×


Հերմինե Ստեփանյան. «Սալենտոյի մրցանակը Հայաստանում ֆիլմ նկարելու հաղթանակն է»

Սեպտեմբերի կեսերին Հերմինե Ստեփանյանը «Զուլալի» ֆիլմի համար Սալենտոյի միջազգային կինոփառատոնում ստացավ լավագույն դերասանուհու մրցանակը:

BRAVO.am-ին Ստեփանյանը պատմել է ֆիլմի ստեղծման բավական բարդ ընթացքի, Զուլալիին երկար փնտրտուքների արդյունքում ստեղծելու, Տավուշը նորովի բացահայտելու ու իր մրցանակի կարեւորության մասին:

- Ձեր ֆեյսբուքյան գրառումից պարզ է դառնում, որ մրցանակ ստանալն անակնկալ է եղել, ինչպե՞ս եք իմացել այդ մասին:

- Նարինե Աբգարյանը գրեց, որ լավ նորություն ունենք: Ապա միջազգային կինոփառատոնից պաշտոնական տեղեկություն եղավ, մեր կինոկենտրոնն էլ լուրը վերահրապարակեց: Դրանից ընդամենը 2-3 ժամ անց հերթական պատերազմի լուրերն եղան, ու այդ մասին խոսելու ցանկություն ու տրամադրություն չմնաց: Մի քանի օր անց էլ Սանկտ Պետերբուրգի «Գրականություն եւ կինո» կինոփառատոնում աքիրի դերը լավագույնս խաղալու համար մրցանակ ստացավ Մարինե Պետրոսյանը: Շնորհավորում եմ Մարինեին, հրաշալի խաղընկեր է ու դերասան, կուզեի նրա հետ նորից նույն կինոհրապարակում կամ բեմում լինել: Սա բոլորիս հաջողությունն է, մրցանակս կիսում եմ ամբողջ թիմի ու ազգի հետ: Քանի որ հնարավորություն է մրցանակիս մասին խոսելու, ուզում եմ, որ ամբողջ աշխարհն իր հայացքն ուղղի դեպի Հայաստան եւ տեսնի, թե ինչ անարդար իրավիճակի մեջ ենք հայտնվել Ադրբեջանի պատճառով արդեն երկար ժամանակ:


- Անդրադառնանք մրցանակի արժեքին, որպես դերասանուհի՝ ինչքանո՞վ էր Ձեզ համար կարեւոր ստանալ այն եւ ի՞նչ առումով էր նշանակալից:

- Հարցն այն չէ, որ ինձ համար էր յուրահատուկ, սա ավելի շատ «Զուլալիի» մասին եւս մեկ անգամ պատմելու առիթ է եւ փոքրիկ Հայաստանում շատ դժվարություններով հանդերձ ֆիլմ նկարելու հաղթանակ: Շատ կինոգործիչներ իրենց գրառումներում եւ հարցազրույցներում խոսում են այն մասին, որ եթե փառատոնն Ա կարգի չէ, թող գլուխ չգովեն: Բայց սա ոչ թե գլուխ գովելու կամ էլ հատուկ հպարտանալու առիթ է, այլ  պարզապես գնահատական, որ նման դժվար իրավիճակներում՝ ֆինանսական, քաղաքական, արտաքին թշնամիների, ֆանտաստիկ է, երբ կարողանում են Հայաստանում գեղարվեստական արժեք ունեցող աշխատանքներ ստեղծել:   

- Նկարահանումների ընթացքը բավական երկար է տեւել, նախ համավարակի պատճառով է ընդհատվել, ապա՝ պատերազմի: Ինչպե՞ս եք այդ դժվարությունները հաղթահարել:

- Մեր սիրելի Հայկ Օրդյանը մի լավ արտահայտություն ունի, որը ռուսերեն է հաջող հնչում՝ «У меня зулали головного мозга» (գլխուղեղի զուլալի ունեմ), ծիծաղում ենք,-հեղ.): Խեղճ «Զուլալին» ինչ ասես չտեսավ, բայց կարողացանք կուռ, պրոֆեսիոնալ, ամուր թիմի շնորհիվ այն ավարտին հասցնել: Հեշտ չէր՝ սկսած նրանից, որ Բերդում ֆիլմ նկարելու համար ենթակառուցվածքները շատ զարգացած չեն, բայց տեղացիներն էին շատ պատրաստակամ. բոլոր մարդկանց ու օղակների շնորհիվ ֆիլմն իրականություն դարձավ: Թեւեր ու վստահություն տվեց նաեւ այն, որ ֆիլմի համար երաժշտություն գրեց ու մեր կողքին էր Տիգրան Մանսուրյանը: Շատ հանգամանքներ կային, որոնք ապրեցրին «Զուլալիին»:


Հայկ Օրդյանի չկոտրվելն օգնեց. նա չի սիրում այդ մասին խոսել, բայց պատերազմ գնաց, շատ ընկճված վերադարձավ եւ պարզապես չէր ուզում շարունակել նկարահանել ֆիլմը: Այդքանից հետո «Զուլալին» պետք է ծնվեր ու ապրեր, հայտնի եւ ոչ հայտնի կինոփառատոններում եւ մրցանակաբաշխություններում իր տեղն ունենար: Բոլորս պետք է ուրախանանք, բայց ցավով մի միտում եմ նկատում, որ ոլորտի մարդիկ շատ չեն սիրում կիսվել լավ նորություններով, եթե դրանում մասնակցություն չեն ունեցել: Ցանկացած մարդու՝ հատկապես արտիստների ու մշակութային գործիչների գրիչը կարեւոր է, երբ լավ բան է տեղի ունենում: Պետք է կարողանալ ուրախանալ, խոսել այդ մասին ու պատմել:

- Գիրքը կարդալիս զգացի, որ Զուլալին նման չէ մյուսներին, նա գեղեցիկ ու վառ է, բայց արտաքին աշխարհի հետ յուրովի է հարաբերվում: Ո՞նց գտաք նրան հատուկ գծեր ու մարդկային կերպարանք տվեցիք:

- Ես սիրում եմ դերասան-ռեժիսոր աշխատանքը, որովհետեւ դա նոր կյանք տալու ընթացք է: Հայկն ինձ առաջարկեց խաղալ ու ասաց՝ կա՛մ ես կլինեմ, կա՛մ էլ չի նկարի (ծիծաղում է,-հեղ.): Առաջարկեցի լավ մտածել, որովհետեւ այդ ժամանակ դեռ Ալեքսանդր Կոտի «Սպիտակ»-ում չէի նկարվել եւ մեծ կինոփորձ չունեի: Վախենում էի, որովհետեւ բարդ կերպար է, բայց Հայկն ինձ վստահություն տվեց ու հանգստացրեց, որ ամեն ինչ լավ է լինելու: Մի պայմանով համաձայնեցի՝ եթե խոստանա, որ ողջ ճանապարհը ձեռքս բռնած ենք անցնելու, այդպես էլ արեցինք: Միասին շատ աշխատեցինք, որ դերը ստանանք, օրը 24 ժամ կապի մեջ էինք լինում, կարող էի գիշերը ժամը 3-ին արթնանալ ու գրել, որ նոր մտահղացում ունեմ: Հաջորդ օրն անմիջապես հանդիպում էինք ու քննարկում: Անընդհատ փնտրում էի Զուլալիին, չգիտեի՝ ոնց գտնեմ իրեն, ու մի պահ հասկացա, որ նա բնության մի մասնիկ է, այնքան նուրբ է, թափանցիկ, անմեղ: Լրիվ բնություն է՝ ծաղիկ է, ջուր է, ամպ, ամեն ինչ: Դեռ նկարահանումներից բավական առաջ ու մինչեւ ավարտը, իսկ դա 2 տարուց ավելի է, ամբողջությամբ անցել էի բուսակերության, հանգիստ դարձել, բնության հետ՝ էլ ավելի ներդաշնակ: Պարի տեսարանը, որն իմ ամենասիրելիներից է, շատ երկար ենք փնտրել ու գտել նկարահանումների ընթացքում:



-Իսկ ի՞նչ ասաց Նարինե Աբգարյանը, երբ իր ստեղծած Զուլալիին էկրանին տեսավ՝ մարմին ու ձայն ստացած:

- Շատ անհանգիստ էի, թե ինչ կասի, որովհետեւ մինչեւ ֆիլմն էլ իմ սիրելի գրողներից է եղել: Պրեմիերայի ժամանակ իրար կողքի էինք նստած, ֆիլմի ավարտին մտածում էի աթոռների տակով աննկատ մի կերպ դուրս գալու մասին (ծիծաղում է, -հեղ): Ավարտից հետո գրկեց ու ասաց. «Ապրես, հենց այն Զուլալին ես, որը կուզեի տեսնել»: Շատ շոյիչ էր:

- Իսկ ի՞նչ կարծիքներ են ասել Ձեր խաղի մասին:

- Տարբեր են եղել, հիմնականում հավանել են, միշտ պատրաստ եմ լսել ցանկացած կարծիք, շատ բաց եմ ու հանգիստ եմ վերաբերվում դրան: Սիրում եմ, որ հատկապես այն մարդիկ, ում կարծիքն ինձ համար կարեւոր է, դաժան լինեն հետս:


- Եղա՞ն, թե՞ խղճացին:

- Տեսարան է եղել, որն իրենց կարծիքով՝ այլ կերպ պետք է լիներ: Միակ մարդը, ով կարող է ճիշտ կարծիք հայտնել, ռեժիսորն է, որովհետեւ միայն նա է, որ դեռ ֆիլմը նկարելուց առաջ այն իր գլխում ունի: Հայկը շատ է հավանում ու սիրում Զուլալիի կերպարը, անգամ չի թողնում, որ որեւէ տեսարանի մասին վատ բան մտածեմ: Ես սիրում եմ տոմս առնել, վերջում նստել ու նորից նայել ֆիլմը, վերլուծել, խնդիրներին նորովի մոտենալ: Ու մի անգամ ինչ-որ բան չէի հավանել, մեքենայի մեջ հոնգուր-հունգուր արտասվում էի եւ զանգեցի Հայկին: Լսեց ինձ ու ասաց. «Քեզ 1 տարվա ընթացքում 2 անգամ լաց լինելու շանս եմ տալիս, այս մեկն արդեն սպառել ես, մյուսը մտածի, թե երբ է լինելու»: Ինքս իմ հանդեպ շատ դաժան եմ, ոչ մեկը չի կարող խաբել ու ասել, որ որեւէ բան լավ է ստացվել:

- Եվ արդյունքում արդեն քանի՞ անգամ եք հասցրել նայել ֆիլմը:

- Օրդյանն այն եզակիներից է, որ կարծում է՝ ֆիլմը պետք է ամբողջ Հայաստանում նայեն: Նույնիսկ այն գյուղերում ու քաղաքներում, որտեղ դիտելու պայմաններ չկան, ինքն է ստեղծում: Բոլոր տեղերից, որ հրավիրում են, նույնիսկ՝ փոքր դահլիճներ ու գրադարաններ, մենք սիրում ենք անպայման ֆիլմը տանել, դիտել ու միասին քննարկել: Դա էլ առիթ է եղել, որ եւս մի քանի անգամ նայեմ, երեւի արդեն մոտ 10 անգամ տեսած կլինեմ (ծիծաղում է,-հեղ.): Բայց էլ չեմ կարող, մի քանի տարի կանցնի, նոր կնայեմ:


- Ի՞նչ տվեց Ձեզ «Զուլալին» մասնագիտական ու որոշակի հարցերի պատասխաններ գտնելու առումով:

- Նախ դերասանական առումով էր բավական մեծ փորձ, նույնիսկ այն տեսարաններում, որ Զուլալին չկա, իրականում ներկա է: Մի անգամ Հայկը հետաքրքիր բան ասաց, որ ֆիլմը ոչ թե այդ աղջկա մասին է, այլ նրա աուրայի, որը զուլալ է: Ես շատ եմ սիրում կինոհրապարակը, թե ինչպես է ծնվում ֆիլմը: Մի մեծ հնարավորություն էր լինել այդ ֆանտաստիկ միջավայրում: «Սպիտակի» նկարահանումներից հետո մտածում էի՝ տեսնես Հայաստանում կլինի կինոհարապարակ, որ դերասանի հանդեպ նման վերաբերմունք ու պրոֆեսիոնալիզմ կլինի: «Զուլալին» եկավ ինձ ապացուցելու, որ հնարավոր է: Միասին ունեցած հիշողություններն ու մասնագիտական փորձը շատ հաճելի են:


- Նկարահանումները Տավուշում էին, ի՞նչ նորովի բացահայտեցիք ու ավելի սիրեցիք այնտեղ:

- (Ծիծաղում է,-հեղ.): Իմ մանկությունն այնտեղ է անցել՝ 7 տարի ապրել եմ, եւ շատ հետաքրքիր էր, որ ֆիլմի դերասաններից ու թիմից շատերն էին Տավուշից: Միայն պետք էր տեսնել, թե Տավուշի բարբառի վրա ոնց էինք աշխատում: Արման Նավասարդյանը դերասանների հետ մեծ աշխատանք տարավ, որ բարբառով խոսեն. մի բառի շուրջ կարող էինք երկար բանավիճել, նա զանգում էր իր հորեղբորը, ես՝ հորեղբորս թոռանը, որ ճշտենք, թե մեզ մոտ այն ինչպես են ասում: Հայկը կարողանում էր ոսկե միջինը գտնել, պետք էր հանրամատչելի տարբերակն ընտրել, որ մարդիկ հասկանային: Մեզ հետ էր Տավուշն իր ամբողջ գեղեցկությամբ ու հմայքով, շատ ուրախ եմ, որ «Զուլալին» 2 փուլով ենք նկարել՝ նոյեմբերի վերջին, երբ բավական ցուրտ էր, այն էլ՝ Նավուրում, եւ օգոստոսին: Բոլորս բնության մի մասնիկն էինք, գյուղն ու գյուղացիներն այնքան պատրաստակամ էին, երիտասարդները տարվեցին կինոյով:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ ֆիլմի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW