×


«Հայաստանը չքնաղ պատկերներով է». Led Zeppelin Symphonic-ի երեւանյան առաջին համերգի հետաքրքիր դրվագները

Հանրահայտ Led Zeppelin խմբի սիրահարները հուլիսի 9-ին «Հրազդան» մարզադաշտում էին, որտեղ իրենց ծանոթ երգերը լսեցին նորովի ու դասական ելեւէջներով. «Հայա» փառատոնի շրջանակում Զազի եւ 50 Cent-ի աննախադետ համերգներից հետո տեղի ունեցավ Led Zeppelin Symphonic-ի համերգը: Երաժիշտները ճիշտ ժամանակին սկսեցին համերգը՝ ներկայացնելով 25 երգ, որոնց թվում ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven եւ այլն: Led Zeppelin-ի երաժշտությունը London West End-ի անդամները կատարեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ՝ Ռիչարդ Սիդվելի երաժշտական ղեկավարությամբ։


Համերգից առաջ լրագրողների հետ հանդիպմանը նրանք պատմեցին՝ Հայաստանից իրենց տպավորությունները շատ ջերմ են, մարզամերգային համալիրի լուսանկարները տեսել եւ ոգեւորված սպասում են համերգին՝ խոստանալով առանձնահատուկ երեկո: Խմբի անդամներ Ջեսսի Սմիթը, Մոլլի Մարիոթը եւ Փիթեր Էլդրիջ Բայոգն առաջին անգամ էին Հայաստանում, բայց հայերեն շնորհակալություն բառն արդեն գիտեին եւ բեմից բազում անգամներ ասացին:


«Ուրախ ենք լինել այստեղ եւ հպարտ ենք, որ լեգենդար խմբի երգերն ենք ներկայացնելու։ Հայաստանը գեղեցիկ ու չքնաղ պատկերներով է: Մինչ այստեղ գալը շատ քիչ, բայց տեղեկացված էինք երկրի կերակուրների եւ որոշ ավանդույթների մասին: Շատ առանձնահատուկ է նվագախմբի հետ հայտնի երգերի փոխակերպումը։ Մեր նպատակը ոչ թե Led Zeppelin-ի երգերը կրկնօրինակելն է, այլ դրանք ներկայացնել նորովի՝ ստեղծելով նոր տրամադրություն»,- նշել է մենակատարներից Ջեսսի Սմիթը:


Այս նախագիծը ստեղծվել է լեգենդար Led Zeppelin խմբի անդամների աջակցությամբ, որոնք ներկա են եղել ծրագրի՝ Լոնդոնում հաջողությամբ կայացած պրեմիերային: Բեմում խմբի երաժիշտները անթաքույց ոգեւորված էին, ամեն ելույթից առաջ փորձում էին կարճ զրուցել հանդիսատեսի հետ՝ ներկայացնելով երգերի ընտրության եւ այլ պատմություններ: Երգերը նույնն էին, բայց մոտեցումն էր այլ:


«ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում Հայաստանում առաջիկայում էլ կլինեն մեծամասշտաբ ու աստղային համերգներ։ Նախագծի առաքելությունն է Հայաստանում ստեղծել համերգային գործունեության նոր ձեւաչափ եւ խթանել երկրում զբոսաշրջության զարգացմանը: Փառատոնի հիմնադիրը «Երեւանյան Հեռանկարներ» 23-րդ միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանն է:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հովհաննես Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին