×


«Զանգեցի եւ ասացի, որ փոշմանել եմ ամուսնանալ». Նիկոլայ Ավետիսյանի ու Կարինե Տերտերյանի հարսանիքի հետաքրքիր դրվագները

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Նիկոլայ Ավետիսյանն ու լրագրող Կարինե Տերտերյանն արդեն մի քանի օր է՝ ամուսիններ են: Հիմա նրանք իրենց մեղրամիսն են վայելում Եգիպտոսում, բայց դա չի խանգարել, որ զրուցեն BRAVO.am-ի հետ ու պատմեն իրենց հարսանիքի անմոռանալի պահերի մասին:

- Ինչո՞վ ամեն մեկիդ համար առանձնացավ հարսանիքն ու ինչպե՞ս կհիշվի:

Նիկոլայ. Իմ ու Կարինեի նպատակներն ու պատկերացումները համընկել են: Սկզբից էլ ցանկացել ենք տիպիկ հայկական ու ավանդական հարսանիք ունենալ՝ զուռնա-դհոլով ու Արամ Ասատրյանի երգերով, սովորույթներն էլ ենք պահպանել: Սկզբից մինչեւ վերջ մեր բոլոր հյուրերը պարել են եւ ուրախացել, ինչն ամենաշատն էինք ուզում: Իհարկե, մեր օրն էր, բայց կարեւոր էր, որ այն մեզ հետ կիսեն ընկերներն ու հարազատները: Դրա համար էլ ստացվեց հենց մեր ուզածի ու պլանավորածի պես:

Կարինե. Ամբողջ հարսանիքը ես ու Նիկոլայն ենք կազմակերպել՝ առանց օգնողների, անգամ մինչեւ նախորդ գիշերը ժամը 1:48-ն այդ աշխատանքներով ենք զբաղված եղել: Զանգահարում էին ու հարցնում, թե գիշերվա կեսին որտեղ եմ: Իսկ մենք հյուրերի ցուցատախտակն ենք տարել ու տեղադրել ռեստորանում: Ամեն ինչ երկրորդ անգամից էր միան ստացվում, չգիտեմ՝ այդ օրերին տիեզերքն ինչպես էր պտտվում, բայց միանգամից ոչինչ չէր լինում: Մտածում էինք, որ հարսանիքի օրն էլ է ամեն ինչ այդպես բարդ լինելու, բայց այն կատարյալ անցավ ու գծածի պես. ոչ մի թերություն ու բացթողում չեղավ:


Նիկոլայ. Ամեն ինչ այնքան էր երկու անգամից եղել, որ մեր կյանքը պատկերացնում էինք արդեն Ֆորդ Բոյարում, եւ ամեն հաղթահարած դժվարության համար Պասպարտուն բանալի էր հանձնում: Այդպես էլ փորձություններն անցնելով էինք առաջ գնում:

- Կարինե, հարսանիքի օրը որոշել եք մի քիչ խաղալ Նիկոլայի նյարդերի հետ. զանգահարել ու ասել եք, որ փոշմանել եք:

Կարինե. Նստած սպասում էինք, որ Նիկոլայենք գան իմ հետեւից, պարապ էինք մնացել ես, հարսնաքույրն ու նկարահանողը: Դիմահարդարմանս ու սանրվածքիս մասին իրեն պետք է կարծիքս հայտնեի, եւ այդ ժամանակ էլ միտք ծագեց նման կատակ անել: Ամեն ինչ իսկապես իդեալական էր, բայց քանի որ նախկինում երբեք չէի հավանել ոչ մի դիմահարդարում, որոշեցի դրանից սկսել, որ հաջորդ ասածս էլ համընկնի: Ասացի, որ ոչինչ դուրս չի գալիս եւ որ փոշմանել եմ ամուսնանալ, գիտեի՝ կհավատա, քանի որ խառը բնավորություն ունեմ եւ շատ փոփոխական եմ: Այնպես չէ, որ դրանից որեւէ բան կփոխվեր, պարզապես ուզում էի, որ այդ լարվածությունը մտնի մեջը: Ճիշտ էլ գուշակել էի՝ հավատաց, ու քանի որ լուրջ ընդունեց ամեն ինչ, ասացի՝ կատակում եմ:

- Նիկոլայ, իսկապե՞ս այդքան հեշտ հավատացիք:

Նիկոլայ. Իհարկե, չեմ հավատացել, որովհետեւ Կառային շատ լավ գիտեմ: Նույնիսկ նշանադրության օրը չգիտեր, որ անակնկալ եմ պատրաստել իր համար թատրոնում, բայց լարված էր ու չէր ուզում գալ. սիրտը մի բան գուշակում էր: Բայց համոզեցի, ու ամեն ինչ ստացվեց: Բայց երբ ասաց, որ փոշմանել է, իր սկսած խաղը շարունակեցի:

Կարինե. Էլ մի, էլ մի, հավատացիր (ծիծաղում ենք, -հեղ):

Նիկոլայ. Նախ միայնակ չէի, դրա համար այդպես արտահայտվեցի, բայց մի քիչ զայրացա, որ այդքան պատրաստվելուց հետո նման բան է ասում: Թեեւ չեմ հավատացել, բայց նեռվը կար: Մտածեցի՝ Կառան կարող է նման բան անել, իրենից սպասելի է:


- Շատ պատասխանատու ու բարդ է հարսի զգեստ ընտրելը, Կարինե, ինչպե՞ս եք կողմնորոշվել ու Ձեր ընտրությունը կատարել: Գեղեցիկ տեսք ունեիք:

Կարինե. Երբ անգամ դեռ հարսանիք չէինք պլանավորել, Նիկայի հետ տարբեր հարսի շորեր ենք քննարկել, ու միշտ չենք հավանել ուռած ու մեծ շորերը: Երբ եկավ զգեստ ընտրելու պահը, ուզում էի, որ երկուսիս դուրն էլ գա: Մայրիկիս ու սկեսրոջ հետ ենք ընտրել, բոլորն ասում էին՝ շատ հասարակ զգեստ է, քանի որ այն պետք է փայլի ու շողա, բայց ես գիտեի, որ Նիկոլայն էլ կհավանի այս տարբերակը: Ուզում էի մինիմալիստական լինի՝ առանց քարիկների ու փայլերի: Առաջին դեպքն էր, որ հավանեցի նաեւ իմ դիմահարդարումը, մազերս էլ հավաքած էին, ինչպես Նիկոլային է դուր գալիս:

- Նիկոլայ, երբ առաջին անգամ տեսար հարսին, այդ պահը բավական առանձնահատուկ է փեսաների համար, ի՞նչն ամենաշատը հավանեցիր:

Նիկոլայ. Շատ ու քիչ չի լինում, եթե մարդուն սիրում ես ու նա քեզ համար կարեւոր է, ամենօրյա զգեստով էլ կհավանես: Բայց երբ տեսա Կարինեին, զգացի, որ շատ-շատ է պատրաստվել այդ օրվա համար, այնպիսի հագուստ էր ընտրել, որն իրեն կատարելապես սազում էր: Ամեն ինչ իմ սրտով էր արել: Սովորաբար Ինստագրամում միասին reels-եր էինք նայում ու Կառան միշտ հարցնում էր, թե ե՞ս էլ կարտասվեմ իրեն տեսնելիս: Վստահեցնում էի, որ անպայման, անգամ գլիցերին կվերցնեմ, որ արցունքներ լինեն:  

- Բայց Դուք՝ դերասաններդ, կարողանում եք, չէ՞, անհրաժեշտ պահին արտասվել:

Կարինե. Միշտ ասում է՝ իրական կյանքում չի կարողանում խաղալ:

Նիկոլայ. Ոչ, կյանքում դերասանները ամենաբարդույթավորված մարդիկ են, անկեղծ եմ ասում: Երբ նրան տեսա, խառնվեցի ու մինչեւ եկեղեցի հասնելը չէի գիտակցում, թե ինչ է կատարվում. նման պահերին միշտ լարվում եմ: Իրադարձություններն այնքան արագ էին, ես էլ խամ, դե, առաջին հարսանիքս է (ծիծաղում ենք, -հեղ): Երբ առաջին անգամ տեսա հարսի շորով, լարվածությունից ապուշ հումոր արեցի. «Կառ, հիմա պե՞տք է լացեի»: Բայց ներքուստ աննկարագրելի զգացողություններ ես ունենում, չես կարող բացատրել: Հասկացա մի կարեւոր բան, որ իմ առջեւ սպիտակ զգեստով մեկն է, ում մասին միշտ երազել եմ ու մտածել, եւ հենց նա է կյանքիս կեսը:


- Կարինե, բա Դուք ի՞նչ զգացիք, երբ Նիկոլայը ներս մտավ:

Կարինե. Նիկայի կերպարն ինձ համար անսպասելի էր, իրեն առաջին անգամ էի տեսնում մազերը հետ սանրած: Երբ ներս մտավ, լրջություն նկատեցի, երեւի, տեսքին գումարվել էր նաեւ այն միտքը, որ ամուսնանում ենք: Բայց լրջությունն առաջին հերթին ասոցացնում եմ իր մազերի հետ:

Նիկոլայ. Ինչ լավ է հարցազրույց արեցիք, նոր եմ իմանում այս մասին (ծիծաղում ենք, -հեղ):

- Հատո՞ւկ էիք նման սանրվածք ընտրել, որ տարբերվող լինեք հարսանիքին:

Նիկոլայ. Անկեղծ, նման բաների մասին չեմ էլ մտածել, անգամ չգիտեի՝ որտեղ մազերս կտրեմ ու ինձ կարգի բերեմ: Մեկ օր առաջ եմ պատահաբար սալոն ընտրել ու ուզեցի մազերս կողքի սանրեն, բայց վարսավիրն առաջարկեց հետ տարած տարբերակը: Այդ առավոտյան դեռ չէի գիտակցում, որ ամուսնանում եմ, բավական անլուրջ էի, միայն եկեղեցում ամեն ինչ իր տեղն ընկավ:

Կարինե. Փաստորեն վարսավիրն է այդ լրջությունը հաղորդել քեզ (ծիծաղում ենք, -հեղ):

- Եթե ամեն մեկդ հարսանիքից մի պահ ընտրեք, ո՞րը կառանձնացնեք:

Կարինե. Ես կասեմ, մինչեւ ինքը մտածի: Երբ բոլորն արդեն բավական խմած էին, Նիկան էլ՝ այդ թվում, ինձ սթափ էի պահում, որովհետեւ այդ գիշեր մեր թռիչքն էր: Ոչ մեկն էլ մեզ ուշադրություն չէր դարձնում, բոլորն անմոռաց պարում էին, մի պահ եկանք սեղանի մոտ, որ շունչ առնենք, ու Նիկան մեր կենացը խմեց երկար ճառով: Այդպիսի բառեր նրանից երբեք չէի լսել, ասաց, որ նոր կյանք ենք մտնում, ամեն ինչ արդեն փոխվել է ու ամեն ինչ էլ ավելի լավ է լինելու, քանի որ ուրիշ նպատակներ են ձեւավորվում: Շատ տպավորվեց այդ պահը, երբ սթափ չես լինում, ավելի անկեղծ ես խոսում, ու այդ ամբողջ աղմուկի մեջ կյանքիդ ընկերը քեզ կարեւոր խոսքեր է ասում:

Նիկոլայ. Այդ օրը Կարինեն այնքան ուրախ էր, որ նախկինում երբեք նրան այդպիսին չէի տեսել: Մանավանդ գործից հետո տխուր է լինում, Դուք էլ եք լրագրող ու կհասկանաք՝ աշխարհի բոլորի դարդերը վերցնում եք ձեզ վրա: Բայց հարսանիքին անչափ երջանիկ էր, կփորձում այնպես անել, որ իրեն միշտ այդպես զգա:


- Ի՞նչ կմաղթեք իրար հետագա կյանքի ընթացքում:

Նիկոլայ. Կուզեմ մեր համատեղ կյանքը լինի ուրախ, եւ կապ չունի, թե ինչերի միջով կանցնենք ու ինչ փորձություններ կլինեն: Այնպիսի մարդիկ ենք, որ անընդհատ իրար բացահայտում ենք, ամեն օր նոր բաներ գտնում: Ուզում եմ մեր կյանքը երջանիկ լինի:

Կարինե. Ուզում եմ մեր համատեղ կյանքն այնպես դասավորվի, որ արտաքին կոնֆլիկտներն ու խոսակցությունները չներխուժեն եւ չանդրադառնան մեզ վրա, իրար թեւ ու թիկունք լինենք եւ ցանկացած բացասական էներգիա դուրս վանենք:

Նիկոլայ. Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ընկերներին ու հարազատներին, ովքեր այդ օրը մեր կողքին էին, նրանց ներկայությունը կարեւոր էր, քանի որ ընտանիքը պետք է լավ մարդիկ ունենա իր շուրջը, առանց նրանց այսպիսին չենք լինի: Բոլորը մեր կյանքում կարեւոր դեր ունեն:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ անձնական արխիվից
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին