×


Հին Հայաստանի գանձերը՝ Նիդերլանդներում, դեսպանի գրառումը եւ տարվա 10 լավագույն ցուցահանդեսների շարքում հայտնվելը

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսն իր թվիթերյան էջում երկլեզու գրառումներ է արել եւ պատմել, որ այցելել է Նիդերլանդների Ասսեն քաղաքի Դրենցի թանգարանում «Արարատի հմայքի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրությանը։

Նա նաեւ լուսանկարներ է հրապարակել այդ բացառիկ ցուցահանդեսից եւ գրել․ «Վերջապես կարողացա այցելել «Արարատի կախարդանքի ներքո» մեծ ցուցահանդեսը, որը պատմում է Հայաստանի հզոր հարյուր հազարամյա պատմության մասին։ Նաեւ Նոյան տապանից մասունք կարող եք տեսնել այստեղ՝ Հայաստանի պատմության թանգարանի շնորհիվ»։



Թվիթերյան տիրույթում նույն ցուցահանդեսի մասին հիացական գրառումներ են արել նաեւ այլ այցելուներ։ Իսկ թանգարանի էջից տեղեկանում ենք, որ հայկական գանձերի ցուցադրությունն ընդգրկվել է 10 լավագույն ցուցահանդեսների շարքում։ Ընտրությունն արվել է նիդերլանդական հեղինակավոր «Թանգարանային ամսագրի» ժյուրիի կողմից, քվեարկել կարող եք նաեւ դուք՝ այս հղումով:

Անցած տարի Դրենցի թանգարանը «Լավագույն ցուցադրություն» մրցանակին արժանացել է Իրանին նվիրված ցուցահանդեսի շնորհիվ եւ այս անգամ ուրախություն է հայտնել կրկին այդ մրցանակաբաշխության թեկնածու դառնալու կապակցությամբ։

Լուսանկարը՝ Նիկո Սխերմերսի թվիթերյան էջից


Թանգարանն իր կայքում գեղեցիկ մեկնաբանություն է արել՝ հրավիրելով այցելել հայկական ցուցահանդեսին․ «Թեեւ Արարատ լեռը Հայաստանում չէ, սակայն այս նշանավոր սուրբ լեռը եւ Հարավային Կովկասի ամենափոքր հանրապետությունը անքակտելիորեն կապված են միմյանց հետ: Հայաստանն ու Արարատ լեռը կլինեն Արարատ լեռան կախարդանքով ցուցահանդեսի գլխավոր հերոսները՝ գանձեր հին Հայաստանից: Երեւանի Հայաստանի պատմության թանգարանի գեղեցիկ իրերը եւ Նոյան տապանի եզակի մասունքը կգան Ասսեն»։

Եթե Նիդերլանդներում եք կամ պատրաստվում եք այցելել այդ երկիր, ապա դուք էլ հնարավորություն ունեք դիտելու հետաքրքրություն առաջացրած ցուցահանդեսը, այն բացվել է մայիսին եւ կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 30-ը։

Տեքստը՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին