×


Բեյոնսեի նոր ալբոմը պաշտոնական թողարկումից ժամեր առաջ հայտնվել է համացանցում

Հուլիսի 29-ին պետք է կայանա վերջին 6 տարվա ընթացքում Բեյոնսեի առաջին ալբոմի շնորհանդեսը, որը կոչվում է «Renaissance»: Բայց այն այսօր հայտնվել է համացանցում, եւ միջադեպն արդեն իսկ համարում են տարվա արտահոսք: Երգչուհին հայտնի է պրեմիերաների հարցում իր խիստ գաղտնապահությամբ, բայց այս անգամ ամեն ինչ պլանավորածի պես չի ընթացել:

Ալբոմի անօրինական տարբերակը համացանցում հայտնվել է պաշտոնական թողարկումից 36 ժամ առաջ:


Variety-ն միջադեպը կապում է նրա հետ, որ CD տարբերակով ալբոմը վաճառքի է հանվել ավելի շուտ, հատկապես՝ Եվրոպայում: Բեյոնսեի ներկայացուցիչներն ու ալբոմի թողարկմամբ զբաղվող Columbia Records-ը դեռ մեկնաբանություն չեն տվել:

Ավելի վաղ նոր ալբոմի մասին երգչուհին պատմել էր Vogue-ին՝ նկարահանվելով ամսագրի հուլիսի շապիկի համար: Նա նշել է, որ ձայնագրման ընթացքը բավական երկար է տեւել, համավարակն էլ իր ազդեցությունն է ունեցել աշխատանքների վրա, բայց լավ իմաստով: Նա ավելի շատ ժամանակ է ունեցել՝ մտորումների ու ամեն մտահղացման վրա կենտրոնանալու համար: Արդյունքում կարողացել է ստեղծել հենց այնպիսի երաժշտություն, որն ինքն է հավանում:


Սոցցանցերում «Renaissance»-ը համարում են Բեյոնսեի ամենահավակնոտ երաժշտական նախագիծը:

Բեյոնսեի նախորդ ալբոմը՝  «Lemonade»-ը, թողարկվել է 2016 թվականին, դրանում շեշտը դրվել է կնոջ ինքնաճանաչման ու ապաքինման վրա:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին