×


Գրիգորյանի ճիշտը, Ադամյանի ձայնը, Գասոյայի եւ Հակոբյանի ձուլվող էներգիաները. «Դեպի Եվրատեսիլ»-ի համերգին 5 օր է մնացել

«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանի պատվիրակի անունը հայտնի կդառնա փետրվարի 16-ին՝ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի գլխավոր համերգի ժամանակ: Հաղթանակի համար պայքարում է 12 մասնակից, որոնց երգերն արդեն հասանելի են պաշտոնական բոլոր հարթակներում։ Հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ՝ երեկ նրանք անմիջական միջավայրում ծանոթացան միմյանց հետ, պատասխանեցին լրագրողների հարցերին, նաեւ վիճակահանությամբ որոշվեց սպասվելիք ելույթների հերթականությունը:

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանի խոսքով՝ Եվրոպական հեռարձակողների միությունը բոլոր մասնակից հանրային հեռարձակողներին իրավունք է տալիս երկու տարբերակով որոշել պատվիրակին՝ ներքին ընտրությամբ կամ ազգային:


«Մեր 17-րդ մասնակցությունն է մրցույթին, եւ որոշեցինք վերադառնալ «Դեպի Եվրատեսիլ»-ին, որովհետեւ նախ շատ էին հայտերը, նաեւ հասկացանք, որ վերջին «Դեպի Եվրատեսիլ»-ից 5 տարի է անցել, սերնդափոխություն է եղել, կան երգիչներ, որոնք դեռ այդքան էլ ճանաչված չեն, բայց շատ տաղանդավոր են, եւ ներկայանալու հնարավորություն է պետք տալ: Դատելով երգերից ու երկրպագուների արձագանքից՝ կարծես, չենք սխալվել: Շատ հետաքրքիր մրցակցություն ու, ինչպես երկրպագուներն են գրում, թեժ պայքար է լինելու: Մասնագետների խումբն է ուսումնասիրել բոլոր հայտերը՝ կարեւորելով երգերը: Փորձել ենք այնպես անել, որ հանդիսատեսը հնարավորինս տարբեր ժանրեր լսի ու ընտրության հնարավորություն ունենա»,- նշել է Դավիթ Ծերունյանը:

Նրա խոսքով՝ ուղիղ եթերում մասնակիցները կներկայացնեն իրենց մրցութային երգերը։ Պրոֆեսիոնալ ժյուրիից բացի, այս տարի որոշիչ է հեռուստադիտողի ձայնը. նաեւ SMS քվեարկությունների արդյունքում կորոշվի Հայաստանի պատվիրակը։

Մրցույթին մնացել են հաշված օրեր, մասնակիցների համար լուրջ աշխատանքների շրջան է՝ վերջնական տեսքի են բերվում հագուստները, բեմադրությունը, կատարումը: Մթնոլորտը ջերմ է, բայց շատ մրցակցային:


Երգիչ Արսեն Գրիգորյանը Կամիլի հետ «Will You Marry Me?» երգը Համալիրում կներկայացնի 10-րդ համարի ներքո: Նա տարբեր հարցազրույցներում արդեն հասցրել էր նշել, որ հաղթելու է․ ասվածում հումորի բաժինն ու նախատրամադրվածությունը հավասար են։

«Ասում են՝ հումորի մեջ միշտ ճշմարտության տարր կա, իսկ այս պարագայում իմ ճշմարտության մեջ կա հումոր։ Տրամադրված եմ հաղթական, մեր թիմը երգն այդ ոգով է ստեղծել։ Կարծում եմ՝ այն կհասնի սրտից սրտին, քանի որ ուղիղ եւ հստակ է իր ասելիքի հարցում։ Ուրախ կլինեմ, եթե մարդիկ սկսեն իրար առաջարկություն անել այս երգի ներքո։ Այս անգամ Կամիլն ինձ առաջարկեց զուգերգով հանդես գալ, բնականաբար, չկարողացա մերժել, քանի որ նրան շատ եմ սիրում։ Հիմա երկակի զգացողություններ ունեմ, կա ոգեւորություն։ Բեմում հանդիսատեսը տեսնելու է նոր Կամիլի՝ տարատեսակ փոփոխությունների ենթարկված»,-ասաց երգիչը՝ հավելելով, որ ռեժիսոր Նաիրե Ստեփանյանի հետ Կամիլի բեմում ներկայության հետաքրքիր թատերային լուծում են տվել։


Ոչ պակաս մարտական են տրամադրված ամերիկաբնակ երգիչ Գասոյան եւ Անահիտ Հակոբյանը։ Նրանց դուետը հանդես կգա «Wild» երգով՝ 9-րդ համարի ներքո։ Միասին հանդես գալու գաղափարն առաջարկել է Մհեր Բաղդասարյանը, երկուսն էլ սիրով են համաձայնել։

«Անցած տարի ասել էի՝ շատ հոգնած եմ, չեմ մասնակցի մրցույթին, բայց երբ ԱՄՆ-ում հանդիպեցի Գասոյային (Գոռ), հասկացանք՝ շատ հետաքրքիր արտիստական էներգիա կա մեր մեջ։ Բեմում այդ էներգիաները կձուլվեն, բացի այդ, աղջիկ եւ տղա դուետով Հայաստանը դեռ չի ներկայացել։ Գոռը ռեգետոն ժանրում հանդես եկող սրտակեր երգիչ է։ Մեծ հույս ունենք, որ հայկական լսարանը շատ է սիրելու երգը։ Այս տարի հետաքրքիր երգեր շատ կան, բայց մրցույթի ձեւաչափին մեր երգը շատ է համապատասխանում, բացի այդ, նաեւ հետաքրքիր շոու է լինելու», - նշեց Անահիտ Հակոբյանը՝ հավելելով, որ մրցույթներին հարկավոր է հաղթողի տրամադրությամբ մասնակցել։  


«Եվրատեսիլ 2020»-ում Հայաստանի պատվիրակ Աթենա Մանուկյանն այս անգամ ներկայանում է «DaQueenation» երգով՝  12-րդ համարի ներքո։  Երգը գրվել է 2020-ից հետո, երբ աշխարհում կորոնավարակն էր տարածված, բայց երգչուհին այն չի կատարել՝ սպասելով հարմար առիթի եւ ճիշտ ժամանակի։

«Ինձ համար եվրատեսիլյան երգ էր, մտածում էի՝ անպայման մրցույթի շրջանակում պետք է ներկայացնեմ։ Երգի ասելիքը շատ պարզ է՝ յուրաքանչյուր մարդ, ով ջանասիրաբար աշխատում է ինքն իր եւ իր կարողությունների վրա, արդյունքը չի ուշանա: Ես շատ դժվարություններ եմ հաղթահարել ու այդ ամենն ինձ դարձել է այն մարդը, որը կամ հիմա։ Բոլոր նրանք, ովքեր հավատում են իրենց ուժերին, կարող են զարգանալ ու դառնալ թագուհի»,-ասաց հունաստանաբնակ երգչուհին։


Անահիտ Ադամյանը «Մանկական Եվրատեսիլ-2016»-ում եղբոր հետ ուժերը փորձելուց հետո մշտապես մտածել է մեծահասակների մրցույթին մասնակցության մասին․ «Հետաքրքիր կերպով եմ իմացել այս տարվա մրցույթի մասին: Շատ էին զանգում մեզ՝ հարցնելով արդյոք չենք մասնակցելու, եւ որոշեցի մասնակցել։ Երգի բառերը եղբայրս է գրել, իսկ երաժշտությունը՝ Նիկ Էգիբյանը։ Կարծիքներ կան, որ երգս մանկականին ավելի համապատասխան է, ինչին նորմալ եմ վերաբերվում: Ես հասկանում եմ՝ ինչու են այդպես ասում. ձայնս բարակ եւ նուրբ է։ Նշեմ, որ այս երգում մենք ցույց ենք տվել նաեւ բարձր նոտաներ»։

Ռուսական «Ну-ка, все вместе!»–ից հայտնի Ֆլորա Բիչախչյանն այս մրցույթի շրջանակում առաջին անգամ է հանդես գալու Հայաստանում։ Նա ներկայանալու է «Prayer» երգով՝ 6-րդ համարի ներքո։ Նորահայտ անուններից է նաեւ 5-րդ համարի ներքո «AY PAPAREY BYE» երգով հանդես եկող Սիմոնը, ով մինչ այս հանդիսատեսին հայտնի էր որպես պարող։


Հավանումների եւ դրական մեկնաբանությունների քանակով աչքի է ընկնում Մելսի «Loser» երգը, որի բառերի հեղինակները Ռոբերտ Քոլոյանն ու Արթուր Արմենին են, իսկ երաժշտության հեղինակը՝ Tokinine-ը: Մելսը կերգի չորրորդ համարի ներքո:
 
Մրցութային համերգը կբացի PARG-ը՝ «Survivor» երգով,  2-րդ համարի ներքո «Սեւագիր» խումբն է՝ «Falling» երգով, Գեւորգ Հարությունյանը «Hey Man» երգով հանդես կգա 7-րդ համարի ներքո, իսկ հաջորդիվ Altsight խումբն է՝ «Dare to Dream» երգով, նորահայտ կատարողներից է նաեւ 11 համարի ներքո հանդես եկող Միլենա Միրիջանյանը։

Հաղթող մասնակիցը կներկայացնի Հայաստանը Շվեյցարիայի Բազել քաղաքում մայիսին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթում։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW