×


Եղիսաբեթ II-ի դարաշրջանի ավարտը. հետաքրքիր փաստեր թագուհու կյանքից

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ 96 տարեկանում շոտլանդական Բալմորալ ամրոցում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը: Թաղման արարողությունը լինելու է 10 օր անց՝ սեպտեմբերի 18-ին:

Նա թագուհի է դարձել 70 տարի առաջ՝ 1952 թվականի փետրվարի 6-ին, հոր՝ Ջորջ VI-ի մահից հետո: Եղիսաբեթն այդ ժամանակ պաշտոնական այցով Քենիայում էր գտնվում ու վերջին 200 տարվա մեջ դարձավ առաջին միապետը, որն իր նշանակման մասին իմացավ հայրենիքից դուրս:

BRAVO.am-ը հավաքել է թագուհու կյանքի առանձնահատուկ դրվագներն ու փաստերը, որոնք կօգնեն մի քիչ ավելի լավ ճանաչել նրան:

Լիլիբեթը. Փոքր տարիքում Եղիսաբեթին ծնողները Լիլիբեթ են անվանել, հետո՝ Լիզբեթ եւ Լիլ: Նա ու քույրը՝ Մարգարեթը, վստահեցնում էին, որ լավ ու նորմալ մանկություն են ունեցել՝ ամեն երեկո նրանց թույլ են տվել իրենց սենյակից 2 րոպեով գնալ հյուրասենյակ, որպեսզի խաղան մայրիկի հետ: 13 տարեկանում Եղիսաբեթը սովորել է արտասանել իր իսկական անունն ու հայտարարել, որ այսուհետ իրեն պարտավոր են միայն այդպես դիմել: Ամուսինը՝ Ֆիլիպը, սիրում էր տարբեր փաղաքշական անուններով կոչել նրան, որոնցից առավել հայտնի է «կաղամբիկը»:


Հագուստը. Երկար տարիներ նրա զգեստապահարանով զբաղվել են Նորման Հարթնելն ու Հարդի Էմիսը, նրանք ասպետի կոչում են ստացել, բայց 2007 թվականից թագուհին փոխել է դիզայներին ու սկսել համագործակցել Սթյուարթ Փարվինի հետ, որն ազատ ժամանակ սիրում է հարսանեկան զգեստներ կարել:

Հանրային միջոցառումների ժամանակ թագուհին միշտ բամբակյա ձեռնոցներ էր կրում, որոնք ձեռք էր բերում Սասեքսից՝ Cornelia James արվեստանոցից: Վախենում էր վարակներից, քանի որ թագավորական աշխատանքը ենթադրում էր տարեկան մինչեւ 45 հազար ձեռքսեղմում: Ըստ կանոնակարգի՝ նրա ձեռքը սեղմել արգելվում էր, կարելի էր միայն թեթեւ հպվել:

2014 թվականից թագավորական գլխարկներով զբաղվում էր Ռեյչել Թրեւոր-Մորգանը, նրա ընտանիքը 17-րդ դարից կարողանում է գլխարկները ներկել ճիշտ վերարկուների գույներով:


Ռետինե երկարաճիտ կոշիկները թագավորական պալատի համար ապահովում էր Hunter ընկերությունը: Ցուրտ եղանակի համար ճամփորդական վերարկուները՝ Barbour-ը, իսկ թեթեւները՝ Daks-ը:

Smythson-ի նոթատետրերի վրա, որոնցից օգտվում էր Բուքինգհեմյան պալատի տիրուհին, պարզապես գրված էր The Queen:

«Five о'clock Tea»-ի ժամանակ նախընտրում էր Fortnum & Mason թեյ, իսկ նրա սեղանին միշտ կար Penhaligon’s օծանելիք:

Աքսեսուարները. Այդ հարցում Եղիսաբեթը պահպանողական էր. 1958 թվականից հավատարիմ է անգլիական Launer բրենդին, ավելի ճիշտ՝ նրա պայուսակներին, հատկապես Diva ու Traviata մոդելներին, որոնք ծիածանի բոլոր գույներով են:  


Կոշիկները. Պատվիրում էր Anello & Davide, որից օգտվում էին նաեւ Ջոն Լենոնն ու Մերիլին Մոնրոն: Զույգի համար վճարում էր մոտ 1000 ֆուտ սթերլինգ: Որոշ կոշիկներ անգամ 50 տարի են մնացել նրա տրամադրության տակ, պարզապես տալիս էր դրանց ներբանները նորոգելու:
 
Մազերը. Թագուհու մազերի խնամքով զբաղվում էր շոտլանդացի Յան Քարմայքլը, նրան թագուհին վարձել էր «Եղիսաբեթ II թագուհի» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Ամբողջ Անգլիան կարծում էր, որ առավոտյան թագուհին գլուխը Elnett от L’Oréal Professionnel լաքով էր պատում: 1990-ականներին նա հոգնել է ներկել մազերն ու այդ պահից պաշտոնապես սպիտակ մազերով էր ու նույն անփոփոխ սանրվածքով:

Գաղտնի նշանները. Բանակում ծառայելուց ի վեր թագուհին սիրում էր ազդանշաններ տալ: Եթե ցանկանում էր 5 րոպեից հեռանալ, պայուսակը դնում էր սեղանին: Եթե որեւէ մեկի հետ ձանձրանում էր, պայուսակը մի ձեռքից մյուսն էր տեղափոխում, կամ էլ դնում հատակին: Բոլորն անմիջապես ամեն ինչ հասկանում էին:


Պայուսակի պարունակությունը. Ամբողջ աշխարհն էր ուզում իմանալ, թե ինչ կա թագուհու հայտնի պայուսակում, չէ՞ որ նա ո՛չ դրամապանակի, ո՛չ էլ անձնագրի կարիք չուներ: Փոխարենն ուներ Elizabeth Arden-ի Red Door Red շրթներկ, որոնք ճիշտ անգլիական փոստարկղերի տեսքն ունեն: Թագուհին սիրում էր անգամ հանրային միջոցառումների ժամանակ հանել այն ու թարմացնել շրթներկը:


Պայուսակում էին նաեւ ձեռքերի քսուք Clarins-ը, ընտանիքի անդամների լուսանկարները, բանալիների շղթաները շների ու ձիերի տեսքով, որոնք նվիրել էին երեխաները՝ Չարլզը, Աննան, Էնդրյուն եւ Էդվարդը:

Ամուսինը.  Թագուհին ամուսնացել է 1947 թվականին՝ Օլդենբուրգի դինաստիայից Ֆիլիպի հետ: Նրանք ծանոթացել են, երբ Եղիսաբեթը դեռ 13 տարեկան է եղել, իսկ Ֆիլիպը՝ 18, ու սովորում էր Թագավորական ռազմածովային քոլեջում, իսկ ապագա թագուհին ծնողների հետ այնտեղ էքսկուրսիայի էր մեկնել: Միանգամից խենթի պես սիրահարվել է ու տղայի հետ նամակագրության մեջ մտել:

1953 թվականին, երբ արդեն ամուսնացած էին, Ֆիլիպն իսկական սկանդալ հրահրեց՝ նա չէր ցանկանում պաշտոնական արարողության ժամանակ կնոջ առաջ ծնկի գալ ու պահանջում էր իր համար բացառություն անել:


Եղիսաբեթը որպես կին չխնդրեց նրան ենթարկվել, պարզապես հրամայեց որպես թագուհի՝ համարելով՝ եթե ուժեղ է, կանի այն ամենն, ինչ պահանջվում է: Դա գժտման պատճառ դարձավ, հաշտվեցին ավելի ուշ: Այնպես ստացվեց, որ 4 ամիս շարունակ չէին հանդիպել խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով, իսկ կնոջ հետ առաջին հանդիպմանը Ֆիլիպը հագել էր սրտիկներով փողկապ:

Թուլությունները. Թագուհին սիրում էր ձիերին, կրակել, նավով ուղեւորության մեկնել: Նախընտրում էր հաճախ լինել սառը ծովի ափին, վայելել Նորֆոլկի քամոտ ափերն ու այնտեղ վարունգով սենդվիչ ուտել:

Հատկապես քննադատորեն էր վերաբերվում հայտնի մարդկանց: Ջոն Լենոնին վուլգար էր համարում ու հանգիստ շունչ քաշեց, երբ նա 1969 թվականին՝ ի նշան բողոքի Վիետնամում սկսած պատերազմի, հրաժարվեց ասպետական «Սըր» կոչումից ու վերադարձրեց նաեւ Բրիտանական կայսրության շքանշանը: Լենոնից ավելի վատ, նրա կարծիքով, ֆրանսիացի երգիչ Մորիս Շեւալյեն էր:  


Թագուհին 12 տարեկանում է առաջին անգամ եղնիկ սպանել, տանել չէր կարողանում կանացի բղավոց ու նման սենտիմենտալ դրսեւորումներ: Ասում են, որ արքայադուստր Դիանայի հետ հարաբերությունները չստացվեցին, քանի որ իր ներկայությամբ վախեցել է խլուրդից ու շատ բարձր բղավել: Դրանից հետո ամեն անգամ, երբ Դիանան հյուր էր գալիս, թագուհին առաջարկում էր գնալ խլուրդների որսի:

Պարզապես ծեր կին. Թագուհին կարծում էր, որ պարտավոր չէ բոլորին ճանաչել, բավական է, որ բոլորն իրեն գիտեն: 1991 թվականին թիկնապահները նրան թույլ չեն տվել իր իսկ ծննդյան օրը մտնել ձիարշավարան, ապա արդարացել են. «Մտածել ենք, որ ինչ-որ ծեր կին պարզապես մոլորվել է»:

Կեցավայրը. Շաբաթվա մեջ գոնե մեկ անգամ թագուհին պարտավոր էր ապրել Էդինբուրգում ու Հոլիրուդհաուս ամրոցում կազմակերպել 8 հազար հոգու համար նախատեսված խնջույք՝ հիշեցնելով, որ իր ամուսինն իսկապես Էդինբուրգի դուքս է եղել ու Շոտլանդիան կարիք չունի Անգլիայից առանձնանալու:


Ապրիլի կեսերից հուլիսի վերջերը Բալմորալ ամրոցը թագավորական ընտանիքի ամառային բնակավայրն է հանդիսանում Վիկտորիա թագուհու օրերից: Այցելուներին  թույլատրվում է ամրոցը դիտել ներսից ու դրսից, անգամ բնակվել 6 հարմարավետ քոթեջներում ու սաֆարիի մասնակցել:

1984 թվականից սկսած՝ թագուհին մեկնում էր Սանդինգհեմ ամառանոց, որպեսզի ապրի սովորական մարդկանց կյանքով: Նրա կալվածքում արտադրվում է վաճառքի համար նախատեսված խնձորի հյութի 8 տեսակ, պահվում է հնագույն թագավորական մեքենաների հավաքածու, ինչպես նաեւ անցկացվում աղավնիների մրցավազք: Տարածքում կա ճամբար, որտեղ թույլատրվում է վրան տեղադրել ու օգտվել Airstream ֆուրգոնից։

Հայ լուսանկարիչը. Եղիզաբեթ II-ի լուսանկարները պատկերվել են տարբեր երկրների թղթադրամների, մետաղադրամների, դրոշմանիշերի ու տարատեսակ կրիչների վրա։ Թագուհու եւ արքայական ընտանիքի ամենահաջող ու հայտնի լուսանկարների հեղինակը աշխարհահռչակ կանադահայ Յուսուֆ Քարշն է։ Առաջին անգամ թագուհուն նկարել է 1943 թվականին, այնուհետեւ նաեւ 1951, 1966, 1984 եւ 1987 թթ.՝ ստանալով թագուհու ու նրա ընտանիքի տարբերվող կադրերը:


Երկարակյացը. Եղիսաբեթ II-ը ամենաերկարակյաց միապետն էր երկրի պատմության ընթացքում, բացի այդ էլ ղեկավարման տարիների քանակով առաջին տեղում էր ժամանակակից միապետերի թվում: Նրանից երկար Մեծ Բրիտանիան ղեկավարել էր միայն Վիկտորիա թագուհին՝ 63 տարի, 7 ամիս եւ 2 օր: Սակայն այդ ռեկորդը Եղիսաբեթը գերազանցեց 2015 թվականի սեպտեմբերի 9-ին:

Նա նաեւ միակ միապետն էր, որը 2007 թվականին նշել է հարսանիքի ադամանդե հոբելյարը. նա ամուսնացած է եղել 73 տարի, Էդինբուրգի դուքսը վախճանվել է 2021 թվականի ապրիլի 9-ին՝ 99 տարեկանում:

1954-ին թագուհին առաջին միապետն էր, ով շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել, որը տեւել է 6 ամիս: 2019-ին առաջինն էր թագավորական ընտանիքից, ով հանրայնորեն հրաժարվեց կրել բնական մորթուց հագուստ:


Եկամուտը. Թագուհին պարտավոր չէր հարկեր վճարել, սակայն 1993 թվականից դա անում էր ինքնակամ:

Վարչապետները. Իր կառավարման ընթացքում փոխել է 15 վարչապետ, առաջինը եղել է Ուինսթոն Չերչիլը (1951-1955), ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ նրանք ընկերական հարաբերություններ ունեին, սիրում էին խոսել ձիերից ու պոլոյից:

Կինոն. Թագուհին դարձել է 100-ից ավելի հեռուստատեսային շոուների, հեռուստահաղորդումների ու ֆիլմերի հերոսուհի: Ամենահայտնիների թվում են 2006 թվականին Հելեն Միրենի մասնակցությամբ նկարահանված «Թագուհին» եւ «Թագը» սերիալը:


Առավել հաճախ թագուհուն պատկերել են հումորային կոնտեքստում, նա երբեք դրանից չէր նեղանում: 2013 թվականին արժանացել է Բրիտանական կինոյի եւ հեռուստատեսության (BAFTA) մրցանակին՝ ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաեւ ճանաչվել է «Ջեյմս Բոնդի լավագույն ընկերուհի»: Այդ դերը նա խաղացել է 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման արարողության համար նկարված տեսահոլովակում, խաղընկերը Դանիել Քրեյգն է:



Այլ փաստեր

Բուքինգհեմյան պալատի 775 սենյակներից օգտվում էր միայն 6-ից:

Ամբողջ կյանքի ընթացքում ունեցել է կորգի ցեղատեսակի 30 շուն:

Երկրի միակ քաղաքացին էր, որն անձնագիր չուներ:

2007 թվականին ընդգրկվել է Vogue ամսագրի կազմած մոլորակի ամենագրավիչ կանանց ցանկում:

Մտքերը

Մեր աշխարհն ամենահաճելի տեղը չէ: Վաղ թե ուշ մեր ծնողները հեռանալու են ու ինքներս պետք է սովորենք մեզ պաշտպանել:

Սիրում եմ ոգով ազատ լինել, ոմանք դա չեն սիրում, բայց ես հենց այդպիսին եմ:

Պետք է հիշել, որ առավել հաճախ հենց փոքր քայլերն են բերում մեծ ցատկերի ու տեւական փոփոխությունների:


Ցավն այն գինն է, որը մենք վճարում ենք սիրո համար:

Պետք է ինձ տեսնեն, որպեսզի կարողանան հավատալ ինձ:

Թեեւ մենք ընդունակ ենք մեծ ու բարի գործերի, բայց պատմությունը սովորեցնում է խուսափել ինքներս մեզնից՝ մեր անմտությունից ու ժլատությունից:

Հենց կանայք են նրբություն հաղորդել մարդկության զարգացման դաժան գործընթացին:

Շատ մարդկանց հանդիպելն այնքան էլ բարդ չէ, քանի որ ներկայանալու կարիք չունեմ. բոլորն ինձ ճանաչում են:

Այնպիսի դեմք ունեմ, որ չժպտալու դեպքում զայրացած եմ երեւում:

Երբ կյանքը ծանր է դառնում, խիզախ մարդիկ չենք պառկում ու ընդունում պարտությունը, նրանք պայքարում են լավագույն ապագայի համար:

Կործանելն ու քանդելը միշտ ավելի հեշտ է եղել, քան արարելն ու ստեղծելը:

Եկեք ինքներս մեզ շատ լուրջ չվերաբերվենք:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին