Արտակ Վարդանյանի կյանքում նոր փուլ է. հեռացել է հեռուստատեսությունից ու իր հեղինակային նախագծերը սկսել: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է այդ որոշման, հայկական գյուղերում ստացած ոգեշնչման, տարիքի բերած փոփոխությունների, լրագրությունն ի նպաստ հանրության օգտագործելու եւ Շառլ Ազնավուրի մասին:
- Արտակ, որտեղի՞ց եք այսպիսի տաք բաճկոնով եկել:
- Այ, եթե հարցնեիք՝ մի քանի օր առաջ ինչ էի անում, կասեի, որ Դիլիջանում էի, ու շատ ցուրտ էր: Մի քիչ մրսելուց հետո խելքդ գլուխդ ես հավաքում ու տաք հագնվում: Այդպես էլ արեցի, քանի որ մեր զրույցը բացօթյա է, բայց կարեւորն այսօր հիանալի եղանակ է:
- Ի՞նչով են Ձեզ գրավում մեր մարզերն ու գյուղերը: Ի՞նչ կա այնտեղ, որ մայրաքաղաքում պակասում է։
- Ընկերներիս հետ ավանդույթ ունենք, որը ես եմ նախաձեռնել՝ շաբաթը մեկ գնալ մի նոր գյուղ: Ամեն գյուղում շատ հետաքրքիր ու շատ ազնիվ մտորումներով կերպարներ կան, որոնք այս մեդիայի արագության ու քաոսի մեջ չեն հասցնում երեւալ։ Չգիտեմ, թե օտարերկրացիների համար մենք ինչով ենք արտասովոր, բայց մեր գյուղերի տեսարաններն ու այնտեղ ապրող մարդիկ շատ գրավիչ են: Ամեն գյուղում իմաստուններին եմ հանդիպում, նրանց հետ զրուցում ու հարցնում, թե ինչու է այս աշխարհը ծուռ (ժպտում է,-հեղ.):
- Նաեւ՝ ինչու է աղմկում գետը (ծիծաղում ենք,-հեղ.):
- Պատկերացրեք, որ այս խելացիների ու քոուչների ժամանակաշրջանում, երբ բոլորը սովորեցնում են, թե մարդն ինչպիսին լինի, ապրում են իրական քոուչներ ու իմաստուններ: Այդ մարդկանց տեսնելուց հետո մեկ-մեկ ինքդ քեզնից ինչ-որ հարցերում մի քիչ ամաչում ես, որ այս արագ ուրբանիստական կյանքում ավելի ռոբոտ ու անզգացմունքային ես դարձել: Հենց գյուղում մարդ է հայտնվում, հավաքվում են, ու իրարանցում է սկսվում:
- Խոսենք Ձեր ART House նախագծից. սկզբում չգիտեիք՝ ինչ անել, ինչպես ինքներդ էիք ասել՝ «համատարած խոսող գլուխների, անթիվ բլոգերների ու մոդայիկ փոդքասթերների ժամանակաշրջանում», եւ որոշեցիք սկզբնաղբյուրին՝ լրագրությանը վերադառնալ:
- Հիմա շատ լավ են հուզական հարցազրույցներ անում. անձնական հարցեր են տալիս, հյուրերն արտասվում են, ինչն էլ լավ դիտումներ է ապահովում: Ես ART House-ում ավելի շատ սիրում եմ թեմաներ ընտրել ու դրանց մասին բազմակողմանի թողարկում պատրաստել: Օրինակ՝ շատերն են խոսել ՏիկՏոկի մասին, բայց մեր մեդիադաշտի կազմի եւ կատեգորիաների մասին միասին հավաքած տեղեկատվություն չկար: Հարգելի պատճառներով հիմա առանց այն էլ լացը բոլորի կյանքում շատ է, եւ իմ նպատակն է հաջողության պատմություն ներկայացնել ու վարակել մյուսներին, մոտիվացնել, ոչ թե հիշեցնել իրենց դառն օրերը:
- Ինչպես «Կանդիդ»-ում է ասվում՝ ամենաճշմարիտն ու իրականը այգի ունենալն ու այն մշակելն է:
- Իհարկե, հասկանում ենք, որ այգին փոխաբերական իմաստ ունի. ամեն մեկն ինքը պետք է ընտրի, թե ինչն է դա: Կարող է լինել աշխատանքը կամ մեկ այլ բան:
- Սոցիալական մեդիային նվիրված ART House-ի առաջին մասում ասում եք. «Ինչպե՞ս ենք տեսնում ինքներս մեզ ու աշխարհը, ինչպե՞ս ենք սիրում, ատում, երկրպագում ու նախանձում»: Նույնն էլ ես եմ ուզում Ձեզնից իմանալ:
- Շատ բարդ հարց տվեցիք: Ինչպե՞ս ենք մեզ տեսնում. ես ինձ երեւի տեսնում եմ իմ մեջ որեւէ բան ավելացնելու ու փոփոխելու համար իմաստուն բան որոնելիս: Աշխարհը տեսնում եմ շատ խառը, անհանգիստ, ու նաեւ նկատում եմ, որ մարդիկ ինչ-որ բան չեն կարողանում կիսել: Առաջ շատ անհանգիստ էի սիրում, հիմա՝ շատ հանգիստ: Ատում եմ շատ արագ ու աշխատում եմ 5 րոպեի ընթացքում բուժվել դրանից, որ ներսում վատ զգացողություն չմնա: Երկրպագում եմ միայն Աստծուն, իսկ նախանձում՝ երբեմն ինքս ինձ (ծիծաղում ենք,-հեղ.):
- Արտակ, ո՞նց եղավ, որ երկար տարիներ «Բարի լույս»-ում աշխատելուց հետո որոշեցիք թողնել այն:
- Ծրագրից չէի հոգնել, բայց արդարության համար պիտի ասեմ, որ վերջին 2 տարին «Արմենիա ԹիՎի»-ի պրոդյուսեր Ռոբերտ Մարտիրոսյանին ասում էի. «Արդեն չգիտեմ՝ ինչ հարցեր տալ»: Դե, պատկերացրեք 5 տարի է՝ աշխատում եմ, եւ այդ ընթացքում համարյա նույն հյուրերն են գալիս: Իսկ ես մեծ պատասխանատվություն ունեմ եւ պիտի ինքս ինձնից գոհ լինեմ: Մեդիայում երկարակեցությունը նաեւ այն շնորհիվ է, որ կարողանաս ինքդ քեզ ազնիվ գնահատել ու հասկանալ՝ սպառվել ես: Իհարկե, դժվար քայլ է. փոշմանելու ու զղջման պահեր էլ եմ ունեցել, բայց հասկանում էի, որ այդ պարն արդեն պարեցի: Կարող էի մի 2 տարի էլ շարունակել, էլի իմ մեջ խանդավառություն ու հաճույք կստեղծեի, որովհետեւ առանց դրանց անազնիվ եմ համարում իմ աշխատանքը: Թեեւ որոշումը դժվար տրվեց, բայց հիմա հասկանում եմ, որ ինձ ուրիշ դիմադրություն էր պետք:
- Իսկ առավոտյան շուտ արթնանալն իսկապե՞ս փոխում է մարդուն ու նրա կյանքը:
- Ուրիշ մարդ էի դարձել, որովհետեւ մինչ այդ ուղիղ եթերում երեկոյան ծրագիր էի վարում, հետո տուն գնում ու սիրուն հագնված դուրս գալիս՝ ժամանցս շարունակելու, եւ արթնանում էի շատ ուշ: Իսկ առավոտյան եթերից առաջ բացառիկ դեպքեր են եղել, երբ մեկ օր առաջ գնացել եմ խմելու կամ տարեդարձի. շատ կարգապահ եմ եղել: Այդ 5 տարվա ընթացում մի անգամ եթերից չեմ ուշացել, թեեւ ուշացողներին էլ չեմ մեղադրում: Երբ անում ես մի բան ու զգում, որ մաշել ես քեզ, էլ հաճույք չես ստանում: Ավելի լավ է քո տեղը զիջես ու սկսնակ հաղորդավարներին իրենց դրսեւորելու հնարավորություն տաս:
- Շատ գործընկերներ եք ունեցել եթերում, ո՞վ է ամենասիրելին:
- Դիանա Մալենկոյի հետ ամենաշատն եմ աշխատել. միասին այնքան պատմություններ ունենք: Ամենահեշտը հենց նրա հետ եմ աշխատել: Ամեն մեկի հետ շատ տարբեր է եղել: Ամենահանգիստը զգացել եմ Արեւիկ Գեւորգյանի հետ: Փայլուն կարծիք ունեմ Անահիտ Մանուկյանի մասին. չեմ կարող չգնահատել նրա մարդկային բարձր որակները: Ռոմելա Սարգսյանը որպես դերասանուհի իրեն ավելի երջանիկ է զգում նկարահանման հրապարակում. հիմա սերիալներում առաջնային դերեր է խաղում: Միայն վախկոտը չի համարձակվի փոփոխություններ անել ու հեռանալու որոշում կայացնել: Լիլիթ Սարգսյանի հետ եւս աշխատել եմ. նրա առոգանություն էր շատ լավը: «Բարի լույս»-ն իմ կյանքում շատ խորհրդանշական է. նրա հետ ապրել եմ պատերազմ ու կորոնավիրուս, հաղթահարել դրանցով պայմանավորված իմ ունեցած ճգնաժամերը, դրա համար էլ այնքան եմ շնորհակալ: Կորոնավիրուսի դաժան տարիներին այն իմ ընտանիքն էր բառի ուղիղ իմաստով. եթերից հետո տուն չէինք գնում ու երկար միասին էինք մնում: Դրա համար էլ «Բարի լույսը» արեւոտ եմ հիշում: Թիմն այնքան լավն էր, որ ոչ մի տարաձայնություն չենք ունեցել:
- Կյանքում ճգնաժամերն ու դժվարություններն ինչպե՞ս եք հաղթահարում:
- Քնում եմ (ծիծաղում ենք,-հեղ.): Շատ լավ օգնում է ու փրկում: Բոլորն ինձ միշտ ուրախ ու թեթեւ են պատկերացնում, էհե՜, բայց իրականում այդպես չէ: Պարզապես չեմ ուզում իմ խնդիրները որեւէ մեկի վզին փաթաթել, անգամ՝ ընկերներիս: Ինչպես Սենտ-Էքզյուպերին է ասում՝ լվացվելուց առաջ իմ դարակներում դասավորում եմ, որ էմոցիոնալ առումով ուրիշների համար բեռ չլինեմ: Դժվարություններ ու շատ հուսահատ պահեր ունենում եմ, բայց դրանց մասին իմանում եմ միայն ես ու շատ մտերիմ մարդիկ:
- Ինչպիսին ե՞ք լրիվ միայնակ՝ ինքներդ Ձեզ հետ:
- Շատ ընկերական հարաբերությունների մեջ եմ (ծիծաղում ենք,-հեղ.): Ինձ հետ շատ ներդաշնակ եմ, հաճախ եմ խոսում, կարեւորը՝ որեւէ բանում չեմ մեղադրում, չեմ քննադատում, շատ վերեւ էլ չեմ հանում: Փորձում եմ միջին վիճակում լինել. ոչ լավ խոսքերից եմ տաքանում ու ջերմանում, ոչ էլ վատ քննադատությունից՝ նեղվում:
- Գուցե, տարիքով է նաեւ պայմանավորված, որն իր հետ շատ փոփոխություններ է բերում. ինքդ քեզ սկսում ես ավելի լավ հասկանալ:
- Դե, արդեն մեծ մարդ եմ (ծիծաղում ենք,-հեղ.): Չեմ սիրում, որ 36 տարեկանում իրենց պահում են ինչպես 21-ում: Այդ տարիքում ես կատարյալ կարիերիստ էի՝ անընդհատ եթերներում էի ու վարկանիշային թոք շոուներում, բայց տարիքի հետ պիտի իմանաս, թե քո մասնագիտությունն ու հայտնիությունն ինչին ես ուզում ծառայեցնել: Քանի որ մեր շուկան փոքր է, դրանցից մեկ-մեկ խեղդվում ես: Հոլիվուդում հայտնիների մեծ մասը հասարակական որեւէ կազմակերպության է հարում, ու քանի որ ֆինանսական խնդիրներ չունեն, հայտնիությունն օգտագործում են ի շահ հասարակության: Մենք այդքան խելացի չենք, որ հանրային խնդիրները ձեւակերպենք: Ավելի լավ է՝ մենք էլ այդպիսի գործունեություն ծավալենք, քան անիմաստ խոսենք: Ես սիրում եմ չխոսող կամ գոնե քիչ խոսող մարդկանց, որովհետեւ բոլորն են խոսում, ամենն աղմուկի է վերածվում, ու սկսում եք իրար չլսել: Կարեւոր է, որ իմանանք՝ նպատակային ենք ապրում, ու մեր հայրենիքի համար օգտակար ենք:
- Քանի որ խոսքն իսկապես աղմուկի է վերածվում, ինչպե՞ս անենք, որ լսելի դառնանք: Հիմա ամեն ինչ չափվում է դիտումներով, հավանումներով, հետեւորդներով: Ինքներդ դրան ուշադրություն դարձնո՞ւմ եք:
- Գովազդային առաջարկներ ունենում եմ իմ 12 հազար 700 հետեւորդի սահմաններում եւ բավական դիտումներ ապահովում: Ու քանի որ հայտնիությունն ինձ նոր չպիտի այցելի, ավելի շատ իմ սրտին եմ լսում: Եթե ցանկանամ, սկանդալային թողարկումներ էլ կանեմ. բոլոր ձեւերն ու հնարքները գիտեմ, բայց իմ նպատակը դա չէ: Ես սկանդալային եղել եմ 20-21 տարեկանում ու Հանրային հեռուստատեսությամբ շատ ծայրահեղ եւ արգելված թեմաներ բարձրացրել: Ծայրահեղություններն ավելի հատուկ են երիտասարդներին: Սիրում եմ, որ մարդը հասունանում է ու պահում ինքն իրեն համապատասխան: Հաճախ են ասում, որ փոխվել եմ. պատկերացրեք, եթե նույնը մնայի, էլի հահա, հիհի անեի: Չեմ էլ սիրում 20 տարեկանների, որոնք այդպիսին չեն: Ժուռնալիստիկայում ոսկե կանոն կա՝ անհետաքրքիր թեմա չկա, նայած, թե ինչպես ես լուսաբանում:
- Շատ կարեւոր են նաեւ մարդիկ: Դուք ինչպե՞ս եք նրանց բացահայտում:
- Այս տարիների ընթացքում 1000-ից ավելի մարդու հետ եմ խոսել. ամեն օր ուղիղ եթերներ ու թոք շուներ եմ ունեցել: Իմ գործընկեր հաղորդավարների հետ արդեն փորձարկում էի անում. երբ զրուցակիցը հեռվից քայլելով գալիս էր, արդեն գիտեի, թե որքան է բացվելու եթերում: Նստելու դիրքից ու ջուր խմելուց հասկանում էի՝ որքան է հուզված, ու ինչ անել, որ իրեն հարմարավետ զգա:
- Մի՞թե չեն եղել դեպքեր, որ այդպես էլ չեք կարողացել զրուցակցից Ձեր ուզածը ստանալ:
- Հազվադեպ է այդպես եղել, բայց կան քար մարդիկ, որ աշխարհի լավագույն զրուցավարն էլ լինես, չես կարող խոսեցնել: Շատ պարադոքսալ է, բայց հիմա ոչ մասնագետն իրեն կարող է այնպես դիրքավորել հեռուստատեսությունում, որ վաճառվի: Այս պարագայում խելքը բնավ կարեւոր չէ, առաջնայինը խոսքը մատուցելու ձեւն է: «Չգիտեմ՝ ինչ է ասում, բայց շատ համարձակ է ասում» տարբերակն է գործում (ծիծաղում ենք,-հեղ.): Խելացի բժիշկներ ու գիտությամբ զբաղվող պրոֆեսորներ կան, որոնք շատ համեստ են, խոսում են կցկտուր եւ իրենց անձը տասներորդական տեղում դնում: Հետեւաբար, նրանց հետ պետք է եթերից դուրս աշխատանք տանես կամ էլ ուղիղ եթեր չկանչես:
- Արտակ, եկեք շատ տարիներ հետ գնանք ու հիշենք Ձեզ 1999 թ.-ին, երբ մասնակցեցիք «Հայրենիք» մանկական հեռուստաալիքի հայտարարած մրցույթին ու 1000-ից ավելի երեխաներից հաղթող դարձաք: Ինչպիսի՞ն էր այն Արտակն ու ի՞նչ էր ուզում:
- Այն ժամանակ ուղղակի ուզում էի հայտնի լինել, որ ինձ հեռուստատեսությամբ ցույց տան: Տեսախցիկ տեսնելիս փորձում էի ամեն ինչ անել, որ ուշադրության կենտրոնում լինեմ: Շատ բախտավոր սերունդ էինք, որ առանձին մանկական ալիք ունեինք՝ շատ լավ տեխնիկայով վերազինված, երեխաների համար նախատեսված տաղավարներով, բարձր որակով: Երբ 12 տարեկանում մրցույթի մասին հայտարարությունը լսեցի, ուրիշ տարբերակ չկար. պետք էր գնալ ու մասնակցել: Ընտանիքս դեմ էր ու առանձնապես ոգեւորված չէր իմ որոշմամբ: Ինձ տարան մրցույթի վայր ու հեռացան: Այդ հերթը չեմ կարող մոռանալ. հազարավոր երեխաներ կային: Ինձ մոտեցավ Համասփյուռ անունով մեր սցենարիստն ու հարցեց, թե միայնակ ո՞ւմ եմ սպասում, որովհետեւ բոլորը ծնողների հետ էին: 6 ժամ մնացի ներսում. սցենարը տպում էին, գնում էի բերելու ու այդ ընթացքում կարդում, որ պատրաստված լինեմ, մյուսներին էի հետեւում: Այդ օրը շատ խանդավառված էի ու չհաղթելու տարբերակ չունեի: Այդ պահից մտա հեռուստատեսություն ու մինչեւ հիմա դուրս չեմ եկել (ծիծաղում ենք,-հեղ.):
- Ի՞նչ է մասնագիտությունը բերել Ձեր կյանք, որ այլ պարագայում հաստատ չէիք ունենա:
- Շատ լուրջ կարգապահություն, բառերի նկատմամբ ուշադիր լինելու կարողություն. իրական ժուռնալիստիկայի մասին եմ խոսում: Հերոսների ու զրուցակիցների հետ վարվել խնամքով, գաղտնի չնկարահանել, խոսքի տեր լինել, իմանալ խոսքի արժեքը: Սոցիալական թեմաների մասին բազում թողարկումներ եւ հետաքննություններ ունեմ նկարահանած, փորձում եմ այդ դաշտում մարդկանց կողքին լինել ու լսելի դառնալ:
- Սովորաբար անում ենք այն, ինչի պակասն ինքներս ունենք: Հիմա Ձեր կյանքում ինչի՞ կարիքն ունեք:
- Երեւի, մարդկային շփման կարիք ունեմ: Ինձ դուր է գալիս գնալ գյուղ ու լսել մարդկանց պատմությունները: Ես էլ ունեմ ուշադրության կարիք, Դուք էլ, մյուսներն էլ՝ մեզնից շատ: Չեմ կարող ասել, որ ինչ-որ բան անում եմ հանուն մարդկանց. ամեն ինչ փոխադարձ է: Շատ ազնիվ պիտի լինեմ՝ ես էլ եմ հաճույք ստանում ընթացքից: Կյանքի հետաքրքիր ու անցումային շրջան է: Փորձը ցույց է տալիս, որ մարդն ինչին հասնում է, դրան ենթագիտակցորեն ձգտել է:
- Արտակ, ինստագրամյան Ձեր էջից երեւում է, որ սիրում եմ պատրաստել, օդապարիկից ցատկել, ճանապարհորդել ու նոր բաներ փորձարկել:
- Իմ կյանքում մի շրջան կար, որ ամեն ինչ ուզում էի փորձել: Ինստագրամի էջս էլ ասես ֆոտոլաբոմս լինի՝ իմ նախասիրություններով լի: Պատրաստելն «Աղ ու հաց» նախագծից եկավ. որ այդքան տեսնես սոխառած են սարքում, ինքդ էլ կսովորես (ծիծաղում ենք,-հեղ.): Անգամ հոտից էի տարբերում՝ վարդագույն է, թե արդեն կարմրել է: Մի երկու անգամ պատրաստեցի եւ զգացի, որ վատ չի ստացվում, թեեւ չեմ սիրում: Մեկ էլ ավտոմեքենա վարել չեմ սիրում, չնայած՝ վարում եմ: Տեղ գնալիս հաճույքով կզիջեմ, որ մեքենան Դուք վարեք:
- Ինձ ամենաշատը դուր է գալիս, երբ խոսելու ընթացքում զրուցակիցն իր մասին ինչ-որ նոր բան է հասկանում կամ գտնում որեւէ հարցի պատասխան, որ իրեն վաղուց էր մտահոգում: Դա գերագույն հաճույք է:
- Այ, Ձեզնից ոգեւորված տեսեք՝ այսօր ինչպես սկսեցի խոսել: Շատ ճիշտ հարցադրումներով սկսեցիք:
- Արտակ, վերջերս ի՞նչ ուրախալի, տարբերվող, էմոցիոնալ ու հուզիչ բան է Ձեզ հետ տեղի ունեցել, որ կուզեիք մեզ հետ կիսվել:
- Ամենաէմոցիոնալը իմ նախագծերի շրջանակում մարդկանց հետ հանդիպումներն են: Երբեմն տանը նստած ընթերցանությամբ ենք զբաղված, կինո ենք նայում կամ մեր մտքերով ինքներս մեզ կործանում: Իսկ աշխատանքն ինձ այդ ամենից դուրս գալու հնարավորություն է տալիս:
- Նշեք 3 զրուցակից, որոնց հետ խոսելն իսկապես հաճույք է պարգեւել Ձեզ:
- Հովհաննես Չեքիջյանն իսկապես հանճարեղ մաեստրո է ու ինձ համար օրինակ, թե ոնց կարող է 90 տարեկանից մեծ մարդը գնալ մարզասրահ: Մի անգամ նրան այնտեղ հանդիպեցի ու աչքերիս չէի հավատում: Նա զրույցներին միշտ գալիս է բարձր տրամադրությամբ եւ անչափ համեստ է: Չեքիջյանի օրինակով հասկանում ենք, որ կյանքում ինչ հաջողության էլ հասնենք, պիտի իր պես շատ համեստ լինենք: Մյուսը դիվանագետ կին էր, որն ինձ հիացրեց իր ժեստերով ու խոսելու ցածր տեմբրով: Եվ շատ եմ սիրում խոսել երեխաների հետ. նրանք ամենաանկեղծն են:
- Իսկ երբ հակառակ ապրումներն ենք ունեցել:
- Էլի մաեստրո է եղել. անունը չեմ տա: Հենց սկզբում հարցրեց, թե արդյոք պատրաստվել ենք զրույցին: Կարող էր նախապես ճշտել, թե ուր է գալիս եւ հրաժարվեր: Գուցե, մենք ամենալավը չենք, բայց չարժեր այդքան կոպիտ լինել ու եթերում ասել, որ նորմալ հարցեր տանք: Գովազդի ընթացքում շատ սիրուն բացատրեցի, որ սա ակադեմիական ծրագիր չէ, լայն զանգվածների համար է եւ հարցադրումները նրա համար են, որ իր համերգի տոմսերը վաճառվեն:
- Ո՞ւմ հետ կուզեիք ջերմ գրկախառնվել:
- Իմ ամենալավ հեռուստադիտողներից մեկի:
- Ճանապարհ գնալ:
- Իմ սիրած մարդու: Ինչպես նաեւ սիրում եմ անակնկալներ, նոր ծանոթություններ ու նոր ճանապարհներ:
- Գաղտնիքները կվստահեիք:
- Վերջին տարիներին գաղտնիքներ չեմ վստահում, որովհետեւ արդեն խելքս գլուխս եմ հավաքել (ծիծաղում ենք,-հեղ.):
- Ո՞ւմ հետ կուզեիք զրուցել:
- Շառլ Ազնավուրի: Ինձ բախտ է վիճակվել նրա գրքերի շնորհանդեսներն անել. կարդացել եմ դրանք, համարյա բոլոր երգերը գիտեմ: Նա ֆենոմեն ու հերոս է ինձ համար, թե ինչպես 60-ում նոր մասնագիտություն ձեռք բերել, 70-ում լրիվ նոր բան փորձել, 80-ում լեզուներ սովորել, 90-ում համերգ ունենալ: Ո՜նց էր իրեն խնամում, ինքն իրեն սիրում:
- Ո՞ւմ պես կուզեիք սիրել:
- Կինոների հերոսների. նրանց դեպքում վերջում ամեն ինչ փայլուն ու կրքոտ է լինում:
- Ո՞ւմ պես ապրել:
- Ազնավուրի:
- Ո՞ւմ պես մեծանալ:
- Էլի Ազնավուրի: Ամեն առումով է համընկնում. շատ որակյալ կյանք է ապրել: Մեր հայրենակիցն է, դիվանագետ, Հայաստանի համար շատ բան է արել: Կուզեի նմանվել նրան:
- Հավատո՞ւմ եք, որ զրույցը բուժիչ հատկություն ունի:
- Մանավանդ Ձեզ հետ զրույցը:
- Կստացվի, թե ինձ համար եմ տվել այս հարցը:
- Չէ: Դուք էլ մի քիչ ունեցեք բլոգերների ինքնավստահությունից, որ հաճոյախոսության հատվածն առանձին կտրում եւ հրապարակում են (ծիծաղում ենք,-հեղ.):
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am


×
167








Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: