×


«Մայրս սկանդալ սարքեց, պահանջեց ջնջել լուսանկարները»․ Տատա Խաչատրյանը՝ MAXIM ամսագրում հայտնվելու եւ «Շահանե»-ի մասին

Թատրոնի եւ կինոյի դերասանուհի, պրոդյուսեր Տատա Խաչատրյանին հանդիպեցինք Երեւանում, երբ եկել էր նոյեմբերին կայանալիք իրենց ներկայացումներին նախապատրաստվելու։ Լավ առիթ էր նրա հետ զրուցելու, ինչպես նաեւ յուրօրինակ ու գեղեցիկ ֆոտոշարք իրականացնելու․ չէ՞ որ ռուսաստանաբնակ դերասանուհին աչքի է ընկնում ոչ միայն մասնագիտական նորություններով, այլեւ ամիսներ առաջ ռուսական «MAXIM» ամսագիրը նրան ընդգրկեց աշխարհի ամենագրավիչ հայ դերասանուհիների իր ցանկում։ Տատա Խաչատրյանին հայ հանդիսատեսն ավելի լավ ճանաչեց «Շահանե» ներկայացման երեւանյան պրեմիերայից հետո. նա հանդես է գալիս գլխավոր դերում, ինչպես նաեւ նախագծի համահեղինակն է ռեժիսոր Կարո Բալյանի հետ։ Շուտով՝ նոյեմբերի 9-ին, 10-ին եւ 11-ին, ներկայացումը կրկին երեւանյան բեմում կլինի՝ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Մինչ այդ ներկայացնում ենք մեր ֆոտոշարքն ու զրույցի հետաքրքիր դրվագները։

- Աշխարհի ամենագեղեցիկ հայուհիներից մեկը՝ ըստ Մաքսիմ ամսագրի։ Ինչպե՞ս եղավ, ինչպե՞ս արձագանքեցիք այս նորությանը, եւ հետաքրքիր է՝ որեւէ փոփոխություն այն բերե՞ց ձեր կյանքում, գուցե գործնական նոր առաջարկնե՞ր, նոր նախագծե՞ր։

- Գործնական առաջարկները՝ չգիտեմ, բայց դրանից հետո տղաները գրում էին գործակալիս, թե կարելի՞ է Տատայի հետ ընթրիք կազմակերպել, ինչքա՞ն կարժենա (ծիծաղում է,- հեղ․)։ Մենք նրա հետ շատ էինք ծիծաղում, ասում էի՝ «միեւնույն է, երբեք չեմ գնա, բայց արի զվարճանանք՝ գրելով, որ տասնյակ միլիոններ կարժենա», եւ հետո փակեցինք թեման: Այդ հրապարակման մասով կարող եմ ասել՝ շատ պատահական ստացվեց, որովհետեւ ես ոչ մի տեղ այդպիսի համարձակ լուսանկարներ չունեմ, Ինստագրամում միայն երկու լուսանկար ունեմ լողազգեստով։ Այնքան էլ չեմ սիրում լողազգեստով նկարներ հրապարակել, բայց երբեմն պատահում է։ Նրանք երեւի ուսումնասիրել են, թե հայ ինչ դերասանուհիներ կան, որտեղ են ապրում, ու գտել են ինձ։ Բայց ես դրա հետ ոչ մի կապ չունեմ, առավել եւս երբ ցույց տվեցի մայրիկիս, մեծ սկանդալ սարքեց, ասաց՝ «Արագ զանգիր այդ Մաքսիմին, գժվե՞լ են, թող ջնջեն»։ Ես ասում էի՝ «Մամ, մարդիկ Մաքսիմում առհասարակ մեծ գումարի դիմաց են հայտնվում, իսկ ինձ անվճար ընդգրկել են այդ ցանկում, արի թողնենք»։ Ի վերջո թողեցինք, իհարկե։

Տատա Խաչատրյանը


- Ուրախացա՞ք, երբ տեսաք հոդվածը:

- Առաջին արձագանքը՝ պետք է հեռացնել։ Ես նույնպես մտածեցի՝ երեւի պետք չէ, ինչո՞ւ ես պիտի լինեմ «Մաքսիմ»-ում, մի տեսակ տարօրինակ է։ Հետո մտածեցի՝ իսկ ինչո՞ւ ոչ (ժպտում է,- հեղ․)։

- Իսկ առհասարակ ինչպե՞ս եք վերաբերվում գեղեցկության չափանիշներին, հնարավո՞ր է գեղեցկությունը համեմատության մեջ դնել։

- Գլխավորը՝ չափը չանցնել պլաստիկ միջամտությունների հարցում եւ մնալ բնական. մեր օրերում դա շատ անհրաժեշտ է։ Ինձ դուր չի գալիս, երբ աղջիկները շատ են շպարվում, կարծում եմ՝ պետք չէ կորցնել անհատականությունը, պետք է միշտ ձգտել սեփականին, այլ ոչ թե ընդօրինակել ուրիշինը։ Եվ ընդհանրապես գեղեցկությունն ինձ համար ներքին հասկացություն է, ոչ թե արտաքին։ Այսինքն՝ ինձ համար մարդը գեղեցիկ է ներսից, եթե նա կրթված է, գրագետ, խելացի, նրա հետ խոսելու թեմա կա, այդ գեղեցկությունն ավելի է գնահատվելու ցանկացած ժամանակ։ Ինչպես ասում են, խնամված արտաքինն ու գրագետ խոսքը երբեք նորաձեւությունից դուրս չեն գա։ Այնպես որ...

Տատա Խաչատրյանը


- Դուք ակտիվորեն մարզվում եք, շատ եք աշխատում գեղեցիկ ու առողջ մարմինը պահպանելու համար։ Երբվանի՞ց սկսեցիք մարզվել, ի՞նչ տեղ ունի սպորտը Ձեր առօրյայում։ Կարծում եմ՝ դա նաեւ որոշակի փիլիսոփայություն է կյանքի, ապրելակերպի։

- Փոքր ժամանակ ես գեղարվեստական մարմնամարզությամբ եմ զբաղվել. երեք տարի հաճախելուց հետո հասկացա, որ իմը չէ, որովհետեւ սպորտով պետք է լուրջ զբաղվել, պետք է նվիրես քեզ։ Այնպես որ, հասկանալի էր՝ մարզիկ չեմ դառնա։ Իսկ հետո՝ 14 տարեկանում, հիշում եմ՝ մայրս ֆիթնես ակումբի քարտ նվիրեց, այդ օրվանից սկսեցի մարզասրահ գնալ մինչեւ այսօր։ 28 տարեկան եմ եւ ոչ մի տարի բաց չեմ թողել պարապմունքներս, շաբաթը չորս օր մարզասրահ եմ գնում, եթե անգամ հիվանդ լինեմ, ինձ լավ չզգամ, նույնիսկ տանը կարող եմ գորգը փռել ու պարապել։ Պարզապես չեմ հասցնում ավելի հաճախ կիսվել սպորտային առօրյայով, որովհետեւ օրվա ընթացքում հա՛մ մարզասրահ եմ գնում, հա՛մ երգելու, հա՛մ պարելու, ու եթե ամեն տեղից սթորիներ անեմ, չեմ հասցնի ֆիզիկապես։ Մեկ-մեկ հիշում եմ, որ կարելի է կիսվել առողջ ապրելակերպի գաղափարով, մոտիվացնել մյուսներին։ Բայց ես բլոգեր չեմ, ու դա իմ կյանքի իմաստը չէ։

- Ինչ վերաբերում է Ձեր մասնագիտությանը՝ թատրոնի եւ կինոյի դերասանուհի, ե՞րբ եւ ինչպե՞ս սկսվեց այդ ուղին:

- 7-րդ դասարան էի, եկա տուն, մամային ասացի՝ ուզում եմ թատերական գնամ, մաման ասաց՝ ոչ մի դեպքում, որովհետեւ շատ խմբեր էի արդեն հաճախում՝ երաժշտական դպրոց, պար... Թատերական չէի հասցնելու գնալ պարզապես։ Ասացի՝ չէ, պիտի գնամ։ Մեծ քրոջս հետ խոսեցի, նա զանգեց, պայմանավորվեց լսումների համար, գնացի այդ լսումներին ու անվճար անցա։ Եկա տուն ու բոլորին փաստի առաջ կանգնեցրի, ասացի՝ վերջ, ես գնում եմ թատերական։ Մաման էլ թե՝ լավ, գնա, եթե հասցնելու ես։ Սկսեցի գնալ այդ դասերին, երկու տարի այդ խմբում սովորեցի, գլխավոր դերեր ստացա։ Դրանից հետո մեզ մոտ Սանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոնի ռեժիսորը եկավ, երեխեքի էր ընտրում մյուզիքլի համար, ու ես անցա այդ քասթինգը։ Այդպես 15 տարեկանից փաստորեն սկսվեց իմ ճանապարհը թատրոնում։ Նույնիսկ աշխատավարձ էի ստանում՝ 1000 ռուբլի ամեն ներկայացման համար։ Հպարտ էի, որ արդեն իմ գումարն ունեի։

Տատա Խաչատրյանը


Հետո ընդունվեցի Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ։ Սովորաբար մարդիկ սկզբում Թատերական են ընդունվում, հետո նոր գնում են թատրոն, իմ դեպքում հակառակը ստացվեց։

- Թեմայի շրջանակում պիտի հարցնեմ «Շահանե» ներկայացման մասին, որի դերակատարն եք։ Պրեմիերան 2019-ի հոկտեմբերին էր՝ Երեւանում, որից հետո ցուցադրություններ ունեցաք Սանկտ Պետերբուրգում եւ այլ քաղաքներում։ Ի՞նչ նորություն էր սա Ձեր կյանքում, ի՞նչ ճանապարհ եք հասցրել անցնել «Շահանեի» հետ։

- Ոչ ոք չէր սպասում, որ այդ նախագիծն այդպիսի մեծ արձագանք կունենա։ Հիշում եմ՝ մենք նստած էինք Կասկադում, սուրճ էինք խմում։ Կարոն ինձ հարցրեց՝ ինչ գիտեմ այդ աղջկա մասին, ես ամաչելով ասացի՝ ոչինչ։ Հետո մենք վեր հանեցինք արխիվները, գտանք շատ պատմական նյութեր, գտանք Շահանե Տալյանի բարեկամներին։ Նրա աղջիկն այժմ 80 տարեկան է, ապրում է Սան Ֆրանցիսկոյում, պատկերացնո՞ւմ եք։ Այսինքն՝ դա մեծ ճանապարհ է, ոչ թե պարզապես հորինվածք է, ինչ-որ ներկայացում, այլ իսկական պատմություն է այդ կնոջ կյանքի մասին, ռուս մեծ պոետի հետ նրա հարաբերությունների մասին։ Այդ պատճառով ներկայացումը հանդիսատեսի կողմից շատ մեծ ոգեւորությամբ է ընդունվում։

Պրեմիերան այստեղ փայլուն անցավ. երեք օր անընդմեջ խաղացի, անշլագ էր, մարդիկ արցունքներն աչքերին դուրս էին գալիս։ Կարոյի հետ մտածում էինք՝ տեսնես Ռուսաստանո՞ւմ էլ այդպիսի հաջողություն կունենա ներկայացումը։ Ինձ համար կարեւոր էր պրեմիերան անել ոչ թե Պետերբուրգի որեւէ թատրոնում, այլ հայտնի թատրոնում։ Դրա համար ինձ հաջողվեց պայմանավորվել Ալեքսանդրինյան թատրոնի հետ, մեզ թույլ տվեցին խաղալ նոր բեմում, ինչն արդեն իսկ մեծ իրադարձություն էր։ Եվ ուրախալի ու կարեւոր է, որ Պետերբուրգում էլ հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց ներկայացումը, ես ավարտին լսում էի նրանց շշուկով քննարկումները, այնտեղ նույնպես մարդիկ արցունքներն աչքերին ինձ շնորհակալություն էին հայտնում։ Հասկացա, որ ոչինչ իզուր չէ, պատահական չէ: Այդ նախագիծը մեծ բացահայտում եղավ ոչ միայն մեզ ու հանդիսատեսի համար, այլեւ չեմ վախենա ասել՝ Եսենինի կյանքում, նրա կենսագրության մեջ։

- Ձեզ համար կարեւոր էր շեշտել եւ ցույց տալ, որ Շահանե Տալյանը՝ Սերգեյ Եսենինի ստեղծագործությունների մեծ մասի գլխավոր ոգեշնչողը, հայ էր, ոչ թե ադրբեջանցի, ինչպես պնդում են հարեւան երկրի ներկայացուցիչները։

- Այո, շատ հայրենասեր եմ, ու երբ լսեցի՝ նրանք ուզում են այդ կնոջ մասին իրենց պատմության էջերում գրել, մեզ համար ազդակ դարձավ, որ հանդիսատեսին ցույց տանք՝ ո՛չ, ժողովուրդ, նա հայ է եղել։ Չէ՞ որ Ռուսաստանում էլ նրա մասին շատ քչերն են խոսում, թեեւ այդ կինն ահռելի հետք է թողել Եսենինի կյանքում։ Մեզ համար դա նույնիսկ ամոթալի էր ու անարդար, դրա համար որոշեցինք պատմել անպայման։

Տատա Խաչատրյանը


- «Շահանե»-ն մոնոներկայացում է, այսինքն՝ Դուք եք գլխավոր եւ միակ դերակատարը։ Ինչպիսի՞ փորձառություն էր սա Ձեզ համար՝ որպես դերասանուհի, նաեւ որպես նախագծի համահեղինակ։

- 14 տարեկանից աշխատում եմ թատրոնում, բայց մի բան է, երբ խաղընկերների հետ ես բեմում, կարող ես մեկնումեկի հետեւում թաքնվել, մեկ էլ բան է, երբ դու մենակ ես եւ մեկ վայրկյան անգամ չես կարող բաց թողնել հանդիսատեսի ուշադրությունը։ Այդ իսկ պատճառով մինչեւ վերջ դեռ չէի հասկանում՝ ինչ է կատարվում ինձ հետ, անկեղծ ասած՝ մինչեւ հիմա էլ չեմ հասկանում (ժպտում է,- հեղ․)։

- Տատա, թեեւ ծնվել ու մեծացել եք Սանկտ Պետերբուրգում, այժմ էլ ապրում եք Մոսկվայում, բայց բավական լավ եք տիրապետում հայերեն խոսքին։ Ինչպե՞ս է հաջողվել։

- Տանը խոսում էին հայերեն, ու ինձ համար կարեւոր էր, որ գոնե խոսակցական մակարդակում տիրապետեմ, թեեւ, իհարկե, բառապաշարս այդքան մեծ չէ։ Համենայն դեպս լեզուն անպայման պետք է իմանալ եւ հիշել արմատները։ Չգիտեմ՝ երեխաներս ապագայում հայերեն կխոսեն, թե ոչ, բայց ես կաշխատեմ, որ խոսեն։

Տատա Խաչատրյանը


- Այսօրվա մեր հարցազրույցն ուղեկցվեց գեղեցիկ ֆոտոշարքով, հետաքրքիր ու ինքնատիպ կերպար էիք ընտրել նկարահանման համար։ Սիրո՞ւմ եք լուսանկարվել։

- Ճիշտն ասած՝ այնքան էլ չեմ սիրում (ժպտում է,- հեղ․)։ Դե, դերասանները տարվա մեջ մեկ-երկու անգամ պիտի թարմացնեն պորտֆոլիոն։ Այդպես երբեմն անհրաժեշտ է լինում նոր ֆոտոշարքեր ունենալ։ Բայց ինձ համար փոքր-ինչ դժվար է ամեն անգամ թիմ հավաքել ու կազմակերպել այդ նկարահանումները։ Իհարկե, չեմ ասի, որ առհասարակ չեմ սիրում, այսինքն՝ եթե առիթ չլինի, երբեք ինքս ինձ համար չեմ կազմակերպի ֆոտոշութեր։ Բայց այսօրվա մեր նկարահանումն ինձ շատ դուր եկավ, թեթեւ, հաճելի ու գեղեցիկ ստացվեց։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Հարցազրույցը եւ նկարահանումն իրականացվել է Golden Palace Hotel Yerevan հյուրանոցում
Դիմահարդարումը՝ Aga Kankanyan Image Studio
Վարսահարդարումը՝ GRIGORYAN beauty stage
Հագուստը՝ ASHGREY

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին