×


Ինչպիսին էին այս ամառվա թրենդներն եւ ինչից արժե խուսափել

2020-2021 թվականները լի էին մարտահրավերներով, թերեւս, հենց դա է պատճառը, որ նորաձեւությունը շեղվել է դեպի մաքսիմալիզմը։ Նորաոճ իրերի մեջ գերակշռում են չափազանց վառ, անսովոր, իսկ երբեմն էլ նույնիսկ տարօրինակ դետալները։ Ամեն դեպքում, կարեւոր է նորաձեւությունը դիտարկել ոչ թե որպես թելադրանք, այլ ընտրություն. դուք եք ընտրում՝ օգտագործել առաջարկվող լուծումները ձեր իմիջը շեշտադրելու համար, թե, այնուամենայնիվ՝ ոչ։


2022 թվականի գարուն/ամառ նորաձեւության ցուցադրություններն արտացոլում էին այն, ինչի կարիքն այդքան շատ կա այս դժվարին ժամանակահատվածում՝ դրական էներգիա, մի քիչ խենթություն, վառ գույներ, համարձակություն։ Քովիդի «պայթյունից» անմիջապես հետո արդիական դարձան գիշերանոցի նմանվող սեթերը, սպորտային հագուստը, որոնք կարծես «ճչում» էին հարմարավետության մասին, իսկ այս տարվա ամառը վառ է, գունեղ ու համարձակ։



Հանուն արդարության պետք է նաեւ հավելել, որ չնայած «շոկային» լուծումներին, մշտապես ակտուալ է կանացիությունը, նրբությունն ու զսպվածությունը։ Այն, թե նորաձեւության որ զինանոցից կօգտվեք հենց դուք, կընդգծի ձեր ոճն ու անհատականությունը։ 2022 թվականի դուռն են թակում 80-ականներից հայտնի ցածր գոտկատեղով կիսաշրջազգեստները, որոնք, ինչպես գիտենք, ոչ բոլորի կազմվածքին են համապատասխանում։



Հագուստի մեջ ակտուալ են փետուրները, անսովոր բացվածքները, կոշիկների դեպքում առաջնային պլանում են ասիմետրիկ կրունկները, թափանցիկ մոդելները, իսկ դիմահարդարումը տուրք է տալիս գլամուրին եւ փայլերին։



Այս ամառվա թրենդների զարկերակը BRAVO.am-ը շոշափել է ոճաբան, նորաձեւության բլոգեր Մարիամ Մելիք-Բախշյանի հետ։ Մարիամը նշեց, որ այս տարի ակտուալ են բոլոր ոճերը, որոնք կարելի է տեսնել թե՛ պոդյումի վրա, թե՛ street style-ում։ Նա նկատեց, որ 2000-ականները ներխուժել են նորաձեւություն եւ դա արտահայտվում է ցածր գոտկատեղով հագուստի, քրոփ-թոփերի ակտուալությամբ. «Այս ոճը ու նման հագուստի ընտրությունը, իմ կարծիքով, ցույց չի տալիս կնոջ կազմվածքի առավելությունները»։

Թվում է՝ նորաձեւության զոհ չդառնալու տեսանկյունից ամենաապահով տարբերակը բազային իրեր ընտրելն ու դրանցով տարբեր լուքեր ստանալն է։ Ոճաբանը նշեց, որ բազային իրերը կարող են տարբեր մարդկանց համար տարբեր լինել՝ կախված նախասիրություններից, արտաքին տվյալներից եւ այլ գործոններից։ Թրենդը կարող է դառնալ որեւէ մեկի համար բազային իր, եթե ինտեգրվում է նրա ընդհանուր ոճին, բայց այդ նույն թրենդը կարող է շրջանցել մեկ ուրիշ մարդու։ Կան իրեր, որոնք բազային են, բայց ինչ-որ տարի դրանք այնքան պահանջված են լինում, որ դառնում են թրենդ. «Այս տարի այդպիսի իրերից են, օրինակ, լոֆերները, որոնք միշտ եղել են բազային իր, այսօր հենց թրենդ են»։



Մարդիկ հաճախ նորաձեւությունն ընկալում են սխալ՝ կարծելով, որ այն, ինչ տեսնում ենք պոդիումի վրա, առօրյա կյանք բերելու համար է, այնինչ նորաձեւությունը պետք է ընկալել որպես արվեստ. «Հաճախ տարօրինակ լուծումները ստեղծված են լինում հենց շոու ապահովելու, ստեղծարար մտքի թռիչքը ցուցադրելու համար, բայց ոչ երբեք՝ առօրյայում կրելու»։

Մարիամը որպես օրինակ դիտարկեց ավանգարդ ոճը, որն ավելի շատ արվեստ է, քան նորաձեւություն, ու նախատեսված է արարալեու, առանձնանանլու, ուշադրության կենտրոնում լինելու համար։ Իսկ առօրյայում թրենդերը ճիշտ ինտեգրելու համար, ըստ ոճաբանի, նախ պետք է հասկանալ անհատական ոճը, որի ճիշտ կերտման հարցում, իհարկե, հաճախ խանգարող հանգամք է այս կամ այն իրի սխալ ընտրությունը։ Ոճաբանն առանձնացրեց հագուստի արտադրանքի մեջ օգտագործվող արհեստական, սինթետիկ նյութերը, որոնք այնքան էլ տեղին չի կրել, այն էլ՝ ամռանը։ Կիսաթափանցիկ կտորները եւս վատ են անդրադառնում ընդհանուր կերպարի վրա։


Անգամ հիանալի համադրությունների դեպքում, օրինակ, կիսաթափանցիկ վերնաշապիկը, որի տակից երեւում է ներքնազգեստը, գցում է ողջ կերպարի տեսքը։ Մյուսը՝ շատ նեղ թեւերով շապիկները, որոնք կրելն առաջին հերթին շատ անհարմար է ամռանը, իսկ երկրորդը՝ մի փոքր ավելորդ քաշի դեպքում դրանք ընդգծում են թեւերի հատվածում ավելորդ ծավալը։


Հագուստի մասին խոսելուց հետո նաեւ անդրադարձ կատարեցինք աքսեսուարներին։ Կա որոշակի կարծրատիպ, ըստ որի, աքսեսուարներն արժանապատիվ տեսք հաղորդելու համար պետք է թանկարժեք լինեն։ Մարիամը շեշտեց, որ, օրինակ, պայուսակների, գոտիների դեպքում խնդիրը թանկարժեք լինել-չլինելը չէ, այլ ֆուրնիտուրան, որը պետք է որակյալ լինի։ Ակտուալության առումով այս տարի բավական նորաձեւ են գունավոր զարդերը, քարերը, փայտե աքսեսուարները, խեցիները, որոնք հիմնականում էթնիկ ոճ են հիշեցնում։ Ակտուալ են նաեւ բրոշները, բավական մեծ ականջօղերը։



Նորաձեւությունը պետք չէ ընդունել որպես կապրիզ։ Այն հայելի է, որը արտացոլում է աշխարհում կատարվող իրադարձությունները։

Պատրաստեց՝ Սյուզի Մսրյանը
Փորձագետ՝ Մարիամ Մելիք-Բախշյան https://www.instagram.com/mariam__melik/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW