2021 թվականին ԱՄՆ-ում «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ Ալեք Բոլդուինը պատահաբար կրակեց ատրճանակից, ծանր վիրավորեց ռեժիսոր Ջոել Սոուզային ու սպանեց օպերատոր Գալինա Հաթչինսին:
Նկարահանումների հրապարակում նմանատիպ չնախատեսված միջադեպեր շատ են լինում, բարեբախտաբար, ոչ բոլորն են դժբախտ ելք ունենում: Associated Press-ի հաշվարկներով, կինոյի ողջ պատմության ընթացքում նկարահանումների ընթացքում մահացել է 350 մարդ:
Bravo.am-ը հավաքել է կինոյում պատահած առավել հայտնի դժբախտ միջադեպերը:
«Թղթե տունը»
Սկսենք ամբողջ աշխարհով մեկ երկրպագուների սրտերը գերած «Թղթե տունը» սերիալից, ավելի ճիշտ մեր հայրենակից Հովիկ Կեուչկերյանից:
Դերասան լինելուց առաջ նա Իսպանիայի բռնցքամարտի չեմպիոն է դարձել ծանր քաշային կարգում ու հիանալի է տիրապետում մենամարտելու կանոններին: Նա անցում է կատարել նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտ ու կարիերան ավարտել 2004-ին:
«Եթե մարզիկ չլինեի, ինձնից լրիվ այլ դերասան կստացվեր: Բռնցքամարտը սովորեցնում է դիմանալ ճնշմանը, կենտրոնացած լինել, բայց միեւնույն ժամանակ էլ լիցքաթափված: Պետք է նաեւ փորձել գուշակել, թե ինչ է անելու դիմացինդ: Այդ ամենը կարելի է վերագրել նաեւ դերասանի մասնագիտությանը»,- խոստովանել է Կեուչկերյանը սերիալի մասին նկարահանած «Տոկիոյից՝ Բեռլին» փաստագրական ֆիլմում:
Սերիալի 6-րդ եզրափակիչ եթերաշրջանում Բոգոտան (Կեուչկերյան) մենամարտում է Գանդիայի (Խոսե Մանուել Ռիվերա) հետ:
«Սիրում եմ, երբ տեսարանների ժամանակ իմ թիմակիցները մինչեւ վերջ են գնում, եթե պետք է հարվածել, թող այդպես էլ անեն: Սիրով կընդունեմ այն»,- պատմել է Ռիվերան:
Կռվի տեսարանում Կեուչկերյանը ամուր բռնում է Ռիվերային ու դանակով սպառնում նրան. «Չգիտեմ ինչու իմ ձեռքում իսկական դանակ էր հայտնվել, մեր վեճի տեսարանից հետո տեսա, որ Գանդիայի ուսից արյուն է հոսում»,- հիշում է Կեուչկերյանը:
«Ինքս էլ չնկատեցի, թե դա ինչպես տեղի ունեցավ, մեկ էլ զգացի, որ ամբողջությամբ արյան մեջ եմ: Նման վնասվածք ստացա հենց առաջին դուբլի ժամանակ»,- սրանք էլ Ռիվերայի խոսքերն են:
Արդյունքում դերասանին օգնության հասան բժիշկներն ու 3 կար դրեցին: «Ամբողջ կյանքում Բոգոտային կհիշեմ, չէ՞ որ սպին կմնա»,-ծիծաղելով ավելացրել է նա:
«Մատանիների տիրակալը»
Որքանով հայտնի է եռապատումը, այնքան էլ այն աչքի է ընկել նկարահանումների ընթացքում դերասանների բազմաթիվ վնասվածքներով:
Հոբիթների տան դրվագում Իեն Մակկելլենը գլխով ուժեղ հարվածել է առաստաղին, թեեւ նկարահանումներն ավարտին հասցնել կարողացել է:
Օռլանդո Բլումն ընկել է ձիուց ու կոտրել կողերը, Բրետ Փիթին վնասել է ծունկը: Վիգգո Մորտենսենը կռվի տեսարաններից մեկը նկարելու ընթացքում կորցրել է ատամը: Նա նաեւ համարյա խեղդվելիս է եղել ու երկաթե սաղավարտին ոտքով հարվածելուց հետո կոտրել է 2 մատը:
Ֆիլմի մի շարք տեսարաններ էլ հնարավոր չի եղել նկարել առանց դերասաններին հասցված վնասվածքների: Ֆիլմի հնարքների համակարգող Ջորջ Ռագի համար հատկապես դժվար է եղել մենամարտի տեսարանները կազմել, որպեսզի դրանք հնարավորինս անվտանգ ստացվեն: Դրվագներիս մեկում հորդառատ անձրեւի տակ դերասանները պետք է գիշերը բարձրանային քարե պատնեշի վրայով: Դերակատարներից մի քանիսի ոտքն է դուրս ընկել, ոմանք էլ կապտուկներ ու քերծվածքներ են ստացել:
«Տիտանիկ»
Ֆիլմի նկարահանումների ժամանակ տեղի է ունեցել ամենատարօրինակ դեպքերից մեկը: Մասսայական տեսարանների ու հիմնական կազմի մոտ 50 դերասաններ ծովամթերքով ապուր են կերել, որի մեջ ֆենցիկլիդոն է եղել: Այն թմրանյութերի թվին է դասվում ու օգտագործվում է որպես անզգայացման նյութ: Արդյունքում նրանք սկսել են իրենց վատ զգալ, բարեբախտաբար, ամեն ինչ հաջող ավարտ է ունեցել:
Նկարահանումների ընթացքում կոտրվածքներ ու ներքին օրգանների վնասվածքներ են գրանցվել: Ջրում նկարվելու ժամանակ Քեյթ Ուինսլեթը հրաժարվել է հատուկ հիդրոկոստյում հագնել ու հազիվ է փրկվել խեղդվելուց, իսկ հետո էլ թոքաբորբով է հիվանդացել:
«Ագռավը»
1993 թվականին Բրյուս Լիի որդին՝ Բրենդոնը նկարահանվում էր «Ագռավը» ֆիլմում: Ըստ սցենարի, Լիի հերոսին պետք է կրակեին կրծքավանդակին: Նկարահանող խումբն այդ նպատակով 44-րդ տրամաչափի «Մագնում» էր պատրաստել ու չլիցքավորված փամփուշտներ:
Սակայն կրակոցն իսկական էր, Լին փորի հատվածում վիրավորվեց: Փամփուշտը մնացել էր զենքի մեջ, ու այն ոչ մեկ չէր նկատել: Դերասանն արյունաքամ եղավ ու մահացավ:
Սակայն դա ֆիլմի նկարահանումների միակ դժբախտ պատահարը չէր, դերասանի մահից հետո սարսափելի կայծակներ եղան, որոնք քանդեցին նկարահանման հրապարակը, հնարքի կատարման ժամանակ կասկադյորը տանիքից ներս գլորվեց ու վնասվեց:
Ամեն դեպքում ֆիլմն ավարտին հասցրին, Չադ Ստահելսկիին նկարվեցին, որի մարմնի վրա համակարգչային ծրագրով Լիի դեմքը տեղադրեցին:
«Ջանգոն ազատված»
«Ջանգոն ազատված» ֆիլմում գանգով հայտնի տեսարանը հիացրել է Լեոնարդո ԴիԿապրիոյի շատ երկրպագուների: Այդ հատվածը սակայն դերասանին այնքան էլ հեշտությամբ չի տրվել:
«Եթե հիշում եք, Լեոն ձեռքով ուժեղ հարվածում է սեղանին, դուբլերի ընթացքում նման հարվածներից մեկի ժամանակ նա ձեռքով կոտրել է կողքին տեղադրված բաժակը: Արյունը շարունակում էր հոսել նրա ձեռքով, իսկ Լեոն իր տեքստն էր ասում՝ մնալով կերպարի մեջ: Իսկապես ապշեցնող էր: Հետո, ի դեպ, ձեռքը ստիպված եղանք կարել»,- հիշել է ֆիլմի պրոդյուսեր Սթեյսի Շերը:
Պատրաստեց Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: