×


«Ստիպված էի խնդրել. «Անտոնիա, շնորհակալություն, բայց մենք բաժանվում ենք»». Ալյոնա Միխայլովա. բացառիկ զրույց BRAVO-ի հետ

Այս տարվա «Ոսկե ծիրանի» հատուկ հյուրերի թվում էր ռուս դերասանուհի Ալյոնա Միխայլովան, որը «Չայկովսկու կինը» ֆիլմի գլխավոր դերում է նկարահանվել:

BRAVO.am-ի համար նա հեշտությամբ համաձայեց զրուցել, իսկ լուսանկարվելիս ինքն էր մտքեր առաջարկում ու ստեղծագործում: Միխայլովայի հետ անչափ հաճելի էր զրուցել նրա նոր կերպարի, ընտրած բարդ դերերի, սիրելիին հանդիպելու ու կյանքի իմաստի մասին:

- Մենք հանդիպել ենք երեւանյան տապ կեսօրին՝ հյուրանոցի տանիքին, ի՞նչն է Ձեզ դուր գալիս այստեղ ու այս պահին:

- Ինձ շատ են դուր գալիս մարդիկ, նրանք շատ բաց են ու ջերմ են ընդունել մեզ: Հավանում եմ, որ Երեւանում շատ երեխաներ կան դրսում. երեկ քայլում էինք շատրվանների մոտով, անկեղծ, կես ժամ նստել եմ ու հետեւել: Այնքան երջանիկ էին ջրի շիթերից, լրիվ սառած խաղում էին, իսկական հրաշք է հենց մեր քթերի տակ: Սիրում եմ այստեղ լողավազանում լինել, ամֆիբիայի պես այսօր ջրից դուրս չէի գալիս:

Ալյոնա Միխայլովան


- Իսկ երեխաներն իրենց երջանկությունն ու անհոգությունը փոխանցեցի՞ն Ձեզ:

- Նրանք ինձ լիցքավորեցին: Ոչ մի տեղ նման բանի ականատես չէի եղել, գուցե, այդքան ուշադիր չէի եղել, բայց այստեղ հիացած նայում էի, թե ինչպես են ծնողները նստած սպասում նրանց: Հենց այդպիսին կհիշեմ Հայաստանը՝ երջանիկ:

- Դուք առաջին անգամ եք Հայաստանում, ինչպե՞ս համաձայնեցիք ներկա լինել «Ոսկե ծիրանին»:

- Շատ մտերիմ ընկերներ ունեմ Հայաստանից, բոլորն էլ լավ մարդիկ են: Սկզբում որոշեցի չգալ, քանի որ հիվանդացել էի, բայց մտածեցինք՝ էլ երբ առիթ կընձեռվի Հայաստանում լինել: Դրա համար էլ ուրախությամբ որոշեցինք ներկա լինել «Ոսկե ծիրանին»:

- Մայիսին Կաննում էիք, որտեղ ներկայացրիք «Չայկովսկու կինը» ֆիլմը, Ձեզ դո՞ւր են գալիս կինոփառատոններն ու ի՞նչ կար այնտեղ հետաքրքիր:

- Նախկինում չէի սիրում, քանի որ չէի հասկանում, թե ինչի համար է պետք գեղեցկանալ: Իսկ Կաննում, չգիտեմ էլ, թե ինչու, ամեն ինչ փոխվեց: Երեւի, արդեն հասունացել էի այդ պահի համար ու պատրաստ էի հաճույք ստանալ, ոչ թե անհարմար զգալ: Այնտեղ շատ հարմարավետ էի զգում ինձ:

- Իսկ ցուցադրությունից առաջ շա՞տ էիք անհանգստանում:

- Շատ-շատ. մտածում էի կարմիր գորգին կլինի ռեժիսորը՝ Կիրիլ Սերեբրեննիկովը, օպերատորը, պրոդյուսերն ու ես: Բայց երբ դուրս եկա հյուրանոցից, մեր ֆիլմից բազմաթիվ մարդկանց տեսա՝ դերասաններ, նկարիչը, եւ հանգիստ շունչ քաշեցի: Շատ հաճելի էր, որ բոլորը ներկա էին, եկել էին աջակցելու, թիմային ոգու զգացողություն ունեի:

- Դուք շատ գեղեցիկ զգեստ էիք ընտրել, երկա՞ր էիք պատրաստվել միջոցառմանը:

-Իհարկե, շատ եմ պատրաստվել (ծիծաղում է,-հեղ.): Զգեստը երկար ենք կարել, քննարկել, թե այն ինչպիսին է լինելու: Այդ օրը բոլոր տղամարդիկ սեւ էին հագել, ես՝ սպիտակ, ասես նախապես ենք պայմանավորվել, բայց ամեն ինչ պատահական էր ստացվել:

Ալյոնա Միխայլովան


- Այստեղ, հավանաբար, ավելի ազատ ու լիցքաթափված եք, այսօր նորից եք դիտելու ֆիլմը, ինչպիսի՞ սպասումներ ունեք այս անգամ:

- Այս անգամ չեմ մոռացել ակնոցս վերցնել, ինչպես Կաննում էր (ծիծաղում է,-հեղ.), ամեն ինչ մանրակրկիտ կտեսնեմ՝ էմոցիաները, աչքերը: Ավելի շատ կդիտեմ, թե ինչ կա կադրի ներսում, ինչով է այն լցված: Մեկ տարի է անցել, ու մի քանի անգամ դիտել եմ ֆիլմը, վերադարձել որոշ տեսարանների, վերլուծել դրանք ու երկար չեմ կարողացել բաց թողնել, դրա համար արդեն հանգիստ եմ, ամեն ինչ անգիր եմ հիշում:

- Ձեր դերը բավական բարդ է, ինչպե՞ս հասունացավ այն Ձեր մեջ ու կարողացաք հասկանալ կերպարի էությունը:

- Ինքն էր մտնում իմ էության մեջ: «Գոգոլ կենտրոն»-ում, որը դեռ այն ժամանակ այդպես էր կոչվում, 1,5 ամիս սովորել եմ դաշնամուր նվագել, կարդացել եմ Անտոնինայի նամակագրությունը Չայկովսկու հետ, ցավոք, նրա մասին շատ քիչ տեղեկություն կա: Կերպարը բացահայտելու ընթացքում սկսեցի տնից դուրս չգալ, միայնակ ժամանակ անցկացնել, անգամ՝ մի քիչ էլ մարդկանցից վախենալ, ամեն ինչ գլխիս մեջ եփվում էր: Մի քանի անգամ սցենարն եմ վերընթերցել, լսել Չայկովսկու երաժշտությունը, դրանից առաջ դասական երաժշտության սիրահար չէի, դերից հետո եմ սկսել հետաքրքրվել:

- Ինչո՞վ է Անտոնինայի դերը Ձեզ դուր գալիս, ինչո՞ւմ է նրա մարտահրավերը:

- Ֆիլմի սկզբում ու վերջում նա լրիվ այլ մարդ է: Սկզբում երիտասարդ ու սիրահարված աղջիկ է, միակ բանը, որ պահպանվում է մինչեւ վերջ՝ նրա պատրանքն է, որ Չայկովսկուց կարեւոր նրա կյանքում ոչինչ չկա: Ֆիլմում բոլոր հերոսները փոխվում են, ծերանում, իսկ նա համարյա թե արտաքուստ նույնն է մնում, կյանքն առաջ է գնում, բայց Անտոնինան անցյալում է: Նրան կյանքում բացարձակ հավատն է պահել, ամբողջ ֆիլմի ընթացքում խաչակնքվում է, մինչեւ վերջ էլ այդպես ապահարզան չի տալիս, որքան էլ նրա վրա ճնշում են գործադրում: Դա մոլագարություն է, շատ ցավալի է, որ այդ ամենի արդյունքում ամենաթանկագինն է կորցնում՝ ինքն իրեն, ոչ թե Չայկովսկուն:

- Ասացիք՝ նրա մասին շատ բան չգիտեիք, բայց գուցե ավելի լավ է, քանի որ սեփական որոնումների ու զգացողությունների արդյունքում ենք նրան ստեղծել:

- Հնարավորություն ունեի կենտրոնանալ ներքին ապրումներիս վրա: Իրականում կանչեցի նրան ու ասացի. «Չգիտեմ՝ ինչպես եմ խաղալու, արի եւ օգնիր ինձ»: Եվ Անտոնիան այդ 4 ամիսների ընթացքում ինձ հետ էր՝ նախապատրաստվելուց մինչեւ նկարահանումների ավարտը: Հետո էլ մնաց, ստիպված էի խնդրել. «Անտոնիա, շնորհակալություն, բայց մենք բաժանվում ենք»: Բացառիկ դեպք էր, նախկինում ինձ հետ նման բան երբեք չէր եղել:

Ալյոնա Միխայլովան


- Երեւի այն պատճառով, որ իրական մարդու եք խաղացել:

- Այո, ես էլ եմ այդպես մտածում: Անտոնինան այնքան շատ է տառապել, կյանքում ոչ մի ուրախություն չի ստացել, եւ ես ցանկանում էի նրան տալ այդ երջանկությունն ու սերը: Հիշում եմ, թե ինչպես ենք Անտոնինայի տարեդարձը նշել Չայկովսկու դերակատար Օդին Բայրոնի ու Նիկիտա Պիրոժկովի հետ, որը ծառայի է մարմնավորում ֆիլմում, բոլորս առանց պայմանավորվելու սպիտակ հագուստով էինք: Օդինն Անտոնինային կեռաս էր կերակրում, ամեն ինչ կախարդական էր: Հավատում եմ այդ էներգիային, որ ոչինչ իզուր չի լինում:

- Արեւմտյան մամուլը միանշանակ չընդունեց ֆիլմը, եղավ նաեւ քննադատություն: Ինչպե՞ս եք սովորել ընդունել բացասական կարծիքները:

- Հիմա արդեն հանգիստ եմ վերաբերվում, հասկանում եմ, որ բոլորին չեմ կարող դուր գալ: Որոշ մարդկանց ֆիլմը դուր կգա ու կհուզի, ոմանք էլ չեն հավանի:

- Խոսենք «Չիկի» սերիալի մասին, քովիդի ժամանակ այն բացահայտեցի ու կլանված դիտեցի, կային պահեր, որ անհնար էր զսպել արցունքները: Այն Ձեզ ու մյուս դերասանուհիներին հայտնիություն բերեց, Ձեր կյանքում ի՞նչ դեր խաղաց:

- Շատ կարեւոր դեր, քանի որ նկարահանումների ժամանակ ծանոթացա իմ ընկերոջ հետ, որն օպերատոր է, արդեն 3 տարի է՝ միասին ենք: Ճանաչեցի Էդիկին (սերիալի ռեժիսոր Էդուարդ Հովհաննիսյան,- հեղ.)՝ մի հիանալի մարդու, որի գլխում իսկական տիեզերք է: Կաբարդա-Բալկարիան այնքան գեղեցիկ էր, նկարահանումների ընթացքը համեմատում եմ ամառային արձակուրդների հետ. այնտեղ ամենուր մրգեր էին, լավաշ, պանիրներ, շուկա, ամեն ինչ համեղ էր ու ոչ շատ թանկ, արեւ էր, մարդիկ ջերմ էին: Սերիալն այդքան սիրվեց, որովհետեւ սովորական մարդկանց մասին է, իրական կերպարներ են ու հերոսներ: Զանգվածային տեսարաններում էլ հենց տեղացիներն էին նկարվում:

- Այն շատ կենդանի է ստացվել, ասես իրական կյանքի հետեւենք: Դրա համար դժվար էր ընդունել նման ավարտը, բայց կյանքում միշտ չէ, որ ամեն ինչ երջանիկ է դասավորվում:

- Ես էլ տխուր ընդունեցի նման ավարտը, ուզում էի շարունակություն լինի, բայց հիմա այն էլ հավանական չի թվում: Շատերն են սպասում 2-րդ եթերաշրջանին, բայց թող սերիալն այդպիսին էլ մնա, լինում են շարունակություններ, որոնք սցենարով ու որակով շատ են զիջում նախորդին: Սա էլ այսպիսի պատմություն է, ու ամեն մեկը յուրովի պետք է այն ընդունի: Եթե ուրախ ավարտ ունենար, այդքան չէր գրավի:

- Բայց Ձեր հերոսուհու համար ամեն ինչ լավ դասավորվեց. նա գտավ իր սերը:

- Իսկապես, սերիալում եւ կյանքում հանդիպեցի իմ սիրելիին (ծիծաղում է,-հեղ.):

- Նաեւ առաջին անգամ հումորային դեր ունեցաք «Ընտանեկան կյանքի գաղտնիքներ» սերիալում, մինչ այդ միայն դրամատիկական կերպարներում էիք եղել:

- Հիմա էլ շարունակում եմ դրամաներ ընտրել, ինքս էլ չգիտեմ, թե ինչու, գաղտնիք է ինձ համար, ինչ-որ հարցերի պատասխաններ եմ գտնում: Մարդկանց ծիծաղեցնելն ավելի դժվար է, գոնե ինձ համար: Հետաքրքիր էր այն խաղալ, հիմա էլ պատրաստ եմ փորձել. սեւ հումոր սիրում եմ:

- Իսկ ինչպիսի՞ դերեր եք սիրում, ինչո՞վ են Ձեզ գրավում:

- Համաձայնում եմ դերերի, որոնք չեմ կարող խաղալ: Ընտրում եմ նրանք, որոնց դեպքում չեմ հասկանում, թե առհասարակ ինչ եմ անելու: Անտոնիանայի դեպքում էլ այդպես էր, բայց անկախ ունեցած վախից՝ առաջ էի գնում: Ուզում եմ առավելագույնս տարբեր ու պարադոքսալ կերպարներ խաղալ: Այս մասնագիտությունը տալիս է հնարավորություն բացահայտել ներքին սահմաններդ: Կարող ես տրանսֆորմացիայի ենթարկվել, «Չայկովսկու կինը» նկարելու ընթացքում բբերս լայնացել ու հսկայական էին դարձել, զարմանալի էր:

Ալյոնա Միխայլովան


- Ձեր մարմի՞նն էլ եք սկսում նորովի զգալ:

- Չեմ կարող բացատրել, բայց մոտենում էի հայելուն ու տեսնում, որ ինձնից բացի, այնտեղ էլի ինչ-որ բան կա: Մենք լի ենք գաղտնիքներով, չգիտենք էլ սահմաններ կա՞ն արդյոք: Ֆիլմը նկարելու ընթացքում անգամ սննդային նախասիրություններս կտրուկ փոխվեցին: Սկսեցի միս ուտել, ինչպես նաեւ՝ թթու վարունգ, բորշչ: Հիշում եմ՝ Միշան եկավ տուն, փորձում էի սթեյքը թաքցնել, բայց, ախր, մսի հոտն ընկել էր, ինչպես չզգալ (ծիծաղում է,-հեղ.): Ասում եմ. «Միշա, մի զայրացիր, նորից միս եմ ուտում»: Նա էլ երկար ժամանակ՝ 10 տարի բուսակեր է եղել, հիմա արդեն երբեմն միս է ուտում:

- Ձեր հերոսուհիներից մեկը պատերազմ է հայտարարում վիրտուալ իրականությանը, ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները սոցկայքերի հետ:

- Փորձում եմ որոշակի անձնական սահման պահել: Ուզում եմ իրական լինել, բայց միեւնույն ժամանակ էլ մարդկանց շատ ներս չթողնել, որոշ բաներ պետք է փակ դռների հետեւում մնան, հավասարակշռություն եմ փնտրում: Ես կշեռք եմ ու միշտ կարեւոր է ամեն ինչում այն գտնել: Ամեն ինչի մասին շատ եմ մտածում, վերլուծում, բայց միաժամանակ նաեւ ինքնաբուխ եմ, լրիվ պարադոքսալ մարդ:

- Մեքսիկա՞ էլ այդպես անսպասելի մեկնեցիք:

- Լրիվ, առանց մտածելու... Միշային ասացի, որ այնտեղ եմ ուզում լինել, որտեղի՞ց եկավ միտքը, ես էլ չգիտեմ: Արդյունքում շատ վատ ուղեւորություն ստացվեց: Սովորաբար, հանգիստը լավ է անցնում, բայց Մեքսիկայում ոչինչ մեր պլանավորածի պես չէր: Մինչեւ հիմա ուզում եմ պարզել, թե ինչի՞ համար էր այդ ուղեւորությունն ու ինձ ի՞նչ տվեց: Երեւի թե հասկացա, որ ամեն ինչում պետք է ինձ լսեմ, առաջ միշտ Միշային էի հետեւում, քանի որ նա ամեն ինչ գիտի, փորձն ավելի շատ է:

Ալյոնա Միխայլովան


- Ձեր մանկությունը Պերմում է անցել, ինչո՞ւ փախաք այնտեղից ու ինչպե՞ս երկրորդ փորձից նվաճեցիք Մոսկվան:

- Այնտեղ ինձ համար ձանձրալի էր, հնարավորությունները՝ քիչ, ուզում էի նոր տեղ գնալ: Անընդհատ եմ ուզում նոր բաներ փորձել, առաջ շարժվել, ինձնից չեմ փախչում, այլ այդ եղանակով եմ ինձ սկսում ճանաչել: Նետվում եմ լրիվ տարբեր իրավիճակների մեջ: Սկզբում Մոսկվայում շատ վախենալու էր, լրիվ անհայտություն էր, հասել էի մեկ ճամպրուկով ու ընդամենը 30 հազար ռուբլիով: Բայց ներքին հավատ ունեի, որ կստացվի, նկարներս ու տեսանյութեր կուղարկեմ, ու բոլորը կպատասխանեն, կարեւորը՝ չվախենամ: Բայց իմ պլանավորածի պես չեղավ, ու վերադարձա Պերմ, միայն երկրորդ անգամից ստացվեց ու շատ արագ: Պաղպաղակ վաճառելու ընթացքում ինձ հաստատեցին «Սիրիր նրանց բոլորին» ֆիլմում, ու այդպես ամեն ինչ սկսվեց:

- Հայտնի դերասանների հետ խաղացիք այդ ֆիլմում ու միանգամից երեք կերպար մարմնավորեցիք:

- Ինձ համար շատ հետաքրքիր էր, թեեւ նաեւ՝ հուզական, քանի որ առաջին աշխատանքս էր, չգիտեի, թե ինչպիսի դերասան եմ, ինչ ինձնից սպասել: Բայց նկարահանումները հիանալի անցան ու ինձ շատ բան տվեցին:

- Սիրո՞ւմ եք նկարահանման ընթացքը, որը կարող է օրական մինչեւ 15-16 ժամ տեւել:

- Երբ տարված ես ու կլանված, անգամ ուտելու մասին ես մոռանում: Հաճախ նկարահանման ժամանակ դերասանները մոռանում են ջուր խմել կամ էլ, կներեք իհարկե, զուգարան գնալ: Դրա համար հատուկ օգնականներ կան, որ հիշեցնում են նման բաների մասին, քանի որ դու լրիվ այլ իրականության մեջ ես գտնվում: Ուզում եմ կյանքի որոշ փուլում այլ բան էլ անել՝ ճանապարհորդել, երաժշտությամբ զբաղվել, պարել, փորձել կավից ինչ-որ բաներ ստանալ, հաց թխել:

Ալյոնա Միխայլովան


- Ընտանիք ու երեխաներ է՞լ եք ուզում ունենալ:

- Իհարկե, շատ եմ ուզում սեփական տուն ու երեխաներ ունենալ: Սկսել եմ առավել հաճախ ուշադրություն դարձնել երեխաներին՝ փողոցում եմ նայում կամ էլ սոցկայքերում ծանոթներիս փոքրիկներին: Կարծում եմ՝ երբ պատրաստ լինեմ, այդ պահը կգա: Այն դերասանուհիներից չեմ, որ երեխային կարող եմ հետս տանել նկարահանման հրապարակ, կերակրել ու աշխատել, ինձ համար բարդ է համատեղել: Կամ հանգստանում եմ, կամ՝ աշխատում, սիրում եմ սահմաններ դնել: Ինձ համար կարեւոր է լինել այստեղ ու հիմա, դրանում է երջանկության գաղտնիքը:

- Հայ դերասաններից շատերը, որոնց հետ զրուցել եմ, միշտ նշում են, որ չեն կարող ապրել առանց թատրոնի: Դո՞ւք ինչ հարաբերություններ ունեք թատրոնի հետ:

- Բավական բարդ են մեր հարաբերությունները: Կուզեի թատրոնում լինել, բայց այնքան էլ ինձ չեմ վստահում, կինոյում դուբլեր կան: Ինստիտուտում մի անգամ տեքստը մոռացել եմ, մի քանի վայրկյան տեւեց, բայց ասես հավերժություն էր: Էլ չեմ ուզում նման բան զգալ, հիանում եմ թատրոնում խաղացող դերասաններով, որոնք ամեն անգամ դուրս են գալիս ու զգում այդ հսկայական ադրենալինը, ես կարող եմ օրերով չքնել այդ պատճառով: Պատրաստ չեմ ինձ նման սթրեսի ենթարկել, թեեւ առաջարկներ եղել են, ցանկություն էլ կա, բայց դեռ չեմ կարող: Բացի այդ էլ շատ եմ գնահատում ազատությունս, թատրոնում հստակ գրաֆիկ կա, իսկ ես չգիտեմ, թե վաղը որտեղ կհայտնվեմ:

- Դուք սպորտով եք զբաղվել՝ թեթեւ ատլետիկայով ու գիմնաստիկայով, ի՞նչ որակներ է այն Ձեզ տվել:

- Մրցակցություն, համառություն, ոգի, կարգապահություն՝ շատ որակներ: Երբ մարաթոն ես վազում, վերջին ուժերդ ես գործադրում, ոտքերդ չեն շարժվում, բայց միեւնույն է՝ առաջ ես գնում: Նորից քո սահմաններն անցնում ես: Թեեւ կինոյում էլ երբեմն ֆիզիկապես բարդ տեսարաններ են լինում, որոնք կարող են 10 րոպե տեւել՝ քայլում ես, խաղում, շոգ է, կոստյումը ճնշում է: «Չայկովսկու» ժամանակ հեռախոսների մեջ չէինք լինում, հանձնում էինք դրանք, ասես միջանցք կար, որը մեզ 21-րդ դարից տեղափոխում էր 19-րդ դար՝ մոմերով ու կերոսինե լամպերով, լրիվ այլ հագուստով: Հիանալի փորձ էր, շնորհակալ եմ ողջ թիմին, բայց հիմա, երբ առաջակում են պատմական նախագիծ, մանավանդ ամռանը, մտածում եմ՝ պատրա՞ստ եմ 10 սերիա նկարվել 3 կիսաշրջազգեստով ու կորսետով: Կարծում եմ՝ դեռ ոչ:

- Ժամանակի մեջ ճանապարհորդելու ամենակարեւոր նախապայմաններից մեկը հենց հագուստներն են:

-Մեր բախտը բերել է, որ հիմա կարող ենք Ձեզ հետ հանգիստ նստել թեթեւ հագուստներով, բայց այն ժամանակ փորձություն էր, բոլոր կողմերից սեղմված էինք՝ ասես տուփի մեջ: Չես կարող լիաթոք շնչել, անգամ տղամարդիկ էին ֆիլմում կորսետներ կրում, օրգանները թթվածին չէին ստանում, բացի այդ էլ անընդհատ կերոսին էինք շնչում:

Ալյոնա Միխայլովան


- Հիմա Ձեզ համար հանգի՞ստ շրջան է, թե՞ կան նախագծեր, որոնց մասին կարելի է խոսել:

- Շատ առաջարկներ կան, բայց դեռ հանգստանում եմ: Զգում եմ, որ ներքին էմոցիոնալ սրվակս լցվում է, ժամանակն է նոր բան անել, սպասում եմ այնպիսի նախագծի, որին սրտով կարձագանքեմ: Ինձ համար ամենասարսափելին այն է, երբ չեմ ուզում աշխատանքի գնալ ու մարդկանց տեսնել: Սկսում եմ հիվանդանալ, տխրել, զայրանալ:

- Այսպիսի փոփոխական տրամադրություններ հաճա՞խ եք ունենում:

- Օրական 10 անգամ: Երբ սցենար եմ կարդում, ու կերպարի կյանքը հանգիստ է, չի գրավում, քանի որ ինձ մոտ իսկական ամերիկյան ոլորաններ են, ինձ հենց այդպիսին էլ կինո է պետք, հանգստությունն ինձ համար չէ (ծիծաղում է,-հեղ.):

- Իսկ ինչո՞ւ եք պարել այդքան շատ սիրում:

- Պարելիս ստացվում է անջատել ուղեղս, իհարկե, ոչ միշտ, ու միանալ տիեզերական հոսքին, հիմա մարդիկ կմտածեն, որ խելագար եմ: Այդ ժամանակ մարմինս ինքն է շարժվում, կարող եմ շատ երկար պարել եւ չնկատել, թե ժամանակն ինչպես է անցնում: Գուցե ինչ-որ դեր կունենամ պարի հետ կապված, հայտնի չէ, թե կյանքն ինձ ինչի է պատրաստում: 2 տարի անց սկսել եմ նորից թմբուկ նվագել, ժամանակին սովորում էի, բայց թողեցի: Սիրում եմ դերի համար նոր բան փորձել, հետաքրքիր է մասնագիտության միջոցով ճանաչել ինքդ քեզ ու անել բաներ, որոնց մասին պատկերացում էլ չունես:

Ալյոնա Միխայլովան


- Իսկ մինչեւ հիմա նման բացահայտում արդեն արե՞լ եք:

- Առանց այս մասնագիտության կնստեի տանն ու սոցիոֆոբ կլինեի, քանի որ սիրում եմ ժամանակ անցկացնել իմ աշխարհում՝ միայնության մեջ, որտեղ մարդիկ չկան, ամեն ինչ իրենց տեղերում է: Դրա համար այն ինձ տալիս է վստահություն ու հնարավորություն համագործակցել այլ մարդկանց հետ, փոխանակվել իմ փորձով: Տալիս է հենարան, որքան էլ զարմանալի չթվա, որովհետեւ մեր մասնագիտությունը կայուն չէ. այսօր բարձունքում ես, վաղը ոչ մեկին պետք չես, բայց միեւնույն է՝ ոտքերիս տակ հող եմ զգում ու գիտեմ, որ իմ տեղում եմ: Կաննի փառատոնից հետո եկավ այդ զգացողությունը: Էլի պարադոքս ասացի, հենարան է, բայց նաեւ, եթե վերցնում ես դերեր, որոնք թվում է՝ չես հաղթահարի, դուրս ես գալիս քո հարմարավետության գոտուց: Հենց նոր ասացի այդ մասին ու բացահայտում արեցի ինձ համար:

- Պաշտում եմ, երբ զրուցակիցներս իրենց մասին նոր բան են իմանում խոսելու ընթացքում (ծիծաղում ենք,-հեղ): Նորաձեւության հետ ի՞նչ հարաբերություններ ունեք, սիրո՞ւմ եք հագուստ ընտրել:

- Հագուստի հետ բավական բարդ է, բայց սիրում եմ գեղեցկանալ: Ամեն փուլում տարբեր են նախասիրություններս ու գույները, որոնք ընտրում եմ: Հիմա առավել հաճախ սպիտակ եմ կրում, ընկերս՝ Միշան, զայրանում է, քանի որ անդադար լվանում եմ. շուտ է կեղտոտվում: Սպիտակ գույնի մեջ ինձ զգում եմ ասես երկրորդ մաշկում: Կարող եմ սիրելիիս շապիկները վերցնել կամ տաբատները, կապկպել ինչ-որ կերպ ու հագնել, վերնաշապիկներից զգեստներ ստանալ, կարծում եմ՝ դիզայնի նկատմամբ հակում ունեմ: Կուզեի հետագայում զբաղվել այդ ոլորտով: Վերջերս հազար տարվա վաղեմության նկարներս էի նայում ու հասկացա, որ դեռ այն ժամանակ ճաշակի հետ ամեն ինչ կարգին էր (ծիծաղում է,-հեղ.), իսկ ես չգիտեի եւ կարծում էի՝ անճոռնի ճուտիկ եմ եղել դպրոցում: Առհասարակ տարօրինակ հագուստ եմ սիրում: Առաջ մերժում էի նորաձեւությունն ու մտածում՝ ինչի համար են պետք ցուցադրություններն ու թանկ զգեստները, բայց դա էլ արվեստ է, անհավանական ոգեւորություն: Ու էլի Կաննից հետո եկավ այդ ընկալումը, հիմա շատ բաց եմ դարձել, ամեն ինչ հետաքրքրում է ինձ, սկսել եմ թանգարաններ գնալ: Բայց դեռ երկար՝ 1,5 ժամից ավելի մնալ չեմ կարողանում, կարիք է լինում դուրս վազել ու մաքուր օդ շնչել: Կաննից տրանսֆորմացիայի ենթարկված եմ եկել, լրիվ այլ մարդ դարձած ու ավելի լցված:

Ալյոնա Միխայլովան


- Ի՞նչ կա միշտ Ձեր պայուսակում՝ հեռախոսը չհաշված:

- Քթի կաթիլներ (ծիծաղում է,-հեղ.), երբեք չեմ բաժանվում: Իրականում միշտ տարբեր յուղեր կան՝ սիրում եմ անընդհատ նոր հոտեր զգալ, որոնք կարող են հանգստացնել, վանիլին էլ կա՝ իմ սիրելի հոտն է, այն տոնի զգացողություն է տալիս: Շատ զգայուն եմ հոտերի նկատմամբ, դրանք նաեւ հոգեվիճակդ են ցույց տալիս:

- Ինչ հետաքրքիր է՝ ես էլ ունեմ վանիլին պայուսակիս մեջ: Աղբը սկսեցի՞ք սորտավորել:

- Այո, ամեն ինչ չէ, բայց պլատիկը, կարտոնը, ապակին եւ ալյումինն առանձնացնում եմ: 4 կոնտեյներ ունեմ, ամեն ինչ լվանում եմ ու դասավորում: Ուզում եմ հետո ավելի շատ տարանջատել, ուրախ եմ, որ սովորություն է դարձել, Միշկային էլ եմ սովորեցնում:

- Դեր, որն ամենաշատն է վախեցրել:

- Ամեն անգամ ավելի է բարդանում, վերջիններից Անտոնինան էր:

- Ի՞նչը կարող է Ձեզ ստիպել արտասվել:

- Ամեն ինչ, անգամ երեխաները, տեսա նրանց շատրվանների մոտ ու արցունքներ էին աչքերիս: Շատ զգայուն եմ, կարող եմ արտասվել ու միաժամանակ ծիծաղել, տեսնել որեւէ թռչունի ու ինձ չզսպել: Երբ ներկա պահում ես, ամեն ինչին արձագանքում ես, իսկը երեխաների պես. նրանք վայելում են պահը, ոչնչի մասին չեն մտածում, նրանցից շատ բան կարելի է սովորել:

- Սիրելի գիրքը:

- Թոմաս Մանի «Կախարդական լեռը» վերջերս եմ ավարտել, հիացած էի: Կոստա Ռիկայում մի շաման ինձ խորհուրդ տվեց կարդալ Ջեյ Զի Նայթի «Սպիտակ գիրքը», էլի շատ է տպավորել: Հիմա էլ կարդում եմ Ֆլորիան Իլիեսի «Սերն ատելության դարաշրջանում»-ը, արտակարգ է գրում, խորհուրդ եմ տալիս:

- Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:

- Գլոբալ առումով՝ ոչնչից, մահից չեմ վախենում, այնքան հետաքրքիր պահեր եմ ունեցել կյանքում, որ եթե ասեն՝ վաղը մահանալու եմ, պատրաստ կլինեմ: Բայց միաժամանակ տարբեր կծող կենդանիներից եմ վախենում, սարերից, բարձրությունից, արագությունից, վախենում եմ խեղդվել:

Ալյոնա Միխայլովան


- Ամենաշատն ի՞նչ է պակասում Ձեզ:

- Իրականում ամեն ինչ հերիքում է, երջանիկ մարդ եմ, միայն կցանկանայի գա մի օր, երբ բոլորն իրար կսիրեն, կկիսվեն, կուրախանան, շնորհակալ կլինեն: Հասկանում եմ, որ ուտոպիա է, բայց կուզեի մարդիկ երջանիկ լինեն, ապրեին առանց նախանձի, խանդի, վիրավորվածության, զայրույթի: Մեր կյանքն անիմաստ ծախսում ենք նման հիմարությունների վրա եւ չենք հասկանում, թե որքան երջանիկ ենք ու ամեն ինչ ունենք, մոռանում ենք շնորհակալ լինել, դրա համար շատ եմ տխրում:

- Ռեժիսորներից ո՞ւմ մոտ կուզեիք նկարահանվել:

- Նորից Կիրիլի հետ կուզեի աշխատել (ծիծաղում է,-հեղ.): Դերասանի համար երջանկություն է նրա հետ համագործակցելը: Կուզի արտերկրում փորձել ուժերս, ինձ դուր են գալիս Պաոլո Սորենտինոն եւ Քսավիե Դոլանը: Գլխավորն այն է, որ նյութը հետաքրքիր լինի եւ գաղափարը՝ գրավիչ:

- Գիտեմ, որ շատ եք հավանել Կոնստանտին Խաբենսկու հետ աշխատանքը:

- Կոստյան հիանալի մարդ է, դաստիարակված, ուշադիր, բարի. շատ կարեւոր է ինձ համար, որ միայն լավ դերասան չլինեն: Դրա հետ մեկտեղ էլ չեմ սիրում լավ մարդկանց, չգիտեմ՝ ինչպես բացատրել, երբ ամեն ինչ հիանալի է, պետք է հետաքրքիր մի բան էլ լինի:

- Արդեն ամառվա կեսն է, ի՞նչ է պետք անպայման անել:

- Լողալ, արեւայրուք ընդունել, ձմերուկ ուտել: Ես փաստորեն արդեն ամեն ինչ հասցրել եմ, վաղուց ամռանը չեմ հանգստացել, սովորաբար աշխատել եմ, հիմա տեղը հանում եմ եւ նոր զգացողություններ ունեմ: Լողում եմ, վերեւից արեւն է շողում, ձմերուկի ջուրն է հոսում ձեռքերով: Երջանկությունը հենց այստեղ է, ամեն օր կարող ենք այն զգալ, մենք ինքներս ենք ընտրում երջանիկ լինել, թե նստել ու մեռնել:

- Ի՞նչ է պետք Հայաստանից տանել Ձեզ հետ:

- Գինի, Միշկան է խնդրել բերել, ես չեմ խմում, բայց ընկերներիս համար կոնյակ էլ կտանեմ, գորգ չեմ գնելու (ծիծաղում է,-հեղ.): Ծիրան, էմոցիաներ ու հույզեր՝ ամենակարեւորը, տաք հիշողություններ, շատ եմ ուզում սարերում լինել, Սեւան այցելել: Բնությունը հեքիաթային է, եկեղեցիները՝ գեղեցիկ:

- Ի՞նչ նվիրել:

-Երջանկություն, ուրախություն, սեր՝ այն, ինչ չես գնի:

Ալյոնա Միխայլովան


- Ի՞նչ սովորել:

- Համա թե հարցեր են: Սովորել կառավարել կյանքը, պատասխանատու լինել, բայց միեւնույն ժամանակ միշտ վստահել տարածությանը: Պետք չէ ամեն ինչ վերահսկել, թեեւ ինքս անսահման վերահսկող եմ, պետք է ամեն ինչ հստակ լինի, տարված եմ մաքրության եւ կարգուկանոնի հարցում:

- Ո՞ւմ գրկել:

-Իմ Միշկային (ծիծաղում ենք,-հեղ.), բոլոր մարդկանց, չգիտեմ էլ՝ հնարավոր է, երեւի միայն մեդիտացիայի ժամանակ կարող ես գրկել ողջ աշխարհը:

- Եվ վերջում՝ ինչի՞ մասին լռել:

- Հաճախ եմ լռում, ոչ թե ասելիք չկա, այլ ներսում այնքան էմոցիաներ կան ու այն էլ հակասական՝ երջանկությունից մինչեւ անհավանական ցավ, որ անհնար է բառերով արտահայտել, չգիտես՝ որոնք ընտրել: Ինձ թվում է՝ կյանքում ամենաանհավանականի համար բառեր պետք չեն:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին