×


Զուգերգեր Խորեն Լեւոնյանի, Սոնայի հետ, հուշեր Հայկոյից, խոստովանություններ. Մաշա Մնջոյանը ելույթ է ունեցել Երեւանում

Երգչուհի Մաշա Մնջոյանը, որը հանրությանը հայտնի դարձավ «Հայաստանի ձայնը» նախագծից, երկրից հեռացավ այն ժամանակ, երբ այստեղ իրեն գրեթե բոլորը ճանաչում էին: Նա 2018-ին մեկնեց Ավստրալիա: Շատերն ասում էին, որ Մաշան լքեց նաեւ երաժշտական ասպարեզը, բայց 2020-ին նրա ձայնը լսվեց  «Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծում, ու նա հասավ մինչեւ կիսաեզրափակիչ: Մաշա Մնջոյանն այս օրերին հայրենիքում է եւ «10 տարվա պատմություն» համերգային ծրագրով հանդիպեց երկրպագուների հետ:

Երգչուհին նախընտրել էր ակումբային ձեւաչափը, ասում է՝ այդպես ավելի ջերմ է, անկաշկանդ, առավել մտերմիկ: Մինչ նա կբարձրանա բեմ, կուլիսներում զրուցել ենք, ու հետաքրքրող առաջին հարցն էր՝ վերադարձե՞լ է հայրենիք:

- Ես հայրենիքից հեռացել եմ ֆիզիկապես: Ավստրալիայում իմ օրը սկսվում ու ավարտվում է Հայաստանով: Այնտեղ միայն իմ ֆիզիկական գոյությունն է, հոգով այստեղ եմ:

- Բոլորի համար անակնկալ մեկնեցիք Հայաստանից, երբ այստեղ արդեն որոշակի հաջողությունների էիք հասել: Համերգներ, հարցազրույցներ, ուշադրություն. դժվա՞ր չէր այդ ամենը թողնել ու հեռանալ։

- Շատ դժվար էր, ռիսկային էր գնալ ու ամեն ինչ սկսել զրոյից: Երկար ժամանակ  կռվում էի ինքս ինձ հետ, շատ ծանր փուլ անցա։ Իհարկե, չեմ կարող ասել, որ հիմա հաղթահարել եմ այդ ամենը, բայց կարողանում եմ արդեն այնտեղ աշխատել: Դասավանդում եմ 10-ից ավելի դպրոցներում, ունեմ 80-ից ավելի աշակերտ: Նաեւ փորձում եմ իմ հայ երգը տարածել ու լայն լսարաններին լսելի դարձնել:


- Հայտնվեցիր մի վայրում, որտեղ քեզ ոչ ոք չէր ճանաչում ու, ինչպես նշեցիր, պետք է սկսեիր զրոյից։ Ի՞նչն էր քեզ առաջ մղում՝ ոտքի կանգնելու ու ամեն ինչ նոր կետից սկսելու:

- Դժվար էր ապրել հայրենիքից ու ընտանիքից հեռու, բայց դա ինձ ավելի կոփեց ու էլ ավելի ուժեղացրեց: Ավստրալիայում առաջին անգամ չէի. այնտեղ համերգներ էի ունեցել: Ու ես այսօր ապրում եմ շատ հարազատ միջավայրում: Ինձ ուժ տվեց նաեւ մեր հայ համայնքը: Որքան էլ զարմանալի է, նրանք ինձ հիշում էին ու շատ գրկաբաց, ջերմ ընդունեցին: Իսկ հիմա արդեն լուրջ նախագծեր կան իրականացնելու. պետք է վերադառնամ Ավստրալիա՝ ոչ այնքան իմ ազգանունը հնչեցնելու, որքան՝ իմ երկրի:

- Դու լռեցիր ու 2020-ին ձայնդ լսվեց «Ավստրալիայի ձայն»-ում: Հասար մինչեւ կիսաեզրափակիչ: Ինչպե՞ս հայտնվեցիր նախագծում:

- Վա՜յ, շատ հետաքրքիր էր. առաջին անգամ հայտը սխալ էի լրացրել՝ տարիքս էի սխալ գրել: Եվ իմ բախտը բերեց, որ առաջին անգամ այդ նախագծին կարող էին մասնակցել օտարերկրացիներ: Այն նոր էջ ու շնչառություն բացեց իմ կյանքում: Արձագանքներ շատ եղան, հատկապես երաժշտական ասպարեզում, ու հրավերները հաջորդեցին մեկը մյուսին: Այդ առաջարկներից մեկն էլ այն էր, որ հիմա Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբի հետ կազմակերպում ենք Ուիթնի Հյուսթոնի երգերով մենահամերգ: Շատ պատասխանատու համերգ է, այսօրվանից արդեն  պատրաստվում եմ: Մեկ օրվա մեջ երկու համերգ է լինելու:


- Այդ օրերին հայրենիքում բոլորն էին խոսում քո ելույթից ու ուշադիր հետեւում զարգացումներին: Զգո՞ւմ էիր այդ էներգետիկան:

- Այո, ու իմ այն դժվար շրջանն արդարացվեց այդ նախագծով, հասկացա՝ իզուր չէի եկել այստեղ, ու հերթական մեկը չէի, որ գնար ու մոռացվեր: Ավելի հպարտ էի այն պահին, երբ հնչեց Հայաստանի անունը, ոչ թե, որ հասա կիսաեզրափակիչ: Չէի կարող այլ կերպ ներկայանալ. պետք է ասեի՝ «Ես Մաշա Մնջոյանն եմ՝ Հայաստանից»: Եվ ինձ համար արդեն կարեւոր չէր, որ չդարձա նախագծի  հաղթողը, առավել կարեւոր էր այն, որ ժյուրի բոլոր անդամները գովեստի խոսքեր ինձ հղեցին հենց տաղավարից, ու որ նախագծի պատմության մեջ չի եղել նման դեպք, երբ օտարազգի երգչուհին հասնի մինչեւ կիսաեզրափակիչ:

- Մաշա, պարբերաբար բարեգործական համերգների ես մասնակցում, որոնց հասույթը փոխանցվում է Հայաստան՝ Արցախում պատերազմից տուժածներին օգնելու համար, եւ ոչ միայն: Ողբերգական իրադարձությունների շրջանում էլ չեղյալ էիր հայտարարել բոլոր ելույթներդ:

- Շատ դժվար էր այդ օրերին հեռու լինել Հայաստանից: Պատերազմի ընթացքում Ավստրալիայի հայ համայնքը մի մարդ էր դարձել՝ ուշադրության կենտրոնում հայրենիքը: Ես ուղղակի չէի կարող հանգիստ նստել ու նայել: Հայրենասիրությունը  մեր ընտանիքում միշտ առաջին տեղում է ու չենք սիրում այդ  մասին խոսել, բարձրաձայնել:

Մեր զրույցն ավարտում ենք, քանի որ հանդիսատեսն արդեն սպասում էր երգչուհուն: Արդեն բեմում Մաշան ներկայացրեց սիրելի դարձած երգերը, խոսեց Ավստրալիայում կյանքից, իր հետագա պլաններից: Խոսեց հատկապես այն երգերի մասին, որ իր այցեքարտն էին դարձել. «Երեւի այն եզակի երգչուհիներից եմ, որի համար Հայկոն երգ գրեց ոչ թե լիրիկական ու ռոմանսային ժանրում, այլ՝ ռիթմիկ: Այդ երգն իսկապես դարձավ իմ այցեքարտն, իսկ այսօր շատ դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ Հայկոն այլեւս մեզ հետ չէ»:


Հայրենիքին նվիրված երգեր նույնպես հնչեցին, ասաց՝ պատերազմից հետո մեր երկրին նվիրված երգերն այլ կերպ է կատարում ու հավատում է, որ մի օր մենք միախմբվելու ենք, մեր այս փոքր Հայաստանը մեծացնենք, զարգացնենք ու ամբողջ աշխարհին մեր սիրուն երկրի մասին պատմենք:

Համերգային երկրորդ բաժնում Մաշան արդեն մենակ չէր բեմում. նրա հետ զուգերգերով հանդես եկան Խորեն Լեւոնյանը եւ Սոնան:

Խորեն Լեւոնյանն ասաց, որ Մաշային ճանաչում է 13 տարեկանից, երբ Նադեժդա Սարգսյանի խմբում էր երգում: Եվ նրանց ծանոթությունը սկսվեց Խորենի համերգից, երբ Մաշան հանդես էր գալիս՝ որպես բեք-վոկալիստ: Հետագայում այն արդեն վերածվեց ընկերության: Երգչուհին էլ պատմեց, որ Խորենին առաջին անգամ տեսել է Գյումրիում՝ «Արա Գեղեցիկ» ներկայացմամբ: Ու այդ ժամանակ իր համար երազանքի նման մի բան էր մի օր դեմ առ դեմ հանդիպել արտիստին. «Կյանքը սիրում է անակնկալներ մատուցել, ու այսօր մենք ոչ միայն լավ ընկերներ ենք, այլեւ նույն բեմում ենք: Բայց իմ մանկական հիացմունքը, հրճվանքը մինչ օրս չի պակասել ու ավելի ամրապնդվել է: Իսկ Խորենին չսիրել ուղղակի անհնար է»,- խոստովանեց Մաշան:


Նրանք ներկայացրին «Մշո գորանի» երգը՝ նոր գործիքավորմամբ: Խորեն Լեւոնյանը նշեց, որ շատ հայտնի կինոընկերություններից մեկը բավական մեծ գումարով ցանկացել է գնել այդ երգը, բայց նրանց ցանկությունը չի իրականցել․ «Չե՛նք տվել»:

Հաջորդ դուետը Սոնայի հետ էր: Նրանց հարաբերությունները վաղուց դուրս են մարզիչ ու աշակերտ հարաբերություններից. «Տպավորությունս այնպիսին է, որ ինքն իմ երեխան է։ Որքան ուժս պատի, իր կողքին եմ լինելու, ու նա ոչ միայն տաղանդավոր երգչուհի է, այլեւ լավ մարդ: Իսկ այս համերգն ուզում եմ նրան միայն դրական էմոցիաներ փոխանցի, ոգեւորի ու այդ էներգիան իր հետ տանի»,- նշեց Սոնան:


Համերգը տեւեց 3 ժամ, ու Մաշան հանդիսատեսին պահեց հաճելի լարվածության մեջ:

Զրույցը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին