×


Պրեմիերա Կամերայինում․Արա Երնջակյանը ներկայացնում է «Ծննդյան վկայականը»

Ո՞րն է հայ ժողովրդի ազգային գաղափարախոսությունը, որո՞նք են գլխավոր նպատակները, ի՞նչ ուղղությամբ պիտի առաջ շարժվել և որո՞նք են հիմնական խոչընդոտներն այդ ճանապարհին՝ այս հարցերի շուրջ կարելի է երկար մտորել, քննարկել, բայց արդյո՞ք դրանց պատասխանները սահմանված են ու ընդունելի են բոլորի համար։


Երևանի պետական կամերային թատրոնում այս թեմաների շուրջ զրույցները տարել են մինչև հայ ազգի ծնունդ և բերել հասցրել մինչև մեր օրեր՝ պատմական փաստերը, վկայությունները և դրանց շուրջ քննարկումներն ամփոփելով նոր ներկայացման մեջ։ Ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյանի բեմադրած «Ծննդյան վկայական» ներկայացման պրեմիերային ներկա է եղել նաև BRAVO.am-ը, լուսանկարել է բեմում ու հետնաբեմում, ինչպես նաև զրուցել հեղինակի ու դերասանների հետ՝ լսելու նրանց մտքերն ու մեկնաբանությունները։


«Սա մի վերլուծական խոսակցություն է հանդիսատեսի հետ, որտեղ փորձում ենք հասկանալ՝ ով ենք մենք։ Խնդիրն այն է, որ մենք հիմա շատ ծանր ու անորոշ իրավիճակում ենք գտնվում, անվստահություն կա բոլորիս մեջ։ Դա շատ վատ հետևանքների կարող է բերել և բերում է, շատերը գնում են երկրից։ Ես հիշում եմ՝ ժամանակին մենք հպարտանում էինք, որ հայ ենք, ամեն կերպ ու մի քիչ էլ մեծախոսությամբ ներկայացնում էինք, որ մեր ջուրն ամենալավն է, մեր կոնյակն ամենալավն է և այլն։ Հիմա դրա հակառակն է՝ մյուս ծայրահեղության մեջ ենք ընկել։ Բայց իրականում հայը մնում է հայ, մենք երեկ էլ էինք նույնը, այսօր էլ, և վաղն էլ ենք նույն հայը լինելու։ Դրա համար միտք առաջացավ հասկանալ՝ ով ենք մենք, ինչպես ենք հայտնվել այս երկրագնդի վրա և ինչ առաքելություն ունենք ի վերջո։ Այդպիսի շատ բարդ ու անհամեստ հարցադրումներ են»,- կեսկատակ ասում է ռեժիսորը՝ Արա Երնջակյանը։

Բեմադրության մեջ ընդգրկված են դերասաններ Ռաֆայել Երանոսյանը, Սենիկ Բարսեղյանը, Ներսես Մարկոսյանը, Ժորա Մարտիրոսյանը, Անի Լուպեն և Սոնա Մաթևոսյանը․«Եթե ներկայացումը քիչ թե շատ հետաքրքիր է հանդիսատեսի համար, ապա դա հիմնականում դերասանների խաղով է պայմանավորված (ժպտում է,- հեղ․)։ Բոլոր բացասական մասերն իմն են, դրա պատասխանատվությունը ես եմ կրում միանշանակ»,- անկեղծանում է ռեժիսորը։


Իրենք՝ դերասանները, խոսելով բեմադրության մասին, ընդգծում են, որ հանդիսատեսի հետ իրենց զրույցի ընթացքում փոխանցում են Երնջակյանի մտքերը, որոնք համեմված են պատմական հետաքրքիր վկայություններով, տեղ-տեղ՝ հումորով և, իհարկե, այդ ամենը ներկայացվում է երաժշտական ու պարային ինքնատիպ ձևավորմամբ։ Ռաֆայել Երանոսյանը մեզ հետ զրույցում ասում է, որ, եթե մարդիկ հասկանան ու ընկալեն այն մեսիջները, որոնք Երնջակյանն է ցանկացել փոխանցել, ապա շատերը կհամախմբվեն նույն գաղափարի շուրջ, կմեծացնեն այդ «ձնագունդը» և կհասցնեն իր նպատակին․

«2020 թվականից հետո, երբ բոլորիս մոտ եղան նույն զգացողությունները, մենք կոտրվեցինք, շատ բաներ մեր մեջ սկսեցինք բացահայտել, մեզ խաբված, անողնաշար ու անօգնական զգացինք շատ հարցերում, հենց այդ ժամանակ էլ ծնվեց այս ներկայացումը։ Երբ Երնջակյանը պատերազմից հետո առաջին անգամ կարդաց այս գործը, թատրոնի ամբողջ անձնակազմը չէր ներկա, շատ քիչ էինք, անկեղծ՝ բոլորս ասացինք․ «Արա Հարությունիչ, հա՞ որ․․․»։ Որովհետև շատ բան կա այս ներկայացման մեջ, ու ցանկալի կլինի՝ այն դիտեն նաև դպրոցականները, որոնց մոտ ազգային գիտակցությունը նոր է սկսում ձևավորվել, որ կարողանում են արդեն պատկերացում կազմել, ճիշտն ու սխալը հասկանալ»,- նկատում է դերասանը։

Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել՝ այս համոզմանն է Ներսես Մարկոսյանը, որ ներկայացման ամենատարբերվող կերպարներից մեկն է՝ իր բազմաթիվ յուրօրինակ հմտություններով։ Ասում է՝ որոշել են այս անգամ հանդիսատեսին շատ չներգրավել ներկայացման գործողություններում, որպեսզի կառուցվածքը չխարխլվի, եղած մտքերը կարողանան սահուն կերպով տեղ հասցնել։ Թեև երկխոսությունը հանդիսատեսի հետ Կամերային թատրոնում միշտ էլ ակտուալ է եղել, և «Ծննդյան վկայականն» էլ բացառություն չէ։ Պարզապես զրույցի ձևաչափն է այս անգամ տարբերվում։


Արա Երնջակյանի խոսքով՝ ներկայացումն արդեն ընդգրկված է թատրոնի խաղացանկում, բայց ստիպված են սեպտեմբերի սկզբին փոքրիկ ընդմիջում վերցնել, քանի որ Ռաֆայել Երանոսյանը մեկնում է հյուրախաղերի։ Նրա վերադարձից հետո «Ծննդյան վկայական»-ը մեծ թափով կվերադառնա թատրոնի խաղացանկ։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին