×


Բեքհեմների անմնացորդ սերը, թարմացված ամուսնական երդումներն ու անակնկալ կոկտեյլները

Անհնար է գտնել որեւէ մեկին, ով լսած չլինի Դեւիդ ու Վիկտորիա Բեքհեմների մասին: Նրանք ամենահայտնի ու աստղային զույգն են համարվում ու ժամանակի հետ նրանց նկատմամբ հետաքրքրությունը միմիայն ավելանում է:

Այսօր փորձելու ենք հասկանալ նման ամուր սիրո ու կատարյալ թվացող ընտանիքի գաղտնիքը:

Ծանոթությունը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմն ու Spice Girls-ի երգչուհի Վիկտորիա Ադամսը ծանոթացել են 1997 թվականի փետրվարի 22-ին: Նրանք երկուսն էլ «Չելսի»-«Յունայթեդ» խաղի ժամանակ «Սթենֆորդ Բրիջ» ստադիոնում են եղել:

22-ամյա Վիկտորիային խաղին հրավիրել է ֆուտբոլային երկրպագու ու Spice Girls-ի պրոդյուսեր Սայմոն Ֆուլերը, նա գտնում էր, որ երգչուհուն հայտնի ընկեր է պետք: Վիկտորիան այդ ժամանակ արդեն սիրեցյալ ուներ, բայց նա հանրային դեմք չէր, իսկ ֆուտբոլիստներին առհասարակ տանել չէր կարողանում:


«Բոլոր ֆուտբոլիստները, ում ես հանդիպել էի, անընդհատ սիրահետում էին ցանկացած աղջկա»,- իր ինքնակենսագրականում գրել է Վիկտորիան:

Ավելի ուշ երգչուհին հիշել է, որ ստադիոնի VIP գոտում Ֆուլերը ցանկացել է ծանոթանալ երկրի ամենահեռանկարային ֆուտբոլիստի հետ ու իրեն որպես խայծ է օգտագործել:

«Սայմոնը վճռականորեն ծանոթացավ Դեւիդի հետ ու սեղմեց նրա ձեռքը: Ներկայացավ որպես մեր խմբի պրոդյուսեր ու ինձ էլ ծանոթացրեց նրա հետ: Հիանալի հիշում եմ, որ մտածեցի, թե որքան անհեթեթ իրավիճակ է»:

Վիկտորիան, որը մոռացել էր հագնել լինզաներն ու անգամ չգիտեր էլ, թե որ թիմի կազմում է հանդես գալիս Բեքհեմը, ամաչում էր ու կարողացավ միայն ասել. «Լավ խաղ էր», մինչդեռ Դեւիդը հույս ուներ, թե նրան տպավորել է խաղադաշտում:

Վիկտորիան ստադիոնից հեռացավ անհարմարության զգացումով, իսկ Դեւիդը ափսոսում էր, որ այդքան անվճռական է եղել: «Ամեն ինչ ձախողեցի, չօգտվեցի իմ շանսից: Ավտոբուս նստելիս միայն մի բանի մասին էի մտածում, որ չսկսեմ գլուխս հարվածել դիմացիս նստարանին»,- խոստովանել է Բեքհեմը:


Երկրորդ փորձը

Երբ մարտ 15-ին Վիկտորիային նորից հրավիրեցին ՄՅՈՒ-ի խաղին, նա համաձայնեց: «Սիրտս հանկարծ սկսեց արագ աշխատել: Ֆուտբոլ: «Մանչեսթեր Յունայթեդ»: Բեքհեմ: Այս բառերն էին պտտվում գլխիս մեջ »,- հիշել է Վիկտորիան, թեեւ շարունակում էր մտածել, որ ֆուտբոլիստները նորմերի չեն հետեւում ու սարսափելի կնամոլներ են:

Այդ երեկո էլ Բեքհեմը մոտեցել է նրան ու առաջարկել ընթրել: «Դա ամենաերկար նախադասությունն էր, որ նրանից լսեցի: Փորձեցի ճշտել՝ հենց հիմա Մանչեսթերում ընթրե՞նք: Ասաց, որ վաղը մարզում ունի, թեեւ կիրակի էր: Պարզվեց նրանք հանգստյան օրեր չունեն: Բացատրեց, որ ամեն օր են պարապում՝ անգամ Սուրբ Ծննդին ու Ամանորին: Բայց ես պետք է Լոնդոն վերադառնայի, քանի որ խմբի հետ ԱՄՆ էի մեկնելու: Նայեցինք իրար, ամեն ինչ պարզ էր: Այդ ժամանակ էլ ասացի, որ իր հեռախոսահամարը տա, հենց վերադառնամ, կզանգահարեմ: Նա մերժեց ու փոխարենն իմն ուզեց: Սկսեցի թուղթ փնտրել ու պայուսակիս մեջ գտա հանդիպման տոմսը, որի վրա սկզբում գրեցի իմ համարը, հետո կասկածեցի, ջնջեցի ու գրեցի մայրիկինս: Ապա ավելացրի. «Փորձեք չզանգել ինձ, պարոն Դեւիդ Բեքհեմ: Այլապես հաջորդ անգամ, որ տեսնվենք, ինձնից հարված կստանաք»:


Առաջին ժամադրությունը

Առաջին հանդիպումը կայացավ լոնդոնյան Վուդֆորդ թաղամասի ավտոբուսի կայարանում, որտեղ նրանք կարող էին աննկատ մնալ: Փաբ գնալ չէին կարող, նրանց նոր էին հեռացրել չինական ռեստորանից, որտեղ ուտել չէին ցանկացել ու միայն խմիչք էին պատվիրել:

Պահուստային տարբերակը խմբի երգչուհի Մելանի Սիի բնակարանն էր, որտեղ էլ նրանք գնացին: Վիկտորիան Դեւիդին թողեց հեռուստացույցի առջեւ նստած ու  ընկերուհուն լոգարան տարավ՝ նրանից ճշտելու, թե ինչ կարծիքի է տղայի մասին:

Քանի որ գնալու ուրիշ տեղ չունեին, այնտեղ էլ մի քանի ժամ մնացին երեքով: «Դեւիդի հետ անգամ իրար կողքի չէինք նստած, շատ հիմար իրավիճակ էր: Բայց դրանից հետո համարյա թե օր չկար, որ չխոսեինք իրար հետ»,- պատմել է Վիկտորիան:

Սկզբնական շրջանում նրանք մեքենաներում էին հանդիպում: Այդ ժամանակ էլ պարզվեց, որ Դեւիդը 1996-ի աշնանը MTV-ով տեսել է Spice Girls-ի «Say You’ll Be There» կատարումն ու իր թիմակից Գարի Նեւիլին ասել, որ հավանում է սեւ կոմբինիզոնով ու բոբ սանրվածքով աղջկան: 3 ամիս անց նրանք իսկապես հանդիպեցին:


Հենց մեքենայում էլ առաջին անգամ համբուրվել են: Հաջորդ օրը Ադամսը Բեքհեմից վարդերի մեծ ծաղկեփունջ է նվեր ստացել ու Prada պայուսակ: Բայց ծնողները դեմ էին այդ հարաբերություններին՝ իրենց աղջկան ոչ մի կերպ չէին պատկերացնում ֆուտբոլիստի հետ:

Կիրթ Դեւիդն ու առաջարկությունը

Վիկտորիային դուր է եկել, որ «Օլդ Թրաֆորդում» կայացած խաղից հետո Դեւիդը միանգամից մոտեցել է իր ընտանիքին, ոչ թե մյուսների պես փաբ գնացել: Հետո էլ իր դաստիարակությամբ է զարմացրել Վիկտորիային ու գերել նաեւ նրա ծնողներին:

«Ռեստորանում պետք է զուգարան գնայի, եւ երբ կանգնեցի, նա էլ ոտքի ելավ, մտածեցի՝ որեւէ բան է ուզում: Բայց նույնը կրկնվեց, երբ վերադարձա: Դեւիդը պարզապես էտիկետին էր հետեւում, նախկինում ոչ մեկ այդպես չէր վարվել ինձ հետ: Հենց առաջին օրվանից երեւում էր, որ ջենտլմեն է: Նրան սովորեցրել են հարգել կանանց, ինչը եզակի երեւույթ է: Շնորհակալություն նրա ծնողներին»,- հիացած ասել է Վիկտորիան:

Սկզբում նրանց սիրավեպի մասին իմացել են միայն ծնողները, հետո՝ խմբի անդամներն ու Բեքհեմի թիմակիցները, որոնք նկատել են, թե ինչքան սիրահարված հայացքով է նա գնում մարզումների:



Ծանոթությունից կես տարի անց՝ 1997-ի օգոստոսին, Բեքհեմն ամուսնության առաջարկություն է արել Վիկտորիային: Որոշել են դեռ ամեն ինչ գաղտնի պահել, իսկ  պաշտոնապես ամուսնության մասին հայտնել են 1998-ի տարեսկզբին:

Հարսանիքն ու երեխաները

Դրանից ամիսներ անց Վիկտորիան ԱՄՆ-ից հեռախոսով հայտնել է, որ հղի է: Բրուքլինը ծնվել է 1999 թվականի մարտին, հենց այդ տարի էլ անգլիական տաբլոիդները գրել են Բեքհեմի բազմաթիվ դավաճանությունների մասին: Դեւիդն ամեն ինչ հերքել է, թեեւ Վիկտորիան հավատացել է նրան, բայց հոգեկան ծանր ապրումների միջով է անցել:

Նրանք գտան այդ մեղադրանքներին պատասխանելու ձեւը, տաբլոիդների վրա դատական արգելք դրվեց, իսկ զույգը համատեղ ֆոտոշարք արեց, որում մեքենա են նստում, իսկ Վիկտորիան կսմթում է ամուսնու հետույքը: Այդ հնարքն օգտագործում են ամեն անգամ, երբ մարդիկ նորից խոսում են նրանց ընտանիքում ծագած խնդիրների մասին:


Դրա հաջորդ տարին նրանք կես միլիոն ֆունտ սթերլինգ ծախսեցին ու Դուբլինից ոչ հեռու գտնվող 18-րդ դարի դղյակում անցկացրին իրենց հարսանիքը, Բրուքլինն արդեն ծնվել էր ու այդ օրը ծնողների կողքին էր:

Զույգն ամուսնական երդումները կրկնել է 20 տարի անց, արդեն իրենց տանը՝ 6 հոգու ներկայությամբ: Դեւիդն արդեն մանուշակագույն կոստյում ու գլխարկ չի ընտրել, երբ հիշում է առաջին հարսանիքը, ծիծաղում է. «Ախր, ինչի մասին էի մտածում այդպես հագնվելիս: Նման էի «Հիմարը եւ ավելի հիմարը» ֆիլմի հերոսին: Բայց դե այն ժամանակ երիտասարդ էինք ու նորաձեւությունը մեզ համար նաեւ մարտահրավեր էր»:

2002 թվականին ծնվել է Ռոմեոն, դրանից 3 տարի անց՝ Քրուզը, իսկ Հարփեր Սեւենը՝ 2011-ին: Բրուքլինն արդեն ամուսնացել է ու սեփական ընտանիքը կազմել, այնպես որ հնարավոր շուտով Դեւիդին ու Վիկտորիային տատիկի ու պապիկի կարգավիճակում տեսնենք:


Կուռք դառնալը

Մինչեւ Վիկտորիայի հետ հանդիպելը Դեւիդը պարզապես ֆուտբոլիստ էր, իսկ հետո դարձավ նորաձեւության կուռք, գովազդային պայմանագրեր կնքեց ու հայտնի դեմք դարձավ նաեւ խաղադաշտից դուրս: Դրանից հետո Վիկտորիայի մասին հստակ կարծիք ձեւավորվեց, որ նա իրեն բոլորից վեր է դասում եւ որոշում ամուսնու ոճն ու անելիքը, ընդհուպ՝ մինչեւ ակումբների ընտրությունը:

«Spice Girls-ում ես երբեք ամենավառը չեմ եղել, բայց երբ հանդիպեցի Դեւիդին, սիրեցինք միմյանց ու միասին այնպիսի էներգիա սկսեցինք ճառագել, որ ոչ մեկ չէր էլ սպասում: Այն գնալով ավելի ու ավելի էր մեծանում, մինչեւ որ վերահսկողությունից դուրս եկավ»,- իրենց հայտնիության մասին այսպես է ասել Վիկտորիան:

Որքան նրանց հեղինակությունն ու ճանաչումն ավելանում էին, այնքան շատ էին շրջանառվում Դեւիդի դավաճանությունների ու զույգի ամուսնալուծության մասին լուրերը, սակայն նրանք շարունակում են վստահել իրար ու ապրել միասին:

2007 թվականից տեղափոխվել են Լոս Անջելես, որտեղ Դեւիդը սեփական ֆուտբոլային ակումբն ունի, իսկ Վիկտորիան հայտնի դիզայներ է ու սեփական բրենդն է հիմնել:


Դստեր ծնունդը նրանց ընտանիքն էլ ավելի լիարժեք դարձրեց, 3 որդիներից հետո վերջապես աղջիկ ունեցան, որին անչափ սիրում են ու երես տալիս:

Վիկտորիան

Սեր առաջին հայացքից գոյություն ունի, ինձ հետ այն պատահել է: Նա այնքան գրավիչ ժպիտ ուներ մեր ծանոթության օրը: Բայց սիրեցինք միմյանց ու ամեն ինչ Դեւիդի հետ հաղթահարեցինք:

Ոչ մեկ չի էլ ասում, թե ամուսնությունը հեշտ բան է, այո, բավական բարդ շրջաններ ենք ունեցել, բայց անցել ենք այդ ամենի միջով ու ավելի երջանիկ դարձել: Հիմա անգամ ավելի ջերմ հարաբերություններ ունենք, քան երբ նոր էինք ամուսնացել: Այսքան տարի անց կարող ենք գալ տուն ու նորից միասին ծիծաղել:

Ընտանիքում պետք է համբերատար լինել, երբեմն կարողանալ լռել ու աջակցել ամուսնուն: Կարեւոր է նաեւ միշտ մի քիչ խորհրդավորություն պահել: Պետք է միշտ ժամանակ գտնեք միմյանց համար, կարիք չկա, որ ամեն ինչ երեխաների շուրջ պտտվի: Միշտ հիշեք այն մարդուն, որին սիրահարվել եք:


Անգամ մեկ երեխան սարսափելի անհանգստություն է, իսկ երբ նրանք 4-ն են՝ ծով անհանգստություն է: Նրանք միշտ մեր կյանքում առաջին տեղում են, բայց չենք մոռանում, թե ամեն մեկս ինչ ենք ուզում կյանքից: Հնարավոր է լինել լավ մայր ու հաջողակ կին, թեեւ շատերին դա զարմացնում է: Ես գնահատում եմ այն ամենն, ինչ ունեմ ու իսկապես երջանիկ եմ:

Դեւիդն ամենաբարի սիրտն ունի, չգիտեմ նրա պես երկրորդին, անչափ առատաձեռն է ու գեղեցիկ: Մենք ամենամտերիմ ու հարազատ մարդիկ ենք, դրա համար էլ միասին ենք: Բացի այդ էլ, նա անհավանական հումորի զգացում ունի ու ինձ միշտ ստիպում է  ծիծաղել: Նայում եմ Դեւիդին ու մտածում, թե որքան գեղեցիկ է նա ու թե բախտս որքան է բերել:

Դեւիդը

Երբ երկար տարիներ միասին եք, հազիվ թե կարողանաք խուսափել կոնֆլիկտներից ու դժվարություններից: Ու դա լրիվ նորմալ է: Կարեւոր է, որ ամեն զույգ աշխատի առավելագույնս ու ներդնի ողջ ուժերը: Ասեմ ինչպես որ կա՝ իմ ու Վիկտորիայի երջանիկ ընտանիքի հիմքում երկուսիս ահռելի աշխատանքն է: Հաճախ ենք զբաղված լինում, բայց անջատում ենք մեր հեռախոսները, որպեսզի շփվենք ու մեզ ոչ մեկ չխանգարի:

Մարդիկ, ովքեր ցանկանում էին քանդել մեր ընտանիքը, հույս ունեմ՝ վերջապես հասկացել են, որ իրենց ուժերը սխալ են հաշվարկել իմ ու Վիկտորիայի դեմ: Այդ ամենի արդյունքում ավելի ուժեղ ու ամուր ընտանիք ենք դարձել: Հնարավոր է, չգիտես էլ, թե որքան ամուր ես սիրում որեւէ մեկին, մինչեւ սերդ ինչպես հարկն է չեն ստուգում:


Չնայած հագեցած գրաֆիկին, Բեքհեմները կարողանում են համատեղ ընտանեկան հանգիստ անցկացնել, սոցկայքերում միմյանց հասցեին կատակներ անել, հատկապես Վիկտորիան է սիրում ամուսնուց գրավիչ լուսանկարներ տեղադրել: Առանձնահատուկ գեղեցիկ են նրանց համատեղ ֆոտոշարքերն ու ամսագրային շապիկները:

Իսկ վերջում բոնուս, թե ինչպես է Դեւիդը Վիկտորիային դիմավորում տանը: Վատ չէր լինի, որ մյուս ամուսիններն էլ նրանից սովորեին:



Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին