային չգիտեի ու երբեք չէի հանդիպել հետը: Իր հայտնիության գագաթնակետում էր ու մեկ ֆիլմի համար 20 մլն դոլար էր վաստակում: Նոր էին համոզել Բրեդ Փիթին ու Մեթ Դեյմոնին, որ նկարահանվեն, բայց անգամ այդ դեպքում համոզված չէինք, որ Ջուլիան էլ կմիանա մեզ: 20 դոլարանոց դրեցի սցենարի վրա ու ուղարկեցի նրան՝ կատակելով. «Լսել եմ, որ հիմա ֆիլմի համար 20 դոլար եք ստանում»»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին