«Շունչ» թատրոնի «Ծնողը» ներկայացումը դերասանների համար կարեւոր ասելիք եւ ուղերձներ ունի: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ալբերտ Սաֆարյանն ընտանիքի հոր դերում է, ով իր կնոջ հետ մեծ սիրով մեծացրել է երեխաներին ու նրանց ամեն ինչով ապահովել: Բայց երբ գալիս է ժամանակը, որ նրանք հոգ տանեն ծնողների մասին, հրաժարվում են իրենց պարտականություններից:
«Ներկայացումն ամերիկյան պիեսի հիման վրա է. երեխաները որոշում են ծնողներին ծերանոց տանել: Թեպետ ասում են, որ այդ երեւույթը մեր արժեհամակարգից դուրս է, բայց միշտ չէ, որ այդպես է: Եվ քանի որ սովոր չենք, շատ ցավոտ ենք տանում: Ճապոնիայում ծնողներին տանում են «Նառայամա», Ամերիկայում՝ ծերերի պարտեզ: Մեզ մոտ ծնողներն ասում են, որ երեխաներն արտերկրում են ապրում, ու քանի որ մնալու տեղ չունեն, գնում են ծերանոց: Ներկայացումը դաս կլինի բոլոր նրանց համար, ովքեր փորձում են այդ ճանապարհն ընտրել, ինչը չէի ցանկանա ոչ միայն հայերին, այլ աշխարհում ոչ մեկին»,- BRAVO.am-ին պատմել է դերասանը:
Սաֆարյանը խոստովանել է, որ արդեն կարողանում է ամեն ինչին տարիների բարձրությունից նայել ու հասկանալ` ուզում էր նման մի դեր խաղալ: Բարեբախտաբար, առաջարկը ժամանակին է եղել. «Ռոբերտը խնդրահարույց ընտանիքի հայր է, ով ամեն կերպ փորձում է արդարացնել զավակներին: Եվրոպականացված ընտանիք է, որին փորձել ենք ադապտացնել մեր իրականությանը։ Միշտ փորձում եմ այնպես անել, որ դահլիճի ամենավերջում նստած մարդն էլ հույզեր ունենա, ժպտա, հոգին ցավի, աչքին արտասուք առաջանա, հասկանա՝ ինչի մասին է: Այս անգամն էլ բացառություն չէ»:
Սաֆարյանը խոստովանել է, որ հաճախ է մտածում, թե ինչ կերպար կցանկանա ապագայում մարմնավորել. «Իմ ներքինից ելնելով՝ կուզեի Համբո լինել՝ Գիքորի հայրը: Շատ բարի, դրական, լավ, միամիտ, սիրուն կերպար է»:
Տեքստը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի


×
191






