×


«Մետաքսյա եռյակ»՝ ստեղծագործող կանանց միավորած յուրօրինակ արվեստը

Բատիկ աշխատանքների նուրբ ու յուրօրինակ աշխարհը միավորել է երեք ստեղծագործողների, որոնք իրենց գունագեղ ու ինքնատիպ գործերը որոշել են ներկայացնել մեկ ամբողջական ցուցահանդեսով։

«Սաղարթ» բրենդի հիմնադիր Արմենուհի Սաղդասարյանը, Գոհար Մաճկալյանը եւ Թանիա Մազեճեանը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում ներկայացել են «Մետաքսյա եռյակ» ցուցահանդեսի բացմանը։


Լիբանանահայ ստեղծագործող Արմենուհի Սաղդասարյանի առաջին ցուցահանդեսից հետո նրա եւ ընկերների մոտ միտք է առաջացել համատեղել աշխատանքները մեկ վայրում՝ միավորվելով ընդհանուր գաղափարի շուրջ։ Թեեւ ցուցադրված բոլոր աշխատանքները բատիկ են՝ նկարները ստեղծված են մետաքսի կամ այլ գործվածքի վրա, բայց ստեղծագործողներից յուրաքանչյուրի աշխատանքը տարբերվում է իր թեմատիկայով, ոճով, գույներով ու հեղինակային մոտեցմամբ։

Արմենուհի Սաղդասարյանը


Արմենուհի Սաղդասարյանն իր աշխատանքներում յուրովի է բացահայտում հայկական տառարվեստի եւ մանրանկարչության առանձնահատկությունները։ Նրա գործերում համադրված են հայկական զարդարվեստի նախշերը, կենդանակերպի, ինչպես նաեւ հայկական առասպելաբանության խորհրդանիշերը։ Այդպիսով նա իր ստեղծագործություններում նոր շունչ է հաղորդում հայ հնադարյան գրերին՝ ընդգծելով, որ թռչնագրերի հիմքում մեծ խորհուրդ կա։


«Քանի որ ես ծնվել ու մեծացել եմ Լիբանանում, ինձ վրա մեծ ազդեցություն են ունեցել արաբական մշակույթն ու գեղագրությունը, միշտ ցանկացել եմ նմանատիպ գործեր ստեղծել նաեւ հայկական տառերով։ Տարիներ շարունակ աշխատելով, փորձեր անելով՝ ի վերջո համարձակություն գտա ստեղծագործություններս հանրությանը ներկայացնելու։


«Սաղարթ»-ի մեր բոլոր ստեղծագործությունները ներշնչված են հայկական այբուբենից ու զարդարվեստից, որ հայ ժողովրդի դարավոր գոյության, հոգեւոր ու նյութական կյանքի մշտնջենական ընթացքն են ներկայացնում։ Ուրախ եմ, որ այս ցուցահանդեսն առիթ եղավ՝ երկրորդ անգամ ներկայանալու իմ գործերով»,- նշեց Արմենուհի Սաղդասարյանը։

Թանիա Մազեճեանի աշխատանքների թեմատիկան բազմազան է՝ աբստրակտ նկարչությունից, բնապատկերներից սկսած մինչեւ շատ հավակնոտ Մերիլին Մոնրոյի կերպար:


«Ես սիրել եմ նկարել եւ ունեցել եմ այդ շնորհը դեռ փոքրուց։ Երբ 11 տարեկան էի, Բեյրութի մեր դպրոցը մասնակցեց Ճապոնիայում կազմակերպված երեխաների նկարչական միջազգային մրցույթի, ու ինձ խնդրեցին, որ մի նկար նկարեմ։ Այդ մրցույթում ես գրավեցի 2-րդ տեղը, 10 000 երեխայի մեջ ես ստացա արծաթե մեդալը։ Իսկ Հայաստանում բատիկ սովորել եմ կարճ ժամանակում, սկսել եմ նկարել ու հայտնաբերել տեխնիկաները, մինչեւ հասկացա, թե մետաքսն ինչ է։


Գիտեք, ես մետաքսի վրա նկարելը համարում եմ մարտահրավեր, որովհետեւ այն շատ նուրբ աշխատանք է պահանջում մեզանից։ Ես սիրում եմ մարտահրավերներ, դրա համար կարողացա հասկանալ, սիրել, սիրահարվել մետաքսին։ Ես այն նմանեցնում եմ կնոջը․ շատ նուրբ է, բայց ինչքան էլ քաշքշես, ճոճես, նա չի կոտրվում, իր արժեքը պահում է (ժպտում է,- հեղ․)։ Իմ աշխատանքների թեմաները բազմազան են, մեկ ոճում չեմ սահմանափակվում, միշտ ազատ եւ համարձակ են իմ նկարներն ու գույները»,- նկատեց նա։

Թանիա Մազեճեանը


Իսկ ահա Գոհար Մաճկալյանի նկարներին նայելիս առաջին հայացքից կարող է հարց առաջանալ՝ արդյո՞ք այս աշխատանքները ձեռակերտ են։ Հեղինակն այդ գործերում կիրառել է նոր տեխնիկա, որտեղ փորձել է համադրել արվեստի մի քանի ճյուղեր՝ մանրանկարչական աշխատանքներից մինչեւ ճարտարապետություն, զարդաքանդակներ եւ այլն:


«Երկար տարիներ զբաղվել եմ բատիկով։ Սիրելով դեկորատիվ կիրառական արվեստը՝ իմ մեջ մեծ ցանկություն կար ծանոթանալու բատիկ ասվածի հետ։ Եվ երբ եկավ այդ ժամանակը, ուսումնասիրեցի, աշխատեցի եւ հասկացա, որ ես կարծես թե ծնվել եմ բատիկի համար, բատիկն էլ՝ ինձ համար։ Այն դարձավ իմ առօրյան, իմ կյանքը, ապրելակերպը։ Բատիկը շատ նուրբ տեխնիկա է, ինչպես մետաքսն է շատ նուրբ, ազնվական, եւ կարծես այդ երկուսն իրար գտել են։ Ես ցանկացա իմ ներդրումն ունենալ բատիկի տեխնիկայի մեջ եւ նոր մոտեցում մշակեցի, որ այսօր ներկայացնում եմ իմ գործերից մի քանիսում։ Այդ շարքը շարունակելու եմ, որովհետեւ նպատակ ունեմ ներկայացնել մեր հայկական եկեղեցիներն ու ձեռագրերը միաձուլված»,- ասաց Մաճկալյանը։

Գոհար Մաճկալյանը


Ցուցասրահի թափանցիկ պատուհաններից այն կողմ էլ մարդիկ անտարբեր չէին անցնում գունագեղ աշխատանքների կողքով։ Շատերը հենց այդ պահին էլ փոխում էին ճանապարհն ու մտնում ներս՝ ցուցահանդեսին ներկա լինելու, որն այդ առիթով բավական մարդաշատ էր շնորհանդեսի օրը։

Ցուցահանդեսը գործելու է մինչեւ օգոստոսի 31-ը ներառյալ, այնպես որ, դուք էլ կարող եք հասցնել ծանոթանալ երեք ստեղծագործող կանանց միավորած յուրօրինակ արվեստին։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին