×


Փարիզի բարձր նորաձեւության շաբաթը՝ ցորենի արտեր, ճախրող օձիքներ եւ օծանելիքի դիզայնով զգեստներ

Փարիզում ավարտվել է բարձր նորաձեւության շաբաթը: Ցուցադրություններից ակնհայտ է, որ ժամանակակից հոթ կուտյուրը դարձել է պահպանողական ու որոշ առումով՝ ռետրո: Սակայն որոշ դիզայներներ ամեն դեպքում փորձում են դրան նոր իմաստ տալ ու շունչ ներարկել: Անդրադառնանք ամենավառ հավաքածուներին ու հիշվող պահերին:

Ամենավառը Balenciaga-ի ցուցադրությունն էր, որը սկսեց Je t'aime սիրային պոեմով: Այն բարձր հնչում էր լուռ սենյակում, որտեղ սկսեցին հայտնվել մոդելները: Սա Դեմնա Գվասալիայի 2-րդ կուտյուրային հավաքածուն էր, որի մասին մանրամասն արդեն խոսել ենք ու ժամանակն է անդրադառնալու մյուսներին:

Chanel-ի կովբոյական երկարաճիտ կոշիկները

Նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Վիրժինի Վիարի խոսքով՝ իր համար ուղենիշ են եղել Կոկո Շանելի 1930-ական թվականների աշխատանքները: Հավաքածուի մեծ մասը կազմել են երկար կիսաշրջազգեստներով կոստյումներն ու ներկված ժանյակով երկարափեշ զգեստները, որոնք ընդգրկում են մարմինը, բայց եւ բավական լայն են ուսերի հատվածում:



Երկրաչափական ասեղնագործ հատվածերն էլ ոգեշնչված էին Կարլ Լագերֆելդի՝ 1970-ականների ոճից: Կերպարն ամբողջացնում էին կովբոյական երկարաճիտ կոշիկները, հարսանեկան քողի մինի տարբերակները, բանտերը, ինչպես նաեւ Շանելի՝ 1932 թվականի զարդերը: Այս տարի նորաձեւության տունը նշում է հենց Կոկո Շանելի ստեղծած առաջին հավաքածուի 90-ամյակը:


Dior՝ բանահյուսություն

Հոթ կոտյուրն առաջին հերթին ոչ միայն շքեղ զգեստներ են, այլ արվեստի գործ ու նաեւ վարպետություն: Այդ գաղափարը Մարիա Գրացիա Կյուրին արդեն մի քանի տարի է՝ զարգացնում է: Նոր հավաքածուի համար հատուկ բարդ ասեղնագործություններ են արվել ու դետալներ, որոնք երեւում են միայն շատ մոտիկից ու անգամ լուսանկարները կարող են դրանք չփոխանցել:



«Այն, ինչ չի երեւում, ավելի շատ ջանքեր է պահանջում», -այդպես է դիզայները մեկնաբանել աշխատանքները:

Բանահյուսության թեմայով ասեղնագործությունն արել են Ֆրանսիայի, Իտալիայի ու Հնդկաստանի տարբեր արհեստանոցներում: Ցուցադրությունն անցել է ուկրաինացի նկարիչ Օլեսիա Տրոֆիմենկոյի նկարների ֆոնին:


Maison Margiela. ներկայացում՝ ցուցադրության փոխարեն

Վերջին տարիներին սովորական ցուցադրությունների փոխարեն Ջոն Գալիանոն նկարահանում էր ֆանտաստիկ ֆիլմեր: Հիմա էլ նա թատերական շոու է անցկացնում պոդիումի վրա: Այս անգամ այն կրում էր «Cinema Inferno» անվանումը, գործողությունները տեղի էին ունենում միֆական Արեւմուտքում եւ հերոսները հայտնվել էին անապատում:



Ներկայացված էին նուրբ զգեստներ՝ պատված աստղազարդ շղարշով, համադրություններ հայելու կտորներով, կովբոյական վերարկուներ ու երկարաճիտ կոշիկներ բյուրեղներով: Գալիանոն այդ կերպ մեզ հիշեցրել է, որ կյանքում ու բեմի վրա մենք ինքներս մեզ ստեղծում ենք հենց հագուստների շնորհիվ:


Shiaparelli-ի ցորենի արտերը

2013 թվականին Քրիստիան Լակրուան ստեղծել է Shiaparelli-ի փոքրիկ հավաքածուն, որն իր մեջ ներառում էր 15 կերպար, հենց դրան է դիզայներ Դենիել Ռոուզբերին հղում արել նոր հավաքածուն ստեղծելիս:



Փարիզում նա ցույց տվեց թավշյա զգեստներ՝ պատված սեւ ուլունքներով, ծավալուն կիսաշրջազգեստներ: Գլխարկներն ու պայուսակները ցորենի արտերի էին նման. իրականում դրանք այրված փետուրներ էին: Զարդերն էլ բավական սյուրռեալիստական տեսք ունեին:


Viktor & Rolf-ի ճախրող օձիքները

Իզուր չէ, որ Վիկտոր Հորսթինգն ու Ռոլֆ Սներենն իրենց սիրում են անվանել ֆեշն նկարիչներ, ոչ թե դիզայներներ: Նրանց հավաքածուն ավելի շատ արվեստի գործի էր նման, քան նորաձեւության շոուի: Կոստյումները, սմոքինգները, վերարկուները, վերնաշապիկները՝ բոլորն ամրացված էին մետաղական կոնստրուկցիայի, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե դրանք մոդելների ուսերին ճախրում են: Իսկ պոդիումի վրա դիզայներները ցույց են տվել, թե ինչպես են դրանք վերափոխվում ու հարմարեցվում կրելուն: Նրանք պարզապես հանել են մետաղն, ու օձիքներն ասես հալվել են: Հավաքածուի ամեն զգեստ ցուցադրվել է 2 անգամ:



Elie Saab-ի մթնշաղը

Էլի Սաաբը հերթական անգամ ցույց տվեց, որ իր բրենդի հոմանիշը շքեղությունն է, փայլն ու գլամուրը: 58-ամյա դիզայները ստեղծել է ոչ միայն շքեղ հագուստ կանանց համար, այլ նաեւ տղամարդկանց: Վաղուց նրա այցեքարտը թանկ զարդերն են ու նուրբ ասեղնագործությունը:



«Մտածել եմ, թե ինչպես է լույսը մթնշաղին վերածվում կախարդական, վարդագույն ոսկու: Այդ գույներն էլ ստացել եմ հավաքածուում: Վաղուց էի տղամարդկանց հագուստների պատվերներ ստանում: Նրանք էլ են ուզում գեղեցիկ տեսք ունենալ եւ գլուխ գովել»,- պատմել է դիզայները:

Fendi՝ իտալականի ու ճապոնականի կապը

Քիմ Ջոնսի հավաքածուի ցուցադրությունը բացվել է տրիկոտաժե զգեստներով, կոստյումներով ու վերարկուներով: Աստիճանաբար կերպարներն ավելի թեթեւ են դարձել ու փայլուն՝ գիշերազգեստի տեսքով կոստյումներ, ցանցանման զգեստներ: Դիզայները նորից ոգեշնչվել է Կարլ Լագերֆելդի Fendi-ից:



Ջոնսը նշել է, որ փորձել է պատմել իտալականի ու ճապոնականի կապի մասին: Նա հատուկ մեկնել է Կիոտո ու հանդիպել կիմոնոյի ու օբիի լեգենդար ստեղծողի հետ, որպեսզի հավաքածուի համար վերաստեղծի XVII դարի կիմոնոյի նախշերը:

Jean Paul Gaultier՝ օծանելիքի շշի դիզայնով հագուստ

Հիմա բրենդի կուտյուրային հավաքածուն ստեղծում են ինչպես Ժան Պոլը, այնպես էլ հրավիրված դիզայներները: Այս տարի ներգրավված է եղել Balmain-ի ստեղծագործական տնօրեն Օլիվյե Ռուստենը: Նա մեկնաբանել է JPG-ի տարբեր տարիների հիթերը, որոնց թվում էր նաեւ մերկ կրծքով կորսետային զգեստը, որը 30 տարի առաջ հայտնի է դարձրել Մադոննան: Կային նաեւ զգեստներ, որոնք Jean Paul Gaultier-ի հայտնի օծանելիքի շշերի տեսքով էին:  



Valentino-ն՝ մայրամուտին

Այս տարի բրենդը ցուցադրություն է կազմակերպել ոչ թե Փարիզում, այլ Հռոմում՝ հենց Իսպանական աստիճանների վրա՝ ողողված մայր մտնող արեւի ճառագայթներով: Առաջին մոդելը եղել է կարմիր վարդերից բաճկոնը: Այն հղում է Վալենտինո Գարավանիի՝ 1959 թվականին ստեղծած «Ֆիեստա» դեբյուտային հավաքածուին: Պիերպաոլո Պիչոլին նաեւ ստեղծել է տոպեր եւ կարճ կիսաշրջազգսետներ՝ նորից իրեն հատուկ վառ ու գրավիչ գույներով:



Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW