Ավարտվել է Վենետիկի 79-րդ կինոփառատոնն, ու բոլոր հաղթողները ստացել են իրենց մրցանակները:
Միջազգային ժյուրին, որն այս տարի գլխավորում էր oսկարակիր Ջուլիանա Մուրը, ամփոփել է արդյունքները: Ժյուրիի կազմում էին նաեւ ճապոնական ծագմամբ բրիտանացի գրող Կաձուո Իսիգուրոն, ռեժիսորներ Մարիանո Կոնը, Լեոնարդո ԴիԿոստանզոն, Ռոդրիգո Սորոգոյենը եւ փառատոնի նախորդ տարվա հաղթող Օդրի Դիվանը, իրանցի դերասանուհի Լեյլա Հաթամին:
«Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակը ստացել է Լորա Փոյթրասի «Ողջ գեղեցկությունն ու արյունահեղությունը» (All the Beauty and the Bloodshed) աշխատանքը:
Հիմնական մրցույթին մասնակցած 23 ֆիլմերից միայն այդ մեկն է վավերագրական եղել: Ֆիլմը պատմում է Նյու Յորքից լուսանկարիչ Նան Գոլդինի մասին, որը փորձում է Purdue Pharma ընկերությանը պատասխանատվության ենթարկել օփիոիդներ արտադրելու համար:
Իտալացի ռեժիսոր Լուկա Գուադանինոյի «Ոսկորները եւ ամբողջը» (Bones & All) ֆիլմն էլ «Արծաթե առյուծի» է արժանացել: Գլխավորում դերերում են Տիմոտի Շալամեն եւ Թեյլոր Ռասելը: Վերջինս լավագույն նորամուտի համար ստացել է Մարչելո Մաստրոյանիի անվան մրցանակը:
Գրան պրիի հաղթողը ֆրանսիացի Էլիս Դիոպի «Սուրբ Օմեր» (Saint Omer) ֆիլմն է: Այն մի կնոջ դատական գործի մասին է, որը մակընթացության ժամանակ իր 1,5 տարեկան դստերը թողել է ծովափին, ինչի արդյունքում փոքրիկը մահացել է:
Վոլպիի գավաթը լավագույն դերասանուհու ու դերասանի կոչման համար ստացել են Քեյթ Բլանշետը եւ Քոլին Ֆարելը: Բլանշետը «Թար» (Tár) ֆիլմում մարմնավորել է առաջին կնոջը՝ Լիդիա Թարին, որը գլխավորել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ֆարելն էլ տիտղոսին արժանացել է «Ինիշերինի բանշիները» (The Banshees of Inisherin) ֆիլմում դերի համար, որը պատմում է Իռլանդիայի հեռավոր կղզիներից մեկում գժտված 2 ընկերների մասին: Ֆիլմի ռեժիսոր Մարտին ՄաՔդոնահը ստացել է նաեւ լավագույն սցենարի մրցանակը:
Ժյուրիի հատուկ մրցանակն իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահի «Առանց արջերի» (No Bears) ֆիլմինն է, որի գլխավոր հերոսը բանտարկված է «հակակառավարական քարոզչության» համար:
Մրցանակներից բացի, փառատոնն աչքի է ընկել մի շարք ֆիլմերի պրեմիերաներով ու բազմաթիվ գեղեցիկ հագուստներով, որոնցից առանձնացրել ենք ամենայուրահատուկները:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: