Մի տղամարդ վաղ առավոտյան զբոսայգում դիմավորում է լուսաբացը: Հայացք նետելով շրջակայքին՝ նկատում է աստվածուհու տապալված կիսանդրին: Կիսանդրին տեղադրելով պատվանդանին՝ անքաղաքավարի չթվալու համար ցանկանում է ներկայանալ, սակայն հանկարծ գիտակցում է, որ չի հիշում իր անունը: Իր անունը հիշելու համար նա պետք է վերականգնի անցկացրած կյանքի հաջորդականությունը, անցյալը: Երբեւէ մտածե՞լ եք, թե որ պարագայում մարդը կարող է մոռանալ իր անունը՝ չունենալով հիշողության կորուստ, ինչու պետք է մենք՝ հայերս, հատկապես հիմա հիշենք մեր անունը. այս հարցերի պատասխանները գտնելու միտումով «Վերհիշիր անունը քո» մոնոներկայացումը բարձրացավ Ստանիսլավսկու անվան թատրոնի Փոքր բեմ: Մեծ կոմպոզիտոր Կոմիտասի կյանքի մասին պատմող մոնոներկայացման առաջնախաղին ներկա է եղել BRAVO.am-ը, լուսանկարել հետաքրքիր դրվագները եւ զրուցել բեմադրիչ, դերասան Ռոբերտ Հակոբյանի հետ:
Այս մոնոներկայացումը ծնվել է ավելի մեծ ձեւաչափի ներկայացումից. 2019 թվականին` Վարդապետի հոբելյանական 150-ամյակի շրջանակում, նույն թեմայով բեմադրվել էր ներկայացում, որը կոչվում էր «Իմ անունը Կոմիտաս է»:
«Մի երկու թատերաշրջան խաղալուց հետո հասկացա, որ սա կարեւոր թեմա է, իսկ մեծ թատերախմբով այն երկրից դուրս տանել ու ներկայացնելը դժվար է: Քանի որ սովոր եմ մոնոների, որոշեցինք՝ կլինեմ բեմում միայնակ։ Հայաստանում ստեղծված ներկայիս վիճակը ստիպում է կրկին խոսել այս մասին: Եթե առաջ Կոմիտասի մասին մեծ ձեւաչափով բեմադրեցի եւ համարում էի, որ նա մեզ համար այն է, ինչ Քրիստոսը քրիստոնյաների, ապա հիմա ավելացավ նոր միտք, որը արտացոլվեց վերնագրում՝ «Վերհիշիր անունը քո»: Սա ավելի շատ այս օրվա ասելիքն ու ուղերձն է մեր ազգին՝ հիշել, թե ով ես դու: Ինչպես ներկայացման մեջ Կոմիտասն է փորձում հիշել իր անունը, այնպես էլ այսօր բոլորս պետք է հիշենք… Հիշենք՝ ով ենք, վերջիվերջո, լռելը սխալ է, խոսել է պետք, փրկել ամենը, գոնե ինքդ քեզ: Մենք այսօր բոլորս Կոմիտաս ենք, բոլորս հոգեբուժարանում ենք»,- նշել է Ռոբերտ Հակոբյանը՝ հավելելով, որ մենք պետք է վերհիշենք մեր պատիվը եւ հարգանքը:
Մեծ բեմի ներկայացումից փոքր բեմի մոնո տանող ճանապարհին բացի անունից, այլ փոփոխություններ եւս եղել են. ավելացել է մեղքերի մասին հատվածը, որտեղ դերասանն Աստծո հետ խոսում է ամենակարեւոր մեղքի մասին, որը դավաճանությունն է:
Երկար զրույցի ընթացքում բեմում նա պատմում է Կոմիտասի ընտանիքի պատմությունը՝ ներկայացնելով հայերի հետ կատարված ցեղասպանությունը, հարցեր տալիս, պատասխանները փորձում տալ: Պիեսի բեմականացումը Ռոբերտ Հակոբյանն իրականացրել է թատրոնի գրական մասի վարիչ Մարինե Մարինոսյանի հետ համահեղինակությամբ:
«Ես մինչեւ մոնո բեմադրել սկսելը չէի հասկանում, թե ոնց կարելի է մեկ մարդու նայել մեկ ժամ: Ինձ հետաքրքիր չէր թվում այս ձեւաչափը, բայց երբ առաջին անգամ 2016-ին փորձեցի, ստացվեց ու շարունակեցի: Ես դերասան եմ, ավելի շատ նաեւ բեմադրիչ, քան ռեժիսոր, անում եմ այն, ինչ այդ պահին մտածում եմ կամ ինձ անհանգստացնում է եւ հուզում: Նշեմ նաեւ, որ այս ձեւաչափում շատ հեշտ է հանդիսատես կորցնելը, հատկապես երբ փոքր բեմում ես: Ամեն ինչ երեւում է՝ աչքի թրթիռը, կնճիռները… Մի բան դուրը չեկավ, թողեցիր շեղվեց, ու վերջ, բայց փոքր բեմում կա մտերմություն, որը չկա մեծ բեմում»,-նշել է բեմադրիչը:
Ներկայացման բեմանկարիչն Արթուր Հարությունյանն է, խորեոգրաֆիան՝ Նունե Կիրակոսյանի: «Վերհիշիր անունը քո» մոնոներկայացումը հիմնված է Վ. Հունանյանցի պիեսի վրա:
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: