×


Արմեն Ամիրյանը՝ գիրք գրելու, երկրից «նեղանալու», հայտնի հարսի եւ թոռնիկների մասին

2020-ին համացանցում հայտնվեց տեղեկություն, որ Մշակույթի նախկին նախարար, Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանը Լոս Անջելեսում բեմադրում է իր հեղինակային «Գեներալի երազը» պիեսը։ Պարզվեց՝ Ամիրյանն այս պահին աշխատում է երկու այլ ստեղծագործությունների վրա, որոնք շուտով կհանձնվեն ընթերցողի դատին։ BRAVO.аm-ի հետ զրույցում Արմեն Ամիրյանը պատմեց, որ գրելու ցանկություն միշտ է ունեցել, պարզապես ժամանակ չի ունեցել՝ մտքերը թղթին հանձնելու։

- Հանրային  ռադիոյի հոբելյանական գրքի հրատարակման վրա էի աշխատում, եւ բավական հետաքրքիր պատմություններ ի հայտ եկան։ Մինչ այդ տարբեր փորձեր եղել են. մանկական հեքիաթներ եմ գրել, «Իգդիր» հայրենակցական միության նախաձեռնած գրքի վրա աշխատեցինք։ Իսկ պոռթկում եղավ, որովհետեւ կուտակված ստեղծագործական էներգիա կար, որը սպառման ու իրացվելու տեղ էր փնտրում, եւ ծնվեց «Գեներալի երազը»։ Այն որոշեցինք բեմադրել ԱՄՆ-ում, բայց  առաջնախաղից մի քանի օր առաջ հայտարարվեց կարանտին, ու մենք ստիպված եղանք ներկայացումը դնել մի կողմ։ Հետո արդեն որոշեցինք, որ չենք խաղալու։

- Ինչպե՞ս ծնվեց նման պիես գրելու գաղափարը, որո՞նք են այն կարեւոր շեշտադրումները, որ ցանկանում եք հասցնել լսարանին:

- Այն հայրենասիրությունը, որ ունի գեներալն իմ պիեսում... Պատերազմից հետո զգացողություն ունեցա, որ մենք ինքներս սպանեցինք մեր գեներալին ու հայրենասիրությունը։ Որոշեցի հրատարակել գրքի տեսքով, իսկ ներկայացման համար նախատեսված տեսանկարահանումները, որոնք ամբողջ նյութի 30-35 տոկոսն են, զետեղեցինք գրքում՝ QR կոդի միջոցով։ Կարող ես կարդալով տեսնել ներկայացումը։ Այսպես ավարտեցինք ու այլեւս չենք անդրադառնալու «Գեներալի երազին»։

- Փաստորեն պատերազմը դարձավ պատճառ, որ այն այլեւս չբեմադրվի։ Գիտեմ նաեւ, որ գեներալի կերպարի նախատիպը Ձեր ընկերն է եղել։

- Այո, պատերազմի արդյունքն է պատճառը։ Անկեղծ ասած՝ ներկայացման ռեժիսորի՝ Վահե Խաչատրյանի հետ մտածեցինք պատմությանն անդրադառնալ նոր աչքով, բայց հասկացանք՝ շատ արհեստական է ստացվում, ու որոշեցինք չանել: Բայց կարծում եմ՝ կգա այն օրը, երբ այս թեման կարդիականանա, քանի որ այսպես չի կարող հավերժ շարունակվել։

Երբ սկսվեց Արցախյան առաջին պատերազմը, բժիշկ Վարդգես Նաջարյանն ԱՄՆ-ում թողեց իր կլինիկան, հարմարավետ կյանքը, բարձր աշխատավարձն ու եկավ ռազմի դաշտ, որտեղ վրանում վիրահատություններ էր կատարում։ Պատերազմի ավարտից հետո Վազգեն Սարգսյանը նրան գնդապետի կոչում շնորհեց։ Իսկ ես իրեն միշտ սիրով ու ջերմությամբ գեներալ եմ անվանել եւ ուզեցի այդ կերպարին կյանք ու շունչ տալ գեղարվեստական գործով։ Հետագայում արդեն նոր պատմություններ ծնվեցին, եւ այսօր արդեն երկու ստեղծագործություն պատրաստ է հրատարակման:


- Համացանցում արդեն հայտնվել է նոր գրքի շապիկը, շնորհանդեսն էլ հուլիսի 29-ին է: Շատ հետաքրքիր անունով գիրք՝ «Նոյե»։ Ո՞վ է Նոյեն:

- Ի սկզբանե ստեղծագործությունը վերնագրված էր «Էլիզաբեթ»՝ հերոսներից մեկի անունով, բայց ընթացքում այնպես ստացվեց, որ Նոյեմին եկավ առաջին պլան ու ավելի հերոսացավ։ Նոյեն Ցեղասպանությունից փրկված ընտանիքի ժառանգ է, գերմանահայ փաստաբան, որն ուզում է փրկել հայ երիտասարդ ցեղասպանագետին, որը Մյունխենում մասնակցում է ցեղասպանության թեմայով գիտաժողովի։ Չեմ ուզում պատմել պատմությունը, միայն ասեմ՝ իրադարձությունները տեղի են ունենում Առաջին համաշխարհայինից մինչեւ մեր օրեր։ Կինոպատմության գլխավոր հերոսը ցեղասպանագետ Արմեն Արամյանն է։ Ուսումնասիրությունների շնորհիվ նրա ձեռքին են հայտնվում նոր փաստաթղթեր, նամակներ, որոնք էլ պատրաստվում է ներկայացնել միջազգային գիտաժողովում։ Արամյանը հայտնվում է թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման ուշադրության կենտրոնում։ Դեպքերը զարգանում են անսպասելի ու արագ։ Նաեւ անդրադարձ կա Ցեղասպանության հուշարձանի կառուցման պատմությանը, 88-ի ազգային զարթոնքին եւ այլն։ Ամբողջ պատմության ընթացքում մտովի տեղափոխվում ենք տարբեր ժամանակաշրջաններ, որոնք կապված են Ցեղասպանության թեմայի հետ։ Ցույց ենք տալիս, որ Թուրքիան պետականորեն շարունակում է աջակցել «Գորշ գայլեր»-ին։ Եզրակացությունն է, որ մենք, հետամուտ լինելով Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, ուշադրություն չենք դարձնում ահաբեկչական կազմակերպության աշխատանքին։

Հաջորդ գիրքն ավելի արկածային ժանրի ու ժամանակակից ստեղծագործություն է, որ պայմանական կոչվում է «Պանգեա, կամ թռչող տնակը», վերաբերում է մեր անպաշտպան ինտերնետային կյանքին։ Մի երիտասարդ փորձում է կոտրել Google Maps-ը։ Զարգացումների մասին չեմ պատմի, պարզապես նշեմ, որ հետաքրքիր աշխարհաքաղաքական վերադասավորումներ են տեղի ունենում։ Ոչ պակաս հետաքրքիր լուծումներով պատմվածք է։ Մինչեւ տարեվերջ լույս կտեսնի՝ հայերեն եւ անգլերեն տարբերակով։ Այս երկուսն էլ ավելի շատ կինոսցենար են, քան պատմվածք, եւ ընթերցողը կարդալիս տեսնելու է պատկերներով, այսինքն՝ կինոն թողել ենք ընթերցողի վրա։

- Տարբեր առանձնահատկություններով եւ թեմաներով ստեղծագործություններ, բայց երեքն էլ ունեն մեկ ընդհանրություն՝ կինոսցենարի ժանրով են գրված։ Գո՞ւցե  պատճառը նա է, որ Դուք հեռուստատեսության մարդ եք ու ամեն ինչ տեսնում եք պատկերի միջոցով։

- Պատճառը նա է, որ ես կինոռեժիսոր եմ մասնագիտությամբ ու պատկերային մտածողություն ունեմ։ Նաեւ միտում կա, որ ապագայում այս գործերը կդառնան ֆիլմեր՝ իմ կամ ընկերներիս միջամտությամբ։ Իսկապես պատկերային ստեղծագործություններ են, որոնք արժեն, որ էկրանավորվեն։

- Իսկ բովանդակային առումով ունե՞ն ընդհանրություններ:

- Երեքի մեջ էլ կան անձնական, ընտանեկան պատմություններ, հատկապես «Նոյե»-ին եմ ուզում անդրադառնալ, որի հիմքում եւ մեխն իմ ընտանիքի պատմությունն է։ 2015-ին Եղեռնի 100-ամյա տարելիցն էր։ Եվ պարզվեց, որ 8-ժամյա ծրագիրը ես պետք է վարեմ։ Սցենարը պետք է գրվեր զրոյից։ Շատ դաժան աշխատանք էր։ Հանրային ռադիոյի լրագրողների օգնությամբ սկսեցինք պեղումների ու նյութերի ուսումնասիրությունների փուլ։ Այդ ընթացքում նոր տեղեկությունների սկսեցի տիրապետել։ Այս տարի ապրիլի 24-ին այդ տեքստը հայտնվեց ձեռքումս ու որոշեցի որպես տեղեկատվական գրքույկ հրատարակել։ Բայց կամաց–կամաց երեւակայությանս մեջ ծնվեցին պապիկիս պատմած պատմությունները, որոնք ձեւավորեցին «Նոյե»-ի գեղարվեստական հենքը։ Հասկացա, որ այդ գրքույկը պետք է դնել մի կողմ ու այն, ինչ ծնվել է երեւակայության մեջ, հանձնել թղթին։ Ընդհանուր գիծն ընտանեկան պատմություններն ու հիշողություններն են։

Արմեն Ամիրյանի «Նոյե» գրքի շապիկը


- Պարոն Ամիրյան, 2018-ի հեղափոխությունից հետո մեկնեցիք երկրից։ Տարբեր խոսակցություններ տարածվեցին, որ լքել եք, արտագաղթել եք եւ այլն։ Ի վերջո, գնացի՞ք, թե՞ երբեք էլ չեք գնացել։

- Իրականում երբեք էլ չեմ գնացել, պարզապես ավելի շատ դրսում էի լինում։ Ստեղծվել էր մի մթնոլորտ, որն ինձ չէր բավարարում ստեղծագործելու, աշխատելու համար, ինչը փորձում էի արտերկրում իրականացնել: Հիմա ավելի շատ եմ այստեղ, պարզապես այդ ժամանակ ուզում էի ստեղծված մթնոլորտից հեռու գնալ։

- Նեղացա՞ծ գնացիք:

- Երբեք, պարզապես կար որոշակի վիրավորանք հենց իմ ընկերներից, որոնք չհասկացան պահի կարեւորությունն ու չկանգնեցին իմ կողքին։ Կանգնեցին դեմ-դիմաց՝ առանց մտածելու ու հասկանալու, որ ես միայն իրենց լավն եմ կամենում, ժողովրդի հետ եմ միշտ ու լինելու եմ։ Կային մարդիկ, որոնց ես միշտ ընդունել եմ որպես բարեկամ եւ հարազատ մարդ, եղբայր, ու հասկացա՝ շատերն օգտվել են իմ այդ վերաբերմունքից։ Վերատեսության եմ ենթարկել շրջապատս։ Իհարկե, չեմ զղջացել, որ այդպիսն եմ եղել։ Մաքրել եմ իմ շրջապատն ու այսօր կողքիս մնացել են մաքուր, բյուրեղյա ընկերներ։

- Հեղափոխությունը կարծես շատերի դեմքը «պատռեց», մաղի վրա մնացին քիչ մարդիկ։ Ներե՞լ եք այդ մարդկանց։

- Չեմ էլ չարացել, որ ներեմ կամ չներեմ։ Պարզապես ջնջել եմ։ Ցավում եմ, որ  ժամանակին ժամանակ եմ ծախսել այդ մարդկանց համար, բայց այդպես է ստացվել, ոչինչ։

- Պարոն Ամիրյան, արդեն 3 թոռնիկների պապիկ եք։ Ու հիմա կարծես ավելի շատ ժամանակ անցկացնում եք իրենց հետ։

- Այո, ես վայելում եմ թոռնիկներիս։ Օրեր առաջ երեքն էլ իմ գրկում էին, ու նշում էինք փոքրիկ թոռնիկիս 3-ամսյակը։

- Ժողովրդական խոսք կա՝ տան թոռն ուրիշ է։ Իսկապես այդպես է, տղայի երեխային ավելի շա՞տ եք սիրում։

- Չէ: Իհարկե, տարբեր կատակներ այդ թեմայով անում եմ, բայց ինձ համար տարբերություն չկա: Իմ թոռնիկներ են ու իմ շարունակությունն են։ Եթե մեկ-երկու օր չեմ տեսնում նրանց, խելագարվում եմ։

- Ձեր ընտանիքում հայտնիների պակաս չկա։ Ձեր հարսիկն էլ այդ շարքը համալրեց։

- Այո, հարսիկս երգչուհի Նարինե Դովլաթյանն է։ Իր կարիերան էլ սկսվել է իմ հեռուստաընկերությունում՝ ԱրմենԱկոբում։ Նրանք Հայկի հետ վարում էին տոնական հաղորդումներ։ Եվ հիմա, երբ նայում ենք նկարները, 12-13 տարեկանում ընկերներ են եղել։


- Թոռնիկներին ավելի շա՞տ եք սիրում:

- Չէ, այդպես չի։ Ուղղակի երեխաներովս չեմ հասցրել շատ զբաղվել, սիրել, քանի որ աշխատում էի։ Մի օր տանն էի, ու աղջիկս՝ Սեդան, արթնացավ եւ շատ զարմացած կնոջս ասում է. «Մամ, մամ, պապան մեր տանն է քնել այսօր»։ Գալիս էի տուն՝ քնած էին, գնում էի՝ քնած էին։ Ընդհանրապես չեմ տեսել, թե առաջին երկու երեխաներս ինչպես մեծացան։ Երրորդին մի քիչ ժամանակ տրամադրեցի. ավելի մեծ էի։ Հիմա թոռնիկներիս վայելելու ամենալավ ժամանակն է։ Ավելին՝ մեծ թոռնիկիս հետ ընկերություն եմ անում, իրենից նոր բաներ եմ սովորում։ Նոր սերունդը շատ հետաքրքիր մտածելակերպ ունի։ Ես էլ իմ հերթին փորձում եմ փոխանցել այն ամենն, ինչ ժամանակին տվել են իմ պապիկները, ներարկում եմ ազգային ինքնության   սերմերը։ Երբ թոռնիկս իմ մեքենայում է, միացնում եմ դասական ու մաքուր հայկական երաժշտություն։ Կյանքն իրենն է թելադրում, բայց մենք էլ պետք է թելադրենք, կրթենք ու դաստիարակենք ազգային մաքուր մշակույթի պտուղներով:

- Հերթը բլից հարցերին է. վախենո՞ւմ եք:

– Երբեք չեմ վախենում, միայն մի վախ ունեմ՝ եթե այս անտարբերությամբ  շարունակենք, կարող ենք կորցնել մեր հայրենիքը, մեր ազգային գիտակցությունն  ու ինքնությունը։

- Ափսոսո՞ւմ եք:

- Երբեք չեմ ափսոսում, ինչ արել եմ, համոզմունքով եմ արել ու ներքին վստահությամբ եմ արել։ Եթե դիմացինը չի հավատացել, դավաճանել, գնացել է այլ ուղղությամբ, Աստված իր հետ։

- Արարք, որ չեք ների երբեք:

- Դավաճանությունը:

- Թույլ կողմերը:

- Երեւի թե բարիությունն ու շուտ հուզվելը։


-Ուժեղ կողմերը:

- Բարիությունն ու էլի էմոցիոնալ լինելը։

- Հավատո՞ւմ եք:

- Հավատում եմ, որ Հայաստանը լինելու է ամենածաղկուն երկիրը։ Մեր ժողովուրդն իրավունք չունի այլեւս սխալվել. մենք հասել ենք այն եզրագծին, որ սրանից հետո պետք է միայն վերելք ապրել։ Աշխարհով մեկ սփռվելով՝ գուցե կարող ենք գտնել շատ դրամ, հարստություն, բայց մեր պորտալարը Հայաստանում է։ Եվ այսօր եկել է այն ժամանակը, որ բոլորը պետք է կամաց–կամաց հավաքվեն հայրենիքում՝ այն շենացնելու, կառուցելու եւ ցույց դնելու ամբողջ աշխարհին՝ պատահական չէ, որ Նոյան տապանն իջավ Արարատ լեռան գագաթին։

Զրուցեց Արմինե Գեւորգյանը
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW