×


Դավիթ Մանոյան. «Աթոռը գցելը եւ մազերը քաշելն իմ իմպրովիզացիան էին»

«Արարատ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Դավիթ Մանոյանն ուժերն է  փորձում նաեւ որպես մոդել՝ նկարահանվում է հագուստի գովազդում ու տեսահոլովակներում: Նրա մասնակցությամբ վերջին աշխատանքն Իվետա Մուկուչյանի «Սիրտ» տեսահոլովակն է, որում կրքոտ ու գայթակղիչ կերպարում է:



Սա Մանոյանի արդեն 2-րդ տեսահոլովակն է, մինչ այդ նա 2021 թվականին համագործակցել է Կարեն Բոքսյանի հետ:



Bravo.am-ի հետ զրույցում ֆուտբոլիստը պատմել է «Սրտի» արագ ու հեշտ ստացված նկարահանումների, կնոջ հետ խորհրդակցելու, իր իմպրովիզների ու Մուկուչյանի հետ ընկերանալու մասին:

- Դավիթ, ինչպե՞ս ստացար նկարահանվելու առաջարկն ու համաձայնությունդ տվեցիր:

- Արձակուրդում էի, երբ քասթինգ ստուդիայից զանգահարեցին ու տեղեկացրին, որ ցանկանում են Իվետա Մուկուչյանի տեսահոլովակի գլխավոր հերոսը լինեմ: Փորձել էին ինձ հետ կապ հաստատել, բայց անհասանելի էի եղել, քանի որ երկրում չէի: Վերադարձա, ու ամեն ինչ հասցրինք. ակումբս դեռ մարզումներ չուներ, եւ 2 օրում տեսահոլովակի նկարահանումներն ավարտեցինք: Մինչ այդ ինձ սյուժեն մոտավորապես ներկայացրել էին, ու ամեն ինչ նաեւ կնոջս հետ եմ քննարկել (ծիծաղում է,-հեղ.):

- Այդ մասին էի նաեւ ուզում հարցնել. տեսահոլովակն իր բնույթով էրոտիկ է, կինդ ինչպե՞ս արձագանքեց:

- Դե, պատմեցի սյուժեի մասին այն ամենն, ինչ գիտեի, ու թե ինչ է սպասվում, բայց որ ճիշտն ասեմ՝ վերջնական արդյունքը նույնիսկ ես չէի սպասում, որ այդպիսին կլինի: Այնպես չէ, որ երկու ձեռքով կողմ էր, բայց ոչինչ էլ չասաց: Մենք միմյանց չվստահելու խնդիր չունենք:


- Իսկ նկարահանումներն ինչպե՞ս են անցել ու քեզ ո՞նց էիր զգում կրքոտ տղայի կարգավիճակում:

- Ամեն ինչ բավական լավ էր: Ռեժիսորի հետ վաղուց էինք ծանոթ, միասին մի քանի գովազդային հոլովակներ ենք նկարահանել: Արդեն փորձ ունեմ ու դժվարություն չեմ ունեցել, երեւի Իվետայից էլ էր, որ հեշտ ստացվեց. շատ անմիջական է: Մինչ այդ իրար չէինք ճանաչում, բայց ընդհանրապես որեւէ խնդիր չառաջացավ: Առաջին օրը լողավազանի կադրերը նկարեցինք, հետո արդեն՝ սենյակի: Ամեն ինչ հեշտ ու արագ ստացվեց, իրենք իմ աշխատանքից գոհ էին:

- Իսկ երբ պատրաստի տարբերակը նայեցիր, հավանե՞լ էիր քեզ կադրում:

- Հիմնականում՝ այո: Եղանակային պայմաններն էին մի քիչ խանգարել նկարահանվելիս, մի պահ անձրեւ եկավ, հետո ուժեղ արեւ էր, բայց վերջնական արդյունքը նորմալ է ստացվել, ես էլ վատ չեմ նայվում:

- Ի՞նչ կարծիքներ են ասել ընկերներդ ու թիմակիցներդ:

- Պարզ է՝ կատակներ ու հումորներ էլ են արել (ծիծաղում է,-հեղ.), բայց ընդհանուր բոլորը լավ են գնահատել աշխատանքը: Իսկ վատ կարծիքներին ուշադրություն չեմ դարձնում:


- Տեսահոլովակի վերջնական տարբերակից հետո Իվետայի հետ խոսե՞լ եք կամ որեւէ բան քննարկել:

- Միշտ կապի մեջ ենք եղել, նա էլ գոհ է, որ ամեն ինչ լավ ու իր ուզածի պես է ստացվել: Մոնտաժման ընթացքում էլ ինձ մշտապես տեղյակ են պահել աշխատանքից, կային կադրեր, որ ինձնից չպետք է օգտագործեին, բայց վերջնական տարբերակում տեղ են գտել: Աշխատանքային ընթացք է ու նորմալ է, որ նման փոփոխություններ են լինում: Թեեւ մոտավոր գիտեինք՝ ինչ է լինելու, բայց վերջնական տեսքը ոչ մեկս էլ չէր պատկերացնում ու չէինք սպասում, որ հանրության շրջանում այդքան կքննարկվի: Չեմ կարծում, որ չափը շատ ենք անցել. ամեն ինչ ճաշակով է արված:

- Սպասո՞ւմ էիր, որ այդքան կարճ ժամանակում տեսահոլովակը 1,4 մլն-ից ավելի դիտումներ կունենա:  

- Պատկերացնում էի, որ շատ կդիտեն, բայց չէի սպասի, որ մի ամսում նման ցուցանիշ կգրանցվի: Գիտեի, որ Իվետայի լսարանը մեծ է ու իրեն շատ են լսում:

- Իսկ դու մինչ համատեղ աշխատանքը Մուկուչյանի երգացանկին ծանո՞թ էիր:

- Իհարկե, ծանոթ էի: Չեմ ասի, թե շատ մեծ երկրպագու եմ եղել, բայց մի քանի երգեր լսել եմ, անձամբ էլ չեմ ճանաչել, բայց ընդհանուր ընկերներ ունեինք: Տեսահոլովակից հետո արդեն ընկերություն ենք անում: Իվետան շատ անմիջական ու ընկերական է, իրոք, միասին շատ հեշտ ենք աշխատել ու ընդհանուր լեզու գտել, ընդհանրապես չեմ կաշկանդվել: Կարծիքներ եմ լսել, որ ես շատ կաշկանդված եմ տեսահոլովակում, ուղղակի սցենարով է այդպես, որ տեղի ունեցողն իմ երեւակայության արդյունքն է, դրա համար էլ հենց նա է ավելի ակտիվ ու ինքն է ամեն ինչ անում: Չնայած՝ մի պահ ասացի, որ շատ եմ պասիվ ու պետք է որեւէ գործողություն անել, արդյունքում աթոռը գցելը եւ մազերը քաշելն իմ իմպրովիզացիան էին, չէի ուզում անընդհատ նստած լինել:  



- Իսկ նկարվելու առաջարկներ շա՞տ ես ունենում ու որո՞նք ես ընտրում:

- Շատ են լինում, բայց այնպես եմ անում, որ իմ մարզումներին ու խաղերին չխանգարեն, դա չափազանց կարեւոր է ինձ համար, երկրորդն էլ՝ չեմ ուզում ամեն տեղ երեւալ: Այդ սկզբունքով եմ համաձայնությունս տալիս:

- Իսկ քեզ լա՞վ ես զգում նկարահանումների ժամանակ, հագուստ էլ ես գովազդել, այդ կարգավիճակը քեզ դո՞ւր է գալիս: Խաղադաշտի պես ազատ ու անկաշկա՞նդ ես զգում:

- Դե, ֆուտբոլի հետ չեմ համեմատի, քանի որ իրարից ամեն ինչով են տարբերվում, բայց որպես հոբբի հետաքրքիր է ինձ համար, նոր շրջապատ եմ ձեռք բերել ու նոր ծանոթություններ հաստատել, այդ առումով չեմ զղջում, որ համաձայնել եմ նկարահանումների մասնակցել: Իսկ հիմա այն ինձ համար նաեւ աշխատանք է դարձել, բայց մեկ է՝ իմ կյանքում առաջնայինը ֆուտբոլն է: Այսքան ժամանակ երբեւէ չի եղել, որ նկարահանումները ֆուտբոլին խանգարեն, միայն ազատ օրերին եմ դրանով զբաղվում:

- «Արարատն» ինչպե՞ս է վերաբերվում այդ գործունեությանդ ու ինչպե՞ս է քեզ աջակցում:

- Ցանկացած գովազդի դեպքում տեղյակ եմ պահում ակումբին ու ամեն ինչ քննարկում: Դեռ նման դեպք չի եղել, որ որեւէ բանի դեմ լինեն կամ շահերի բախում ունեցած լինենք: Ամեն ինչում ակումբի կարծիքը հաշվի եմ առնում, այն միշտ իմ կողքին է:


- Ասացիր, որ արդեն աշխատանքի պես ես վերաբերվում այս ամենին, իսկ ավելի շատ հմտանալու համար ինչ-որ բաներ սովորե՞լ ես:

- Ճիշտն ասած, եթե փորձեմ խորանալ, ֆուտբոլին տրամադրվող ժամանակը դրա վրա կծախսեմ: Բայց երբ համեմատում եմ, թե սկզբում ինչպես էր ստացվում ու հիմա, մեծ տարբերություն եմ նկատում: Նախկինում շատ բաներ չէի հասկանում, բայց աշխատելու ընթացքում բացահայտումներ եմ արել ինձ համար: Ասում են՝ բնական է ամեն ինչ ստացվում, ձիրք ունեմ: Առանձնապես մեծ ջանքեր չեմ գործադրում նկարահանման ժամանակ, ու եթե անընդհատ հրավիրում են տարբեր նախագծերի, ուրեմն՝ ստացվում է (ծիծաղում է,-հեղ.):

- Այս աշխատանքի շնորհիվ ինչ-որ բացահայտում արե՞լ ես քո մասին կամ նորովի քեզ տեսել:

- Բարդ հարց է, երեւի կարող էի շուտ էլ զբաղվել սրանով, բայց, հավանաբար, հիմա է ճիշտ ժամանակը, ամեն դեպքում՝ չեմ զղջում, որ սկսել եմ, ինձ դուր է գալիս: Հենց զգամ, որ խանգարում է ֆուտբոլին, կորոշեմ, որ ուղղությամբ շարունակել, բայց կարծում եմ՝ բոլորին էլ պարզ է, թե ինչը կընտրեմ:

- Միեւնույն է՝ մի օր կարիերադ ավարտելու ես, կուզե՞ս ավելի մասնագիտանալ այս գործում եւ, ով գիտի, գուցե հետագայում ֆիլմերում էլ նկարվել:

- Չեմ կարծում, որ այն իմ կյանքում հիմնական դեր է խաղալու, թեեւ ոչինչ էլ չեմ բացառում: Չեմ ցանկանա այդքան խորանալ, որովհետեւ ամեն դեպքում այն իմը չէ: Հետագայում՝ կարիերայի ավարտից հետո էլ, ինձ ավելի շատ պատկերացնում եմ ֆուտբոլում, կուզեմ սպորտը զարգացնել, մեծ նպատակներ ունեմ դրա հետ կապված, որոնք հետագայում կփորձեմ կյանքի կոչել:

Զրուցեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Դավիթ Մանոյանի եւ Իվետա Մուկուչյանի ֆեյսբուքյան էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին