×


«Երգարվեստն ինձ երբեւէ եկամուտ չի բերել»․ Մարատ Հայրապետյանը՝ նոր մասնագիտության, պատվոգրերի եւ ընտանիքի մասին

Նույն ինքը երգիչ-երաժիշտ, նույն ինքը նախարարի խորհրդական, նույն ինքը բժիշկ-բնաբան։ Այո՛, այս բոլոր թվարկումները Մարատ Հայրապետյանի, այժմ արդեն՝ Մարկ Մարատ Հայի մասին են։ Հայոց երկրի հայ շինարարին փառաբանող, դասական կեցվածքով երիտասարդից, սակայն, գրեթե ոչինչ այլեւս չի մնացել։ Նա փոխել է բնակության վայրը, արտաքինը, մասնագիտությունն ու մասամբ նաեւ անունը։

- Ոչ միայն շոու բիզնեսում, այլ առհասարակ կյանքում այդքան էլ հաճախ չի պատահում, որ մարդը մասնագիտական եւ ոճային այդպիսի կտրուկ փոփոխություններ անի, ինչպես Դուք։ Ո՞րն էր կերպարանափոխության պատճառը։

- Մասնագիտական փոփոխության հետ համակարծիք չեմ, որովհետեւ ես միշտ ասել եմ, որ, երբ 6 տարեկան էի, ունեի երկու երազանք՝ ուզում էի դառնալ երաժիշտ եւ բժիշկ։ Մի տարբերությամբ միայն, որ 6 տարեկանում ավելի շատ մտածում էի վիրաբուժության մասին։ Ինչո՞ւ չդարձա վիրաբույժ, այլ ընտրեցի բնաբան-բնաբույժի մասնագիտությունը։ Որովհետեւ ժամանակի ընթացքում հասկացա, որ ուզում եմ դառնալ մեկը, որն իր գործունեությամբ կարող է կանխել մարդկանց հայտնվելը վիրաբուժական սեղանին։ Խոր ակնկածանք ունենալով վիրաբույժների հանդեպ եւ իմ ընտանիքում ունենալով վիրաբույժներ՝ ես գիտակցեցի, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի մարդը չհայտնվի վիրաբուժական սեղանին։ Մասնագիտության ընտրությունը պայմանավորված էր նաեւ իմ անձնական խնդիրներով։ Նախ գիրացել էի եւ որեւէ կերպ չէի կարողանում վերադառնալ ցանկալի կազմվածքին։ Բացի այդ, ունեի լյարդի ճարպակալում, նյարդային համակարգի խնդիրներ, անքնություն։ Եվ, դժբախտաբար, դրանք կոնսերվատիվ միջոցներով չէին բուժվում, չնայած բազմաթիվ փորձեր արել էի։ Խնդիրները չէին կարգավորվում մինչեւ այն պահը, երբ սկսեցի խորությամբ ուսումնասիրել դիետոլոգիան, բնաբուժությունը եւ ամբողջությամբ փոխեցի սննդակարգս, ընտրեցի բուսական բնաբուժական մեթոդներ։ Իմ բոլոր խնդիրները մոտ 8 ամսվա ընթացքում սկսեցին կարգավորվել։


- Փաստորեն, «բժի՛շկ,  բժշկեա զանձն քո» մոտեցումն իսկը Ձեր մասին էր։

- Այո՛, իսկապես։ Տեսնելով արդյունավետությունը՝ հասկացա, որ առնվազն էգոիստական մոտեցում կլինի, եթե այս ամենը ես կիրառեմ միայն ինձ համար։ Սկսեցի խորապես ուսումնասիրել։ Տեսակով էդպիսին եմ՝ ուսման ծարավ, եւ որեւէ բան չի կարող ինձ կանգնեցնել նպատակիս հասնելու համար։ Դրա համար պետք են մի քանի պայմաններ․ առաջին հերթին՝ տաղանդ, որը տրվում է ի վերուստ։ Բայց դա բավարար չէ, եթե չունենաս նպատակասլացություն եւ աշխատասիրություն, որովհետեւ մենք գիտենք բազմաթիվ շնորհալի մարդկանց, որոնք ոչնչի չեն հասնում, քանի որ չունեն աշխատասիրոթյուն  եւ նպատակասլացություն, շատ շուտ հանձնվում են։ Ես կարծում եմ, որ ունեմ այդ ամենը, եւ սկսեցի խորապես ուսումնասիրել բժշկությունը։

- Որտե՞ղ ստացաք մասնագիտական կրթություն։

- Ինքնակրթությունը շատ եմ կարեւորում, որովհետեւ համարում եմ, որ որեւէ բուհ կամ որեւէ հաստատություն չի կարող ապահովել մասնագիտական որակները, եթե ինքդ հետաքրքրված չես քո ինքնակրթությամբ։ Բացի այդ, սովորել եմ The BodyMind Institute-ում՝ Կանադայում, ապա ամերիկյան ամենահին բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում՝ American school of Naturopathy: Այն ունի 103 տարվա պատմություն եւ ամենահեղինակավոր համալսարաններից է բնաբուժության ոլորտում։ Նույն հաստատությունում պաշտպանել եմ նաեւ իմ դոկտորական ատենախոսությունը։

- Քանի՞ տարի եք արդեն զբաղվում բժշկությամբ։

- Խորապես զբաղվում եմ 2012 թվականից, 2020 թվականին ավարտել եմ համալսարանը, իսկ այս տարի էլ դոկտորականը պաշտպանեցի։ Իսկ իմ առողջության կենտրոնը կա 2017 թվականից, մինչ այդ էլ աշխատում էի այլ կենտրոններում։

- Կարծես թե բավական հայտնի այցելուներ էլ ունեք։

- Այո, պարզապես ամերիկյան օրենքով նրանց անունները տալ թույլատրված չէ, բայց կարող եմ ասել, որ կան նաեւ հանրային մարդիկ՝ հոլիվուդյան աստղեր, դերասաններ, երգիչներ, կոնգրեսականներ, սենատորներ։


- Ի վերջո, հիմա ավելի շատ բժիշկ Մարատ Հայրապետյան, թե՞ երաժիշտ Մարատ Հայրապետյան։

- Կարծում եմ, սկզբում եղել է երաժիշտ, հետո բժիշկ եւ երաժիշտ, հիմա, կարծում եմ, ավելի շատ բժիշկ փուլում եմ։ Շատ մարդիկ ինձ փողոցում, երբ տեսնում են, ասում են՝ ինչո՞ւ չեք երգում, բայց ես պատասխանում եմ, որ համակարծիք չեմ, որովհետեւ երգում եմ, եթե կա համապատասխան գեղեցիկ միջոցառում կամ առիթ, պարզապես ամբողջ թափով չեմ զբաղվում երաժշտությամբ։



Ես ունեմ բարձրագույն կրթություն երաժշտության ոլորտում (գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի եւ սիմֆոնիկ-օպերային դիրիժորության ֆակուլտետները, ապա ասպիրանտուրան՝ «Երաժշտական արվեստ» «Կոմպոզիցիա» մասնագիտությամբ – խմբ․), հետեւաբար սա ոչ միայն մասնագիտություն է, այլեւ ապրելակերպ, նաեւ էություն։ Դա սպառվել չի կարող, այլ հարց է, որ հիմա ես այն լիարժեք չեմ կիրառում, որովհետեւ զբաղված եմ այլ գործունեությամբ։ Պետք է անկեղծ ասեմ, որ երգարվեստն ինձ երբեւէ եկամուտ չի բերել, ո՛չ հայաստանյան տարիներին, ո՛չ հետո, որովհետեւ իմ երգարվեստը երբեւէ կոմերցիոն չի եղել, ես երբեւէ ծնունդի, կնունքի, նմանատիպ առիթների չեմ մասնակցել, երաժշտությունը եղել է իմ եւ իմ ունկնդիրների հոգու սնուցումը։

- Անդրադառնանք Ձեր ամենահայտի «Հայոց երկրի հայ շինարար» երգին։ Ես երկու տեսակետ եմ հանդիպել՝ երգը եւ Ձեր երգեցողությունը հնաոճ է, խորհրդային, բայց մյուս կողմից էլ՝ հատկապես միջին տարիքի մարդիկ հավանում էին այդ ոճը՝ համարելով, որ պրոֆեսիոնալ եք երգում։ Դուք ո՞ր տեսակետն եք ավելի շատ լսել։

- Երկուսն էլ։ Ասեմ, որ միշտ ինձ վերաբերել եմ մեծ ինքնաքննադատությամբ, միշտ փորձել եմ հասկանալ դիմացինիս ճաշակից կամ ցանկությունից բխող քննադատությունը, քանի որ դրանք չեն եղել մասնագիտական եւ չէին էլ կարող լինել։ Քննադատությունները ճաշակից էին բխում՝ մեր ուզած ձեւով չի հագնում, անընդհատ փողկապ է կրում, Կոբզոնի պես է երգում։ Բայց փաստը մնում է փաստ, որ, այո՛, իմ ոճն ավելի շատ նման է եղել Խորհրդային Միությունից մնացած երգեցողությանը, որը պրոֆեսոնալ էր ու բարձրաճաշակ։



Մեր զրույցի սկզբում Դուք նշեցիք նաեւ արտաքին ոճի փոփոխությունը։ Այո՛, իմ կյանքում զարմանալիորեն եղավ նաեւ ոճային փոփոխություն։ Վերջին տասը տարվա ընթացքում տասը դեպք կարող եմ հիշել, որ փողկապ եմ կրել։

- Իսկ նախկինում սիրո՞ւմ էիք կրել։

- Այո՛, բայց այդ հարցում գուցե նաեւ ապրելակերպը, երկիրը նշանակություն ունեին։ Այստեղ ես, այսպես ասած, ինձ բռնացրի այն մտքի վրա, որ հագնում եմ շատ հարմարավետ հագուստ։ Միայն պետական նշանակության առիթներին եմ հագնում դասական եւ, որպես կանոն, փողկապ չեմ կրում։ Այնինչ Հայաստանում, կարելի է ասել, օրը 24 ժամ փողկապով էի։ Այստեղ ես տեսա, որ պետական այրերը միայն պետական առիթներին են հագնվում այդպես, մնացած դեպքերում՝ սպորտային։ Գիտե՞ք, շրջապատն ամեն դեպքում թելադրում է քո ապրելակերպը եւ ոճային փոփոխությունները։ Նախկինում բացարձակ չէի սիրում, որ մարդու դեմքին որեւէ մազածածկույթ լինի, բայց, ինչպես տեսնում եք, դա էլ փոխվեց։ Դրա համար, ինչպես ասում են, երբեք չի ասա երբեք։

- Իսկ նախկին Մարատից ի՞նչն է մնացել։ Ի դեպ, Մարկը զուտ ամերիկյան միջավայրի՞ համար է, թե Ձեզ էլ է ավելի հարազատ դարձել , քան Մարատը։

- Մարկի ավելացումն իմ անվանը պայմանավորված էր հետեւյալով։ Նախ Մարատ անունը շատ հազվադեպ կարող ես հանդիպել ԱՄՆ-ում, նույնն էլ վերաբերում է երկար ազգանվանը, եւ ես միշտ տեսնում էի , թե ինչ դժվարություններ են առաջացնում անվան եւ ազգանվան արտաբերումը։ Մարկը, իհարկե, ամերիկյան չէ,  այլ բիբլիական անուն է եւ անվանս ավելացավ այն հեշտացնելու համար։ Կար նաեւ այլ խնդիր․ երբ մարդիկ որոնում էին Մարատ Հայրապետյան, առաջին հերթին բերում էր իմ երաժշտական գործունեությունը, որը կարող էր շփոթմունք առաջացնել, եւ մարդը, որն ուզում էր ինձ դիմել որպես բժիշկ, չէր հասկանում՝ դա նո՞ւյն մարդն է, թե՞ ոչ։

- Հատկապես որ շատ անհավանական է երաժշտից բժշկի անցումը։

- Այո՛, այո՛, եւ Մարկի ավելացումը նպաոտեց, որ անցումն ավելի սահուն լինի։ Իմ շրջապատի բոլոր մարդիկ, իմ հարազատները, ընտանիքի անդամներն ինձ դիմում են Մարատ, Մարկ դիմում են օտարները։


- Խոսեցինք օտարներից․ մի դրվագի անդրադառնանք, որն ինձ շատ արտասովոր թվաց՝ Հոնդուրասի կառավարության կողմից պատվոգրի եք արժանացել։

- Այդ պատվոգիրը պայմանավորված է միջպետական, մասնավորապես՝ մշակութային կապերին ուղղված ջանքերով։ Ինչպես նաեւ բազմաթիվ այցելուներ ունեմ, ովքեր Հոնդուրասի քաղաքացիներ են։ Այդ ամենը հաշվի առնելով՝ այստեղի հյուպատոսությունը որոշեց այդ մրցանակով հանդես գալ։ Ասեմ նաեւ, որ պատվո հյուպատոս է հանդիսանում նաեւ հայազգի լեգենդար գեներալ Ջորջ Չիլինգարը, ամերիկյան ռազմական օդուժի գիտնական, պրոֆեսոր։ Նաեւ նրա ցանկությամբ ու միջամտությամբ Հոնդուրասի իշխանությունները որոշեցին հանդես գալ այդ մրցանակով։

-  Որքա՞ն ժամանակ է՝ ԱՄՆ-ում եք, այս ընթացքում վերադարձե՞լ եք Հայաստան։

- ԱՄՆ մշտական բնակության փաստաթուղթ ունեմ 2007-ից եւ տարին երկու անգամ այցելել եմ Հայաստան։ Գիտեք, որ 2010-2014թթ․ եղել եմ մշակույթի նախարարի խորհրդական, այդ ընթացքում շատ ավելի քիչ եմ այցելել՝ ժամանակի եւ զբաղվածության պատճառով։ Երբ դուրս եկա նախարարությունից, տեղափոխվեցի մշտական բնակության ԱՄՆ։ Վերջին անգամ Հայաստան այցելել եմ 2018 թվականին։

- Իսկ այդ զգացողությունն արդել կորե՞լ է, որ օտար միջավայրում եք, հատկապես, որ Ձեր նախկին հարցազրույցներում շատ ջերմ էիք արտահայտվում հայրենիքի մասին։

- Իսկապես Հայաստանն ու հայրենիքը սիրում եմ, նրանք իմ սրտում են, բայց, ի ուրախություն ինձ, ապրում եմ մի քաղաքում՝ Գլենդելում, որը սերտորեն կապված է հայրենիքի հետ, միայն պաշտոնական տվյալներով բնակչության 50 տոկոսից ավելին հայեր են, կան հայկական եկեղեցիներ, ամեն քայլափոխի լսվում է հայերեն խոսք, եւ դա մեղմում է կարոտն առ հայրենիք։ Մի կողմից էլ իմ տեսակով մի քիչ աշխարհի քաղաքացի եմ, կարող եմ ինձ լավ զգալ ցանկացած երկրում։


- Սոցիալական ցանցերի Ձեր էջերն ուսումնասիրելիս՝ նկատեցի, որ հաճախ եք ջերմ լուսանկարներ հրապարակում մայրիկի հետ։ Մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին։

- Ինքս դեռ ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ, ապրում ենք միասին՝ ես, մայրս եւ եղբայրս՝ Էդգար Հայրապետյանը։ Նա շատ հայտնի իվենթ փլեներ է, մասնագիտությամբ՝ իրավաբան, սահմանադրական իրավունքի մասնագետ, բայց չի աշխատում իր մասնագիտությամբ, միջոցառումներ է կազմակերպում աշխարհահռչակ արտիստների համար։ Մայրս մասնագիտությամբ մաթեմատիկ է, չի աշխատում իր մասնագիտությամբ։ Շատ կապված ենք իրար հետ, շատ ամուր ընտանիք ենք, սիրո ու համերաշխության մթնոլորտում, որը, կարծում եմ, բնական է։ Երբ մարդկանց հետ եմ ընկերանում կամ ծանոթանում, միշտ ուշադրություն եմ դարձնում այդ մարդու վերաբերմունքին իր ծնողների, իր ընտանիքի անդամների հանդեպ, որովհետեւ ես չեմ հավատում, որ եթե մարդն իր ընտանիքի նկատմամբ սիրալի ու ջերմառատ չէ, կարող է ազնիվ լինել օտարի հանդեպ։ Ինձ համար դա իսկապես նշաձող է՝ հասկանալու համար, թե որքանով է մարդը անկեղծ իր վերաբերմունքում։ Ես շատ եմ գնահատում ընտանեկան ջերմությունը եւ համոզված եմ, որ Աստծո օրհնությամբ այդպես էլ կշարունակվի։

Զրուցեց Անահիտ Փիլոսյանը
Լուսանկարները՝ Մարատ Հայրապետյանի անձնական արխիվից եւ Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին