×


Ճկուն ռոբոտ, խելացի աղբաման. ԱրարատԲանկի աշխատակիցների երեխաները՝ տեխնոճամբարի մասին

Հուլիսի 25-ից օգոստոսի 3-ը երկրի ապագա իրական տերերը` 14-17 տարեկան խելացի պատանիները, հավաքվել էին Դիլիջանում։ Նրանց այստեղ էր բերել «Արմաթ» տեխնոլոգիական ճամբարը։ ԱրարատԲանկն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում «Արմաթ» տեխնոճամբար էր ուղարկել իր աշխատակիցների երեխաներին։ Նրանցից երեքն այսօր մեր հյուրն են եւ իրար հերթ չտալով ներկայացնում են ճամբարից ստացած վառ տպավորություններն ու նաեւ թե ինչ են սովորել եւ արել այդ օրերին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի տարածքում անցկացված տեխնոճամբարում։

9-րդ դասարանցի, 14-ամյա Վահագն Սուքիասյանն ասում է, որ այս ճամբարն առաջին հերթին օգնում է կողմնորոշվել` գնալ տեխնոլոգիական ճանապարհով, թե՝ ոչ։ Չնայած տղան տարվել է տեխնոաշխարհով, բայց դեռ հաստատուն է մնում իր որոշման մեջ՝ սա հոբբի կմնա, մասնագիտության բերումով ուզում է կյանքեր փրկել` բժիշկ դառնալ, իսկ ինժեներական կրթությունը միայն ի նպաստ կաշխատի ցանկացած մասնագիտության դեպքում։ 8-րդ դասարանցի Դավիթ Առուստամյանն ու 9-րդ դասարանցի Էլեն Կարախանյանը, հակառակը` հակված էին դեպի տեխնոաշխարհը, ճամբարից հետո ավելի հստակ որոշեցին՝ կդառնան տեխնոլոգիական ոլորտի մասնագետ։


Տեխնոճամբարին մասնակցող խմբերը հստակ առաջադրանքներ ունեին` պատրաստել ռոբոտ, որը կհաղթահարեր լաբիրինթոսը, ստեղծել խելացի աղբաման եւ գաղտնագրվող տուփ։ 14 հոգանոց թիմը, որտեղ ընդգրկված էին ԱրարատԲանկի աշխատակիցների զավակները, կատարեց 3 առաջադրանքն էլ, բայց պատանիների ստեղծած ռոբոտը, ցավոք, «չկարողացավ» մասնակցել մրցույթին. խնդիրը պատահական անհաջողությունն էր։ Մրցույթի նախորդ օրը անզգուշության հետեւանքով կոտրվեց այն համակարգիչը, որտեղ զետեղված էր ողջ ինֆորմացիան։ Բայց երեխաները չընկրկեցին։ Էլենը պատմում է, որ ողջ թիմով ամբողջ գիշեր նորից փորձեցին հավաքել ռոբոտը։ «Մի մասը կենտրոնացել էր տեխնիկական խնդիրների լուծման վրա, մյուս մասը` դիզայնի, բայց շարժիչի սխեման չհասցրինք վերջացնել»։ «Մի կարեւոր բան սովորեցի, որ աշխատանքը հաջողվում է, եթե թիմային է, եւ որ քո ապրանքներին պետք է ուշադիր լինես»,-հավելում է Վահագնը։


Ոչ պակաս հետաքրքիր է խելացի աղբամանի գաղափարը, հատկապես որ մեր քաղաքում մարդիկ հաճախ են ծխախոտի մնացորդն ու այլ աղբ գետնին գցում։ Վահագնը ու Դավիթը պատմում են` իրենց պատրաստած խելացի աղբամանը սովորականից տարբերվում է նրանով, որ երբ ձեռքդ մոտեցնում ես աղբ գցելու, այն ինքնուրույն բացվում է եւ «էստի համեցեք ասում» աղբին։ Էլենն էլ հավելում է, որ աղբամանի ստեղծումը նաեւ դիզայներական մոտեցում էր պահանջում։

Երեխաներին ոչ միայն տեխնոառաջադրանքներն էին դուր եկել։ Նրանք ոգեւորված պատմում են, որ այնտեղ սովորել են նաեւ ողջ մնալու արվեստը, ազգային երգ ու պար, զբաղվել ֆուտբոլով ու լողով, տիեզերքի մասին ֆիլմ դիտել։ Վահագնի կարծիքով՝ «Interstellar» («Միջաստղային ճամփորդություն») գիտաֆանտաստիկ ֆիլմի ցուցադրությունը շատ կարեւոր էր, քանի որ տեխնոլոգիաներից զատ արմաթցիները ձեռք են բերել գիտելիք բնապահպանական աղետի, եռաչափ եւ քառաչափ աշխարհի, սեւ խոռոչի մասին։ «Ոչ միայն խորացված ռոբոտաշինություն էր, մենք նաեւ ՈՄԱ-ի հետ ուսումնասիրում էինք ողջ մնալու արվեստը` լեռնամագլցում, առաջին բուժօգնություն, կրակային պատրաստություն եւ տակտիկա։ Շատ հետաքրքիր էր, եթե առիթ լինի, անպայման էլի կմասնակցեմ»,-ասում է գեղեցկուհի Էլենը։

Դավիթն էլ հավելում է, որ ճամբարն իրեն տվել է նոր ընկերներ, սովորեցրել, որ պետք է թիմային լինել, աշխատել միասին եւ չընկճվել։


Վահագնին նաեւ ֆուտբոլի մրցումներն են դուր եկել, ասում է` 14 տարեկաններով վատ չէին խաղում 17 տարեկանների թիմի դեմ, 2-րդ տեղը զբաղեցրին։ Նրան նաեւ Կարնո քոչարին է տպավորել։

Էլենին շատ է դուր եկել ազատությունը, որ տնից հեռու ստացել էին։ Ինքնուրույն որոշումներ կայացնելը բավականին պատասխանատու, բայց նաեւ հաճելի է թվացել փոքրիկ գեղեցկուհուն։

Բժշկի մասնագիտությունը նախընտրող Վահագն էլ ասում է, որ հնարավորության դեպքում էլի կմասնակցեր «Արմաթի» մրցույթին։ Շատ նոր գաղափարներ ունեին, որոնք կարող են մեր կյանքը դեպի ավելի լավը փոխել։ Իսկ միասին դրանց իրագործումն ավելի իրական է թվում։


Ջոկատը, որում ընդգրկված էին ԱրարատԲանկի աշխատակիցների երեխաները, ղեկավարում էր ընկեր Հովհաննեսը։ Նա ասում է, որ երեխաները բավականին դրական տպավորություն են թողել։ «Նրանք աչքի էին ընկնում իրենց աշխուժությամբ, մասնակցում էին միջոցառումներին, մեկ-մեկ էլ ժիմ եւ սագաքայլ էին անում՝ ուշացումների եւ այլն բաների պատճառով»,-նշում է ընկեր Հովհաննեսն ու ժպտալով հավելում, որ եթե նրանք կարդան, հաստատ կհասկանան` ինչի մասին է խոսքը։

«Ես դեռ երկար կկարոտեմ այդ օրերը»,-խոստովանում է նա։

Հեղինակ՝ Սառա Գալստյան
Լուսանկարները՝ Անի Ղազարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW