×


Dolce & Gabbana-ի մուսա Քիմը, աստղային հյուրերով շոուն Միլանում եւ նախկին տհաճ միջադեպը

Միլանի նորաձեւության շաբաթվա ընթացքում ներկայացվել է նաեւ Dolce & Gabbana-ի եւ Քիմ Քարդաշյանի համատեղ գարուն-ամառ հավաքածուն, որը կրում էր Ciao, Kim անվանումը:

Դեռ մինչեւ ցուցադրությունը, այն բավական աղմուկ էր հանել ու լուսաբանվել մամուլում, քանի որ իտալական բրենդը պարբերաբար Քարդաշյանից ռետրո ոճի հրապարակումներ էր անում ու ինտրիգ առաջացնում:



Տեսանյութերում Քիմին հետապնդում էին պապարացիները: Ցուցադրության համար էլ Դոմենիկո Դոլչեն եւ Ստեֆանո Գաբբանան անակնկալ էին պատրաստել՝ նույն թեմայով լուսանկարահանում:

Ցուցադրությանը շատ աստղեր էին ներկա՝ Քլոե Քարդաշյանը ու նրա մայրը՝ Քրիս Ջենները, Էշլի Գրեմը, Ալեսանդրա Ամբրոսիոն, Հելենա Քրիստենսենը: Ի դեպ, սոցկայքերում արդեն բավական բուռն կերպով քննարկվում է Քլոե Քարդաշյանի ու իտալացի դերասան եւ մոդել Միկելե Մորրոնեի համատեղ կրքոտ լուսանկարը:


Հյուրերի թվում, ինչպես միշտ, առանձնացել ու բոլորի ուշադրությունը գրավել է Մոնիկա Բելուչին, որի դուստր Դեւա Կասելը եւս մասնակցել է ցուցադրությանը:



Նոր հավաքածուն ներկայացնում է բրենդի նախորդ տարիների զգեստների վերարժեւորումը: Քիմն ընտրել է Dolce & Gabbana-ի 1987-2007 թվականների իր հավանած զգեստները, որոնց հիման վրա նոր զգեստներ են արվել: Հայտնի չոկեր Sex-ն այդպես վերածվել է Kim գրությամբ վզնոցի:


Շատերն են զավեշտ համարում, որ բրենդը համագործակցում է Քարդաշյանի հետ: 2018-ին Գաբբանան սոցկայքերում մեկնաբանել էր Քիմի քույրերի՝ Ջեններների լուսանկարն ու նրանց անվանել «աշխարհի ամենաէժանագին մարդիկ»: Սակայն հենց այս տարի Dolce & Gabbana-ն դարձել է Քորթնի Քարդշյանի ու Թրեւիս Բարքերի հարսանիքի հովանավորն ու հարսի ընտանիքի բոլոր անդամների համար զգեստներ կարել:

Հիմա էլ Քիմն է դարձել նորաձեւության տան մուսան: Ցուցադրության վերջում նա դիզայներների հետ դուրս է եկել ու խոնարհվել:



«Քիմ Քարդաշյանը ժամանակակից դիվա է ու իսկական մուսա: Նրա վստահությունը, անկախությունն ու զգացմունքայնությունը, ինչպես նաեւ սերը Dolce & Gabbana-ի լեգենդար իրերի նկատմամբ ոգեշնչել են Դոմենիկո Դոլչեին ու Ստեֆանո Գաբբանային նորից այցելել 90-կանների ու 2000-ականների արխիվներն ու ստեղծել նոր հավաքածուն: Ամբողջությամբ սեւ զգեստները հղում են 1989-90-ի ցուցադրությանը»,- նշված է Dolce & Gabbana-ի սոցիալական ցանցերում:

Քարդաշյանը Vogue ամսագրի համար բրենդի միլանյան գրասենյակից պատմել է Dolce & Gabbana-ի հետ համագործակցության ու ցուցադրության նախապատրաստական աշխատանքների մասին:


«Վերջին տարիներին շատ ժամանակ ենք անցկացրել Դոմենիկոյի եւ Ստեֆանոյի հետ, այս ամռանը քրոջս հարսանիքի բոլոր զգեստները, որոնցով ներկայացել էր մեր ընտանիքը, նրանք էին ստեղծել: Բրենդից մեծ արխիվ ունեմ, երբ նայեցի դրանց, տարբեր հարցեր առաջացան ու արդյունքում սկսեցինք խոսել Dolce & Gabbana-ի արխիվների մասին: Սկսեցինք վերանայել վերջին 25 տարիների ցուցադրությունները՝ սկսած 1987-ից: Մայրս երկար տարիներ Դոմենիկոյի եւ Ստեֆանոյի հետ ընկեր է եղել, ապա քրոջս հարսանիքը կայացավ նրանց տանն ու մեր միջեւ նոր սեր եւ ընկերություն ծնվեց: Միշտ այնպես եմ ոգեշնչվել 1990-ականների սուպերմոդելներով, ինձ համար երազանքի իրականացում էր նրանց կրած զգեստները փորձելը»,-խոստովանել է Քարդաշյանը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին