×


«Ես կվերադառնամ». 50 Cent-ի խոստովանությունն ու երեւանյան համերգի հետաքրքիր դրվագները

Երեւանյան ամենաքննարկված եւ սպասված համերգն այլեւս իրականություն է. «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտի բեմում աշխարհահռչակ ռեփ կատարող 50 Cent-ն էր: Հոգեցունց խցանումները եւ ոտքով երկար ճանապարհը հաղթահարելուց հետո հանդիսատեսը ճիշտ ժամին տեղում էր՝ լի ակնկալիքներով, որոնք արդարացվելու էին: Հիփ-հոփ աստղի` Greenlight Gang Tour-ի շրջանակում այս համերգին ներկա էին ոչ միայն տեղացիները, այլեւ ռուսներ եւ այլ ազգերի ներկայացուցիչներ. մարզահամերգային համալիրը մարդաշատ էր:

Երեկոյի աստղի ելույթից առաջ բեմում էին 3.33-ը, «Մի քանի հոգին», Ռոլանդ Գասպարյանը, DJ Սերժոն եւ տարբերվող երգչուհիներից Լիլիթ Հովսեփյանը, ով հայտնի է որպես D'Litte։ Հատուկ այս համերգին ելույթ ունենալու համար Լոս Անջելեսից Հայաստան էր ժամանել հայ ռեփեր R-Mean-ը։ Բարձր տրամադրությունն ու պարելու ցանկությունն ապահովված էր, 50 cent-ի բեմելին րոպեներ էին մնացել։


Հանրահայտ ռեփերն իր խմբի հետ բեմ բարձրացավ մոտ 30 րոպե ուշացումով՝ հենց սկզբից խնայելով ավելորդ բառերն ու հնչեցնելով հիթեր, որոնք աշխարհն են գրավել: Սիրված ռիթմեր, ծանոթ շարժումներ ու անբացատրելի էներգետիկա, որը հասնում եւ վարակում էր անգամ ամենահեռավոր հատվածում կանգնածներին: Հանդիսատեսի սերն ու համակրանքը նկատելի էր եւ, որ կարեւորն է, փոխադարձվում էր բեմից։ Ռեփերը շփվում էր ներկաների հետ, անգամ կատակում, հարցնում՝ ո՞վ ում հետ է եկել: Պահվածքից զգալի էր՝ նրան դուր եկավ համերգը:

«Առաջին անգամ եմ այստեղ, հիանալի է ամեն բան, մենք քեզ սիրում ենք, Հայաստան»,- բեմից նշեց 50 Cent-ը։


Իրենց համերգային տուրին բնորոշ բոլոր կանոնները պահված էին. բեմում պարուհիներ, շամպայններ, ինչպես նաեւ G-Unit բենդի հետ համատեղ ելույթներ: Մինչ հետեւի շարքերում հանդիսատեսն ինքնամոռաց պարում եւ վայելում էր, առաջին շարքում մարտական ոգով դիրքավորվածներին անակնկալ էր սպասվում. բեմից 50 Cent-ը նետեց իր կաշվե պիջակը, որի համար պայքարը թեժ էր, իսկ հաղթանակն էլ, կարծես, ամենահավատարիմ երկրպագուներինն էր, որոնք այլ երկրից էին նրա համար եկել Հայաստան:


Ժամուկես տեւած համերգային երեկոյից տպավորված էր ինչպես հանդիսատեսը, այնպես էլ հենց աստղը. համերգից ժամեր անց նա Instagram-ի իր էջում հյուրանոցի պատուհանից արված լուսանկար տեղադրեց Շառլ Ազնավուրի հրապարակից՝ գրելով. «Ես առաջին հիփ-հոփ կատարողն եմ, ով ելույթ է ունենում Երեւանում, Հայաստանում։ Ես կվերադառնամ»։

View this post on Instagram

A post shared by 50 Cent (@50cent)

Արդարության համար նշենք, որ հիփ-հոփ աստղերից առաջինը Քանյե Ուեսթն է ելույթ ունեցել Երեւանում՝ Կարապի լճի մոտ յուրահատուկ շոու իրականացնելով: Իհարկե, այն հանպատրաստից ելույթ էր, որ մասին բացօթյա համերգից րոպեներ առաջ «Թվիթեր»-ի իր էջում տեղեկացրեց Քիմ Քարդաշյանը:


«ՀԱՅԱ»-ն ամենամյա երաժշտական փառատոն է, որը համերգներ է կազմակերպում տարբեր երաժշտական ժանրեր ներկայացնող աշխահահռչակ կատարողների մասնակցությամբ։ Փառատոնի շրջանակում հունիսի 25-ին տեղի է ունեցել ֆրանսիացի հայտնի երգչուհի Զազի հայաստանյան առաջին մենահամերգը, իսկ հուլիսի 9-ին կրկին «Հրազդան» մարզադաշտում կկայանա Led Zeppelin Symphonic բացառիկ նախագծի համերգը։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին