×


Էվելինա Շահիրյան. «Այս դերից հետո սկսել եմ այլ կերպ մտածել»

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Էվելինա Շահիրյանին «Ծնողը» ներկայացման մեջ իր մարմնավորած Լյուսիի կերպարը գրավել է խորությամբ ու ասելիքով: 

84-ամյա դերասանուհին BRAVO.am-ին պատմել է, որ կերպարի ապրումներն ու ընտանեկան խնդիրներն արտահայտելն օգնել է բացել նաեւ սեփական ներքին աշխարհը:


«Դերը գրավել է նախ հոգեվիճակների փոփոխության առումով: Յուրաքանչյուր դերասանուհի կերազի նման կնոջ մարմնավորել: Շատ դերեր եմ ունեցել, բայց այս մեկը բոլորովին ուրիշ մտորումների տեղիք տվեց: Սկսել եմ այլ կերպ մտածել»,- պատմել է Շահիրյանը:

Խոստովանում է, որ վախ ու անհանգստություն միշտ է ունենում, նույնիսկ եթե ներկայացումը հարյուրերորդ անգամ է խաղում: Բեմում ամեն ինչ նորովի է ստացվում, քանի որ դահլիճում գտնվող մարդկանց ու նրանց հույզերի հետ գործ ունեն: 


«Բոլոր խաղընկերներիս ճանաչում էի, բայց հետները չէի աշխատել: Մեր առաջին հանդիպմանը շատ վախվորած էի մոտենում, որովհետեւ երբեք չգիտես, թե ինչպես կլինի։ Բոլորն էլ գիտեն իրենց ասելիքն ու անելիքը։ Նաեւ ինձ շատ են օգնում ու իրենց հետ ինձ լավ եմ զգում»,- ավելացրել է դերասանուհին:

Շահիրյանը կարծում է, որ յուրաքանչյուր ժամանակ ինքն է թելադրում, թե մարդիկ ինչպես վարվեն։ Ժամանակի հետ փոխվում է նաեւ մարդկանց մտածելակերպը, եւ երեխաներն ու, առավել եւս, թոռները կյանքի նկատմամբ ունենում են միանգամայն տարբեր մոտեցումներ:


«Պիեսը 3 սերունդների մասին է: Իմ կերպարի զավակներն անընդհատ արդարացում են փնտրում, բայց եւ ընդունում են, որ շատ դաժան են վարվել իրենց ծնողների հետ: Նրանք ամբողջ կյանքը նվիրել են իրենց զավակներին, ամեն ինչ արել նրանց համար, լավ կրթություն ու բարեկեցիկ կյանք տվել, բայց հենց իմացան հայրը սնանկացել է, ցայտնոտի մեջ ընկան եւ որոշեցին ծնողներին առանձնացնել։ Թեման շատ սուր է ու հուզիչ։ Ծնողներն իրենց երեխաների համար բեռ են դառնում, բայց այդպես չպետք է լինի։ Մայրիկին տանում են ծերանոց, թվում է՝ հայերն այդպես չեն վարվի, բայց անում են։ Երեւանում 4-5 ծերանոց կա, գուցե թիվը ստույգ չեմ նշում, բայց դա նշանակում է, որ այս թեման արդիական է: Շատ ուրախ կլինեմ, որ ներկայացումից հետո գոնե մի քանի հոգի սկսի մտածել, թե ինչպես են վարվում իրենց ծնողների հետ։ Երեւի, ամեն մեկը կսուզվի իր մտորումների մեջ»,- ընդգծել է դերասանուհին:  

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW