×


Դիանա Ղազարյանը

«Նշանավոր կանայք, աստղերը սիրում են իմ բրենդը, եւ դա շա՜տ հաճելի է». դիզայներ Դիանա Ղազարյանի հավաքածուն՝ 1 օր Երեւանում

Դիզայներ Դիանա Ղազարյանը սիրելի գործով զբաղվում է իր ողջ գիտակցական կյանքում։ Ինչպես ինքն է ասում, դրա մասին երազել է դեռ 7 տարեկանից, իսկ արդեն պրոֆեսիոնալ գործունեություն ծավալել  է 19 տարեկանից, երբ ներկայացրել է իր առաջին հավաքածուն։ Ի դեպ, այդ հավաքածուն բարձր գնահատականի է արժանացել նորաձեւության առաջատար այնպիսի վարպետի կողմից, ինչպիսին Վյաչեսլավ Զայցեւն է։ 10 տարուց ավելի է՝  դիզայների հագուստները  կրում են բազմաթիվ կանայք ամբողջ  աշխարհից։ Բրենդի կենտրոնը Պյատիգորսկում է, որտեղից հենց դիզայներն ինքն է։ Սակայն նրա անունը հայտնի է հարազատ քաղաքի եւ Ռուսաստանի սահմաններից էլ անդին։ Նրա մշտական հաճախորդներից է հմայիչ, աշխարհահռչակ իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին։ Մեր հայրենակցուհու խոսքով՝ իր համար ամենակարեւորը գործի որակն է:

«Իմ նշանաբանն է՝ անթերի որակը նորաձեւ է միշտ, այն ամենակարեւոր դերակատարությունն ունի։ Պրոֆեսիոնալ գործունեությանս մեջ առաջնայինը ապրանքի որակն ու դետալների հանդեպ ուշադրությունն է՝ նյութը, կցամասերը, գծակարերի ճշգրտությունը»,- նշել է դիզայները։

Զգեստը՝ Դիանա Ղազարյանի հավաքածուից


Բրենդը հայտնի է հատկապես իր կոկտեյլային եւ երեկոյան զգեստներով, կորսետներով։ Ինչպես Դիանան է ասում՝ բոլոր կանայք էլ սիրում են գեղեցիկ հագնվել, ուշադրության կենտրոնում լինել, իսկ իր բրենդի զգեստը կրող կնոջն անհնար է չնկատել. «Նշանավոր կանայք, աստղերը սիրում են իմ բրենդը, եւ դա շա՜տ հաճելի է։ Նրանք բոլորն էլ նկատում են որակն ու օրիգինալությունը, իսկ դա ամենակարեւորն է։ Կարող եմ վստահորեն ասել՝ այդ ամենին հասել եմ երկար ու նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ»։

Բրենդի «ընկերուհիների» թվում են դերասանուհի Օռնելա Մուտին դստեր՝ Նաիկեի հետ, ֆոտոմոդել-հաղորդավարուհի Վիկտորիա Լոպիրյովան, թրավել-բլոգերներ Իրինա Չերուտին եւ Կարոլինա Միտեսը, հեռուստահաղորդավարուհիներ Կսենիա Բորոդինան եւ Ալիսա Լոբանովան, երգչուհի Պոլինա Գագարինան, նորաձեւության այնպիսի ազդեցիկ դեմքեր (fashion influencer), ինչպիսիք են՝ Ալսու, Անի Վարդանյան, Գալյա Յուդաշկինա, Օլգա Բուզովա, Կետի Տոպուրիա, Մարիա Կաժեւնիկովա, Յուլյա Բարանովսկայա, Նատալյա Օսմանն, Վերոնիկա Օրխիդ, Աննա Խուդոյան, Սինթիա Աբու Նասսար Գեյթ, Մաշա Լոբանովա եւ հանրային բազում այլ անձինք։


Դիանա Ղազարյանը մեկ անգամ չէ, որ եղել է Հայաստանում, թեեւ առաջին այցելությունը 24 տարեկանում էր։ Իսկ 9 տարի առաջ նա հայրենիք բերեց իր «Ծիրանի ծառ»  հավաքածուն, որը նվիրված էր հենց Հայաստանին։ Ասում է՝ թեպետ հավաքածուն փոքրիկ էր, բայց մեծ հոգի էր ներդրել՝ հայրենիքի հանդեպ սերն ու ջերմ վերաբերմունքն արտահայտելու համար։

Այս անգամ նա Երեւան կբերի զգեստներ տարբեր հավաքածուներից, որոնք կներկայացնի սեպտեմբերի 17-ին, ժամը 14:00-ից «Ալեքսանդր» հյուրանոցում կայանալիք Showroom-ում։

Ի դեպ, մուտքն ազատ է, այնպես որ, մեր հայրենակցուհու նորաձեւության արվեստի սիրահարները կարող են անմիջականորեն առնչվել ու ծանոթանալ այդ ամենին։

Օռնելա Մուտին՝ դիանա Ղազարյանի հեղինակած զգեստով


«Բրենդն արդեն 10 տարեկան է, բայց շատ զգեստներ այդպես էլ չեն կորցնում իրենց արդիականությունը։ Մենք կբերենք բազմաթիվ զգեստներ նախորդ հավաքածուներից, սակայն ժամանակից շուտ, հատուկ Երեւանի համար ես կցուցադրեմ իմ նոր հավաքածուն. այդպիսի բան երբեք չեմ արել։ Այդ նոր հավաքածուից նույնիսկ համացանցում ոչինչ ու ոչ մի «կտոր» չեմ տեղադրել, այնպես որ այն ցուցադրվելու է առաջին անգամ եւ Երեւանի համար»,- ընդգծեց Դիանան։

Զգեստը՝ Դիանա Ղազարյանի հավաքածուից


Ինչ վերաբերում է ապագայի ծրագրերին, ապա դրանք, ինչպես միշտ, շատ են։ Դրանց մասին, սակայն, մեր հայրենակցուհին չխոսեց՝ ամեն ինչ իր ժամանակին։ Ի դեպ, դա էլ է Դիանայի նշանաբաններից։

«Առայժմ կարեւորն այցելությունն է Հայաստան, այնպես որ սպասիր ինձ, Երեւա՛ն»,- ամփոփեց նա։

Նորություններին կարող եք հետեւել դիզայների ինստագրամյան էջում՝ https://www.instagram.com/d_gazaryan/

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին