Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այսօր դարձել է 40 տարեկան: Այդ առիթով նա գեղեցիկ գրառում է կատարել սոցցանցային իր էջերում՝ հույս հայտնելով՝ «մի օր կարմիրի նկատմամբ սերը հետ գա ու բարին հետ գա»:
«Դուք ինձ ներեք, երբ ցավից հաճախ «գոռում» եմ, որ լսեն, երբ երջանկությունից հանկարծ լռում եմ, որ չհուզվեմ, երբ անընդհատ նույն սխալը տեսնելուց սրտանց զայրանում եմ կամ դիմացինի անտարբերությունից՝ պայթում: Դուք ինձ ներեք, եթե ասածս հաճախ խոցում է կամ ավելի թույլ լինում, քան պետք էր: Ներեք՝ տարբեր լինելու կամ այդքան նույնը լինելու համար:
View this post on Instagram
Ներեք, որ ցավերիցս հաճախ սարսափ հեքիաթներ են ծնվում ու ոչ թե երջանկության ճիչեր, ներեք, որ գործերի հետ խոսքեր են ծնվում, ոչ թե ոսկեմազ կամ գանգուր ձագուկներ, ներեք, որ անընդհատ ուզում եմ փոխել, փոխվել ու էլի անփոփոխ եմ մնում, ներեք, որ չեմ տեղավորվում մի տողի մեջ, ինչպես որ չտեղավորվեցի կես կյանքի մեջ, ներեք, որ անկեղծությամբ իմ խորդուբորդ եմ էդքան, երբեմն՝ անհարմար ու խառը:
Պարզապես քառասունում անիմաստ է «խմբագրել» ինքդ քեզ, անիմաստ է կիսատ ապրել ու կիսով հարաբերվել: Ներեք իմ՝ բացարձակ անկեղծ լինելիության համար...
... ծնվեցի, ապրեցի ու մի օր էլ կազատվեմ՝ բոլորի նման: Թող մնա ապրածս սերը:
Կարեւորն անկեղծ եմ ձեզ ժպտացել, անկեղծ լացել ու անկեղծորեն հուսացել:
Մարդիկ չեն փոխվում, ճիշտ է, բայց ես հավատում եմ, որ կարող են շատ բան փոխել:
Իմ կյանքում ջրի պես կարեւոր են եղել եւ են՝ էդ մարդիկ: Նրանցով ապրել եմ, նրանցից փակվել, նրանց համար էլ արարել:
Խոնարհաբար շնորհակալ եմ՝ այդքան նրբորեն ինձ վերաբերվելու, հիշելու ու սիրելու համար: Երիցս շնորհակալ եմ՝ թեկուզ խոցելով, ինձ ամրացնելու եւ հղկելու համար:
Սերն Աստծո պարգեւ է: Դժվարությունները կգլորվեն ու կգնան՝ ապրածս տարիների պես, սերը կմնա: Շնորհակալ եմ հենց դրա համար:
Հ.Գ. Միայն թե երանի՜ մի օր էս կարմիրի նկատմամբ սերս հետ գա... Ու բարին հետ գա: Երանի...
40-ից հետո՝ ազատ անկման մեջ, նոր հասկանում ես, որ գիտակից կյանքդ նոր է սկսվում՝ զրոյից: Ուրեմն դեռ առիթ ու նպատակ կա ապրելու: Մաղթեք ինձ հաջողություն»,-գրել է Հովհաննիսյանը:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: