×


«Ոսկե ծիրան 2022»-ի՝ հայկական ֆիլմով մեկնարկը, պատվավոր հյուրերն ու սպասված պրեմիերաները

Երեւանյան կինոտոնի մեկնարկը տրված է․ «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10-ից 18-ը եւ կինոսեր հանրությանը կներկայացնի հայ ու արտասահմանցի ստեղծագործողների լավագույն աշխատանքները։ Փառատոնի բացման միջոցառումը նախատեսված էր «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որտեղ էլ ներկայացվեցին մրցութային ու արտամրցութային ծրագրերը, մրցանակներ հանձնվեցին պատվավոր հյուրերին, իսկ հետո ցուցադրվեց նաեւ բացման ֆիլմը։ BRAVO.am-ը հետեւել է միջոցառման ընթացքին, լուսանկարել է կարմիր գորգով անցնող հյուրերին, ինչպես նաեւ առանձնացրել փառատոնի կարեւոր ու հետաքրքիր մանրամասները։

«Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերն ու նրանց հանձնված մրցանակները

Այս տարի փառատոնն ավելի քան 180 միջազգային հյուր ունի աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ մոտ ութ տասնյակ ֆիլմեր մրցութային ու արտամրցութային ծրագրերում։ Երեւան եկած կինոգործիչների թվում են «Ոսկե ծիրան 2022»-ի պատվավոր հյուրերը՝ իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը (նա նաեւ լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է), Կաննի եւ Բեռլինի փառատոների գլխավոր մրցանակակիր, օսկարակիր ռեժիսոր եւ սցենարիստ Կոստա Գավրասը, ինչպես նաեւ հեղինակային կինոյի ամենայուրօրինակ ռեժիսորներից մեկը՝ կատալոնացի Ալբերտ Սեռան։

Կոստա Գավրասը երեկ դեռ չէր հասցրել ժամանել Հայաստան, բայց Թերի Ջորջին եւ Ալբերտ Սեռային միջոցառման ընթացքում հանձնվեցին «Փարաջանովյան թալեր» մրցանակները՝ կինոյի աշխարհում ունեցած անգնահատելի ավանդի համար։


«Մենք առաջ ենք գնում, զարգանում ենք, եւ փա՛ռք այն մարդկանց, որոնք օգնում են ու կանգնած են մեր փառատոնի կողքին։ Իմ ուսուցիչը՝ Միքայել Ստամբոլցյանը, 19 տարի առաջ, երբ սկսում էինք փառատոնը, ասում էր՝ երեք կարեւոր գործոն կա փառատոնը լավը համարելու համար՝ լավագույն ֆիլմեր, լավագույն ժյուրի եւ լավագույն հանդիսատես։ Կարծում եմ՝ այսօր այդ երեքն էլ առկա են»,- նշեց կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը։

Իսկ Թերի Ջորջը, նրանից ստանալով իր մրցանակը, ընդգծեց՝ մոռացել է չորրորդ գործոնը՝ լավ կոնյակը․ «Դա իսկապես կարելի է վայելել այս փառատոնի ընթացքում (ժպտում է,- հեղ․)։ Ես Երեւան հասա, երբ ուսումնասիրում էի, թե ինչպես էին հասարակ մարդիկ պայքարում հրեշի դեմ։ Երբ առաջին անգամ եկա Երեւան, հասկացա, որ ժամանել եմ տուն, որովհետեւ նկատեցի՝ հայերը տանջվել են այնպես, ինչպես հույները։ Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել»,- ասաց ռեժիսորը։


Ալբերտ Սեռան իր հերթին ընդգծեց՝ մրցանակը շատ պատվաբեր է, քանի որ կրում է Փարաջանովի անունը․ «Իհարկե, ինձ համար մեծ պատիվ է դասվել այն մարդկանց ցուցակին, ովքեր ստացել են այս մրցանակը»։

Բացման ֆիլմը՝ նկարահանված Հայաստանում

Կինոփառատոնի մեկնարկը տրվեց հեղինակավոր «Էմմի»-ի մրցանակակիր դերասան, ռեժիսոր եւ սցենարիստ Մայքլ Գյուրջյանի Հայաստան/ԱՄՆ համատեղ արտադրության «Ամերիկացի» ֆիլմով, որում ամերիկահայ Չարլին, 1940-ականների վերջին վերադառնալով Հայաստան, բախվում է Խորհրդային դաժան իրականությանը: Դերերում հանդես են գալիս Մայքլ Գյուրջյանը, Հովիկ Կեուչկերյանը, Միխայիլ Տրուխինը, Նելլի Ուվարովան, Ժան-Պիեր Նշանյանը, Նարինե Գրիգորյանը եւ ուրիշներ:


«Մենք յուրաքանչյուր տարի փորձում ենք տեսնել, թե լիամետրաժ կինոյում ինչ ձեռքբերումներ ունի Հայաստանը, որով կարող ենք ազդարարել փառատոնի բացումը։ Եվ այս տարի, հուրախություն բոլորիս, ունենք ե՛ւ բացման, ե՛ւ փակման հայկական ֆիլմեր։ «Ամերիկացի» ֆիլմով Մայքլ Գյուրջյանը որոշել է անդրադառնալ իր ակունքներին եւ նկարահանել ֆիլմ ամբողջությամբ Հայաստանում, ինչը մեծ ձեռքբերում է։ Հատկապես ուշագրավ է, որ նկարահանված է շատ կարեւոր ժամանակահատվածի մասին՝ ստալինյան շրջանի, որն անտեսված է եղել հայ կինոյում»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։

Սպասված երեւանյան պրեմիերաներն ու փակման հայկական ֆիլմը

«Երեւանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ կինոդիտողին այս տարի նույնպես կներկայացվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի եւ միջազգային այլ կինոփառատոներից: Մասնավորապես կցուցադրվեն Ալբերտ Սեռայի «Տվայտելով կղզում», Յըլմազ Գյունեյի եւ Շերիֆ Գյորենի «Ճանապարհ», Ժան-Պիեռ Դարդենի եւ Լյուկ Դարդենի «Թորին եւ Լոքիտան», Հարություն Խաչատրյանի «Նկարչի երեք գերեզմանները», Կիրիլ Սերեբրեննիկովի «Չայկովսկու կինը», Կառլա Սիմոնի «Ալկառաս», Ուրլիխ Զայդլի «Ռիմինի», Պազ Էնսինայի «Էամի», Սառա Դոսայի «Սիրո կրակ» ֆիլմերը։ Իհարկե, այս ցանկն ամբողջական չէ, իսկ փառատոնային ծրագրին ամբողջական ֆիլմացանկով կարող եք ծանոթանալ այստեղ։


Երեւանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի փակումը կազդարարվի Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով, որը 2020 թվականի Արցախյան պատերազմը ներկայացնում է գրող եւ լուսանկարիչ Լիկա Զաքարյանի օրագրի միջոցով։


Նշենք նաեւ, որ փառատոնի ընթացքում կներկայացվի «ԱՐՑԱԽ․ չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր, որի ֆիլմերն անդրադառնում են 44-օրյա պատերազմին եւ նկարահանված են հույների, արգենտինացիների, ուրուգվայցիների, եգիպտացիների եւ հայերի կողմից: Այդ ֆիլմերն են՝
«Մոռացված հայրենիք», ռեժ.՝ Էսամ Նագիի  (Եգիպտոս),
«Մենք ենք, մեր սարերը», ռեժ.՝  Ֆեդերիկո Լեմոս (Արգենտինա/Ուրուգվայ),
«Լեռնային Ղարաբաղի նռները» (Հունաստան), ռեժ.՝  Թոմաս Սիդերիս
«Դիմակայություն», ռեժ.՝ Արման Երիցյան (Հայաստան)։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին