×


Անահիտ Ղազարյանի World of Denim հավաքածուի շնորհանդեսը Երեւանում

Ամերիկաբնակ դիզայներ, ոճաբան, FashionDrug բրենդի հիմնադիր Անահիտ Ղազարյանի նոր՝ վառ ու տաք գույներով ստեղծված «World of Denim» հավաքածուի շնորհանդեսը՝ Երեւանում։ Միջոցառման վայրը պատահական չէր ընտրված․ «Ջելիֆիշ Երեւան»-ում, որտեղ ծովային միջավայրն ու տրամադրություններն անպակաս են, Անահիտ Ղազարյանը ներկայացրել է նոր հավաքածուի ամենավառ նմուշներից մի քանիսը՝ դենիմից պատրաստված բացառիկ տաբատներ՝ արտադրված ԱՄՆ-ում, #madeinarmenia եզակի դիզայներական հագուստներ եւ երկար սպասված «FashionDrug x ANANYAN» համագործակցության արդյունքը՝ լյուքս դասի դիզայներական կոշիկներ՝ ամբողջությամբ դենիմից։

Անահիտ Ղազարյանի World of Denim հավաքածուի երեւանյան շնորհանդեսին


«Ներկայացնում եմ իմ նոր՝ World of Denim եւ ամառային resort հավաքածուները։ Քանի որ հետագայում այս աշխատանքները ներկայացնելու եմ նաեւ ԱՄՆ-ում ու Եվրոպայում, բնականաբար, նախերգանքն իմ հայրենիքում պիտի լիներ։ Երկու տարվա բացակայությունից հետո ինձ համար շատ հատկանշական է լինել Հայաստանում, որովհետեւ ոգեշնչման առաջին աղբյուրը կապն է իմ հայրենիքի հետ։ Աշխատում եմ նաեւ թվային հարթակում, քանի որ ԱՄՆ-ում եմ ապրում եւ փորձում եմ հաղթահարել ժամային տարբերությունները, գիշեր-ցերեկը։ Նորաձեւությունն իմ ողջ կյանքի հոբբին է, ամբողջ էությամբ սեր եմ տածում իմ աշխատանքի հանդեպ, ոչ մի դժվարություն կամ խոչընդոտ ինձ համար անհաղթահարելի չէ»,- BRAVO.am-ի հետ զրույցում պատմեց Անահիտը:

Դիզայների նոր հավաքածուում պայծառ գույներ են, Անահիտը կոչ է անում չվախենալ վառ գույներից ու խուսափել կարծրատիպերից․ «Իրականում ցանկացած հագուստ կրելիս պետք է հաշվի առնել նրա ձեւվածքը, քանի որ հենց ձեւվածքն է աշխատում մեր օգտին, ոչ թե գույնը»։

Անահիտ Ղազարյանի World of Denim հավաքածուի երեւանյան շնորհանդեսին


Հավաքածուում կան համարձակ մոդելներ, քանի որ Անահիտը ստեղծագործում է ինքնուրույն, ինտելեկտուալ, իրենց սիրելի գործով զբաղվող կանանց համար, որոնք շատ տարբեր արվեստների ու գործիքակազմի են տիրապետում. «Ինքս ինձ այդպիսին եմ համարում, այդպես եմ զգում, քանի որ երեք երեխաների մայր եմ, եւ դա ինձ չի խանգարում, որ կարողանամ առօրյայի շատ հարցեր լուծել ու միաժամանակ զբաղվել իմ կարիերայով»։

Անահիտ Ղազարյանի World of Denim հավաքածուի երեւանյան շնորհանդեսին


FashionDrug բրենդին բնորոշ բոլոր առանձնահատկությունները՝ հետաքրքիր պրինտերը, գույները, բրոշները, բարձրորակ կտորների մեծ ընտրանին, բազմազան աքսեսուարները՝ այս ամենը ներառված են Անահիտ Ղազարյանի ստեղծած նոր հավաքածուում։ Առանձնակի հետաքրքրություն են վայելում դենիմից պատրաստված կոշիկները՝ դիզայներ Հայկ Անանյանի հետ համագործակցությամբ։ Ներկայացված էր երեք մոդել՝ սուպերթրենդային բոթֆորդները, պլատֆորմաներն ու մյուլերը․ «Շատ հետաքրքիր համագործակցություն էր: Հայկ Անանյանը հայկական նորաձեւության այն եզակի դիզայներներից է, որին շատ սիրում եմ ու գնահատում նրա աշխատանքի որակը, տեսլականը։ Իմ բրենդի փիլիսոփայությունը կարծես թե նրա բրենդի հետ համահունչ է, եւ այդպես մի օր մտածեցինք՝ ինչո՞ւ ոչ, կարելի է փորձել։ Հետեւելով համաշխարհային թրենդերին, համատեղելով իմ եւ Հայկի պատկերացումները, առաջարկները՝ ստացանք ներկայացված երեք մոդելը։ Օրինակ, բոթֆորդները, որոնք այսօր ինքս կրում եմ, հետաքրքիր շղթայով են արված, որպեսզի ցանկության դեպքում կրողը հնարավորություն ունենա երկարությունը փոփոխել»։

Անահիտ Ղազարյանի World of Denim հավաքածուի երեւանյան շնորհանդեսին


Անահիտի կերպարում երեկ վառ կերպով աչքի էր ընկնում նաեւ այն վզնոցը, որի տարբեր օրինակներ կրում էին նաեւ նրա թիմի մյուս աղջիկները։ Դիզայները խոստովանեց, որ ինքն այն օձ է անվանում, բայց իրականում բնավ այդ մտքով չէ պատրաստված, պարզապես մետաղյա ձողով է ամրացված եւ հեշտությամբ հնարավոր է լինում ծալել, ձեւափոխել, կրել ոչ միայն պարանոցին, այլեւ, օրինակ, թեւին։ Ամբողջությամբ ձեռքի աշխատանք է՝ մարգարիտներով հավաքված․ «Սա նորից այն է, ինչ ինձ հատուկ է, այսինքն՝ մարդիկ չեն զարմանա, որ ինձ տեսնեն այսպես շարժվող, ձեւափոխվող իրերով։ Միշտ կողմ եմ եղել այն գաղափարին, որ մեր ստեղծած արտադրանքը պիտի յուրահատուկ, տարբերվող եւ ամենակարեւորը՝ հարմար լինի կրողին։ Ես իմ բրենդի ամենաբծախնդիր հաճախորդն եմ, նախ՝ ինքս եմ ամեն ինչ փորձում, եւ եթե գոհ ու բավարարված եմ լինում, ապա այդ արտադրանքը դուրս է գալիս շուկա»։

Անահիտ Ղազարյանը


Նշենք, որ շնորհանդեսին ներկայացված ցանկացած նմուշ հնարավոր է պատվիրել FashionDrug-ի պաշտոնական էջերի միջոցով։ Անահիտը վստահեցնում է՝ իրենց թիմը հնարավորինս արագ արձագանքում է բոլոր նամակներին։ Իսկ հավաքածուի մյուս բոլոր մոդելներն առաջիկայում ֆոտոշարքի միջոցով կներկայացվեն այդ էջերում, այնպես որ կարող եք հետեւել սպասվող նորություններին՝

http://fashiondrug.am/

https://www.instagram.com/fashiondrug_by_anahit/

https://www.facebook.com/FashionDrugByAnahitGhazaryan


Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին