×


«Yerevan music night 2022»-ի հատուկ հյուրը, շատրվանի մեջ ցատկած հանդիսատեսն ու հետաքրքիր մյուս դրվագները

Երեւանում շաբաթ օրվա սովորական երեկոն փոխարինվել էր երաժշտական անցուդարձով. Շառլ Ազնավուրի հրապարակում արդեն 6-րդ անգամ տեղի ունեցավ «Yerevan Music Night»-ը: Ավանդույթ դարձած երաժշտական տոնին սպասում էին շատերը. ժամը 16:00-ից մինչ ուշ երեկո տարածքը մարդաշատ էր, ներկաները վայելում էին իրենց սիրելի կատարումները կենդանի հնչողությամբ: Ելույթ են ունեցել Սրբուկը, Կարինա Առուստամյանը, Էրիկ Կարապետյանը, A. Сhilla-ն, Kami friends խումբը, իսկ երեկոյի հատուկ հյուրի մասին՝ վերջում:

«Երեւանում միշտ պետք է լինեն փառատոններ, որոնք թեւ են տալիս մեր հանրությանը, տրամադրություն են փոխում: Պաշտելով մեր մայրաքաղաքը, բայց կուզեմ, որ մարզերի մեր հայրենակիցների համար էլ կազմակերպվեն նման միջոցառումներ, որոնք կյանքի ու նոր տրամադրության համար են»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշեց Էրիկը:


Ընդմիջումներին ներկաների հետ շփվում էր հաղորդավար Ներսես Ավետիսյանը, որին «չինգաչունգ»-ով պարտված հանդիսատեսը հայտվեց շատրվանների մեջ։ Հետո արդեն բեմում իրեն բնորոշ անմիջականությամբ Սրբուկն էր:


«Այսպիսի փառատոնները ճաշակի ձեւավորմանն ու որակի փոփոխմանն են նպաստում: Ամեն ինչ արվել է, որ Հայաստանում հիմա նաեւ համաշխարհային աստղերի կենդանի կատարումները վայելենք: Երաժշտական բազմազանությունը մեր երիտասարդներին կօգնի ունենալ հարուստ ներաշխարհ, իսկ երբ մարդիկ ունենան լավ ճաշակ, մեր երկիրը բարձունքների ու հաջողությունների կհասնի»,-ասաց Սրբուկը:


Դրական լիցքերն ու բարձր տրամադրությունն արդեն առկա էին, ժամանակն էր դիմավորել երեկոյի հատուկ հյուր գերմանացի երգչուհի Oceana-ին: Նա երկար տարիների երաժշտական գործունեությունից հետո համաշխարհային հայտնիություն եւ սեր սկսեց վայելել հատկապես «Endless Summer», «Cry, Cry» հիթերի շնորհիվ: Ելույթից հետո BRAVO.am-ի հետ զրույցում նա կիսվեց տպավորություններով:


«Ես դեռ փորձի ժամանակ զգացի, որ հիանալի համերգ է լինելու. հավաքվել էին մարդիկ, որոնք շատ էին ոգեւորում ինձ: Շոուից իսկապես հաճույք եմ ստացել։ Հայաստանն իմ պարտադիր այցելության երկրների ցանկում էր, ու ես դա վերջապես արեցի։ Ցավոք, այս գիշեր մեկնում ենք, բայց, իհարկե, շատ կցանկանամ վերադառնալ»,-եզրափակեց երգչուհին:


«Yerevan music night 2022»-ը կազմակերպել էր KAMI Music Club-ը «Երեւանի գինու օրեր»-ի կազմակերպիչ ԷվենտՏուրա ընկերության հետ համատեղ։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW