×


Վարվառա Շմիկովա․ Այն, ինչ իմն է, ինձնից երբեք չի փախչի

Ինչը կարող է ավելի հաճելի լինել, քան շաբաթ օրվա առավոտը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ռուս դերասանուհի Վարվառա Շմիկովայի հետ անցկացնելը: Մեծ նկարչի արվեստանոցում Bravo.am-ի համար խոսեցինք ամեն ինչից՝ բամբասեցինք կանացի թեմաներով, հասկացանք սիրո կարեւորությունը, հիշեցինք նրա ֆիլմերի նկարահանումների հուզիչ ընթացքը, անդրադարձանք Հայաստանի ու Սարյանի մոգական ուժին:

- Վարվառա, Ձեզ հետ հանդիպել ենք Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում՝ իմ, ինչպես պարզվեց, նաեւ Ձեր սիրելի վայրերից մեկում: Ինչպե՞ս եք այն բացահայտել Ձեզ համար:

- Առաջին անգամ մարտին եմ եղել այստեղ, Երեւան էինք եկել եւ առաջին 2 օրը բնակվում էինք Սարյան փողոցում, չէինք կարող չլինել թանգարանում: Ինձ անչափ դուր է գալիս նկարչի տեսլականը, գույները, նա հեքիաթային Հայաստան է բացում քո առաջ: Սա պարզապես թանգարան չէ, տան հաճելի տպավորություն է թողնում ու շատ ջերմ է: Հիանալի է, որ այսօր նորից Սարյանի թանգարանում ենք:

- Իսկ նրա աշխատանքներից ո՞րն եք ամենաշատը հավանում:

- Իմ ամենասիրելի նկարը «Քայլող կինն» է՝ ձեռքին մատուցարան: Այդ նկարով հեռախոսի պատյան ունեմ:

Վառվառա Շմիկովան


- Հայաստանում արդեն 3-րդ անգամ եք, ի՞նչն է Ձեզ նախորդ 2 անգամներն ու այս ամռանը բերել Երեւան:

- Առաջին անգամ մեր թատրոնի՝ «Իյուլանսամբլի» հետ 2019-ին հյուրախաղերի էինք, մեր վարպետ Վիկտոր Ռիժակովը մտերիմ է Ռուբեն Բաբայանի հետ, այցելել ենք Պատանի հանդիսատեսի թատրոն ու այնտեղի երեխաների համար վարպետության դաս անցկացրել: Ապա ներկայացում ենք խաղացել Ստանիսլավսկու անվան թատրոնում: Առաջին տպավորություններս այնպիսին էին, ասեք Եվրոպայում լինեինք: Մինչ այդ շատ անգամներ եղել էի Վրաստանում, ու թվում էր՝ Երեւանը նման կլինի Թբիլիսիին0: Միշտ նման մրցակցային կարծրատիպ կա, թե այդ երկու երկրներից որն է ավելի լավը, բայց զարմանալիորեն ինձ համար այդ մրցույթում հաղթեց Հայաստանը: Թեեւ շատ եմ սիրում Վրաստանն ու այնտեղ շատ հարազատ մարդիկ կան, առաջին հարսանիքս էլ այնտեղ ենք անցկացրել:

- Միգուցե երկրորդն էլ Հայաստանում կազմակերպե՞ք (ծիծաղում ենք - հեղ.):

- Հնարավոր է, քանի որ անչափ հավանում ենք Հայաստանը, բայց պետք է հասկանալ, թե բարեկամներին ու հյուրերին ինչպես ենք բերելու այստեղ: Մարդիկ շատ բացսիրտ են, պատրաստ միշտ օգնել, բախտներս այդ առումով շատ է բերել: Առաջին անգամ 2 օրով էինք եկել, բայց քանի որ Մոսկվայում գործեր չունեինք, մեկ շաբաթ մնացինք, մեքենա վարձեցինք ու ինքներս էին շրջագայում, եղանք Դիլիջանում ու Սեւանում: Այնքան էինք ամեն ինչ հավանել, որ ցանկացանք ամռանը նորից գալ: Ամուսինս՝ Դանյան այստեղ չէր եղել, նա էլ սիրահարվեց Երեւանին, ինչպես եւ որդիս՝ Կորնեյը, նա չի էլ ուզում մեկնել, քանի որ այստեղ ամեն ինչ երեխաների համար է: Հաճելի է, որ փոքրիկների նկատմամբ այդքան ուշադիր ու հոգատար վերաբերմունք կա:

- Այնպես ստացվեց, որ ներկա եղաք նաեւ «Ոսկե Ծիրանին» ու դիտեցիք Ձեր մասնակցությամբ «Չայկովսկու կինը» ֆիլմը:

- Պատահաբար իմացա, որ այստեղ գտնվելուս ընթացքում կինոփառատոնի օրերն են եւ ցուցադրվելու է Կիրիլ Սերեբրեննիկովի ֆիլմը, միանգամից հավատարմագրում ստացա: Անհավանական հաճելի զուգադիպություն էր, քանի որ ֆիլմը Ռուսաստանում արգելված է ու չեն ցուցադրում, իսկ Կաննում չէի եղել, երջանկություն էր այն Երեւանում դիտել:

Հասմիկ Բաբայանը եւ Վառվառա Շմիկովան


- Դիտումից հետո երկար չէի կարողանում քնել, գլխումս տարատեսակ մտքեր էին պտտվում, Դուք ի՞նչ տպավորություններ ունեիք:

- Կիրիլ Սեմյոնովիչին էլ գրեցի, որ ֆիլմից հետո ծանր տպավորություններ ունեմ, միանշանակ ինձ հուզում է Չայկովսկու կնոջ պատմությունը, ու այն, ինչ ֆիլմում արել է Ալյոնան (գլխավոր դերակատար Ալյոնա Միխայլովան - հեղ.) փշաքաղեցնող է, դա դերասանուհու ու ռեժիսորի մեծ վարպետության արդյունքն է: Բայց այն նաեւ միանշանակ պատմություն չէ, իր տրամադրությամբ մի քիչ համընկնում է այն ամենի հետ, ինչ հիմա կատարվում է աշխարհում: Հումորային լավ ու սուր պահեր էլ կային ֆիլմում, բայց ամբողջական տարբերակն ավելի երկար է, եթե այն դիտեինք, բոլորիս համար էլ ավելի ծանր կլիներ: Ես Սերեբրեննիկովի ֆիլմերի մեծ երկրպագու եմ, բայց դրանք դիտելն այնքան էլ հեշտ չի, նրա գործերում այլաբանություն կա մեր ժամանակի հետ, ինչը դրանք ավելի հետաքրքիր է դարձնում: Իսկ քանի որ ես այդպիսին եմ, ինչպես հայտնի ասացվածքում է՝ «Հետաքրքրասեր Վարվառայի քիթը շուկայում պոկել են» (ծիծաղում ենք - հեղ.), չեմ կարողանում կտրվել ու վախենալու դրվագների ընթացքում ավելի կլանված եմ լինում:

- Դուք էլ կաք ֆիլմի դրվագներից մեկում՝ Չայկովսկու քույրն եք, Ձեր ու Կիրիլ Սերեբրեննիկովի համատեղ 2-րդ աշխատանքն է, առաջինը «Պետրովները գրիմպովն» էր, որում Ձեզ միանգամից էր հաստատել՝ Ինստագրամի միջոցով: Իսկ այս անգամ ինչպե՞ս հայտնվեցիք ֆիլմում:

-Եթե ճանաչում եք Կիրիլ Սեմյոնովիչին, ապա գիտեք, որ նրա ֆիլմերում շատ են իր ուսանողները, թատրոնի դերասանները, գործընկերները, նա իր թիմն ունի, ու ինձ բախտ է վիճակվել նրանց թվում լինել: Այս անգամ քաստինգի եմ մասնակցել, միանգամից գրիմով ու կոստյումով եմ խաղացել՝ մոմերի լույսի տակ: Սերեբրեննիկովը շատ զգոն ռեժիսոր է ու մարդ, նա օգնում է ու ուղղորդում դերասաններին: Նկարահանումից հետո հիստերիկայի մեջ էի, բավական բարդ տեսարան էր 14 րոպե տեւողությամբ ու ամբողջը մեկ դուբլով է արվել: Նկարահանումներն արդեն մի քանի ամիս է ընթացքի մեջ էին, բոլորը 19-րդ դարի մթնոլորտով էին ապրում, երբ ես՝ 21-րդ դարի մայրիկս, երեխային տարել եմ մանկապարտեզ, իմ մեքենայով հասել տեղ, ու միանգամից կադրում հայտնվել: Դրա համար էլ իմ խոսքում կային մոսկովյան շեշտադրումներ, ու թվում էր, որ վատ իմաստով շատ եմ տարբերվել, սովորաբար ինքնաքննադատորեն եմ վերաբերվում ինքս ինձ: Երբ Կիրիլն ասաց. «Ստոպ, նկարած է», դրանից հետո 2 ժամ անդադար արտասվում էի՝ արցունքն աչքերիս զգեստափոխվել եմ, ամուսնուս հետ մեքենայով տուն գնացել ու պառկել բազմոցին: Կարծում էի՝ ամեն ինչ վատ է ստացվել, բայց հնչյունավորման արվեստի շնորհիվ ոչ մեկ չզգաց դա:

Վառվառա Շմիկովան


-Իսկ ինչո՞ւ է նա, ձեր կարծիքով, որոշել նկարահանել Չայկովսոկու կնոջ մասին:

- Սերեբրեննիկովն առհասարակ շատ է սիրում մարդուն: Չայկովսկուն, ինչպես մեր երկրում շատ հանճարեղ մարդկանց դեպքում է, սովոր են միայն մեծարել: Ֆիլմում շատ հետաքրքիր է նրան նայել ոչ թե որպես մեծ կոմպոզիտորի, այլ Պետենկայի, որն անտանելի էր: Երբ մենք էլ նոր ներկայացում ենք անում, կերպարներին ուսումնասիրում ենք բոլոր կողմերից: Խաղում ենք ոչ թե Պուշկին հանճարին, այլ ինչպիսին էր նա, ինչ բնավորություն ու վարք ուներ, այդպես էլ մոտենում ենք ցանկացածին:  

- Ալյոնա Միխայլովայի հետ նախկինում նկարվել եք ու ճանաչում էիք, Անտոնինայի դերում ի՞նչը հավանեցիք նրա խաղում:

- Ինձ շատ դուր եկավ ամպլիտուդը, որում նա կա ֆիլմում, որքան թեթեւ էր սկզբում, եթերային, լրիվ գրական հերոսուհի ու թե ինչպես է կյանքը նրան լրիվ փոխում՝ դարձնելով մռայլ ու մութ, անչափ հետաքրքիր էր այդ փոփոխությանը հետեւել: Հպարտ եմ Ալյոնայի համար:

Վառվառա Շմիկովան


- Ասել եք, որ «էպիզոդիկ դերերի թագուհի եք», գլխավոր դեր ստացել եք միայն 28 տարեկանում: Դժվա՞ր էր սպասել, թե գիտեիք, որ միեւնույն է՝ Ձեր ժամանակը գալու է:

- Երեւի թե չէի էլ մտածում այդ մասին, ես թատրոն ունեի, որն այն ժամանակ անհամեմատ շատ էր իմ կյանքում, հիմա միայն 2 ներկայացման մեջ եմ ներգրավված: Ժամանակ էլ չունեի, որ նստեի ու այդ մասին մտահոգվեի: Բայց կստեմ, եթե ասեմ՝ չեմ մտածել գլխավոր դերի մասին, որոնք թատրոնում էլ չունեի: Բայց այն թիմային աշխատանք է, ներկայացումը 1,5 ժամ է տեւում, ու ամբողջությամբ տրվում ես պրոցեսին, հաճույք էի ստանում իմ աշխատանքից: Կյանքը կարճ է, որ նստես ու տանջվես որեւէ դերի համար, ամեն ինչ լինում է իր ժամանակին: Վստահ եմ, որ այն, ինչ իմն է, ինձնից երբեք չի փախչի:

- Ու եկավ «Չիկի»-ի ժամանակը, որում Դուք գլխավոր դերերից մեկում եք: Այն բոլոր դերասանուհիներին հայտնիություն բերեց, ինչպե՞ս նրա մի մասը դարձաք:

- Էդիկին (ռեժիսոր Էդուարդ Հովհաննիսյան - հեղ.) ես ճանաչում էի, նա էլ է իր շուրջը հավաքել տաղանդավոր մարդկանց ՝օպերատորներ, հագուստի նկարիչ, դերասաններ, ընկերների խումբ է ձեւավորել: Դերերի համար քաստինգ չի եղել, ինքն է ընտրել բոլորիս: Սկզբում Իրինա Գորբաչովայի մոտ է գնացել, հետո՝ Իրինա Նոսովայի, մենք հանդիպել ենք Մոսկվայում գարեջրի շուրջ ու սեղանի թենիս էինք խաղում: Երբ ասաց, որ նման մտահաղացում ունի, միանգամից ասացի, որ նրա հետ եմ:  

- Բայց պատկերացնո՞ւմ էինք, որ այդքան հաջողված նախագիծ կդառնա:

- Երբ տեսնում ես, թե որքան մեծ քանակությամբ տաղանդավոր մարդիկ են հավաքվել մի տեղում ու թե ինչպիսի դերասանուհիներ են խաղում, հասկանում ես, որ ռումբ է լինելու: Իհարկե, նկարվելու ընթացքում մտքերն այլ բանով էին զբաղված, բայց տպավորություն կար, որ լավն է ստացվելու: Այն բոլորիս բարձրացրեց, ինդուստրիայի համար էլ մեծ գործ արեցինք, «Չիկի»-ի պես սերիալ մինչ այդ չկար:

Վառվառա Շմիկովան


- Իսկ ինչպե՞ս Լյուդային ստացաք, նա վառ է, գեղեցիկ, կերպարում զգացվում է նաեւ Ձեր էներգիան, նրան ի՞նչ եք տվել Ձեզնից:

- Էդիկը սցենարը 6 տարի է գրել ու վերջին 3 տարվա ընթացքում համապատասխանեցրել է մեզ: Հենց այնպես չէ, որ Ալյոնայի դերակատարը նման հարաբերություններ ունի տատիկի ու պապիկի հետ, կամ էլ իմ Լյուդան հենց այդպիսին է: Հերոսուհիներից ամեն մեկը կապ ունի մարմնավորած դերասանուհիների հետ: Չեմ կարող ասել, որ Լյուդան ես եմ, բայց նրա մեջ շատ բան կա ինձնից, մանկականություն, բայց որոշ պահերի նա էլ կարող է ամեն ինչ իր ձեռքը վերցնել: Սերիալում ցույց տվեցինք իրական մարդկանց անկեղծ հույզերը: Էդիկը ռիսկի գնաց՝ կադրում հայտնված մարդկանց 80 տոկոսը Պրոխլադնոյի բնակիչներն էին: Նրանք իրենց էներգիան ու պարզությունն են բերել սերիալին:  

- Միանգամից չէ, որ կարողացել եք նայել սերիալը, շատ եք հուզվել ու արտասվել, ի՞նչն էր պատճառը:

- Որովհետեւ առաջին մեծ դերս էր, բացի այդ էլ ընթացքում ամեն ինչ չէ, որ հարթ էր եղել: Յուրաքանչյուր սերիան ցուցադրվում էր չորեքշաբթի, իսկ Էդիկը մեր պրոդյուսերի հետ մոնտաժման սրահից դուրս էին գալիս այդ գիշերվա ժամը 4-ին: Բարդ մարաթոն էր նրանց համար, դրա համար բոլորս շատ էինք անհանգստանում: Առաջին երկու սերիան նայել եմ համարյա թե մատներիս արանքով, առաջինի ժամանակ անընդհատ աչքերիս արցունքներ էին, իսկ հետո անչափ հետաքրքիր էր հետեւել աղջիկների կյանքին ու հարաբերությունների զարգացմանը: Շատերն էին գրում ու 2-րդ եթերաշրջանի մասին հարցնում, մենք խոսել ենք այդ մասին, բայց այդքանով Էդիկի ասելիքն արդեն ավարտված է: Եթե շարունակություն գրի, լրիվ այլ բան կստացվի, եթե առաջինի դեպքում 6 տարի պետք եղավ, միանգամից չի ստացվի: Բայց եթե մեզ նոր բան առաջարկի, համոզված եմ՝ բոլորս նրա հետեւից կգնանք:

Վառվառա Շմիկովան


- Վերջերս խաղացել եք «Պլատոնովը ցավում է» ներկայացման մեջ, որում ներգրավված են շատ հայտնի դերասաներ: Ինչպիսի՞ աշխատանքային մթնոլորտ էր տիրում:

- Սաշա Մոլոչնիկովը երիտասարդ ռեժիսոր է, էներգիայով լի, խենթ, բայց փորձերին շատ լուրջ է վերաբերվում: Նա ներկայացման համար հավաքել է իր պես խենթ դերասանների: Փորձերն իմ սերն են, վայելում եմ այդ ընթացքը: Բոլորս սիրահարվեցինք միմյանց, տոնի պես էինք գնում, մեզ հետ բերում էինք շոկոլադ, կոնֆետներ, ջուր, ծխախոտ՝ ում մտքովն ինչ անցներ, անչափ հետաքրքիր էր:

- Իսկական աստղային կազմ է հավաքվել՝ Դուք, Վիկտորիա Տոլստոգանովան, Սվետլանա Խոդչենկովան, Եկատերինա Վառնավան, Մարիա Կարպովան:

- Այո, բայց դա չէր զգացվում, բոլորս շատ հասարակ մարդիկ ենք, բացի այդ էլ չեմ սիրում աստղ ձեւակերպումը: Մի անգամ փառատոններից մեկի ընթացքում խնդրեցի ինձ այդպես չանվանել: Իմ պատկերացմամբ, աստղը Ալլա Պուգաչովան է: Իսկ ներկայացման բոլոր դերասանուհիները՝ Կատյան, Վիկան, Սվետան առաջին հերթին հիանալի մարդիկ են, մեծ պրոֆեսիոնալներ եւ նրանց ոչ մի կարգավիճակ էլ պետք չի:

- Իսկ իրարից ինչ-որ բան սովորո՞ւմ եք կամ փորձերի ընթացքում օգնում:

- Իհարկե, առանց դրա չի լինում: Երբ խաղընկերոջդ սիրում ես, ուշադիր ես, դա էլ է օգնում: Երբ փորձերի ժամանակ նայում էի, թե ինչպես է աշխատում Վիկան, նրա առաջին մենախոսությունը հիանալի է, կամ ինչպես է Կատյան փորձում, նա սպանող մեքենա է, նույնն էլ Մաշան ու Սվետան են, բոլորի դերերն էլ տարբեր են, դրա համար ինձ հետաքրքիր էր հետեւել նրանց: Նայում ես, լցվում, բացի այդ էլ բոլորիս հումորի զգացումը հիանալի է, ծիծաղից մեռնում էինք, դա մտերմացնում է, միավորում ու օգնում: Բայց ամենագլխավոր պայմանը, որ որեւէ ներկայացում ստացվի, սերն է ու սերը:

- Ինչպե՞ս է ամեն մի դեր օգնել, որ նորովի բացահայտեք ու ճանաչեք ինքներդ Ձեզ:

- Ամեն աշխատանքի հետ հանդիպում ես նոր մարդու, որի մասին առաջ պատկերացում էլ չունեիր: Որոշ առումով հոգեթերապիայի է նման ու սկսում ես որոշակի հարցերի պատասխաններ գտնել: Ինձ համար անհասկանալի էր՝ ինչպես կարելի է պարզապես կին խաղալ: Չեխովի մոտ էլ այդպես է «Պլատոնովը ցավում է»-ի մեջ, մյուս կերպարները երկար բնութագրեր ունեն, իսկ իմ Սաշայի դիմաց միայն գրված է՝ կին, ու վերջ: Իսկական ընդվզում էր մոտս, թե ինչպես է դա հնարավոր, բայց ընթացքում հասկացա, որ հիանալի է պարզապես կին լինել: Ես անցել եմ դերի լրիվ մերժումից մինչեւ լիակատար ընդունումը: Սկզբնական փորձերի ժամանակ զայրանում էի, կատաղում, ոչինչ չէր ստացվում, քանի որ ես՝ Վարյան չէր կարողանում ասել. «Ես տնային տնտեսուհի եմ ու հպարտ եմ դրանով»: Ախր, լիովին համաձայն չէի այդ մտքի հետ, բայց անցավ մի ընթացք, հասցրի ամուսնալուծվել, ու երբ Սաշան նորից կանչեց խաղալ այդ դերը, արդեն նոր հարաբերություններ ունեի, 180 աստիճանով այլ մարդ էի դարձել ու ամեն ինչ ստացվեց:

Վառվառա Շմիկովան


-Ասացիք՝ ստացվեց, երբ փոխվեցիք, այսինքն՝ ինչ-որ առումով հերոսուհու մեջ նաեւ Դո՞ւք եք:

-Առաջին հերթին, իհարկե, ես եմ, որովհետեւ խաղում եմ ոչ թե հերոսուհուն, միշտ էլ ամեն մեկի դեպքում կարելի է տարբերվող կողմեր գտնել՝ խոսելու ձեւը, սանրվածքը, շարժումները, սակայն դրանք բոլորն էլ արտաքինին են վերաբերում: Բայց ես առաջին հերթին խաղում եմ կերպարի մտքերը: Եթե Աննա Կարենինա լինեմ, այն Վարյա Շմիկովայի տարբերակով է ստացվելու, դրանում էլ թատրոնի կախարդանքն է: Որքան են բեմադրել Շեքսպիրին, Տուրգենեւին, ցանկացածին, ամեն անգամ նորովի է ստացվում, որովհետեւ նոր մարդիկ են խաղում ու տարբերվող էներգիա բերում իրենց հետ:

-Հիմա ի՞նչ նախագծեր ունեք եւ կհամաձայնվե՞ք Հայաստանում էլ որեւէ աշխատանքում ներգրավվել:

- Մեծ սիրով, եթե որեւէ մեկն ինձ տեսնի ու հրավիրի, կամ էլ եթե ինքս նկատեմ լավ նախագիծ, մեծ սիրով կմասնակցեմ քաստինգին ու տեսանյութ կուղարկեմ, որովհետեւ Հայաստանում բարենպաստ ստեղծագործական մթնոլորտ է տիրում: Հիմա առանձնապես անելու բան չունեմ, փետրվարից 3-4-ին ներկայացում եմ ունեցել, ոչ մի նկարահանում չի եղել, իսկ հիմա մեծ նախագծերի շեմին եմ, բոլորն էլ արդեն հաստատված են:

- Մի քիչ կմանրամասնե՞ք, եթե գաղտնիք չեն ու կարելի է դրանց մասին պատմել:

- Սերիալներ են, մեկում գլխավոր դերերից մեկում եմ լինելու, նկարահանումները սկսվելու են դեկտեմբերին: Դեռ ժամանակ ունեմ հանգստանալու: Ինձ մոտ վերջին շրջանում փոփոխություն է տեղի ունեցել, անչափ աշխատասեր եմ, չեմ կարողանում լիակատար հանգստանալ, աշխատելու ընթացքն եմ անչափ սիրում: Գնացքի վագոններ չեմ բեռնաթափում կամ 6 ժամ նստած բարդ գործ անում, բայց վերանայել եմ հայացքներս ու, եթե կա հնարավորություն ամուսնուս ու որդուս հետ անցկացնել, այդպես էլ անում եմ:

Վառվառա Շմիկովան


- Դուք անսովոր ու պայթուցիկ էներգիա ունեք, որտեղի՞ց եք այն քաղում, թե՞ ներսից է գալիս:

-Երեւի ներսից է, բայց Դուք դեռ իմ մայրիկին չեք տեսել, նա 6 երեխա ունի, անհավանական ակտիվ է, սպորտային, գեղեցիկ: Ինձ թվում է, մի քիչ խնդիր ունեմ՝ միշտ միացած եմ, բացառություն է միայն քունը: Անգամ հիվանդ ժամանակ չեմ կարող պառկել, ինչ-որ բան կսովորեմ, կկարդամ, կհավաքեմ: Ուզում եմ հավատալ, որ այս աշխարհում հայելու պես եմ, երբ ինձ հետ լավ են վերաբերվում ու սեր տալիս, ես էլ պատասխանում եմ մարդկանց: Երեւանում ինձ վրա այս լավ եղանակն ու մարդիկ են ազդում ու հնարավոր չէ առանց ժպիտի քայլել, տխուր լինել կամ էլ չցանկանալ շփվել: Այդպիսի արեւային մարդ եմ (ծիծաղում ենք-հեղ.):

- Մարդկանց հետ շփվել իսկապես շատ եք սիրում, ի՞նչ եք տալիս նրանց ու ստանում փոխարենը:

- Շփումն ինձ համար տարբեր մոլորակների հանդիպում է, անկեղծ խոսելիս կարողանում ես լցվել դիմացինիդ շնորհիվ: Ինձ համար շփումը նման է թանգարան գնալուն՝ ոգեւորվում ես, մտքեր են ծնվում: Մարդկանց բացահայտելիս էլ նույն ստեղծագործական պահն է, էներգիաների փոխանակումը, կարող ես մի բան մտածել, գաղափար գտնել, որը հետագայում նոր բանի սկիզբ կարող է դառնա, էլ չեմ ասում, որ քեզ հուզող հարցերի պատասխաններ կարող ես գտնել:

-Ինչպե՞ս եք անցել Ձեզ սիրելու ու ընդունելու փուլերը, որ հիմա էլ կարողանում եք մյուսներին ոգեշնչել, որ լինեն ինչպիսին կան:

-Դա նույնն է, ինչպես դերասանական մասնագիտության դեպքում է՝ այն երբեք չի ավարտվում, չի լինում, որ մի օր հանկարծ նստես ու ասես՝ ինձ արդեն ընդունել եմ ու վերջ, ամեն օր ես փորձում: Աշխատանք է, որի վրա շատ հանգամանքներ են ազդում՝ երեխաների ծնունդը, քո սերը, աշխատանքը կամ աշխարհից լիակատար առանձին լինելը:  

- Բայց Ձեր դեպքում այդ ամենն այնքան էլ հեշտ չի եղել, ամեն վատ մեկնաբանության պատճառով հուզվել եք ու տխրել:

- Չեմ կարող ասել՝ հիմա վերջնական կետում եմ: Հասկացել եմ՝ որեւէ մեկին ինչ-որ բան ապացուցելու կամ էլ ցույց տալու կարիք չկա, ես գիտեմ, թե ինչ եմ անում, ինչպես ու հանուն ինչի, անծանոթ մարդիկ չեն կարող իմանալ իմ իրական էությունը: Միշտ կառչում եմ վատ մեկնաբանություններից, որոնք անթիվ են, բայց հետաքրքիրն այն է, որ բազմաթիվ դրական ու լավ խոսքեր էլ են գրում՝ սրտիս հասնող, հուզող, հաճելի, ու հպարտ եմ, որ խոստովանում են՝ իմ հարցազրույցի կամ տեսահոլովակի միջոցով օգնել եմ ընդունել իրենց: Բայց ցավալի է, որ հոգու խորքում միշտ բացասականն է մնում:

Վառվառա Շմիկովան


- Իսկ եղե՞լ են դեպքեր, որ ընդունել եք քննադատությունն ու հետեւություն արել:

- Ես սիրում եմ իրական քննադատությունը, միշտ լսում եմ ու կարդում խելացի մարդկանց: Նայում ես ինստագրամյան լրահոսը, բնականաբար, որեւէ բան կարող եմ եւ չհավանել, բայց ինչպես է հնարավոր այդքան վատ տեքստ գրել ու ուղարկել մարդուն: Ինքս չեմ դատում մարդկանց, արտաքինի մասին կարծիք չեմ կազմում, միայն լավն եմ նկատում: Մարդկանց ոչ ոք չի նախապատրաստում, որ իրենց կարող են նման սարսափելի մեկնաբանություններ գրել: Իսկապես չեմ վախենում ծիծաղելի լինել, սուր լեզու ունեմ, կարող եմ ինքս էլ պատասխանել, ամեն տեսակի հումորի սիրահար եմ, երբ ինձ անվանում են խարտյաշ գորտ, ուրեմն նմանեցնում են, ու բնավ չեմ նեղանում:

- Դուք Կորնեյի մայրիկն եք, ինչպե՞ս է նա Ձեզ փոխել ու նրա հետ ինչպե՞ս եք նորովի բացահայտում աշխարհը:

- Առաջին հերթին՝ համբերություն եմ սովորում, քանի որ ընդհանրապես նստակյաց չեմ: Երեխան այնքան շարժվող սուբստանցիա է, ամեն օր նորովի է փոխվում, ու նրա օրինակով հասկանում ես, որ կյանքն էլ այդպիսին է՝ ջրվեժի պես, չես կարող կանգ առնել որեւէ մտքի կամ գործի վրա: Դա արժեքավոր փորձ է ինձ համար, որպես դերասանուհի էլ միշտ շարժման մեջ եմ: Մեկ րոպեի ընթացքում պետք է 58 անգամ զարմանամ, որովհետեւ Կորնեյն ինձ անդադար ինչ-որ բան է ցույց տալիս ու չեմ կարող ամեն անգամ նույն կերպ արձագանքել: Երեխաներն ամեն ինչ զգում են, չեմ կարող ստել նրան, հոգեկան հաստոցս անընդհատ աշխատում է: Նրա հետ անչափ հետաքրքիր է, ներսիս երեխան միշտ ինձ հետ է: Կորնեյն այդ իմաստով հիանալի ընկեր է գտել, նրա մայրիկն եմ ու հենարանը, բայց ուզում եմ, որ նա ինձնից չվախենա ու չամաչի, այլ վստահի: Ամբողջ հղիությունն իմ կյանքի ամենահաճելի ժամանակն էր, միշտ եմ ակտիվ եղել, բայց նրա ծնունդից հետո էլ ավելի ակտիվ դարձա:

- Այս տարի Ձեր անձնական կյանքում փոփոխություն եղավ, Երեւանում եք սիրելիի հետ, ինչպե՞ս եք ծանոթացել ու հասկացել, որ կարող եք զույգ լինել:


- Դանյայի հետ 3 տարի ընկերներ ենք եղել, նա շատ լավ մարդ է, հայտնի դիջեյ Մոսկվայում: Հաճախակի է իմ ներկայացումներին եկել, բայց մտքներիս ծայրով էլ չի անցնել, որ ռոմանտիկ հարաբերություններ կունենանք: Երբ ամուսնալուծվեցինք Ժենյայի հետ՝ հիանալի կինոօպերատորի եւ արտակարգ հոր, շատ դժվար էր ինձ համար, 10 տարի միասին ենք եղել, ու ոչ մեկ չի սովորեցրել՝ ինչպես բաժանվել: Մենք շնորհակալ ենք իրար միասին անցկացրած ժամանակի համար, իրար շատ բան ենք տվել, հիմա էլ ջերմ հարաբերություններ ունենք, կարող ենք խորհուրդ հարցնել կամ պարզապես զանգահարել: Երբ արդեն միայնակ էի, շատ տարբեր մտքեր ունի, թվում էր՝ ամեն ինչ ավարտված է ինձ համար, մեծ սեր ունեցել եմ ու էլ չի կրկնվի, կկենտրոնանամ երեխայիս ու աշխատանքի վրա եւ դրանից հաճույք կստանամ: Բայց հոգու խորքում ռոմանտիկ եմ, հավատում էի այդ կայծին ու եւս մեկ պատմության, որն ինձ հետ պետք է տեղի ունենար: Դանյայի հետ շարունակում էինք շփվել, նույն առիթներին ու միջոցառումներին լինել, եւ մի անգամ Կորնեյի հետ քաղաքից դուրս էինք գնացել, նրան էլ հրավիրեցի միանալ մեզ: Եկավ ապրիլի 8-ին ու այդ օրվանից անգամ մեկ օրով չենք բաժանվել: Չգիտեմ էլ, թե ինչ է դա ու ինչ կատարվեց մեզ հետ: Համոզված եմ, որ ճակատագիր է, որովհետեւ նա էլ 10 տարի հարաբերություններ է ունեցել, բաժանվելուց հետո իմ պես մտածել: Սկսել է հանդիպել ոչ միայն ինձ հետ, այլ նաեւ Կորնեյի, ես մայրիկ եմ, ու նա դա հասկանում է: Որդիս չարաճճի է ու, եթե չհավաներ Դանյային, ինձ համար բարդ կլիներ, բայց իրար միանգամից սիրեցին:

Վառվառա Շմիկովան


- Գաղտնիքներ Ձեր մասին, որոնք կարելի է բացահայտել:

- Խոսելիս շատ եմ հայհոյում, իհարկե, ոչ նման զրույցների ժամանակ, բայց այդպիսի մեղք հաճախ եմ գործում (ծիծաղում ենք,- հեղ.): Կարող եմ չդիմանալ ու արտահայտվել: Շատ եմ սիրում լիմոնով «Ջերմուկ» խմել: Մնացած ամեն ինչը դեմքիս գրված է, ուրիշ գաղտնիքներ չունեմ:

- Ինչո՞ւ եք Ինստագրամում որպես Barbaraska գրանցված:

-Դեռ 12 տարեկանում այդ անունով էլեկտրոնային փոստ եմ բացել ու այդպես էլ մնացել է:

Վառվառա Շմիկովան


- Եթե մեկ երգ, ապա..

- Չգիտեմ ինչու, հիմա մտքիս Պուգաչեւայի «Սերը նման է երազի» երգը եկավ:

- Ներկայացո՞ւմը:

-Ընդմիշտ հիշողությանս մեջ կմա ամենավառ թատերական տպավորությունս՝ «Մաքբեթը» Սատիրիկոնում, ռեժիսոր՝ Բուտուսով:

- Ֆի՞լմը:


- «Մաքուր բանականության հավերժ փայլատակում»-ը:

- Դերասանուհի՞ն:

- Մերիլ Սթրիփ:

- Ռեժիսո՞րը:

- Հիմա թող Սերեբրեննիկովը լինի:

- Գի՞րքը:

- Եվգենի Վոդոլազկինի «Դափնին»:

Վառվառա Շմիկովան


- Ի՞նչն եք Ձեր մեջ պաշտում:

- Ծիծաղն ու հումորի զգացումը:

- Ի՞նչը կուզեիք փոխել:

- Ոչինչ:

- Ի՞նչ եք միշտ ուզել անել, բայց այդպես էլ չեք համարձակվել:

- Ցատկել օդապարիկից, հույս ունեմ՝ կանեմ, թեեւ վախենում եմ:

-Ի՞նչ է սերը Ձեզ համար:

- Երբ միայնակ որեւէ գեղեցիկ տեղում եմ, օրինակ՝ թանգարանում, մտածում եմ՝ ինչ լավ կլիներ՝ նա էլ հիմա այս ամենը տեսներ: Կիսել ամեն ինչ նրա հետ:

- Գեղեցիկ ստացվեց, ասես Love is մաստակների գրառում լինի (ծիծաղում ենք-հեղ.):

- Լրիվ: Կիսվել ու միմյանց տալ լավագույնը:

- Ինչո՞ւմ է կյանքի իմաստը:

- Բարդ հարց է, ոչ բլիցային: Մի այսպիսի միտք կա, կարծեմ Բալաբանովին է  պատկանում՝ «Գտնել քո մարդկանց ու հանգստանալ»: Երբ գտել ես քո ընտանիքը, քո ուղին, մասնագիտությունն ու դրանում կատարելագործվում ես, չես հակասում քո սկզբունքներին, դրանում էլ ամբողջ իմաստն է:

Վառվառա Շմիկովան


- Ի՞նչն է ամենաշատը զարմացնում:

- Մարդը:

- Վստահություն տալի՞ս:

- Շատ անվստահ մարդ եմ, միշտ անհանգստանում եմ, հուզվում․ երեւի՝ շփումը մարդկանց հետ:

- Ինչի՞ց երբեք չհրաժարվել:

- Ինքդ քեզնից:

- Եվ վերջում՝ ինչի՞ կենացը խմենք:

- Հայաստանի:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Շնորհակալություն ենք հայտնում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին՝ նկարահանման սրահ տրամադրելու համար:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին