23-ամյա Էվելինա Շահիրյան կրտսերը ընտանիքի մյուս անդամների օրինակով նույնպես ընտրել է ճանապարհը դեպի թատրոն։ Սկզբում սովորել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, իսկ արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի է։
Էվելինայի հետ հանդիպեցինք հենց թատրոնում։ Պատմում է՝ որպես դերասանուհի առաջին անգամ թատրոն մուտք գործելիս մեխանիկորեն զբաղեցրել է այն աթոռը, որը թատրոնի գրիմանոցում պատկանում էր տատիկին, ում անունով էլ իրեն անվանակոչել են։ Մեր զրույցի ընթացքում խոսել ենք Էվելինա Շահիրյանի թոռնուհի լինելու պատասխանատվության, տատիկի եւ հորաքրոջ հետ նույն թատրոնում աշխատելու, թատրոնից հեռուստատեսություն գնալու եւ այլ հարցերի շուրջ։
Տատիկի հետ կապը
Լինել Շահիրյանի թոռնուհին չափազանց պարտավորեցնող է։ Ինստիտուտ կամ թատրոն ընդունվելիս առաջին մտավախությունս այն էր, որ հանկարծ չասեին՝ «Էվելինայի թոռնուհին այդքան էլ լավը չէ»։ Իմ ամենամեծ վախը դա էր, որ տատիկի անունը բարձր պահեմ։ Անուն-ազգանունս միանգամից մատնում է իր հետ ունեցած կապս․ հաճախ ներկայանալիս ազգանունս չեմ ասում։ Թատրոնում ընդունելության քննության ժամանակ հարցրին՝ թոռնուհի՞ն ես, պատասխանեցի՝ ոչ։ Կողքից ասացին՝ «Ուրանում ես, հա՞, տատիկիդ»։
Երբ փոքր էի, տատիկին ու ինձ չէի նմանեցնում։ Մեծացա ու հասկացա, որ, այնուամենայնիվ, շատ ենք նման իրար: Բնավորությամբ եւս նման ենք, դրա շնորհիվ տատիկը հաճախ ինձ լավ է հասկանում։ Երբ որ նկատողությունն է անում՝ ինչու եմ լարված, հուզված, հարցնում եմ իրեն՝ տեսնես ո՞ւմ եմ նման։
«Հետո ի՞նչ»
Մանկուց հստակ գիտեի, որ դառնալու եմ դերասանուհի։ Ընթացքում եղել է, որ մտածեմ ուսուցչուհի, տնտեսագետ մասնագիտությունների մասին։ Շատ էի սիրում քիմիա առարկան, ու մայրիկս էլ համոզում էր, որ ընդունվեմ բժշկական համալսարան։ Մի պահ քաղաքական բանավեճերով էի տարվել. բանավեճի ընթացքն էր ինձ գրավել։ Բայց, ի վերջո, դերասանուհի եմ։ Մեր ոլորտի ամենավարակիչ մասը հենց միջավայրն ու մթնոլորտն են։ Երբ մանկուց այդ միջավայրում ես, մեխանիկորեն արդեն դու էլ ես գնում այդ ուղղությամբ։
Ինստիտուտ ընդունվելիս շատ էին ասում՝ ընտրիր այլ մասնագիտություն, ես էլ ասացի՝ ինչու ընտրեմ այլ ճանապարհ, եթե մտքով միշտ պետք է լինեմ այս ոլորտում։ Ընտանիքս երբեք չի խանգարել իմ որոշումների կայացմանը։ Թեեւ հայրիկն էլ էր ասում, որ չընտրեմ այս մասնագիտությունը, բայց ինձ թվում է՝ ինքն էլ էր ցանկանում, որ իր աղջիկն արվեստի ուղղությամբ գնա։ Ամենամեծ քննադատս հայրս է, ով առաջին անգամ միայն սովորելու տարիներին դիպլոմային ներկայացումս է դիտել։ Ամենամեծ խորհրդատուն էլ տատիկն է։ Իրեն եմ միշտ պատմում ինձ հետ տեղի ունեցած բոլոր դեպքերը, երբ լարված եմ լինում, ինչ-որ բանից բարկացած կամ նեղացած։ Տատիկը միշտ մի արտահայտություն ունի՝ «հետո ի՞նչ», ու դա ինձ սթափեցնում է։
Էվելինա Շահիրյանը` թոռների հետ
Երազանք
Տատիկի եւ հորաքրոջ հետ նույն թատրոնում աշխատելը հեշտ է: Ընտանիքս շատ է աջակցում. թիկունք ունեմ։ Մեծացել եմ իմ թատրոնում, որտեղ հիմա աշխատում եմ, բայց երբ ընդունվելուց հետո առաջին օրերին գալիս էի փորձերի, մի տեսակ կաշկանդված էի զգում։ Երազանքս է տատիկի հետ նույն բեմում լինելը, չնայած՝ այդ դեպքում վախ կլինի ու պատասխանատվության ահռելի զգացում։
Թատերական ինստիտուտում կուրսղեկս թատրոնի ռեժիսորն էր։ Հետո եկա թատրոն ու մասնակցեցի լսումներին։ Բամբասանքներն ու խոսակցությունները շատ են, որ թատրոնում մթնոլորտը վատն է, նորեկներին չեն աջակցում։ Բայց արդեն մեկ տարուց ավելի է՝ այստեղ եմ ու նման բան չեմ տեսել։ Հակառակը՝ զգացել եմ դերասանների աջակցությունը, որոնց փոխարեն ներգրավվում էի ներկայացման մեջ՝ որպես երկրորդ դերակատար։ Մեր թատրոնը շատ ջերմ ու տաքուկ ընտանիք է։
«Չէի հավատում, որ մի օր կխաղամ այդ դերը»
Առաջին ներկայցումս Հրաչյա Հարությունյանի բեմադրությամբ «Օրնիֆլն» էր. փոքրիկ դերով եմ հանդես գալիս՝ որպես լրագրող։ Ուրախ էի մասնակցության համար։ Երբ ինձ հարցրել էին՝ ինչ ներկայացում կցանկանամ փորձել, ընտրել էի Հարությունյանի նաեւ «Սերը տարիք չի հարցնում» ներկայացումը: Մտավախությունս մեծ էր․ պետք է կատարեի մի դեր, որն արդեն մատուցվել է լավագույն դերասանուհու՝ Նարինե Պետրոսյանի կողմից։ Ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ Հրաչյա Հարությունյանին, ով ամիսներ շարունակ տանջվեց ինձ հետ, վստահեց ու օգնեց ինձ, եւ ես խաղացի այդ ներկայացումը։ Չէի հավատում, որ մի օր կխաղամ այդ դերը։ Շատ սպասված օր էր ինձ համար։
Առաջին անգամ հեռուստաէկրանին
Իմ հիմնական ուղղվածությունը թատրոնն է։ Հեռուստաընկերություններում էլ առհասարակ քասթինգների չէի մասնակցել։ Առաջին անգամ, երբ դիմեցի, 4 աղջկա գլխավոր դեր կար, ես քասթինգի փուլերի ընթացքում փորձել էի երեքինը, բայց ասացին՝ հաստատվել եմ 4-րդի դերում։ Շատ զարմացա, հետո կերպարս շատ սիրեցի։ Այն ընդհանուր գծեր ունի ոչ թե ներկայիս, այլ 8 տարի առաջվա Էվելինայի հետ։
Շատ էի վախենում, երբ առաջին անգամ ինձ պետք է տեսնեի հեռուստաէկրանին, ու ընթացքում հասկացա՝ ինչը պետք է շտկեմ։ Դերասանի աշխատանքը երբեք չի կարող ինչ-որ մի տեղ կանգ առնել։ Ո՞րն է բարդ, ո՞րն է հեշտ, չեմ կարող ասել։ Երկուսն էլ կախված են հոգու, էմոցիաների, դրանց արտահայտման եւ զգալու հետ։
Հեռուստահաղորդավար լինելն իմ մեծ երազանքն է: Սերս միշտ էլ եղել է դեպի հեռուստատեսություն, եւ հեռուստահաղորդավարի մասնագիտությանը ծանոթանալուց հետո հույս ունեմ՝ մի օր ինձ կտեսնեն նաեւ այդ դերում:
Առջեւում
Հիմա իմ կյանքում ստեղծագործական առումով շատ բուռն ընթացք է, ու ես չեմ ուզում այն ընդհատվի։ Երբ ամիսներ առաջ քիչ էի զբաղվում իմ մասնագիտությամբ, հասկանում էի՝ որքան եմ սիրում այն ոլորտը, որն ընտրել եմ։ Այնտեղ եմ, որտեղ կուզեի լինել, թատրոնում էլ խաղացել եմ այն դերը, որը շատ էի երազում։ Առջեւում կուզեի նոր դերեր փորձել, ինքս ինձ գտնել, նոր միջավայրում հայտնվել։ Մեր մասնագիտության մեջ կայունություն չկա, որպեսզի հստակ ծրագրեր կազմես։ Ամեն ինչ դեռ առջեւում է։
Տեքստ՝ Մերի Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ հեղինակի եւ Էվելինա Շահիրյան կրտսերի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: