×


60 տարի առանց Մոնրոյի. կյանքը, կրքերը, մահվան առեղծվածն ու Նեթֆլիքսի նոր ֆիլմը

Նա ապրել է ընդամենը 36 տարի, բայց կարողացել է հավերժանալ: Մերիլին Մոնրոյի կյանքը, գեղեցկությունն ու կանացիությունն անբացատրելի միֆ են դարձել, նրա նկատմամբ հետաքրքրությունը չի մարում առեղծվածային մահից երկար տարիներ անց:

Նման փառքը դերասանուհուց համառ բնավորություն էր պահանջում, խելք ու նպատակասլացություն: Սակայն, ցավոք, նրա մեջ շատերը պարզապես գրավիչ կին էին տեսնում, իսկ Մոնրոյի ուժեղ կողմերը բացահայտվեցին միայն մահից հետո:

BRAVO.am-ը դերասանուհու մահից 60 տարի անց պատմում է նրա իրադարձություններով հարուստ կյանքի ու թողած մեծ հետքի մասին:

Մանկությունը

Նորմա Ջին Մորտենսենը ծնվել է 1926 թվականին՝ Լոս Անջելեսում: Նրան այդպես են անվանել համր կինոյի աստղ Նորմա Տոլմեջի պատվին: Մայրը նախորդ հարաբերություններից 2 երեխա ուներ, Նորման կրտսերն էր, իսկ նրա հորից բաժանվել էր աղջկա ծնունդից օրեր առաջ: Հայտնի չէ, թե ով է եղել Նորմայի իրական հայրը:


Փոքր տարիքում շատ փորձությունների միջով է անցել, նախ նրան Բոլենդեր ընտանիքին են որդեգրության տվել: 7 տարեկանից Նորման ապրել է նրանց հետ ու պարբերաբար հանդիպել հարազատ մորը, որը վճարում էր նրա ծախսերը:

1933-ին Գլեդիսը դստերն իր մոտ է տարել, բայց մեկ տարի հետո Նորման միայնակ է մնացել, քանի որ մորը նյարդային ցնցմամբ հիվանդանոց են տեղափոխել: Աղջկա խնամակալությունը ստանձնել է մոր ընկերուհին, սակայն ոչ երկար ժամանակով, ապա հանձնել նրան մանկատուն: Հետագայում Մոնրոն պատմել է, որ բավական բարդ պատանեկություն է ունեցել, քանի որ նրան որդեգրած ընտանիքներում մի քանի անգամ փորձել են բռնաբարել: Դերասանուհուն, ընդհանուր առմամբ, որդեգրել են 11 անգամ:

Մոդելային ուղին

Երկրորդ hամաշխարհային պատերազմի ժամանակ՝ 17 տարեկանում Նորման սկսել է աշխատել ավիացիոն գործարանում. ստուգում էր օդապարիկների որակն ու ներկում ինքնաթիռները: Հենց այնտեղ էլ արվել է նրա առաջին լուսանկարը: Այն քարոզչական գրքույկների համար էր, որոնք աջակցում էին զինվորներին: Հենց այդ ժամանակ էլ ծանոթացել է լուսանկարիչ Դեւիդ Քոնովերի հետ, որը առաջարկել է որպես մոդել աշխատել:


Այդ հանդիպումը ճակատագրական է եղել Նորմայի կյանքում, 1945 թվականին նա թողել է գործարանն ու լուսանկարվել Քոնովերի ու նրա ընկերների ստուդիայում: Դեւիդը նրան խորհուրդ է տվել պայմանագիր կնքել մոդելային գործակալության հետ:

Շահավետ համագործակցություն սկսելուց հետո ներկել է մազերն ու զգալիորեն փոխվել, հենց այդպիսին էլ նրան տեսել է միլիարդատեր մեդիադեմք Հովարդ Հյուզն ու ցանկացել, որ նկարահանվի իր հովանավորած ֆիլմերում:

Ֆիլմերը

Երբ 20th Century Fox-ը Մոնրոյի հետ պայմանագիր է կնքել, առաջարկել է փոխել անունն ու մի քանի տարբերակ է առաջարկել: Նորման ընտրել է մոր ազգանունը, իսկ Մերիլին է դարձել, քանի որ նրան նմանեցրել են բրոդվեյյան դեմք Մերիլին Միլլերին, այդպես էլ աշխարհում հայտնվել է Մերիլին Մոնրոն:

Առաջին դերերը շուտ չեն եղել. սպասելու ընթացքում նա հաճախել է պարի ու դերասանական դասերի: 1948-ին պայմանագիր է կնքել Columbia Pictures-ի հետ ու մի քանի դերերում նկարահանվել, որոնք նրան հայտնիություն չեն բերել, փոխարենն օգնել են կայանալ որպես դերասանուհի ու փորձ տվել: Ծանոթացել է տաղանդավոր մարդկանց հետ, որոնք նրան արժեքավոր խորհուրդներ են տվել արտաքինի ու կերպարների ընտրության հարցում: 1949 թվականին Մոնրոն դարձել է Playboy շապիկի առաջին դեմքն ու դրա համար 50 դոլար ստացել:


Մեկ տարի անց վերադարձել է 20th Century Fox ու «Ասֆալտային ջունգլիներ» ֆիլմի շնորհիվ ճանաչելի դարձել: Թեեւ մի քանի րոպե է հայտնվել կադրում, բայց կինոքննադատները գովել են նրա խաղը: Ապա Մոնրոն նկարվել է «Ամեն ինչ Եվայի մասին» ֆիլմում, որը 6 Օսկարի է արժանացել ու փառք բերել նաեւ երիտասարդ դերասանուհուն:

1951-ն առավել բուռն է եղել նրա համար. նկարվել է կատակերգություններում, բայց նաեւ սկանդալի կենտրոնում հայտնվել՝ տարածվել են նրա մերկ լուսանկարները: Դրան հաջորդող տարիներին Մոնրոն սեքս խորհրդանիշի ու Միացյալ Նահանգների ամենակրքոտ դերասանուհու համբավ է ձեռք բերել: «Նիագարա» ֆիլմը, որում նա բավական բաց տեսարաններում է հայտնվել, սկանդալային է դարձել:

«Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» ֆիլմում Մոնրոյի փոխարեն պետք է խաղար Բեթի Գրեյբլը, բայց իր անհավանական ճանաչման պատճառով հենց նրան որոշեցին հրավիրվել: Ֆիլմը վարձույթում մեծ գումար հավաքեց, ու առաջին անգամ նկատեցին Մոնրոյի վոկալային տվյալները:



Մոնրոյի՝ սեքս սիմվոլի համբավը վերջնականապես ամրապնդվեց «Ցանկության յոթ տարի» ֆիլմից հետո, որում նրա հայտնի սպիտակ զգեստն այնքան գեղեցիկ կերպով բարձրանում է: Այդ դրվագը նաեւ հետագայում արձանի է վերածվել ու տեղադրված է Չիկագոյում: Այդ ժամանակ նրան արդեն վերաբերվում էին որպես հիմարիկ շիկահերի, այդ պիտակից դերասանուհին այդպես էլ չկարողացավ մինչեւ կյանքի վերջ ազատվել:



Մոնրոյի հաջորդ հայտնի դերը «Ջազում միայն աղջիկներն են» ֆիլմում էր, որում նա կատարում է «I Wanna Be Loved By You» երգը: Սովորաբար նա ընտրում էր միանման դերեր, միայն մահից մի քանի ամիս առաջ՝ 1961-ին, նկարահանվեց «Անդադրումները» ֆիլմում, որում նրա հերոսուհին խելացի ու զգայուն անհատականություն է:



Սիրավեպերը

Մոնրոյին մշտապես տարատեսակ սիրավեպեր էին վերագրում: Ամերիկացի բեյսբոլիստ Ջո Դի Մաջոյի հետ նրա ամուսնությունը կարճ տեւեց, նա չափազանց խանդոտ էր ու մշտապես ներկա էր լինում կնոջ նկարահանումներին: Բայց բաժանումից հետո էլ Մաջոն շարունակում էր սիրել Մերիլինին ու մահից առաջ անգամ առաջարկել էր նորից ամուսնանալ:

1955-ին Մոնրոն ամուսնացավ Արթուր Միլլերի հետ, այդ ընթացում նա փորձում էր երեխա ունենալ, սակայն հղիությունն արտարգանդային էր: Նրանք բաժանվեցին 1961-ին, դրանից քիչ անց չպարզված հանգամանքներում դրամատուրգն ինքնասպանություն գործեց:

Մոնրոն երկար տարիներ սիրավեպ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու, նաեւ նրա եղբոր՝ Ռոբերտի հետ: Նրանց համատեղ բոլոր լուսանկարները Քենեդիների պատվերով ոչնչացվել են, մնացել են ընդամենը մի քանիսը, որոնցից մեկը Ջոն Քենեդու տարեդարձի առթիվ խնջույքից է:


Արտաքինը

Մոնրոն կանացիության ու գեղեցկության խորհրդանիշ է մինչեւ հիմա: Նրա անձնական դիմահարդարն է եղել Ալան Շնայդերը, որը նաեւ նրա մտերիմ ընկերն էր: Նրանք ծանոթացել են Մոնրոյի կարիերայի վաղ շրջանում:

Շնայդերը մի քանի հնարքներ էր կիրառում, որոնց օգնությամբ Մոնրոն նման անկրկնելի կերպար էր ստանում: Հենց նա է դերասանուհու համար մտածել տարբերվող շպարը՝ հոնքերի սլաքները, սպիտակ մաշկի ֆոնին՝ կարմիր շրթներկը:

Ամբողջ կյանքում Մոնրոն անընդհատ վախենում էր, որ նորից ոչ մեկին պետք չի լինի ու կվերադառնա մանկության միայնությանը: Դրա համար ժամերով զբաղվում էր իր արտաքինով: Նա սեփական դեմքին վերաբերվում էր, ինչպես նկարիչն իր աշխատանքին: Մոնրոն կարողանում էր շպարի միջոցով քողարկել թերությունները:


Շատ տարօրինակ կերպով էր սնվում, կարող էր օրերով ոչինչ չուտել ու միայն նարնջի հյութ խմել: Չէր սիրում թանկ ռեստորաններ գնալ, քանի որ այնտեղ շատ մարդ էր լինում: Նախընտրում էր օրվա մեջ 100 անգամ բացել սառնարանի դուռը, պոկել որեւէ մսի կտորից, մատով մի քիչ կարագ վերցնել, պանրից պոկել, երեկոյան այնպիսի տպավորություն էր, որ սառնարանում մուկ է եղել:

Մահը

Մոնրոն մահացել է 1962 թվականին՝ իր փառքի գագաթնակետին: Նրա մարմինը գտել են գիշերը՝ սեփական տանը, որը գնել է մահից ամիսներ առաջ: Մարմինը հայտնաբերել է տան աշխատողը. նա պառկած է եղել անկողնու վրա՝ ձեռքում սեղմած հեռախոսը, իսկ սենյակում եղել են դեղերի դատարկ սրվակներ: Դեպքի վայր հասած բժիշկները նշել են, որ նա մահացել է մեծ քանակությամբ քնաբերից:

Նրա մահվան մասին նոր հանգամանքներ են հանրայնացվել 2022 թվականին Netflix-ի ներկայացրած «Մերիլին Մոնրոյի գաղտնիքը. չլսված ձայնագրություններ» փաստագրական ֆիլմում, որում օգտագործվել են դերասանուհու անհայտ մնացած զրույցներ:

Ֆիլմի հեղինակը պարզել է, որ մահը վրա է հասել ավելի շուտ. այդ երեկո Մոնրոյին այցելության է եկել Ռոբերտ Քենեդին, եւ նրանք վիճել են: Իսկ շտապօգնության աշխատակիցը պատմել է, երբ հասել են դեպքի վայր, Մոնրոն դեռ ողջ է եղել, նրան տարել են հիվանդանոց, սակայն հետո մարմինը վերադարձրել են տուն:


Քանի որ նա որեւէ գրություն չի թողել ու որեւէ միջադեպ նման դժբախտության պատճառ չէր կարող հանդիսանալ, մարդիկ մինչ օրս կարծում են, որ դերասանուհուն սպանել են: Մահվան առեղծվածի մասին ֆիլմն այդպես էլ ոչինչ չի բացահայտում, պարզ է միայն, որ Մոնրոն սարսափելի միայնակ էր զգում իրեն, հոգեբանի էր այցելում երկար տարիներ ու թմրադեղերից կախվածություն ուներ:

Հիշատակը

Մոնրոյի մահից հետո ռեժիսորները հաճախ են փորձել նրա մասին ֆիլմ նկարել: Դեռ 1966-ին Թերրի Սանդերսը նկարել է «Մերիլին Մոնրոյի լեգենդը» փաստագրական ֆիլմը:

Մոնրոյի մահից մեկ շաբաթ անց Էնդի Ուորհոլը սկսել է աշխատել հայտնի փոփ-արտ ոճի «Մերիլին Դիպտիխ» աշխատանքի վրա: Օգտագործել է նրա մասնակցությամբ «Նիագարա» ֆիլմում արված նկարը:

«7 օր ու գիշեր Մերիլինի հետ» ֆիլմը նկարահանվել է 2011 թվականին, գլխավոր դերում Միշել Ուիլյամսն է: 2022 թվականին նրա մասին նորից փաստագրական ֆիլմ է նկարահանել Netflix-ը:

Իսկ այս տարվա սեպտեմբերին մեծ էկրաններ կբարձրանա Անա դե Արմասի մասնակցությամբ «Շիկահերը» ֆիլմը:



Փաստեր

Մոնրոն անընդհատ մոռանում էր իր տեքստերն ու հաճախակի ուշանում նկարահանումներից, ինչի արդյունքում ռեժիսորների հետ վեճեր էր ունենում:
Նրա մասնակցությամբ նկարահանվող դուբլերի քանակը հասնում էր մինչեւ 20-ի:

Միլլերը Վալենտինի տոնի առթիվ Մերիլինի համար որպես նվեր գրել է «Անդադրումները» պիեսը, որի հերոսուհուն հատուկ Մոնրոյի համար է հորինել: Մոնրոն ֆիլմում այդ դերը տանել չէր կարողանում:

Մահից օրեր առաջ առաջին 1 մլն դոլարանոց պայմանագիրն է կնքել 2 ֆիլմի համար:

Հիմա նրա ժառանգները տարեկան 5 մլն դոլար են վաստակում՝ դերասանուհու հեղինակային իրավունքներն օգտագործելու եւ ֆիլմերի ցուցադրության համար:   

Նրա սիրելի շանը՝ Մաֆին, նվիրել է Ֆրենկ Սինատրան:

Մերիլին Մոնրոն եւ Ֆրենկ Սինատրան


Ջո Դի Մաջոն կատարել է խոստումը, որը տվել է Մոնրոյին, որն էր՝ իրենից շուտ մահանալու դեպքում ամեն կիրակի թարմ ծաղիկներ կդնի Մոնրոյի գերեզմանին: 20 տարիների ընթացքում նա հավատարիմ է մնացել իր խոստմանն ու 6-ական վարդ տարել:

Մոնրոն մտերիմ է եղել Էլլա Ֆիցջերալդի հետ ու օգնել է նրան հայտնի դառնալ:

Փոքր տարիքում կակազել է, սակայն հետագայում կարողացել է հաղթահարել խնդիրը: Իր վերջին՝ «Մի բան պիտի պատահի» ֆիլմի ժամանակ նորից է սկսել կակազել, նկարահանումները որոշ ժամանակով ընդհատվել են:

Մոնրոն մերկ զգեստների սիրահար էր, հենց նա էր առաջիններից մեկը, որ սկսեց կրել դրանք ու ավելի հարմար առիթ, քան ԱՄՆ նախագահի տարեդարձն էր, չգտավ: Երբ 1962-ին Մեդիսոն Սքուեր Գարդենում տոնում էին Ջոն Քենեդիի 35-ամյակը, 15 հազար մարդ էր հավաքվել, Մոնրոն բեմ բարձրացավ, ուսերից ցած նետեց սպիտակ մուշտակն ու գրավիչ ձայնով սկսեց երգել «Happy Birthday, Mr. President» երգը: 2500 բյուրեղ պարունակող նրա զգեստը լուսարձակների տակ շողշողում էր:



Այս տարվա Met Gala-ին այդ զգեստով ներկայանալու համար Քիմ Քարդաշյանը վճարել է 5 մլն դոլար:

Խորհուրդները կանանց

Կյանքն այնպիսին է, ինչպիսին դու ես այն դարձնում: Անկախ ամեն ինչից՝ սխալվելու ես, բայց լավն այն է, որ դու ես որոշում, թե ինչպես վարվել:

Ինչ վերաբերում է սիրեկաններին, նրանք էլ գալու եւ գնալու են: Եվ, փոքրիկս, տանել չեմ կարողանում այս մասին ասել, բայց նրանց մեծամասնությունը, իրականում գրեթե բոլորը, կոտրելու են սիրտդ, բայց դու չես կարող հանձնվել, այլապես երբեք չես գտնի հոգով քեզ հարազատ մարդուն: Երբեք չես հանդիպի նրան, ով կլցնի քեզ ու ամեն ինչի պատրաստ կլինի հանուն քեզ:


Եթե մի անգամ սխալվել ես, չի նշանակում, որ ամեն անգամ էլ այդպես ես անելու: Շարունակիր փորձել, պինդ եղիր ու միշտ-միշտ-միշտ հավատա ինքդ քեզ, որովհետեւ եթե դու չանես, ապա էլ ո՞վ կանի, անուշիկս: Այնպես որ, գլուխդ բարձր, չտխրես, ու որ ամենակարեւորն է՝ շարունակիր ժպտալ, քանի որ կյանքը հիասքանչ է ու այնքան պատճառ կա, որպեսզի ուրախ լինես:



Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին