«Երեկ, այսօր եւ հավերժ»՝ Արթուր Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգի խորագիրն է։ Դեռ երկու տարի առաջ այս համերգը քննարկվել էր Գրիգորիչի հետ, իր երգերի օվկիանոսից ընտրվել էր 20 երգ, աշխատանքներն ընթացքի մեջ էին... ՀՀ ժողովրդական արտիստի հեռանալուց հետո դուստրը՝ Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Գրիգորյանը, կյանքի կոչեց այս նախագիծը: Համերգին յուրաքանչյուր դետալ հաշվի էր առնվել։ Ամեն ինչ այնպես, ինչպես կմատուցեր Գրիգորիչը։ Արտիստներն անկեղծանում են՝ երգերը կատարելիս լսել են Գրիգորիչի ձայնը։
«Այս համերգը չէր կարող չլիներ ։Եվ պիտի լիներ իր տարեդարձի նախօրեին։ Մենք երաշխավորներն ենք իր ստեղծած միջավայրի եւ պարտական ենք այդ իմաստով։ Մեզնից յուրաքանչյուրն այսօր ունի իր անձնական զրույցը, մտերմիկ ու տաք երկխոսությունն Արթուր Գրիգորյանի հետ։ Նա բոլորից լավ գիտեր ամեն ինչ, քանի որ ինքն էր ստեղծել ազատ, խոր մտքերով եւ նորարարությամբ, բաց պատուհաններով եւ երբեք չկողպվող դռներով կյանքը: Մենք գալիս ենք, որ իր թողած բանալիով բացենք նոր դռներ»,- ասում է Անիտա Հախվերդյանը։
Բեմն իրեն է... Գիրգորիչի ձայնով էլ սկսվեց համերգը։ Հնչում է նրա վերջին երգը՝ «Դու կաս, տղաս»՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված բժիշկ Նարեկի հիշատակին։
«Ցավոք, Արթուրը ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց թողեց փայլուն ժառանգություն։ Ինձ համար ցավալի է, որ այս համերգի ավարտին նա չի գա բեմ՝ մեզ հետ երգելու «Հայ գարուններ» կամ «Երեւան» երգերը, բայց ինչքան կանք, պետք է հիշենք ու իր երգերը միշտ երգենք»,- ասում է Արամոն, ով Երգի թատրոնի առաջին սերնդից է, իսկ այն ժամանակ թատրոնի փորձերը Գրիգորիչի տանն էին անցկացվում:
Ամեն ինչ արվել էր, որպեսզի համերգի ողջ ընթացքում հանդիսատեսը զգար սիրված կոմպոզիտորի ներկայությունը. պարբերաբար հնչում էին նրա արտահայտած մտքերը, որոնք պարզապես խոսքեր չէին, այլ խորհուրդներ։ Նա միշտ ասում էր, որ պետք չէ սիրո մասին անընդհատ խոսել, սիրո մասին պետք է լռել ու լուռ սիրել՝ բեմում խոստովանում է բազմաթիվ սիրո երգերի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը։
«Լարվածությունը հուզմունքի հետ շատ մեծ է, ուրախությունը՝ տխրության հետ, որովհետեւ ամեն վայրկյան իր ներկայությունը զգալը մեզ գցում է այդ երկբեւեռ վիճակի մեջ: Իր տարեդարձը միշտ նշում էինք իր ամառանոցում՝ Բջնիում։ Մենք գիտենք, որ այն նշաձողը, որը նա դրել է, այն, ինչ նա համերգից հետո պիտի գար ու ասեր, ծուխ տայինք ու ասեինք․․․ Այդ ամենը լինելու է, բայց պատկերացման մեջ, իսկ մարդուն պետք է ֆիզիկական ներկայություն, մարդուն պետք է դիպչել, որը չի լինելու, եւ շատ տխուր է, շատ ցավալի է․․․ Ծնունդդ շնորհավոր, Գրիգորիչ ջան: Մարդիկ, որոնք հավերժանում են հնչյունի մեջ, մահ ասվածը շատ դժվար է հասնում իրենց», - ասում է Ավետ Բարսեղյանը։
Կուլիսներում հուզմունքը հասել էր գերադրական աստիճանի։ Ամեն ինչ անել, որ մաեստրոն գոհ լինի։ Առաջին մեծ մենահամերգն առանց նրա։ Երգչուհի Սոնա Ռուբենյանը խոստովանում է՝ 4 րոպե տեւողությամբ «Снимем маски, господа!» երգը երգելիս տպավորություն է, թե 3 ժամ տեւողությամբ մենահամերգ է ունենում։
«5 տարեկանից լսել եմ Արթուր Գրիգորյանի խոսքն ու առաջնորդվում եմ դրանով, եւ առհասարակ, այն ամենով, ինչ ինքը մեզ փոխանցել է։ Իսկ այս երգը կատարելիս զգում եմ նրա եւ իմ առաջին ուսուցչուհու՝ Վարդուհի Վարդանյանի ներկայությունը։ Այս երգն ինձ համար շատ թանկ է, աներեւակայելի ապրումներ եմ ունենում ամեն անգամ այն կատարելիս»,- հավելեց երգչուհին։
Էրիկ Կարապետյանը թեեւ չի եղել Երգի թատրոնի սան, բայց Արթուր Գրիգորյանը եղել է նրա խորհրդատուն, ավագ ընկերը, երբեմն՝ հայրը: Նա ներկայացավ «Միայն քեզ համար» երգով, որը տարիներ առաջ կատարել էր իր մենահամերգին՝ հենց Գրիգորիչի հետ։
«Այս դահլիճում այս երգը հնչել է հենց Արթուր Գրիգորյանի ներկայությամբ։ Իմ մենահամերգին նա համաձայնեց նվագակցել, լինել իմ կողքին: Քիչ առաջ ելույթ ունեցա, նայեցի ետ՝ կրկին նվագախումբն էր նստած, նա չկար... Բայց նա այնքան հզոր անձնավորություն ու երաժիշտ է եղել, որ ես համարում եմ՝ բոլորիս մեջ է ապրում։ Նա մեզ սովորեցրել է բոլոր լավ հատկանիշները, որոնք պետք է ունենա արտիստը: Նա մեզ սովորեցրել է՝ ինչպես լինել որակով, եւ ինչպես չինել անորակ»,-ասաց Էրիկը:
Արա Մարտիրոսյանն ասում է՝ նրա լռությունն անգամ խոսուն էր. «Ու դու այդ հայացքից ու լռությունից պետք է հասկանայիր, որ ինչ-որ բան սխալ ես անում։ Շատ վատ բաներ է ինձ ասել, այո, ուղղվել եմ, փոխվել եմ, իհարկե՝ ոչ միշտ»։
Արթուր Գրիգորյանի սահմանած չափանիշները հին ու նոր սերունդը լավ գիտի՝ երգել մաքուր հայերենով ու մաքուր ձայնով։ Այս նշաձողը միշտ պետք է պահել։ Նա միշտ ասում էր՝ հանդիսատեսը, որը տոմսը գնում է ու գալիս համերգի, պարտավոր չէ իմանալ ձեր խնդիրների մասին, դուք պետք է արդարացնեք նրա սպասելիքները։ Եվ ինչպես սովորեցրել էր Գրիգորիչը, հանդիսատեսն այդպես էլ չզգաց, թե առողջական ինչ խնդիրներ հաղթահարելով է այս համերգին մասնակցելու համար ԱՄՆ-ից ժամանել երգիչ Անդրեն, որը կատարեց «Արցախ» երգը։
«Զգացմունքներիս մասին խոսելը դժվար է, իմ ականջներում, միեւնույն է, նրա ձայնն է հնչում: Մի դեպք պատմեմ. Իրանում հյուրախաղերի էինք, ու չեմ հիշում, թե ինչ սխալ էի թույլ տվել բեմին, Գրիգորիչը հերթական անգամ բարկացավ ինձ վրա ու ասաց՝ ազատված եմ աշխատանքից, այլեւս Երգի թատրոնում չեմ լինելու։ Ես մի անկյունում դրամատիկորեն ողբում էի, եւ հենց այդ ժամանակ նա եկավ, ձեռքը դրեց մեջքիս ու ասաց՝ պատրաստվիր, հաջորդը «Արցախ»-ն ենք միասին կատարելու»:
ՀՀ ժողովրդական արտիստ, երգիչ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը հուլիսի 31-ին կդառնար 64 տարեկան։ Նա չհաշտվեց Արցախի կորստի հետ ու այդ կարոտը սրտում հրաժեշտ տվեց երկնային կյանքին։
Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: