×


«Միայն մի միտք կա, որ ջարդում է ողնաշարս». Մարջան Ավետիսյանը՝ 40-ամյակն ամուսնու հետ նշելու եւ երազանքի մասին

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը դարձել է 40 տարեկան: Նա այս շրջանում բնակություն է հաստատել Գերմանիայում ու վայելում է ընտանեկան երջանկությունը։ BRAVO.am-ի հետ զրույցում Մարջանը մանկությունից մի հատված հիշեց, երբ հայրն ակորդեոնով նվագում եւ երգում էր «50 տարին չոքեց դուռս»։

«Հիմա, երբ ասում են 40, անմիջապես այդ երգն եմ հիշում ու մտածում եմ՝ Աստված իմ, 10 տարի հետո ես էլ եմ այդ երգը երգելու», - ասում է դերասանուհին:

- Շնորհավորում եմ, ասում են՝ 40-ամյակը չեն նշում, սնահավա՞տ ես։

- Շնորհակալ եմ շնորհավորանքի ու անդրադարձի համար։ Սնահավատ չեմ ու չեմ կարծում, որ վատ բան կպատահեր, եթե 40-ը նշեինք: Այն տարօրինակ մարդկանցից եմ, որ չեմ վախենում ո՛չ ծերանալուց, ո՛չ կնճիռներից, ո՛չ առավել եւս՝ թվերից:


- Օրդ ինչպե՞ս սկսվեց, առաջին անգամ ծննդյանդ օրը հայրենիքից հեռու էիր, բայց ամուսնուդ հետ:

- Ծննդյանս օրը միասին ենք անցկացրել: Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ իմ շուրջ աղմուկ-աղաղակ չեմ սիրում, եթե անգամ դա վերաբերում է ուրախ առիթներին. օրինակ՝ իմ ամուսնությունն առանց հարսանեկան արարողության էր։ Հայրենիքից հեռուն ցավոտ է ու անսահման կարոտ է։

- Հետաքրքիր ի՞նչ շնորհավորանքներ ես ստացել։

- Անկեղծ ասած՝ դեռ բոլոր շնորհավորանքները չեմ հասցրել կարդալ, որովհետեւ յուրաքանչյուրին պատասխանում եմ. դեռ ընթացքի մեջ է: Սիրո եւ ուշադրության պակասից դժգոհել չեմ կարող։ Ինձ շրջապատող մարդիկ, հանդիսատեսը, հեռուստադիտողը միշտ ինձ երես են տվել իրենց ջերմությամբ ու սիրառատ մաղթանքներով, ինչի համար անսահման շնորհակալ եմ: Այս տարին եւս բացառություն չէ:

- Համացանցում լուսանկար էիր հրապարակել, եւ շատերին թվացել էր՝ տխուր ես: Այդպե՞ս է, թե՞ տխուր ես, որ մեծանում ես։

- Չէ, տխուր չեմ, այդ նկարի մեջ մի քիչ հասուն խորհրդավորություն տեսա ու հրապարակեցի: Հասկանում եմ, որ ինստագրամյան հետեւորդների մի ստվար զանգվածի ավելի շատ հետաքրքրում է հանրային մարդու ծննդյան օրվա «թանկարժեք» սթորիները, քան իմ (իմ կարճ խելքով) խորհրդավոր նկարը, բայց ես էս եմ։


- Խոսենք ծրագրերից. երկրպագուներդ կարոտում են քո խաղը: Ե՞րբ կրկին կհայտնվես էկրաններին։

- Երբ փոխվի Հայաստանի էներգետիկան, երեւի խաղալու ցանկությանս էլ չեմ կարող ըմբոստանալ: Ջրերը կզուլալվեն, կլինի։

- Գիտեմ, որ ամուսինդ քեզ սիրում է նաեւ որպես դերասանուհի, ինքդ էլ բազմիցս ասել ես, որ դեմ չէ՝ շարունակես կարիերադ:

- Երբեք դեմ չի եղել, հիմա էլ դեմ չէ:


- Ապրում ես երջանկությանդ հետ, բայց հայրենիքից հեռու։ Դժվա՞ր է:

- Միայն մի միտք կա, որ ջարդում է ողնաշարս՝ հանկարծ ու մի օր ինքնաթիռները երկրիս հասցեն չգտնեն...

- «Գարուն ա․․.» ֆիլմում քո կերպարն առանձնացավ, ու մինչ օրս բոլորն են խոսում այդ մասին։ Դժվա՞ր տրվեց քեզ այդ դերը. այնքան համոզիչ էիր խաղում զավակ կորցրած մոր կերպարը։

- Դժվար էր, անշուշտ, բայց հետաքրքիր։ Ուրախ եմ, որ խաղս հավանել են։ Ես, ինչպես միշտ, ինձնից դժգոհ եմ։ Այդ ֆիլմի նկարահանումները եւ դրան հաջորդած աղետալի ամիսները հավերժ կմնան իմ եւ շատերի հիշողության մեջ: Կարեւոր է շարունակել հիշել, պետք է հիշել, որ չկրկնվի: Իմ երազանքն է, որ բոլորս առողջ լինենք ու հայրենիք ունենանք։

Զրուցեց Արմինե Գեւորգյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Մարջան Ավետիսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW