×


«Առաջին գիշերն ամենածանրն էր». Իրինա Այվազյանը, Ժաննա Վելիցյանը, Եվա Բաղդասարյանը եւ այլք` Իննայի եւ Գոշի նոր նախագծում

Դերասաններ Իննա Խոջամիրյանն ու Գոշ Հակոբյանը սկսել են համատեղ նախագիծ՝ «Ճիշտ այդպես», որի շրջանակում 6 աղջիկ` Իրինա Այվազյանը, Ժաննա Վելիցյանը, Եվա Բաղդասարյանը, Լիլիթ Սարգսյանը, Լիլիթ Օսիպյանը (D’litte) եւ Էվա Ոսկանյանը 1 շաբաթ ապրել են անտառում տեղակայված վրանում եւ հատուկ պատրաստվածություն անցել: Մեր երկրի պայմաններում Իննան սա շատ է կարեւորում:

Աղջիկների համատեղ կյանքը հեշտ չի անցել` վեճերից մինչեւ գետում «լոգանք ընդունել»: Այս ամենի մասին Իննան պատմել է BRAVO.am-ին:


«Նախագիծն իրականացնելու գաղափարն ինքնաբուխ էր: Աշնանային եթերաշրջանի համար նախատեսված մի քանի նախագծերի ցուցակն անվերջ ֆիլտրելով կանգ առանք հենց այս մեկի վրա: Ցանկացած նախագիծ իր հստակ ասելիքը պիտի ունենա. սա գուցե նաեւ բնազդային որոշում էր: Գաղափարը մեկն էր՝ անկախ սեռից ու տարիքից բազային գիտելիքներ եւ մարտական պատրաստվածություն պիտի ունենան բոլորը»,- ասում է Իննան, ապա նկատում, որ զինավարժությունների ամբողջական ծրագրի տասներորդ մասն էր հնարավոր տեղավորել 5-6 օրում:


«Քաջ գիտակցելով, որ այն ինչ նախատեսվում է, ամեն դեպքում հեռու է իրական ռազմական գործողություններից եւ պատրաստությունից, նաեւ հասկանում ենք, որ շատ կարեւոր հիմնաքար է: Մասնագետների հետ առանձնացրինք հիմնական թեմաները, որոնք ե՛ւ անհրաժեշտ գործողություններ են զինվորական պատրաստվածության պարագայում, ե՛ւ սթրեսի չէին ենթարկի այդ ամենին անսովոր աղջիկներին: Թեպետ ծանր գրաֆիկի պատճառով վերջինը մասամբ ստացվեց: Ծրագրի շրջանակում կրակային պատրաստություն ենք անցել, սովորել ենք՝ ինչպես տեղաշարժվել ռազմական քարտեզներով, ինչպես կարելի է տեղադրել եւ գտնել ականներն ու ինչպես վարվել դրանց հետ: Առաջին բուժօգնություն ենք սովորել, հարձակում եւ պաշտպանություն, դիրքավորում, քողարկում... Մի խոսքով՝ ծրագիրը հագեցած էր: Հավատացած եմ` մասնակիցները գիտելիքի մեծ պաշարով են վերադարձել տուն»,- ասում է դերասանուհին:



Շոու բիզնեսի ներկայացուցիչներին վրանային պայմաններում պահելը հեշտ չէր. «Տեսակով իրարից բոլորովին տարբեր աղջիկներ են, որոնց համախմբեց նման գաղափարի իրականացման հարցում իրենց ներդրումն ունենալու ցանկությունը: Պիտի խոստովանեմ, բոլորովին հեշտ չտրվեց այն, ինչ տեղի ունեցավ: Երեւի չեմ չափազանցնի՝ ասելով, որ մասնակիցներից եւ ոչ մեկը քնապարկի մեջ գիշեր չէր անցկացրել, վրանում չէր գիշերել օրեր շարունակ եւ գետում չէր լողացել: Պայմաններն ինքնին սթրեսային էին: Երբեք չեմ մոռանա՝ աղջիկները Հանքավան էին եկել իրենց մազերի խնամքի դիմակներով, լոգանքի գելերով եւ հիգիենայի այլ պարագաներով, որոնք նրանց այդպես էլ օգնության չհասան:): Բարդ օրեր ենք ունեցել, առաջին գիշերն ամենածանրն էր... չենք քնել, լուսացրել ենք: Չնայած օգոստոսն էր` Ժաննան եւ Եվան ցրտից չկարողացան քնել (մեր տեղանքն անտառային էր ու խոնավ): Իրականում ավելի քան դժվար է մի տեղում, որը ոչ այլ ինչ է, քան վրան, «ապրել» միասին: Օտար վայրում, օտար պայմաններում կենցաղ էինք կիսում: Ի սկզբանե միասնականության գաղափարը թույլ էր, իհարկե. ամեն մեկն իր առանձին կյանքով էր ապրում, կարելի է ասել: Չենք խուսափել նաեւ փոքրիկ վեճերից, անհարմար իրավիճակներից, լացից, նեղվելուց, բայց երբ մի քանի անգամ մեկի ուշանալու, զենքը մոռանալու, ոչ պատշաճ վարքի համար պատժվեցին բոլորը, աներեւակայելի կերպով մի բռունցք դարձան: Առաջնային էր նաեւ լողանալու խնդիրը. առաջին օրերին դա երեւի թե ամենամեծ սթրեսն էր աղջիկների համար. այդ իրարանցումը 2 օր տեւեց (իհարկե, այդ ընթացքում կարողացանք հարակից գյուղում 1 անգամ կազմակերպել արարողությունը), 2 օր անց այնքան տարված էին զինվորական կյանքով, որ առանց մրսելու, առանց վարանելու, մտնում էին գետն, արագ լողանում: Խոսքի մեջ պարբերաբար նշում էին` «չմոռանանք՝ դիրքեր գնացած տղաներն ինչ պայմաններում են, ախր շաբաթներով լողանալու հնարավորություն չունեն, ինչ վտանգների մեջ են, ինչ կոփված են, մենք էլ կարող ենք հանուն նպատակի»»:


Իննան պատմեց, որ Եվայի առողջական որոշ խնդիրներ էին սրվել` ընդհուպ նախագիծը լքելու հարց էր առաջ եկել, բայց կարողացել են հաղթահարել այն. «Փառք Աստծո, բոլոր աղջիկները պատվով դուրս եկան իրավիճակից: Ընդհակառակը, օրեցօր մարտական ոգին ավելի էր բարձրանում: Վերջին օրը, երբ քանդում էին աղջիկների վրանը, եւ պիտի վերադառնայինք, ոմանք նույնիսկ հուզվեցին: Դա մեր թիմի համար արդեն մեծագույն ձեռքբերում էր, գաղափարի հարցում հաջողել էինք»:


Նախագծում Իննան հանդես է գալիս ոչ միայն որպես հաղորդավարուհի, այլեւ գործադիր պրոդյուսեր: Անդրադառնալով իր եւ Գոշի գործակցությանը` նա ասաց. «Գոշի հետ հաճախ ենք մտքի գրոհներ ունենում, տարբեր գաղափարներ ենք քննարկում, որոնցից որոշները ես կուզեի ի կատար ածել, որոշները` նա: Ի վերջո ընդհանուր հայտարարի եկանք, որոշեցինք աշխատել համատեղ: Սա Գոշի առաջին պրոդյուսերական գործը չէ, սակայն իմ առաջնեկն է: Լիահույս ենք, որ հաղորդումը ծառայելու է իր նպատակին եւ հաջողելու է: Ըստ այդմ` կարծում եմ՝ մեր արտադրական պլաններն այսքանով չեն ավարտվելու»:

Տեքստը` Ամալյա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ «Ճիշտ այդպես» նախագծի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW