×


«Նրանք կարող են ձեզ տալ տոննաներով երաժշտություն, պոեզիա եւ էլեգանտություն»․ Արիան Ասկարիդը խոսել է հայերի մասին

Հայաստանի եւ Արցախի նկատմամբ թշնամական հարձակումները կարծես ամեն անգամ ցույց են տալիս, թե ովքեր են այն մարդասեր արտիստներն ու արվեստագետներն աշխարհում, որոնք բացի «աստղային» հաջողություններից մտածում են նաեւ մարդկային ճակատագրեր փրկելու մասին։
Հայաստանի վրա Ադրբեջանի հերթական հարձակումից հետո ֆրանսիացի դերասանուհի, սցենարիստ Արիան Ասկարիդն իր մտահոգությունն է հայտնել եւ հայերի մասին փոքրիկ բաց նամակ գրել իր ֆեյսբուքյան էջում:

«Ամենից առաջ շեշտեմ՝ ես հայուհի չեմ, բայց այս երկրին ու նրա բնակիչներին ծանոթացել եմ քսան տարի առաջ։ Նրանք շատ հին ժողովուրդ են՝ վիթխարի մշակույթով, նրանք այն արժեքների աչալուրջ պահապաններ են, որոնք շուտով անհետանալու են Արեւմուտքում՝ բարություն, մեծ հարգանք դիմացինի հանդեպ, մեծ մարդասիրության խստապահանջություն՝ նրանք վկան են այն ամենի, ինչ կարող էինք լինել մենք՝ բոլորս։

Ուշադրություն, ես չեմ ասում, որ նրանք կատարյալ են, այլ ասում եմ, որ նրանք իրենց մեջ կրում են մարդասիրության խոր զգացում։

Նրանք ապրում են մի փոքրիկ երկրում, որը չունի գազ, նավթ, հանածո, բայց կարող է ձեզ տալ տոննաներով երաժշտություն, պոեզիա եւ էլեգանտություն: Այս ամենն այլեւս ոչ մեկին չի՞ հետաքրքրում:

Մենք նրանց շնչահեղձ անելու, խեղդելու, քարտեզից ջնջելու գործընթացի մեջ ենք։ Մի ամբողջ երիտասարդություն Դավթի նման կռվում է Գողիաթի դեմ, ես գիտեմ, որ Դավիթը հաղթեց, բայց այնտեղ պարսատիկները դժվարությամբ են մրցում եւ երիտասարդ տղաներին ու աղջիկներին պաշտպանում մահից։ Միգուցե ես միամիտ եմ եւ ուզում եմ հավատալ, բայց մինչեւ ե՞րբ ենք ուզում նրանց բնաջնջել, նրանք վաղուց են ատելության թիրախում։ Ինչո՞ւ եւ ինչու՞ ենք մենք հանգիստ հետեւում նրանց տառապանքին։ Ես այնքան շփոթված եմ. որեւէ երկիր անհետացնել՝ նշանակում է սարսափին հնարավորություն ընձեռել: Ես գիտեմ, որ բոլորս այս օրերին շատ մտահոգություններ ունենք՝ ուտելը, տաքանալը, ի թիվս այլ բաների, բայց երաժշտություն լսել չկարողանալը եւս կարող է սպանել ձեզ: Ահա, այս փոքրիկ գրառման մեջ շատ արդյունավետ ոչինչ չկա իմ կողմից, բայց ես գիտեմ, որ շատ բան եմ սովորել այս փոքրիկ երկրում եւ սիրում եմ սովորել», - նշել է դերասանուհին:

Արիան Ասկարիդը ծնվել է Մարսելում, սովորել է «Aix-en-Provence» համալսարանում, որտեղ ծանոթացել է ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Կետիկյանի հետ եւ խաղացել նրա 18 ֆիլմում։ Նա նաեւ Կետիկյանի «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ֆիլմի սցենարի համահեղինակն է։ Ասկարիդը Կետիկյանի ոչ միայն լավագույն խաղընկերն ու գործընկերն է, այլեւ՝ կյանքի ընկերը։ Դերասանուհին 1998թ․-ին «Մարիուս եւ Ժանետ» ֆիլմի համար ստացել է Սեզար մրցանակաբաշխության լավագույն դերասանուհի մրցանակը։

Պատրաստեց՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին